1902 թվականի մայիսի 24-ին ծնվել է ֆրանսիահայ գրող Զարեհ Որբունին:
Ծնվել է Սև ծովի ափին գնտվող թուրքական Օրդու քաղաքում:
Նա էլ պատկանում է Մեծ եղեռնի որբերի սերունդին, Օրդուից հասնելով Փարիզ` ապրեց ու ստեղծագործեց այնպիսի մի ժամանակ, երբ գրականության մեջ իրենց գրական ճանապարհն էին գծում Շահնուրը, Շուշանյանը:
Իսկական ազգանունը Էոքսյուզյան է, էօքսիւզ թուրքերենից թարգամանաբար նշանակում է որբ. « Կըսուի, թե պապերուս պապերէն մէկը շատ սպիտակ մորթ մը ունեցած է: Այդ պատճառով բաղնիքը թուրք աղաները ՙկէօնլիւ պէյազ» կոչած են զինքը, և այդպէս ալ եղած են նախնիներս Կէօնիւպէյազեան: Չեմ գիտեր` ի՞նչ ճակատագրական նախատիրութեամբ մը հետագային այդ անունը փոխուած է Էօքսիզեանի: Տե՛ս որ երկու անուններուն մէջ ալ նոյն «էօ»-ն կայ:Յետոյ ի՞նչ առնչութիւն պէտք է տեսնել ճերմակ մորթի և «որբ» բառերուն միջև: Անկում սպիտակութեան փառքէն մինչև այրութեան խաւարը» :
Որբունի անունը նրան տվեց Շահան Պերպերյանը, երբ կոտորածից մի կերպ փրկվելով` Զարեհը հասնում է Պոլիս, ապա ընդունվում Պերպերյան վարժարան, ուր նրա ուսուցիչն է եղել Վահան Թեքեյանը, և հետաքրքիրր է, որ նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսնում Թեքեյանի «Ժողովուրդի ձայնը» օրաթերթում` Որբունի ստորագրությամբ. « 1922-ին, Մարսիլիա մինակ, առևտրական շրջանակի մէջ դժբախտ, օր մը գալէս , Թէքէեանին գրեցի շնորհակալութիւնս՝ քերթուածս հրատարակած ըլլալուն համար: Պատասխանեց` ըսելով. «Ձեր քերթուածը հրապարակեցի, որովհետև դուք բանաստեղծ էք»: Այդ շլացուցիչ բառերը ուղեղիս մէջ` կը չափչփէի Մարսելիոյ փողոցները, երբ յանկարծ նաւերը քաղաքէն քարափներուն վրա թափեցին հայկական զանգուածները: Արտագաղթ, փախուստ և սկիզբը այն բանին, որ հետագայի «սփիւռք» անունը պիտի առնէր, և ես երջանիկ էի, զարմանալի միամտութիւն, որովհետև Պոլսէն ընկերներս կը մօտենային ինծի, բայց կը հեռնային միակ մտասևեռում մը ունենալով` Փարիզ: Իզուր կը պոռայի. «Կեցէ՛ք»»:
Եղեռնը Որբունուց խլում է հորը.« Բարեկամ թուրք պեյեր մեզ` տղաքներս, որդեգրեցին` ըսելով. «Տղաքը մեզի ձգեցէք, եթէ վերադառնաք, գոնե տղաքը կը գտնէք»:Արդարև, հայրս` հօրեղբայրս իրենց կիներուն հետ, Թոքաթ քաղաքը ծանոթ նահանգապետին միջոցով, կարաւանէն դուրս կ’առնուին ու կը պահուին ձորի տան մը մէջ: Անկէ երկու եղբայրները` ձգելով իրենց կիները, դէպի ետ կը ճամբորդեն` յանձնելով ինքզինքնին թուրք վարձկան ջորեպաններուն: Այս ջորեպաններն են, որ սպաննած են զիրենք: Հոն, ուր պիտի առաջնորդուէին թուրք ծանոթ գիւղապետի մը մօտ, երբեք չեն եկած: Երբ մայրս իր կարգին հայ փախցնող մուհաճիրներու միջոցաւ ետ կը վերադառնան, մենք տարիներով գիշերները քուն չեղանք` սպասելով, ականջներս յառած դռան վրայ, թե հանկարծ դուռը զարնուի, ու հայրս յայտնվի դռան բացուածքին մէջ», իսկ մայրը չորս զավակների հետ մեծ դժվարությամբ հասնում է Ղրիմ: Շատ դեգերումներից հետո կարողանում են անցնել Ֆրանսիա : Հենց այստեղ էլ նա սկսում է ուսումնասիրել ֆրանսիական գրականություն և 1920-ական թվականներին Որբունին արդեն քիչ թե շատ հայտնի անուն էր ֆրանսահայ գրական-մշակութային կյանքում:
Աշխատակցել է սփյուռքի առաջադիմական մամուլին, ֆրանսիահայ հանդեսներին ու թերթերին` «Նաւասարդ», «Անահիտ», «Անդաստան», «Կյանք և արվեստ» և այլն: 1929 թվականին լույս տեսավ «Հալածուածները» խորագրով չորս հատորով ծրագրված վեպի առաջին հատորը` «Փորձը» վերնագրով, հրատարակել է նաև պատմվածքների ժողովածուներ` «Վարձու սենեակ», «Անձրեւոտ օրեր» և այլն:
Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ զորակոչվել է ֆրանսիական բանակ, գերմանացիների մոտ գերի ընկել և ազատվել ու Փարիզ վերադարձել 1945 թվականին:
Որբունին պիտի փաստորեն նորից սկսեր, կամ փորձեր սկսել իր կյանքը, ինչպես որ փորձել էր Եղեռնից հետո, սակայն հեշտ չէր արմատ գցելը Ֆրանսիայում, որովհետև միջավայրը օտար էր, հայ գաղթական ընտանիքի համար շատ ծանր օրեր է տեսել նրա ընտանիքը.աշխատել շատ, վաստակել քիչ, աշխատել այնքան, որ գրականության համար մի փշուր ժամանակ էլ չմնա.« Սկսաւ օտարներու հրմշտուք մը , սրճեփ, խոհարարի աշկերտ, գերեզմանի քար տաշող, ճաշարանի, բալասներու սպասեակ, մեթր դ՜հօթել, չքաւոր ռազմագերի, հինգ տարի ուր եղայ` թուղթի գործարանի բանուոր, գիւղացի, շինարարական աշխատող, պեթոն կը թափէինք 450 մետր խորությամբ աղի հանքերուն մէջ, որ օդանաւային գործարաններ եղան` ի հաշիւ ժամանակի, եղա հինգ ճաշարաններու տէր և խոհարար, հարստացայ, կորսնցուցի, բայց կորսնցուցի 15 տարի գրականութեան համար»:
Որբունին «Կենսագրական շաղակրատութիւն Գ. Մահարիի հետ» ընդարձակ նամակ-ինքնակենսագրություն է ուղարկել Մահարուն, բայց Մահարին, չկարողանալով ամբողջությամբ հասկանալ նրա ձեռագիրը, ի վերջո նամակը հանձնել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:[1]
Զարեհ Որբունին մահացել է 1980 թվականին Փարիզում:
[1] Նամակ-ինքնակենսագրականի հղումը, որտեղից էլ արել էինք հոդվածի մեջբերումները` https://inknagir.org/?p=6644