Ազգային մշակույթի, գրականության պահպանման գործում Հովհաննես Քաջազնունին, Հովհաննես Թումանյանը նույն ճանապարհի ընկերներ էին:
Քաջազնունին հաճախ էր ներկա լինում Թումանյանի «Վերնատան» բանավեճերին, խոսք ու զրույցին, նաև դասախոսություններով հանդես գալիս Թումանյանի նախագահած Հայ գրողների Կովկասյան ընկերությունում:
«Անկարելի բան է մի քիչ ճանաչել նրան ու չսիրել»-գրում Քաջազնունին Թումանյանի մասին:
Ամենայն հայոց բանաստեղծի մասին Հովհաննես Քաջազնունին շատ հուշեր ունի, որ մեր առաջ պատկերում են Թումանյան մարդուն, Թումանյան բանաստեղծին, և պարզապես ազգի ներկա օրով ապրող և վաղվա օրվա մասին անհանգիստ մտածողին:
Թումանյանի մասին Հովհաննես Քաջազնունու հուշերը կրում են «Անդարձ ճամփորդը» խորագիրը, որը Քաջազնունին հանձնել է Նվարդ Թումանյանին:
Քաջազնունու թողած հուշերը պարզապես գրառումներ չեն ՝ թղթին հանձնված, դրանք կյանքով լեցուն են, վառ են ու պատկերավոր, այնպես որ աչքիդ առաջ հառնում է կարդացածդ յուրաքանչյուր հուշ-պատառիկը:
Մի այդպիսի արժեքավոր հուշ է թողել Քաջազնունին Հովհաննես Թումանյանի և Վահան Տերյանի մասին:
Թիֆլիում առաջին անգամ հանդիպում են Տերյանն ու Քաջազնունին, դե նախաձեռնողն էլ լինում է Թումանյանը. «…իրան չես ճանաչում, բայց մթնշաղի երգերը հո անգիր գիտես: Լավ չարի՞, որ բերի…»:
Կարդանք հուշն ամբողջությամբ.
«Մի օր Թիֆլիսում Օհաննեսը գալիս է մոտս՝ հետը մի անծանոթ երիտասարդ:
-Սա քո հայրենակիցն է՝ Վահան Տերյանը, նոր է եկել Մոսկվայից…իրան չես ճանաչում, բայց մթնշաղի երգերը հո անգիր գիտես: Լավ չարի՞, որ բերի…
–Շատ լավ արիր: Նստեցեք խնդրեմ:
–Տո՛, դու հիմա արի խելքի բեր էս մեր երիտասարդներին, երեկվա ճուտերին…Ասում է ՝ բանաստեղծության մեջ էականը բովանդակությունը չէ, ձևն է…ո՞նց թե ձևը…
Դեռ ճամփին, փողոցում, բռնվել էին տաք վիճաբանությամբ և հիմա շարունակում էին: Տերյանը, թունդ տարված ֆրանսիական սիմբոլիստների հովերով, զարգացնում էր մի տեսություն, որը զարմացնում ու մի քիչ էլ զայրացնում էր Թումանյանին:
-Տո՛, ո՞նց թե…
Օհաննեսը չուներ հետևողականորեն դատելու, միտքը զարգացնելու, իր թեզը հիմնավորելու , պաշտպանելու ընդունակություն, զուրկ էր դիալեկտիկայից (բառիս արիստոտելյան իմաստով): Մտածում էր պատկերներով, հատվածորեն փաստարկում էր օրինակներով և դատողության պակասը լրացնում էր սովորաբար առատ բացականչություններով:
-Ո՞նց թե…վահ, սարսաղ ե՞ս…Ուրեմն քո ասելով…Տնաշե՜ն, էդպես բա՞ն կըլի…Տուտուց-տուտուց մի խոսի…բաս էն, որ մինչև հիմի…Այ, հրեն էնտեղ…Տես, ի՜նչ է գրում…
Խիստ զավեշտական էր Օհաննեսի հռչակավոր այդ «հրենը»: Ձեռքով մի լայն, անորոշ ժեստ էր անում, ցույց էր տալիս գրքերով լիքը ու դռները պինդ փակ պահարանները-«այ, հրեն»…Եթե ուզենայինք նեղը լծել ու պահանջեինք, որ ճշտի «հրենի» բովանդակությունը, ցույց տա, թե ո՞ր գրքի մասին է խոսքը, և ի՞նչ է գրված այդ գրքում, – բավարար պատասխան չէինք ստանա, ամեն բան պարփակող ու ոչինչ չասող «հրենը» կմնար առանց վերծանման:
Տրամաբանելու կարողությունից զուրկ էր, բայց փոխարենը օժտված էր հրաշալի ինտուիցիայով: Դատող ու փաստարկող չէր, բայց իմաստուն էր ՝ արևելյան մեծ բանաստեղծների նման: Կարծես ճշմարտությունը, տրվում էր նրան ինքն իրեն, առանց մտքի երկար ու բարակ սպեկուլյացիաների և հաճախ նրա մի հատիկ խոսքը, բացականչությունը,անիմաստ ու անբովանդակ , ըստ երևույթին, ավելի համոզիչ էր լինում, քան մի ուրիշի վարպետորեն կազմած սիլլոգիզմները:
Բայց այս անգամ բացականչությունները անզոր էին ձևի սիրահար ու տեսականորեն շատ ավելի լավ զինված Տերյանի դեմ:
Նուրբ ու մի քիչ էլ հիվանդագին, մեղմ ժպիտն երեին, զուսպ ու կոռեկտ, լի հարգանքով դեպի ավագ ընկերը, Տերյանը, այնուամենայնիվ, տեղի չէր տալիս ու հեշտությամբ հակադրում էր Թումանյանի անկապ բացականչություններին սիմբոլիստների տեսակետները: Միտքը լուսաբանելու համար և իբրև օրինակ, Տերյանն ասում էր, որ իր ոտանավորներից շատերը, հենց նրանք, որոնց ամենից ավելի հավանում է ինքը ՝ Օհաննեսը, շինել` ելակետ ունենալով ո՛չ թե որոշ բովանդակություն (բովանդակությունը հետո է եկել), այլ պարզապես մի երաժշտական եղանակ, տաղաչափական ձև, հանգ ու ռիթմ, մի հատիկ բառ կամ բառերի համահնչունություն, սրանց հուզիչ հատկությունը…
Ինչպես պատահում է շատ հաճախ, վիճողները լավ չէին հասկանում իրար, չէին նկատում, որ տարբեր բաներից են խոսում, ուշադրության չէին առնում այն ճշմարտությունը, որ դրված է հակառակ տեսակետի հիմքում: Տերյանը հաշվի չէր առնում ,որ իր՝
Մոռանալ-մոռանալ…
Ցրտահար-հողմավար…
Ոչ տրտունջ, ոչ մրմունջ…
Գնացին-գնացին…
Հեռացիր, մոռացիր…
և այլն, որ այս բառերը որոնց վրա նա հյուսել է («շինել է») իր գեղեցիկ երգերը, – սրանք սոսկ հնչուն բառեր, հանգ ու ռիթմ, տաղաչափական հաջող ձևեր չեն միայն, այլև բովանդակություն են լիրիկական երկերում:
Իր կողմից,Թումանյանը գլխի չէր ընկնում, որ եթե իր
Ա՜խ, ես երանի
Կայծա՜կ լինեի…
ոտանավորում տողերը այնքան կարճ, կտրուկ ու եռանդուն չլինեին, և եթե ամբողջ հորինվածքը կազմված չլիներ մի հատիկ նախադասությունից, ուժեղ շեշտը վերջին տողի վրա,- ուրիշ խոսքով, եթե չլիներ տվյալ ձևը, ոտանավորի բավականին խղճուկ, տարտամ ու ըստինքյան անազդու բովանդակությունը քիչ բան կտար ընթերցողին:
Նույնը և ՝
Տաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան…
Եթե այստեղ չկրկնվեր տողամեջ «Սայաթ-Նովան, Սայաթ-Նովան», և եթե չլիներ «երգով-վերքով», «սիրով-սրով» բառախաղերը, ոտանավորը կկորցներ իր արժեքի մեծ մասը:
Թե որքան մեծ նշանակություն էր տալիս ինքը ՝Թումանյանը , ձևին (գոնե հասունացած հասակում), դրան լավ պացույց են նրա քառյակները, որոնց գլխավոր հրապույրը հորինվածքի վարպետությունն է , բազմապատկորեն կրկնված ու բավականին մշակված բովանդակության հաջող ձևավորումը:
Երբ վիճողները հոգնեցին, փորձեցի իմ կողմից մի քանի խոսք ասել այն իմաստով, թե գեղարվեստական երկի և մասնավորապես լիրիկական բանաստեղծության մեջ անկարելի է բաժանել «ձևն» ու «բովանդակությունը», թե սրանք միաձույլ էություն են կազմում և ոչ մի «ձև» չի կարող փրկել անբովամդակ երկը, ինչպես և ոչ մի «բովանդակություն», եթե չի գտել համապատասխան «ձևը», չի կարող առաջ բերել այն ուրույն կարգի հուզմունքը, որ էսթետիկական ենք անվանում…
Օհանեսը կտրեց խոսքս:
–Դուն էլ Նասրեդդին Խոջայի դատաստանն արիր…Չէ, Վահան, քո ասածներին չեմ հավանում,-տուտուց բաներ են…Վազն արի էդ քո Բոդլերից, Մալարմեից, Վերլենից-չեմ հիշում, էլ ուրիշ ինչ անուններ տվիր…Ասածներիդ չեմ հավանում, բայց գրածներդ շատ եմ սիրում… Գլուխդ քարը, ինչպես ասում են Ջավախեթում, ինչ դավանություն ուզում ես ՝ ունեցիր, բայց թե էդ լավ-լավ երգերից էլի գրիր, շատ գրիր…»
Մի այլ տեղ հիշում է Քաջազնունին. « Ի դեպ, Թումանյանի բնավորության ազնիվ գծերից մեկն էլ այն էր, որ միանգամայն ազատ էր պրոֆեսիոնալի նախանձից, չուներ չարակամություն իր արհեստակիցների հաջողության հանդեպ:
Ես գոնե այդպիսի բան երբեք չեմ նկատել: Հակառակը, շատ լավ հիշում եմ, օրինակ, թե որքան ուրախացել էր, անկեղծորեն ուրախացել, երբ հրապարակվեց նույն Տերյանի փոքրիկ ժողովածուն, մինչ այդ անհայտ բանաստեղծի անդրանիկ երգերը: Հիացմունքով խոսում էր ասպարեզ նոր իջնող տաղանդի մասին, ցիտատներ էր անում, ստիպում էր կարդալ, գնահատել, սիրել,-ամենուրեք և ամեն կերպ ժողովրդականացնում էր երիտասարդ բանաստեղծի անունն ու գործը…
Ինքը՝ Թումանյանը, զայրույթով բռնկվում էր, երբ նկատում էր ուրիշի արժանիքների նվաստացում, արհամարհական վերաբերմունք, թունոտ ծաղրանք կամ քողարկված անվանարկում:
-Դու տե՛ս մեր գրական բարքերը…բավական է, որ մեկը մի քիչ բարձրացնի գլուխը ընդհանուր մակարդակից վեր- հարյուր մարդ իսկույն կկռան, հարյուր ձեռ միաժամանակ կվերցնեն տափից հարյուր բուռ ցեխ ու կդնեն էն անզգույշ գլխի գագաթին, թե ինչի՞ պիտի մեզանից բարձր լինես…Հասկանո՞ւմ ես, դափնեպսակի փոխարեն մի կույտ ցեխ…»[1]
[1] Մեջբերումներն ամբողջությամբ վերցված են Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան.Անտիպ և անհայտ էջեր» գրքից, Երևան, 2014, էջ՝ 511-515:
Հեղինակի այլ հոդվածներ՝ «Միշտ զգացել եմ, որ պարտք եմ կյանքի ու իմ ժողովրդի պատմության դրամատիզմին», Տէր Զօրեն կուգամ, որուն կամուրջէն երեք հարիւր հազար հայեր անցան. Երվանդ Օտյան, «Անդրանիկի արձանի մոտ». Հովհաննես Շիրազ