Հայկական մշակույթը հանդես է եկել որպես բարդ համակարգ, որը մշտապես գտնվել է տարբեր ժողովուրդների փոխազդեցությունների ոլորտում, բայց պահպանել է իր ինքնատիպությունն: Խնամքով պահպանելով ու հարստացնելով սեփականը՝ հայ ժողովուրդը իր արժանի ավանդն է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում: Պատմական հանգամանքների բերումով՝հայկական մշակույթը զարգացել է ոչ միայն իր բուն հայրենիքում, այլև Սփյուռքում՝ դարեր շարունակ հանդիսանալով հայությունը միավորող և նրա ինքնությունը պահող կարևորագույն նեցուկը:
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Հայկական մշակույթը ձևավորվել է դեռևս ցեղային միությունների և պետական կազմավորումների ժամանակաշրջանում: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին:
Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ դերն ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (մ.թ.ա IX-VI դդ.): Ուրարտական մշակույթի առաջընթացը համընկավ պետության հզորացման հետ: Մշակույթի և արվեստի առարկաները հայտնաբերվում են հիմնականում երկրի կենտրոնում, ինչպես նաև՝ խոշոր քաղաքների մոտակայքում: Գտածոների մեծ մասը վերաբերվում է Մենուա, Արգիշտի I-ի և Սարդուրի II-ի արքանների գահակալման ժամանակաշրջաններին:
Ուրարտուի մշակույթը սկզբնավորվել է Ասորեստանի ազդեցության տակ և խիստ կանոնակարգված էր, երբեմն նույնիսկ՝ կրկնօրինակված: Այդ մշակութային ընդհանրությունը որոշակի բարդություններ է առաջացնում ուրարտական մշակույթի ուսումնասիրության համար: Շատ առարկաներ հայտնվել են աշխարհի տարբեր թանգարաններում ոչ թե պեղումների արդյունքում, այլ դամբարաններից թալանվածի վերավաճառքից հետո, ինչի պատճառով էլ գիտնականների միջև առ այսօր տեղի են ունենում բանավեճեր, թե հատկապես որ պետությանն է կարելի վերագրել այս կամ այն առարկան:
Ուրարտական մշակույթի վառ օրինակներից են թագավորական բրոնզե գահի բեկորները, որոնք պահվում են մասամբ Բրիտանական թանգարանում, մասամբ էլ Էրմիտաժում, ինչպես նան. բրոնզե տարբեր արձանիկներ, զարդեր, զենքի և ձիերի բարձրակարգ հանդերձանքի առարկաներ: Ուրարտուի ճարտարապետական շինությունների պատերին պահպանվել են լայն տարածում ունեցող վառ երանգների որմնանկարչության հետքերը: Պեղումների ժամանկ հայտնաբերվել են նաև մեծ քանակությամբ ոսկյա և արծաթե բարձրորակ զարդեր:
Ուրարտական պետության կործանումից հետո՝ Երվանդական պետության ձևավորման ժամանակաշրջանում, հայկական մշակույթը հայտնվում է Աքեմենյան Իրանի ազդեցության ներքո: Հայաստանում լայն տարածում են գտնում վաղիրանական մշակույթի որոշ տարրեր, մասնավորապես, արվեստում, քանդակում, նույնիսկ՝ կենցաղում: Նույն ժամանակաշրջանում հին իրականակն կրոնի և զրադաշտականության ազդեցության ներքո վերափոխվում է նաև հայկական դիցարանը:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Աքեմենյան տերության անկումից հետո Հայաստանը ենթարկվեց հելլենիզմի ազդեցությանը: Մշակութային այս շարժման մեջ Հայաստանի ընդգրկումը պայմանավորված էր մ.թ.ա. IV դարից սկսված երկրի քաղաքական ու տնտեսական վերելքով: Հայկական տարածքների միավորումը և Արտաշեսյանների հարստության հաստատումը, հայոց պետականության առաջընթացը (մ.թ.ա I դ.), երկրի անկախության պահպանումը (մ.թ. I-III դդ.), բուռն քաղաքաշինությունը, արհեստների ու առևտրի վերելքը, բազմակողմանի փոխշփումները հարևան երկրների հետ մեծ չափով նպաստեցին հելլենիստական մշակույթի տարածմանը: Հելլենիզմը Հայաստանում ներկայանում է որպես վեցդարյա մի պատմաշրջան, որը բաժանվում է երկու փուլի:
Բուն հելլենիստական ժամանակաշրջանում (մ.թ.ա IV-I դդ.) հելլենիստական հասարակական հարաբերությունները և մշակույթը ներթափանցեցին Հայաստան: Հանդես են գալիս մշակութային երկու հիմնական ուղղություններ. առաջինն ավանդական (ժողովրդական) ուղղությունն էր, որր զարգանում էր գյուղական բնակչության միջավայրում և հավատարիմ էր մնում իր տեղական, հինարևելյան ակունքներին, ավանդական աշխարհընկալմանը. և երկրորդը հելլենիստական ուղղությունն էր, որը զարգանում էր հասարակության կյանքում կատարված տեղաշարժերի հիման վրա և կրում էր վերնախավային շերտի ու քաղաքային ազատ բնակչության նոր ըմբռնումների և ճաշակի դրոշմը: Հելլենիզմն իր առավել լիարժեք տեղը գտավ հայկական նյութական մշակույթի բնագավառում և հատկապես քաղաքաշինության ասպարեզում:
Այս երկու ուղղությունները միմյանցից անջրպետված չէին․ հելլենիստական հայկական մշակույթի առաջընթացը որոշակիորեն պայմանավորված էր նաև այդ երկուսի փոխներթափանցումով, հին և նոր արժեքների փոխազդեցությամբ ու միահյուսումով: Թեև հունարենը և հունական մշակույթը տարածում գտան հիմնականում հայկական արքունիքում, ազնվականության և ավագանու շրջանում, այդուհանդերձ, հելլենիզմը մեծապես հարստացրեց ազգային մշակույթը: Վերելքի ուղին բռնած հայկական նյութական ու հոգևոր մշակույթը իր արժանի տեղն է զբաղեցնում հին աշխարհի առաջավոր մշակույթների շարքում: Հունական մշակույթի ազդեցության տակ կրկին վերափոխվում է հայկական դիցարանը, ստանում մարդակերպ արտահայտչություն:
Ուշ հելլենիստական ժամանակաշրջանը (I-III դարեր) հելլենիզմի վարընթաց շարժման ազդեցությունն է կրում: Երկրում սկսվում է ավատատիրական հարաբերությունների առաջացումը․ քաղաքները կորցնում են հասարակության կյանքում իրենց նախկին վճռորոշ դերը, նախարարությունների ձևավորման հետևանքով ուժեղանում են դեպի բնատնտեսություն տանող երևույթները, թուլանում են տարբեր շրջանների միջև տնտեսական ու մշակութային կապերը: Տկարանում է նաև հայոց պետականությունը, որն այլևս ի վիճակի չի լինում դիմագրավել Հոոմի քաղաքական ու մշակութային ճնշմանը: Հելլենիստական ավանդույթները կորցնում են իրենց ազդեցությունը, և Հայաստանը հաղորդակից է դառնում ուշ անտիկ, հռոմեական հատկանիշներ ունեցող մշակույթին:
III-IV դարերում հելլենիստական մշակույթին մեծ հարված են հասցնում դեպի Հայաստան Սասանյան Իրանի արշավանքներն ու ասպատակությունները, ինչպես նաև իրանական մշակույթի և հատկապես՝ զրադաշտականության բռնի ներարկումը: Մարդակենտրոն ու մարդակերպ դիցարանին փոխարինում է կրակապաշտությունը, տարածում են գտնում մեհենական կառույցները:
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՂՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Հայաստանում 301 թվականին քրիստոնեությունը հռչակվեց ազգային պետական կրոն, և հաջորդ հարյուրամյակներում ձևավորվեցին ու զարգացան գեղարվեստական նոր ձևեր ու լուծումներ քաղաքաշինության, ճարտարապետության ու կերպարվեստի մեջ, որոնք դարձան ավելի առանձնահատուկ` տեղային և խորը ազգային:
405թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գիրը, որն անգնահատելի լծակ դարձավ ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանում քրիստոնեության տարածմանն ու արմատավորմանը, հայերենով ինքնատիպ գրականության ստեղծմանը: Հայագիր աշխատությունների շարքում նշանավոր են հատկապես հայոց պատմահայր Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Ղազար Փարպեցու (V դար), Սեբեոսի (VII դար), Ղևոնդի (VIII դար) և շատ այլ պատմիչների երկերը:
Մայրենի լեզվով ստեղծվում են փիլիսոփայական նշանավոր աշխատություններ, թարգմանվում են հույն անվանիների (այդ թվում՝ Պլատոնի, Արիստոտելի) ստեղծագործություններից: Վաղմիջնադարյան հայերեն շատ թարգմանություններ արժեքավոր են անհետացած հունարեն բնագրերի իրողությամբ, քանզի հայտնի են միայն հայերենի շնորհիվ: Հայ մտածողների, հատկապես Եզնիկ Կողբացու և Դավիթ Անհաղթի (V-րդ դար), Անանիա Շիրակացու (VII դար) տեսություններն այսօր էլ հետաքրքրության կենտրոնում են:
Քրիստոնեությունը կյանքի է կոչել նորատիպ պաշտամունքային շենքերի ճարտարապետությունը, որը սկզբնապես սնվել է անտիկ ճարտարապետության ավանդույթներից։ IV-V դդ․ եկեղեցական շենքերը հիմնականում բազիլիկատիպ են եղել, միանավ կամ եռանավ, արևելքից կիսաշրջան աբսիդով, կողմնային մեկ կամ երկու ավանդատնով։ V դ․ վերջից բազիլիկ եկեղեցիներին փոխարինել են գմբեթավոր եկեղեցիներն իրենց բազմազան տարբերակներով։ Առավել հարուստ են ու բազմազան VI-VII դդ․ խաչաձև-կենտրոնագմբեթ տաճարները։ Դրանցում առավելագույն պարզությամբ և կուռ տրամաբանությամբ են լուծված հատակագծային և ծավալատարածական հորինվածքների փոխկապվածությունը, մեկի պայմանավորվածությունը մյուսով, ողջ հորինվածքի միասնականությունը։ Այս տաճարներում ներքին խաչաձևությունը ստեղծված է փոխուղղահայաց երկու առանցքներով տեղադրված կիսաշրջան չորս խորաններով։
Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցը Զվարթնոց տաճարն է (VII դար)՝ եռահարկ, քանդակակերպ, կառուցողական-տարածական ինքնօրինակությամբ աչքի ընկած եզակի մի շինություն: Այդ տաճարում խաչաձև քառաբսիդ կորիզը ներգծված է ոչ թե ուղղանկյուն, այլ բազմանիստ – շրջանաձև պարագծի մեջ և ամփոփված է եռաստիճան ծավալում։ Դարաշրջանի, ընդհանուր առմամբ, պարզ ու անպաճույճ ճարտարապետության մեջ Զվարթնոց տաճարով արմատավորվել է դեկորատիվ սկզբունքը։
Հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպ դրսևորումներից են որմնանկարչությունն ու մանրանկարչությունը․ առաջինը՝ եկեղեցիների ու կառույցների պատերը, երկրորդը՝ ձեռագիր մատյանները նկարազարդելու արվեստը: Բուռն վերելքով աչքի է ընկնում հայ հոգևոր երաժշտական մշակույթը՝ ստեղծվում են մեծաթիվ բարձրարվեստ ստեղծագործություններ, որոնք գրի են առնվում խազերով՝ հայկական հին նոտաներով:
Քրիստենեությունը պետական կրոն հռչակելուց հետո հայկական եկեղեցին իր վերահսկողության տակ է առնում հայոց մշակութային, այդ թվում և երաժշտական կյանքը։ Ապրելով նախնական խմորման հարյուրամյա մի շրջան՝ գրերի գյուտի շնորհիվ հայկական երաժշտությունը բարձրանում է հայոց մասնագիտացված և արդեն գրական լեզվի վրա խարսխված, ձևով ու բովանդակությամբ նորոգված և ազգայնացված արվեստի աստիճանին և, անցնելով բարեշրջման մեծ բովով, այդ պատմաշրջանի վերջերում դուրս է գալիս, իր ժամանակի չափանիշով, զարգացման մայրուղիներից մեկը: Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը, եկեղեցական երաժշտության հիմքում դնելով հայոց ավանդական ձայնեղանակները ` դարձան նաև հայկական հոգևոր ինքնուրույն երգի նահապետները: Գեղջկականից անջատվելով՝ այլ որակ են դրսևորում հայկական վաղմիջնադարյան քաղաքի ժողովրդական երգն ու պարը։ Աշխարհիկ երգ–երաժշտության շրջանակներում, որպես մասնագիտացված արվեստի միակ ներկայացուցիչներ, մնում են գուսանները։
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Հայաստանի քաղաքական կարգավիճակի վրա էական ազդեցություն ունեցավ VII դարի կեսերին արաբների կողմից Իրանի և Բյուզանդիայի արևելյան նահանգների գրավումը: Այս շրջանում Հայաստանի մշակույթը սկսեց ծաղկել, սոցիալ-տնտեսական վիճակն ակնհայտորեն բարելավվեց: Ընդունելով արաբների գերիշխանությունը՝ Հայաստանը համառ պայքարում ոչ միայն կարողացավ պահպանել սոցիալ-տնտեսական ու ազգային-մշակութային ինքնատիպությունը, այլև Բագրատունյաց տոհմի գլխավորությամբ վերականգնել պետական-քաղաքական անկախությունը: Հայաստանի թագավորական գահին հաստատված Բագրատունյաց հարստությունը գոյատևեց ավելի քան մեկուկես դար (885-1045թ.): Այդ ժամանակաշրջանի հայոց հասարակական, տնտեսական ու մշակութային զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Անիի ու Աղթամարի ճարտարապետական հուշարձանները, Գրիգոր Նարեկացու (X դար) «Մատյան ողբերգության՚» պոեմը, հայ պատմագիտության բազում նվաճումներ:
IX – X դարերը համարվում են հայկական ճարտարապտության վերածննդի ժամանակաշրջան: Ծաղկում են միջնադարյան քաղաքները, հանդես են գալիս ճարտարապետական նոր լուծումներ: Հանդես են գալիս հայկական ճարտարապետության նոր կենտրոնները, որտեղ հին ավանդույթների վրա ձևավորվում են նորերը: Միաժամանակ` ավելի է ակտիվանում միջմշակութային փոխներգործությունը: Կատարելագործվում են նախորդ դարերի ճարտարապետական ոճական լուծումները, հանդես են գալիս նորերը: IX-X դդ․ սահմանագծին մշակվել է ուղղանկյուն ծավալում պարփակված՝ ներքուստ քառաթև, չորս անկյուններում սենյակներ ունեցող գմբեթավոր կառույցի տարածական հորինվածքը, որը և դարձել է հետագա դարերի պաշտամունքային կառույցների տարածված հիմնական տիպը։ Հանդես են գալիս գավիթները, որոնք ստանում են կրոնական և աշխարհիկ նշանակություն՝ միաժամանակ դառնալով նաև տապանատներ:
VIII դ․ 1-ին քառորդում հայկական միջավայրում զարգացում է ապրում եկեղեցական միևնույն տոնին վերաբերող 8-9 երգերից բաղկացած «կանոնի» արևելաքրիստոնեական ժանրը։ Մշակվում է ձայնեղանակների երկրորդ մեծ համակարգը՝ հոգևոր ինքնուրույն (ոչ աստվածաշնչային) երգերին վերաբերող չափանմուշ մեղեդիների խումբը։ Ծագում է նաև հայկական խազագրերի նախնական համակարգը, որն հարստանում է երգչային նորանոր նշաններով։
XI դարում Հայաստանի արևմտյան մասում հռչակված հայկական մի շարք նոր իշխանություններից Ռուբինյաններին հաջողվեց ամրապնդել իրենց տիրապետությունը և Կիլիկիայում վերականգնել հայոց պետականությունը (1080-1375թթ.): Կիլիկյան Հայաստանը տնտեսական ու քաղաքական սերտ կապերի մեջ էր ինչպես արևելյան, այնպես էլ խաչակրաց ու Եվրոպական պետությունների հետ:
XII-XIII դարերը բյուզանդական նվաճողական քաղաքականության և սելջուկյան արշավանքների դեմ մղած ծանր պայքարի կորստաբեր շրջան էին, սակայն Զաքարյան իշխանների գերակայության պայմաններում Հայաստանում վերսկսվեց տնտեսական ու քաղաքական վերելքը, որը նպաստավոր էր նաև մշակույթի համար: Այդ ժամանակաշրջանը հայոց մշակույթի պատմության մեջ հայտնի է «Արծաթի դար» անունով՝ որպես ոսկեդարյան շրջանում (V դար) ստեղծված մշակութային արժեքների բնականոն շարունակություն (հայտնի անուններ են Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին):
Թեպետ տարանջատ, այնուամենայնիվ X-XIV դարերում Հայաստանի պատմական տարածքում գոյություն ունեին մի քանի հայկական թագավորություններ (Վասպուրական/Վանի, Կարսի,Սյունիքի, Տաշիր-Ձորագետի/Լոռու) և իշխանություններ (Օրբելյաններ, Վահրամյաններ, Հասան-Ջալալյաններ): Այս ժամանակաշրջանում մշակույթի զարգացման համար առկա էին նպաստավոր պայմաններ: Նոր փուլ էր սկսվում պատմագրության, փիլիսոփայության, աստղագիտության, աստվածաբանության, գրականության, իրավագիտության, մանրանկարչության, ճարտարապետության և այլ ոլորտներում: Գործում էր կրթական երկաստիճան համակարգ: Հիմնվեցին բարձրագույն դպրոցներ, որոնցից առավել հայտնիներն էին Սանահինի ու Հաղպատի (X-XIդդ.), Անիի (XI-XIIIդդ.), Գլաձորի (XIII-XIV դդ.), Տաթևի (XIV-XV դդ.) համալսարանները: Այս կրթարաններն ուսուցանում էին բնական ու հասարակագիտական առարկաներ, օտար լեզուներ, ապահովում բազմակողմանի կրթություն:
Միջնադարի հայ մշակույթն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքակրթությունում: Այն կենսունակ է, որովհետև երբ XIV դարից հետո քաղաքական անբարենպաստ իրադարձությունների հետևանքով հայերը կորցրին կենտրոնացված պետականությունը և մասամբ արտագաղթեցին այլ երկրներ, հայկական մշակույթը շարունակեց զարգանալ նաև աշխարհասփյուռ գաղթօջախներում:
Երկար ժամանակ Հայաստանի տարածքում էին ընթանում Օսմանյան պետության և Սեֆյան Իրանի միջև ծայր առած արյունալի պատերազմները: Չնայած այդ դաժան պայքարի աղետալի հետևանքներին և կրած ծանր կորուստներին՝ Հայաստանը XVI-XVIII դարերում մեծ ջանքերի գնով պահպանել է իր ազգային դիմագիծը, պետականության վերականգնման հավատը, մշակութային արժեքների մեծ մասը և հաղորդակցվել համաշխարհային քաղաքակրթության խոշոր նվաճումներին:
Հոգևոր երգարվեստում ուշ միջնադարի սկզբից ևեթ երևան եկած ստեղծագործական զգալի ճգնաժամի պայմաններում մասնագիտացված երաժշտության հետագա ճակատագիրն իրենց ձեռքն են վերցնում աշխարհիկ արվեստի և աշխարհականացող տաղերգության մշակները։ Դրա նախադրյալներն ստեղծված են եղել նույն զարգացած միջնադարում: Բարձր զարգացման է հասնում նաև հայ ժողովրդական-քաղաքային, գուսանական գործիքային նվագը։ Հայոց հին գուսանական արվեստը շարունակում է ապրել, մասամբ հենց իրենց՝ գուսանների շնորհիվ, մասամբ՝ ժողովրդական զանգվածների կենցաղում, մասամբ էլ` ուսումնական մարդկանց ջանքերով, որոնք, միջնադարյան տաղարաններում գրի են առել գուսանական հայրենների շարքեր։ XVI – XVII դդ․Պարսկաստանի հյուսիսում և Արևմտյան Հայաստանում՝ հայ-թուրքական միջավայրում, քաղաքաբնակ արհեստավորների շրջանակներում ծագում է աշուղությունը:
Այս ժամանակաշրջանում Հայաստանի ազգային առաջընթացն ապահովելու գործին մասնակցել են նաև հայկական գաղթօջախները: Այսպես. 1512թ. Վենետիկում լույս են տեսել հայերեն առաջին տպագիր գրքերը՝ «Ուրբաթագիրքը», «Պարզատումարը» և այլն: Հիմնվել են նորանոր դպրոցներ, կառուցվել եկեղեցիներ ու վանքեր: Միաժամանակ անվանի գործիչները հայրենիքի ազատագրության նպատակով դիվանագիտական բանակցություններ են վարել այլևայլ պետությունների հետ, փորձել զինված պայքարով վերականգնել ազգային անկախությունն ու պետականությունը:
Պատմաբանասիրության և հասարակագիտության բնագավառներում արդյունավետ գործունեություն է ծավալել 1717թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հանգրվանած Մխիթարյան միաբանությունը:
ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹ
1722 – 1730թթ. Արցախում (Ղարաբաղ) և Սյունիքում ծավալված ազատագրական շարժումները մեծապես նպաստել են հայոց քաղաքական ու ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը: 1736թ. Արցախում կազմավորվել է հայկական հինգ մելիքությունների միությունը (Խամսա), որը Իրանի շահ Նադիրը ճանաչել է որպես ներքին ինքնավարությամբ օժտված վարչաքաղաքական իշխանություն՝ Մելիք Եգանի իշխանապետությամբ: 1772-1773թթ. հրատարակված քաղաքական-հրապարակախոսական գրքերով («Հորդորակ»,«Որոգայթ փառաց») նախաձեռնվել է ազգային առողջ ուժերի համախմբման գործընթացը և կազմվել Հայաստանում ստեղծվելիք ժողովրդավարական պետության սահմանադրությունը: 1794-1796թթ. հրատարակվել է հայ առաջին պարբերականը՝«Ազդարարը»:
Ազատագրական պայքարի նոր փուլի ծավալման հետ մեկտեղ գրականության, երաժշտության և մշակութային այլ բնագավառներում սկիզբ է առնում Վերանորոգության ժամանակաշրջանը (XVII-XVIII դարեր):
Կերպարվեստում միջնադարյան պայմանական ձևերը հետզհետե տեղի են տվել նոր ռեալիստական ձևերին ու գեղարվեստական արտահայտչամիջոցներին։ Նկարչության մեջ ուժեղացել է իրական աշխարհի զգացողությունը։ Մանրանկարչությանը և որմնանկարչությանը զուգընթաց զարգացել են կերպարվեստի նոր տեսակներ և ժանրեր՝ հաստոցային գեղանկարչություն, դիմանկարչություն, կենցաղային թեմաներով պատկերներ, ռեալիստական բնանկարներ:
XVII-XVIII դդ․ տարածում է գտել զանգակատների շինարարությունը, սրանք հիմնականում երկհարկ կամ եռահարկ թեթև աշտարակներ են՝ պսակված ռոտոնդաներով։ Կառուցվել են գոյություն ունեցող եկեղեցիների արևմտյան ճակատին կից , իսկ նորակառույցներում՝ գավթի (ավանդական կամ եռակամար բաց սրահի ձևով) հետ զուգակցված։
1801-1828թթ. ամբողջ Անդրկովկասը, այդ թվում Արևելյան Հայաստանը, անցնում են Ռուսական կայսրության գերիշխանության տակ, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրամասի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման համար: Երկրի տվյալ մասում առաջացնելով որոշ տնտեսական վերելք՝ նոր իրականությունը պայմանավորել է նաև քաղաքաշինության և ճարտարապետության համեմատական առաջընթացը։ Հանդես են գալիս եվրոպական՝ ուղիղ և արևելյան՝ նեղ ու անկանոն փողոցներով միահյուսված քաղաքներ: Կազմվում են առաջին գլխավոր նախագծերը: Հայկական ճարտարապետությունը իր վրա կրում է եվրոպական ռոկոկոյի, դասականության և ռոմանտիզմի ազդեցությունը: Միաժամանակ Արևմտյան Հայաստանի քաղաքներում փոփոխություններն աննշան էին:
XIX դարի առաջին կեսը նշանավորվում է Դորպատի (Էստոնիա) համալսարանում հիմնարար կրթություն ստացած Խաչատուր Աբովյանի՝ հայ մեծ լուսավորչի ծավալած ազգաշահ գործունեությամբ: Իր «Վերք Հայաստանի» վեպով ու այլ երկերով, ինչպես նաև հասարակական ինքնանվիրումով նա դառնում է հայ նոր գրականության և աշխարհաբար լեզվի հիմնադիրը:
Հայ երաժշտությունը, ներգրավվելով սեփական միջնադարյան քաղաքակրթության երևույթները վերագտնելու շարժման, ինչպես և մշակույթի նաև եվրոպական ակունքներին դիմելու փորձի մեջ, կենսական զգալի ուժերով դիմավորեց XIX դարը և առհասարակ ազգային զարթոնքի ժամանակաշրջանը: Հայ շինականն իր անհատակ հիշողության խորքերից կյանքի էր կոչում անգամ հեթանոսական անցյալի հետ կապված խաղիկներ ու տոնական պարերգեր, զինվորական երկարաձիգ մեներգեր ու դրանց հետևող վառվռուն թռնոքիներ ու խելահեղ ծափպարեր, որոնք քիչ ավելի ուշ հնչելու էին ֆիդայիների ու կամավորների շուրթերից։
Լիմոնչյանի կողմից 1813-1815թթ հայկական նոր նոտագրության ստեղծումը հնարավորություն տվեց գրառել ինչպես ժողովրդական երաժշտության նմուշներ, այնպես էլ հոգևոր: Թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, վերածնվում է հայկական երաժշտահասարակական կյանքը։ Ստեղծվում են նաև գործիքային համույթներ և սիմֆոնիկ նվագախմբեր: Պատմական նշանակություն ուներ 1868թ Տիգրան Չուխաճյանի կողմից ստեղծված առաջին հայկական օպերան՝ «Արշակ II»-ը։ Ռուսական կայսերական բալետի ներազդեցությամբ Արևելյան Հայաստանում սկսում է ձևավորվել հայկական բալետի դպրոցը:
Էական փոփոխություններ են տեղի ունենում նաև հայկական կենցաղում: XIX դ․ վերջից հայկական տարազներն աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։ Քաղաքային բնակչության շրջանակներում փոխվել է նաև նիստուկացը:
Բեռլինի վեհաժողովում (1878թ.), երբ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող արևմտահայության ազատագրության հարցը («Հայկական հարց» ձևակերպմամբ)՝ որպես հայկական նահանգներում բարեփոխումների ծրագիր, դարձավ միջազգային դիվանագիտության նյութ, ազատագրական պայքարը թուրքական բռնատիրության դեմ թևակոխեց նոր փուլ: 1885-1890 թվականներին ձևավորվեցին հայ ազգային կուսակցությունները՝ Արմենականները, Հնչակյանները և Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնք իրենց ողջ գործունեությունը նպատակաուղղեցին Հայկական հարցի լուծմանը: Հայկական մշակույթը, մասնավորապես գրականությունը, թևակոխում է ռոմանտիզմի ժամանակաշրջան, հանդես է գալիս պատմա-ռոմանտիկական դրաման: Հայկական միջավայրում կապիտալիստական հարաբերությունների արմատավորմանը զուգահեռ հայկական մշակույթում զարգացում է ապրում ռեալիզմը:
Օսմանյան սուլթան Համիդ II-ը չիրագործեց եվրոպական տերություններին խոստացած հայկական բարեփոխումները, ավելին՝ 1894-1896թթ. կազմակերպեց հայ բնակչության զանգվածային կոտորածներ, որոնք դարձան 1915 թվականի ջարդերի նախադեպը: Օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմի պատրվակը՝ Օսմանյան Թուրքիայի ազգայնական ղեկավարությունը վճռեց ոչնչացնել հայ ժողովրդին, հայաթափ անել նրա բնօրրանը:
Հայրենի օջախներում, տեղահանման և աքսորի ճանապարհին բնաջնջվեցին մեկ միլիոնից ավելի հայեր, հարյուր հազարավոր գաղթականներ ապաստան գտան աշխարհի տասնյակ երկրներում: Ձևավորվեց հայ Սփյուռքը: Պատմական Հայաստանի տարածքի մեծ մասը զբաղեցրած Թուրքիայում հայաթափումն ուղեկցվեց հայ մշակույթի հուշարձանների ոչնչացմամբ: Սփյուռքահայությունը շարունակեց արևմտահայ գրականության և արվեստի ավանդույթները․ կորուսյալ հայրենիքի կարոտով ու ցավով, նաև վերադարձի հույսով ստեղծվեցին ազգային և համազգային արժեքներ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Հայ ժողովուրդը 1918թ. մայիսի 28-ին վերականգնեց իր պետականությունը: Երկու տարի անց խորհրդայնացումը, քաղաքական – գաղափարական փոփոխությունները զգալիորեն ներազդեցին 1920 – 1930-ականների մշակույթի վրա, բայց ժամանակի ընթացքում թե գաղափարական և թե Ցեղասպանության հետ կապված այլ խնդիրները, բարոյահոգեբանական ընկճվածությունն ու անցյալի հանդեպ նիգիլիզմը հաղթահարվեցին, և մշակութային կյանքը մտավ բնականոն հունի մեջ: Ստեղծվեցին մշակութային բազմաթիվ օջախներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Հակոբ Կոջոյանը, Երվանդ Քոչարը և քանքարավոր շատ այլ արվեստագետներ իրենց գունեղ ներկապնակով ձևավորեցին հայ կերպարվեստի նոր դպրոցը:
Դրամատիկական, օպերայի ու բալետի պետական նորաստեղծ թատրոնները, նվագախմբերը, համույթներն ու մենակատարները աննախադեպ աշխուժություն արթնացրին մշակութային կյանքում: Հայաստան ապրելու և ստեղծագործելու եկան աշխարհով մեկ սփռված հայազգի հայտնի դերասաններ, երգահաններ, խմբավարներ, երգիչներ: Ազգային ավանդական երաժշտության հիման վրա գրվեցին ժամանակակից տարաբնույթ ստեղծագործություններ: Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բացվեցին պետական թատրոններ, որոնց խաղացանկերում որոշիչ տեղ ունեին ռուսական, արևմտաեվրոպական և իհարկե՝ հայ դասական ու ժամանակակից հեղինակների գործերը: Ժամանակաշրջանն աչքի էր ընկնում բնակելի շենքերի ու հասարակական յուրակերպ շինությունների կառուցմամբ (Երևանի Հանրապետության հրապարակը, Օպերայի և բալետի թատրոնը, Ազգային գրադարանը, բարձրագույն ուսումնական մի շարք հաստատություններ):
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկսվեց սփյուռքահայության հայրենադարձությունը, որի շնորհիվ Խորհրդային Հայաստանի բնակչությունն ավելացավ: Նույնիսկ ստալինյան բռնատիրության պայմաններում Հայաստանում տնտեսական ու մշակութային զգալի վերելք արձանագրվեց:1924թ. Էկրանավորված «Խորհրդային Հայաստան» վավերագրական ֆիլմով, իսկ 1925թ.՝ Համո Բեկնազարյանի նկարահանած գեղարվեստական խաղարկային ֆիլմով հինմադրվեց հայ կինոարվեստը: Իսկ 1943թ. ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան, որը մեծապես նպաստեց գիտության ավանդական և ժամանակակից ճյուղերի զարգացմանը:
Հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, երգիչներ Գոհար Գասպարյանը, Լուսինե Զաքարյանը, ջութակահարներ Ռուբեն Ահարոնյանը, Ժան Տեր-Մերկերյանն իրենց ստեղծագործություններով և կատարման վարպետության շնորհիվ դարձան միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ արժանանալով ճանաչման: Հայ թատրոնն իր համբավի գագաթնակետին հասավ 1960-ական թվականներին: Տաղանդաշատ դերասաններ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը և ուրիշներ հռչակվեցին ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից շատ հեռու: Համաշխարհային կինոյի չափանիշներով հիշատակելի արժեքներ են Սերգեյ Փարաջանովի արվեստը, Արտավազդ Փելեշյանի կինովավերագրությունը: Հայ ճարտարապետության բուռն վերընթացի հաստատումն է Երևանի «Հրազդան» մարզադաշտի, «Զվարթնոց» օդանավակայանի, Մարզահամերգային համալիրի և Կամերային երաժշտության տան ստեղծումը:
Սպիտակի` 1988թ. դեկտեմբերի 7-ի կործանարար երկրաշարժը ծանր հարված հասցրեց Հայաստանին` վերացնլով մշակութային շատ արժեքներ: Աղետից առաջ՝ 1988թ. փետրվարին, սկսվեց Արցախյան շարժումը:
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որով վավերացվեց Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ: 1990-ական թվականներին՝ Անկախության հռչակումից հետո, ազատական տնտեսության շունչը թևածեց նաև մշակույթի ոլորտում:
Հայաստանը UNESCO-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում
UNESCO-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում Հայաստանի Հանրապետութունը ներկայացնում են Սանահին և Հաղպատ վանական համալիրները, Էջմիածնի Մայր տաճառն ու եկեղեցիները (սբ.Հռիփսիմե, սբ.Գայանե, Զվարթնոց), Ազատ գետի վերին հոսանքի ավազանն (Գառնի) ու Գեղարդի վանքը:
Իրանի իսլամական հանրապետության տարածքում են գտնվում UNESCO-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում հայկական մշակույթը ներկայացնող ևս երեք կոթողներ` Ս.Թադեի հայկական վանքը, Ծործորի Ս. Մարիամ և Ս. Ստեփանոս նախավկայի վանքերը:
UNESCO-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց են ճանաչված հայկական դուդուկի երաժշտությունը, հայկական խաչքարներն ու դրանց ստեղծման վարպետությունը, «Սասնա ծռեր» էպոսը, հայկական լավաշն ու նրա պատրաստման արվեստը:
Աղբյուր՝ Ostarmenia.com