Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թուրքերենով հրատարակվել է Թալեաթ փաշայի մասին աղմկահարույց գիրքը

Օսմանյան վերջին շրջանի ու Թուրքիայի պատմության աշխարհահռչակ մասնագետ, Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Հանս Լուկաս Կիզերի հեղինակած «Թալեաթ փաշա, ժամանակակից Թուրքիայի հայրը, ցեղասպանության ճարտարապետը» խորագրով գիրքը վերջերս թարգմանվել է թուրքերեն: Այս մասին տեղեկացնում է թուրքագիտական մասնագիտացված ermenihaber.am-ը` հղում անելով QHA-ին:
Գրքի թարգմանությունն ու հրատարակությունը, ինչպես ենթադրելի էր, սրերով է դիմավորել թուրքերի կողմից: Մանավանդ ազգայնականն շրջանակները բուռն աղմուկ են բարձրացրել մամուլում ու սոցցանցերում` դա համարելով դավաճանության դրսևորում:

Երկու հանգամանք կա, որոնք առավել քան որևէ այլ բան, հունից  հանում են այդ «անմեղ թուրքերին»:
Առաջինը բնականաբար  «ցեղասպանության ճարտարապետ» բառակապակցությունն է, երկրորդը` այն, որ գիրքը անգլերենից թուրքերեն թարգմանած «Իլեթիշիմ Յայընլար» (İletişim Yayınlari) հրատարակչությունը  վերնագրի «ժամանակակից Թուրքիայի հայր» հատվածը փոփոխել է «իթթիհաթականության ուղեղը» տարբերակով: 
Թուրք ազգայնակնությունն ու պետական շրջանակները «Թալեաթ փաշա, իթթիհաթականության ուղեղը, ցեղասպանության ճարտարապետը» վերնագիրը համարում են «ցեղասպանության պնդումների պրոպագանդա»:
Հետաքրքրական է նաև այն, որ վերջին տարիներին բազմաթիվ են Թալեաթ փաշայի մասին երևան եկող աղմկահարույց փաստաթղթերն ու հուշագրությունները: Դրանցից մեկն է, օրինակ, Թալեաթի «Սեւ նոթատետրը», որի շուրջ «Լե նուվել դԱրմենի» պարբերաթերթի հրատարակչության տնօրեն Արա Թորանյանի` Թուրքիայի ժամանակակից պատմության հետազոտող Դույգու Թաշալփի հետ արված հարցազրույցն «Ազգ»-ը տպագրել է 2014թ. հոկտեմբերի 2-ի համարում:
Ուշագրավ աշխատություն է նաեւ 2019թ. Newmag հրատարակչության կողմից թարգմանված` Թալեաթ Փաշայի` Հայոց ցեղասպանությանը եւ հարակից հարցերին վերաբերվող հեռագրերն ու փաստաթղթերը պարունակող «Սպանության հրամաններ» աշխատությունը, որի հեղինակն արդեն բոլորիս հայտնի Թաներ Աքչամն է:
Թաներ Աքչամն այդ գրքով ապացուցում է Օսմանյան կառավարության` Հայոց ցեղասպանության մասին շրջանառվող փաստաթղթերի իսկությունը:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ