Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Համերգ՝ նվիրված արցախյան պատերազմի զոհերի հիշատակին

Օրեր առաջ Էջմիածնի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Անմահության խորհրդով» համերգ-ցերեկույթ՝ նվիրված արցախյան պատերազմների զոհերի հիշատակին: Ցերեկույթին ներկա էին հասարակական գործիչներ, որդեկորույս մայրեր, պատերազմի մասնակից երիտասարդներ, մտավորականներ եւ այլք: Միջոցառմանը հնչեցին քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանի, դաշնակահար Հարություն Թագվորյանի կատարումները, իսկ  ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը կարդաց հայ նոր պոեզիայի ներկայացուցիչներից մեկի՝ Խաչիկ Մանուկյանի եւ իր տաղանդավոր որդու՝ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վաչագան Մանուկյանի ստեղծագործություններից: Էջմիածնի համայնքապետը շնորհակալագրեր հանձնեց Մարիաննա Գեւորգյանին եւ Հռիփսիմե Սարգսյանին՝ հայրենանվեր գործունեության համար:

Մեր համառոտ զրույցի ընթացքում Հռիփսիմե Սարգսյանն ասաց.

– Այս ցերեկույթը երախտիքի խոսք էր՝ ուղղված մեր հերոսներին, որոնք ապրում են լույսերի մեջ, եւ իրենք էլ հենց լույս են… Ցավալիորեն պատմությունը կրկնվում է եւ ավելի է խորանում անդառնալի անդունդը՝ մեր առանց այն էլ ծանրացած հոգիներում: Ընտանիքս նույնպես անցել է պատերազմի կրակներով… հիշում եմ մեր փողոցի ծանր օդը, որ թաթախված էր պատերազմական ահով: Հիշում եմ մորս արցունքները, երբ զոհվեց իմ ավագ քեռին: Հիշում եմ իմ բակի ընկերներին, որոնց հայացքին դաջվել էր թախիծ ու սպասում՝ անհետ կորած ծնողի դառը սպասում: Երբեմն մտածում եմ՝ աշխարհի բոլոր դառնություններն ու տառապանքը Աստված հայի շալակին է դրել եւ ասել. «Ապրի՛ր, թե կարող ես»: Տարիներ շարունակ մենահամերգներ եմ ունեցել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանի սահմաններից դուրս՝ Հալեպում, Լիբանանում, Ռուսաստանում եւ այլուր: Բոլոր համայնքներում փորձել եմ համախմբել հայերին՝ մատուցելով մեր պոեզիայի արժանավորների գործերը: Վստահաբար կարող եմ ասել, որ մեզ համախմբում է մեր գրականությունը եւ արվեստն ընդհանուր առմամբ: Այս դժվարին օրերն էլ հաղթահարելու համար պետք է հաճախակի կազմակերպենք այսօրինակ հուշ-համերգներ, որ թեկուզ չնչին մեղմություն բերենք մեր անտանելի ցավին… Չէ՞ որ առջեւում Հարության գարունն է… Եվ կարդաց.

Մտքիս կար՝ գարնանը մեռնեի-

Բալենիս խելքահան ծաղկել էր,

Մոտեցա դրախտի դռներին,

Բացեցի բույրերի ծալքերը…

Մտափոխ շուռ եկա, գնացի,

Դե, ոչինչ, ամռանը կմեռնեմ-

Բայց արեւն այնքան էր կանացի,

Նժույգն իմ այնքան էր հրեղեն:

Թող անցնի՝ աշնանը կմեռնեմ-

Անհամար գույներ ինձ պատեցին,

Ասացին՝ երկնային քո սերն ենք,

Երազներ կշաղենք քո բարձին:

Ձմռանն էլ հո հաստատ կմեռնեմ-

Բանբերը պարելով գալու է,

Բայց մի ձայն շշնջաց՝ համբերեմ,

Առջեւում Հարության գարունն է:

                         ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Զրուցեց՝ Հայկ ՍՒՐՈՒՆՅԱՆԸ