(ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ ԲԻԹԼԻՍՈՒՄ)
Սիրելի գրողի հիշատակին
Արևմտահայաստանի լեռները արտաքին հմայք ու ներքին վեհանձնություն՝ «արժանապատվություն» ունեն, իբր չեն նկատում, թե ինչ դավեր, խարդավանքներ են նյութվում ստորոտում:Հայ են եղել ու հայ են մնում: Այդ զգացողությունն ավելի է ամրապնդվում, երբ Նեմրութի ու Գրգուռի գագաթների ամպերի ապարոշներով, լանջերի կուժկոտրուկների ու գինարբների գունեղ քողերով զմայլվում, Ձորա պահակի լեռնանցքը հաղթահարում, Բաղեշի հովիտն ենք մտնում: Համեղաջուր,թե՞ Ամպաջուր ու Խոսրովաջուր գետակները իսկույն ընդառաջ են ելնում, աջ ու ահյակ խոխոջալով, մինչև Բիթլիս են ուղեկցում…
Ճիշտ է, երկուսն էլ շտապեցնում էին, բայց Ալամելենց խան իջևանատան ավերակների մոտ չդիմացանք գայթակղությանը: Կռացել, բուռ-բուռ խմում էինք Համեղաջրի,թե՞ Ամպաջրի պաղպաջուն կոհակները, վիճում, թե երկու անվանումներից ո՞րն է ավելի դիպուկ: Տպավորությունն այնպիսին էր, որ գետակն իրոք Նեմրութի ամպերից է գահավիժում:Համի մասին էլ չեմ ասում: Ափեզրի սիզախոտերի թփուտներում նույնիսկ Աղբրանց արուն նշմարեցինք, մուրազատու ծաղկի մասին Կոմիտասի երգը հիշեցինք.
Աղբրանց արուն ՝ մեջ քարերուն…
Բիթլիս մտանք ու պարզվեց, որ ոչ թե երկու, չորս խրամակերպ կիրճերով, ասես անձեռակերտ դարպասներով, չորս վտակներ են ներխուժում քաղաքամեջ: Ապա, գետի վերածվելով, բախվում են Քարալեռան ժայռերին ու չկարողանալով կործանել, շրջանցում, միանում, ընդհուպ Տիգրիս են հոսում: Հենց այդ ձորերն էլ քաղաքը բաժանում են չորս թաղերի: Աշխարհում կա՞ ուրիշ բնակավայր, որի ճիշտ կենտրոնում նման ժայռաբլուր հառնի: Քարալեռան գագաթին դեռ կանգուն էր Ալեքսանդր Մեծի ժամանակներից հայտնի ատամնաշար աշտարակներով բերդը: Մենք ստորգետնյա անցուղիներով, ուղղաձիգ լեռնալանջերով, շարժական կամուրջներով ամենաբարձր պարսպապատին մոտեցանք, ու անդունդն այնքան գահավեժ էր, որ ցած նայել չկարողացանք: Միջնադարում պարսիկ խաներն այստեղից են նետել մահապարտներին, դրա համար էլ բնակիչներն Արյունոտ աշտարակ են կոչել: Քարալեռից, սանդղահարթակների նման մեկը մյուսին հաջորդում, ընդհուպ կիրճն էին խուժում հայկական թաղի առանձնատները, որոնցից յուրաքանչյուրի տանիքը հաջորդի բակը կամ պատշգամբն է: Ես հայացքով որոնում եմ Թաղի գլուխ՝ այն ժամանակվա արտահայտությամբ՝ մահլեի Սպիտակ սալեր փողոցը: Տիկին Նվարդ Ասատրյանը, 85 տարեկան հասակում, Վաշինգտոնում, ինձ այնքան մանրամասն նկարագրեց իր հայրական տունը, որ թվում էր՝ եթե տեսնեմ, անմիջապես կճանաչեմ: Նա տեղահանությունից հետո ապաստանել էր Ալեքսանդրապոլի որբանոցում, սովորել Թիֆլիսի Ներսիսյանում, ամուսնացել Պոլսում, Պարսկաստանով մեկ՝ Ռեշտից ընդհուպ Թեհրան դեգերելուց հետո հաստատվել էր Միացյալ Նահանգներում, բայց շարունակում էր Բիթլիսում ապրել: Նույնը մի ուրիշ բիթլիսցի՝ Վիլյամ Սարոյանն էր մեծ մոր մասին ասում: Լուսնթագ Կարաօղլանյանը, Ֆրեզնոյում, մինչև մահ բիթլիսցու բարբառով է խոսել, և քանի որ հարևանները չեն հասկացել, տարակուսել է.
– Ի՜նչ տարօրինակ են ամերիկացիները: Այսքան տարի հետները հայերեն եմ զրուցում, ոչ մի բառ չեն սովորում:
Տիկին Նվարդը պատմում էր, որ պապը նահանգի ամենահարուստ գրադարանն է ունեցել, այնքան հարուստ, որ Բիթլիս՝ բողոքականություն քարոզելու եկած ամերիկացի միսիոներները ցանկացել են գնել: Պապին, սակայն, ամենաշռայլ առաջարկներն անգամ չեն գայթակղել, անընդհատ նույնն է կրկնել.
-Իմ գրքերը իմ ժողովրդինն են:
1915-ի նախճիրի օրերին գերդաստանի տղամարդիկ կանանց, երեխաներին տնից հեռացնում են, որ իրենք դիրքավորվեն տարբեր սենյակներում, գրադարանը պաշտպանեն.
-Ես մորաքրոջս հետ պատսպարվել էի պարտեզի խորքում ու տեսա, թե ինչպես ասկյարները հենց առաջին օրը տասնութ սատակ, հինգ արյունաթաթախ վիրավորի քաշքշելով տարան: Համոզվելով, որ չեն կարողանալու մերոնց դիմադրությունը ընկճել, նրանք քարյուղի թիթեղներ բերեցին, ցողեցին ներքնահարկն ու կրակի տվին: Աչքերիս առաջ մեր տունը, պապիս գրքերը այրվում, տղամարդիկ ողջակիզվում էին, ու ես նույնիսկ լալ չէի կարողանում, նորահարս մորաքրոջս գրկում դողդողում էի: Հանկարծ նայեցի նրան ու ճչացի: Մորաքրոջս սևաթույր խոպոպները մի ակնթարթում՝ հենց այդ ակնթարթին սպիտակել, ճեփ-ճերմակ էին դարձել…
Բերդի ժայռակոփ, ոլորապտույտ սանդուղքներով ցած ենք իջնում: Միալար ճռռում են թութհաս ճպուռները, որոնց կտցած թութը, հայտնի է, ամենաքաղցրն է: Աստիճանահարթակների են նման ոչ միայն Բիթլիսի տները, այլև այգիները, որոնց խաղողի օձագալար որթերը, հաստաբուն ընկուզենիները երևի Վիլյամ Սարոյանի, Նվարդ Ասատրյանի պապերն են տնկել: Բիթլիսի ամբողջ հողատարածքը մրգաստան, այգեստան է, բուն քաղաքը մի կերպ սեղմված է լեռների արանքում: Դրա համար են խանութները՝ զարմանալիորեն փոքր խանութները, որոնք կրպակներ են թվում, իրարից առաջ, նույնիսկ իրար վրա ընկնելով, հաջորդում միմյանց: Ժողովուրդն էլ, որ հայտնի չէ՝ հարկավոր ինչ-որ բան գնելո՞ւ, թե՞ պարզապես զբոսնելու է ելել, չի տեղավորվում կրպակ-խանութների թողած նեղ անցուղում: Ու միայն բացօթյա թեյարաններում նստոտած տղամարդիկ, եռուզեռին անհաղորդ, ժամերով թեյ են խմում, լուռ մտորում: Ի՞նչ՝ չես հասկանում: Անառիկ տեղանքը, գուցե նաև բերքառատությունն է եղել պատճառը, որ Բիթլիսը կամ ինչպես հայերն են ժամանակին կոչել՝ Բաղեշը, ի սկզբանե առինքնել է, Ալեքսանդր Մակեդոնացուց սկսած հովիտ ներխուժած բոլոր ասպատակները՝ պարսիկներն ու արաբները, թուրքերն ու քրդերը իրարից խլխլել, պատերազմներ մղելով, արյուն հեղելով ձգտել են տիրել: Իսկ հայե՞րը, որ արաբ աշխարհագիր Յաղուբ ալ-Համավիի, թուրք ուղեգիր Էվիլյա Չելեբիի, քուրդ պատմիչ Շարաֆ-խան Բիդլիսիի վկայությամբ մեծամասնություն են կազմել: Ո՞ր հայերը: Թեկուզ Վարդան, Առաքել, Ներսես Բաղիշեցիները, Հովհաննես Կոլոտը, Գրիգոր Արճիշեցին: Նրանք քաղաքից հեռու ՝ Սուրբ Հովհաննես, Սուրբ Աստվածածին, Տատրաբնակ, Խնդրակատար մենաստաններում քարոզագրքեր, հայսմավուրքներ, ավետարաններ են գրել: Պահպանված, մեզ հասածների թիվը ասում են 20-ն անցնում է: Բայց ախր ի՜նչ դրա ժամանակն էր, ինչո՞ւ զենք չէին վերցնում, թշնամու դեմ ելնում: Մեր նախնիները երևի հողը պաշտպանելու ուժ չեն ունեցել, թշնամիները մեկը մյուսից վայրագ, անարգ են եղել, այդ պատճառով էլ ձգտել են գոնե ոգին պահպանել:
Բայց ոգին ո՞րն է, հա՞ցն է՝ հացը չէ, ջո՞ւրն է՝ ջուրը չէ, երկի՞րը, երկի՞նքն է: Ավելին է՝ իհարկե՛: Ոգին հայերեն գրել-կարդալ չիմացող, հայրենիքը չտեսած Վիլյամ Սարոյանն էր, ում Ամերիկայի հինգ խոշորագույն արձակագիրներից մեկն էին համարում, բայց նա գոռում-գոչում էր, որ ինքը հայ գրող է: Նա առաջին իսկ գրքի պատվավճարով 1935 դժվար թվականին Խորհրդային Հայաստան եկավ ու իր համար պարզեց, որ ինքը ոչ միայն հայ, այլև բիթլիսահայ գրող է:
Իմ շուրջը աղմկող, մի քանի լիրայի համար ժամերով գին սակարկող բիթլիսցիները գիտե՞ն, որ իրենց քաղաքը մեծ գրող է տվել աշխարհին, որն ամբողջ կյանքում երազել է բնօրրանը՝լեռնային այս ոստանը տեսնել: 1964 թվականի մայիսին, երբ նա «Ադանա» նավով Ստամբուլ հասավ ու Ղալաթիո քարափն իջավ, զարմացավ: Իրեն դիմավորելու եկած լրագրողները, լուսանկարիչները, պարզապես երկրպագուները խճողվել էին նավահանգստում, մոտենալուն էին սպասում: Երբ մոտեցավ, իմացավ, որ բազմաթիվ գրքերը թարգմանվել են թուրքերեն, ինքը հայտնի՝ ընթերցված, սիրված հեղինակ է:
-Ամենից առաջ ո՞ւր եք ուզում գնալ,- արևելյան հյուրամեծարությամբ իսկույն շրջապատեցին նրան:
Բիթլիս, պատասխանեց Սարոյանը,- այդ երազով եմ ապրել 56 տարի:
Նա, հյուրընկալների տարակուսանքը զգալով, ձեռքը կրծքին սեղմեց.
– Այ ըմ բիթլիսցի՝ ես բիթլիսցի եմ:
Հյուրընկալները պապանձվել էին: Նրանք չէին կարող չիմանալ, որ հայկական եկեղեցիները՝ մզկիթների, գերեզմանոցները արոտավայրերի են վերածված:
Սարոյանի նման անհանգիստ, անզուսպ անձնավորությունը ստիպված եղավ Ստամբուլում հեզ ու համբերատար մի ամբողջ շաբաթ սպասել, մինչև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ամերիկյան դեսպանատան ու տեղեկատվական կենտրոնի համառ հարցապնդումներից հետո, ճարահատ, նրան պապերի բնօրրանն այցելելու արտոնություն շնորհեց:
Բիթլիսում ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանի գալստյան մասին արդեն գիտեին, հենց տեղ հասավ, նախ թուրք պատմաբան Սուբհի Մենթեշի ուղեցույցը նվիրեցին. «Բիթլիսը հիմնել են թուրքերը, քաղաքը թուրքական է, ժողովուրդը թուրք է, լեզուն մաքուր ու անաղարտ թուրքերենն է»:
Սարոյանը կարդում ու կարոտով, հուզումից տամկացած աչքերով դեգերում էր քաղաքի շուկայում, մինչև մրգավաճառ Ջեմալ Բապիրը ընդառաջ ելավ, ասաց.
– Ես ձեր տան տեղը գիտեմ, քո հորը հիշում եմ:
Սարոյանը ցնցվեց.
– Ո՞վ էր իմ հայրը:
Մրգավաճառը պատասխանեց.
– Քո հայրը՝ Արմենակ Սարոյանը, բողոքականների վարժարանում ուսուցիչ էր:
– Ճիշտ է,- ուրախացավ Սարոյանը,- գնանք, մեր տունը ցույց տուր:
Նրանք զառիվեր ոլորաններով մագլցեցին, Ծապռկոր թաղը հասան: Բարձունքից հրաշալի էին երևում բերդը, քաղաքը, շրջապատող լեռները: Բիթլիսը այդպես էին նկարագրել Լուսնթագ տատը, մայրը՝ Թագուհին, Արամ քեռին: «Կյանքիս ամենաերջանիկ պահն եմ ապրում»՝ զգացվեց Սարոյանն ու տեղնուտեղը որոշեց Բիթլիսի մասին իր լավագույն գործերից մեկը գրել: Թերևս՝ ամենալավը:
– Հասանք,- Ջեմալը հևալով կանգ առավ, Կարաօղլանյանների տոհմական առանձնատունը ցույց տվեց:
Քարակերտ, կամարաձև դարպասին պահպանվել էր կառուցման թվականը՝ՌՅԼԷ՝ 1888:
Սարոյանը հակվեց Ջուրիկ աղբյուրի վրա, երկար-երկար խմեց, լիացավ, բեղերը սրբեց, ափսոսաց, որ Արամ քեռուն, զարմիկներին հետը չբերեց:
– Մեր տունը ո՞րն է, աղբյուրից հեռու չպիտի լիներ:
Որքան մոտենում էին, այնքան խռովվում, անհամբերությունից եռեփվում էր:
Մրգավաճառ Ջեմալը քարակույտեր ցույց տվեց.
– Մեր «Հայաթ» լրագրում գրված էր,- արդարացավ,- որ առաջին աշխարհամարտին, երբ ռուսները գրավել են քաղաքն ու նահանջել, վերջին պահին հայ հրոսակախմբերը կործանել են Բիթլիսը:
Ասաց ու փախավ…
Տունը փլատակ էր, բայց թոնիրը զարմանալիորեն դեռ տաք էր: Պարզվեց՝ շրջակա գյուղերից Բիթլիս տեղափոխված քրդերի հարսները շատ են հավանում, ամեն օր գալիս, հաց են թխում: Կռացավ, մատները բարկ պատերին քսեց: Զգաց, որ շնչահեղձ է լինում, պատահական անցորդից ծխախոտ խնդրեց; Տասը տարուց ավելի չէր ծխել, երբեք իրեն այսքան մենակ չէր զգացել: Գնաց, պառկեց իրենց այգու միակ ծառի տակ, փակեց աչքերը: Սթափվեց, երբ մեկը ցնցեց ուսը, գոտեպնդեց.
– Այդքան դարդ մի արա հեմշերի, ես դերձակ Սալահեդդին եմ, Բիթլիսում հարգանք ու պատիվ, կապեր ունեմ: Եթե գիտես, թե որտեղ են թաղված ձեր ընտանեկան գանձերն ու հարստությունները, կարող եմ քեզ օգտակար լինել: Արի միասին գտնենք, կիսենք…
Որքա՞ն է Սարոյանն իրենց այգում մնացել, ինքնիրեն ի՞նչ է խոսել, խորհրդածել: Խոսել, խորհրդածե՞լ է: Նա, որ իր կյանքի գրեթե ամեն օրվա, նույնիսկ ժամվա մասին նոթ ունի, այդ պահի մասին ոչինչ չգրեց: Սարոյանի նման մեծ գրողը չկարողացավ գրել:
Լավ, Սարոյանը ոգին է, իրականությո՞ւնը որն է՝մանրիկ, սև աչքերով այս երիտասա՞րդը, որ իր ճաշարանի առջև կանգնած քծնաժպիտ ինձ է նայում: Ու քանի որ ուշադրություն չեմ դարձնում, ինքնաշարժերի արանքով, կյանքը վտանգելով, փողոցը կտրում, հասնում է հետևիցս.
Ապեր, Հայաստանի՞ց ես:
Երևանյան խոսակցակա՞նը որտեղից գիտի:
Արդեն կեսօր է, սոված կլինեք, եկեք ինձ մոտ հաց կերեք: Էժան կհաշվեմ:
Կարծում է մտմտում եմ, վրա է տալիս.
Քոնը ձրի կհաշվեմ:
Կներես, էլի, դու ի՞նչ ազգ ես:
Լռում է: Հայերեն այդքան գիտի: Սովորել է, որ առևտուր ան: Եթե հաջողացնի՝ նաև խաբի:
Այդ երիտասարդը, հաստատ, օրը գոնե մի անգամ Քարալեռան 2500-ամյա բերդապարսպին չի նայում, Վիլյամ Սարոյանի, ընդհանապես երևի ոչ մի գրողի անուն չի իմանում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո առևտուր է անում, որ գիշերը զվարճատներում ուղեղը մշուշոտի, հոմանուհու հաստ գավակը գրկի, քնի: Ու իրեն երջանիկ զգա:
Նրա երջանկությո՞ւնն է ճիշտ, թե մեր տառապանքը, ես իմ զավակներին ո՞նց դաստիարակեմ, նրանց, նույնիսկ թոռներիս հետ արևմտահայերեն խոսել շարունակե՞մ…
Հայաստան, իր երկրորդ այցելության ժամանակ, Վիլյամ Սարոյանը մեզ՝ այն ժամանակվա սկսնակ գրողներիս, մի պատմություն պատմեց: «Պատմութեն»՝ ասում էր նա:
Տարագրությունից հետո աղքատախնամի ու բարեգործականի տիկինները ամեն տարեմուտի գալիս են հայ որբերի համար իր քեռուց՝ իրավաբան Արամ Սարոյանից դրամ ուզելու:Մեկ, երկու, երեք, քսան տարի:
Է՜, այդ որբերը չմեծցա՞ն, հարցնում է Արամ Սարոյանը:
Մեծցան, պատասխանում են տիկինները, բայց նոր որբեր ունեցան:
Սարոյանական հետևությունը ինչպես միշտ պարզ ու իմաստուն էր՝ հայերը հայրենիքից հեռու ինչքան ուզում է ապրեն, բարգավաճեն, տարագիր որբեր են:
Այդ պատճառով նա կտակեց, որ իր մարմինը, մարմնի գոնե մի մասը Հայաստանում հողին հանձնեն: Ամբողջ կյանքում եղել էր, չուզեց մահից հետո էլ տարագիր որբ լինել:
Դու տարագիր չես, առավել ևս՝ որբ չես, քանի որ…քանի որ…
2020 թ.
Բաղեշ-Երևան