Երբ փակեցի երկու աչքերս,
որ չտեսնեմ ակնհայտը,
ճակատիս բացված երրորդ աչքով
սկսեցի տեսնել այն,
ինչ մինչեւ այդ աննկատ էր
Իսկ Փառանձեմը դեռ ծիծաղում ու ծիծաղում է
Շատ ուրախ ժողովուրդ ենք մենք՝ հայերս, ինչ խոսք:
Մեզ հետ ինչ ասես, որ չեն անում՝ սպանում են, դավաճանում են, կոտորում են, խաբում են, տեղահանում են, օր-օրի նոր հարկեր ու պատիժներ են մոգոնում մեզ համար, իսկ մեր պետքն էլ չէ, սրամտում ու ծիծաղում ենք:
Մի կողմից դա, իհարկե, այնքան էլ վատ չէ.գործում են օրգանիզմի ինքնապաշտպանական մեխանիզմները եւ փրկում են մեզ դեպրեսիայի մեջ ընկնելուց: Սակայն երրորդ աչքով դիտելիս հասկանում ես, որ իրավիճակը գնալով լրջանում է, իսկ մեզ լրջացնելու հնար կարծես թե ոչ մի կերպ չի գտնվում:
Ասում ենք՝ «առանց հումորի անհնար է», «հումորն օգնում է ապրել», «ամենաահավոր բանը հումորի զգացում չունեցող մարդն է» ու շարունակում ենք զվարճանալ:
Չգիտեմ՝ ով եւ ինչու է մեզ համոզել, որ անընդհատ պետք է սրամտենք ու ծիծաղեցնենք ինքներս մեզ եւ ուրիշներին: Այդ համատարած ուրախությունն ավելի տարօրինակ է դառնում ճակատագրական պահերին, որոնց պակասը վերջին շրջանում չունենք: Պատերա՞զմ է՝ մենք մի քանի օր լուրջ ենք, հետո սկսում ենք կատակել այդ թեմայով, ինչ-որ տեղ ծա՞ռ են կտրում, շե՞նք են քանդում, մարդկանց զրկում են ունեցվածքի՞ց, մենք ամենուր սրամտելու առիթ ենք գտնում: Անգամ ամենասարսափելի իրադարձություններից շատ կարճ ժամանակ անց հայտնվում են սրամիտ աղջիկներ ու տղաներ (ընդ որում՝ տարիքը կապ չունի, նրանք կարող են լինել 15-ից 105 տարեկան) ու սկսում են կատակել, սրամտել ու զվարճանալ:
Իսկ վերջին տարիներին, երբ համացանցը մեր կյանքում հսկայական տեղ սկսեց զբաղեցնել, համատարած զվարճանքը դարձավ անտանելի ու կործանարար:
Պատերազմի ողջ ընթացքում, օրինակ, մինչ հեռատես մարդիկ խելագարվում էին սարսափի կանխազգացումից, մի ողջ ժողովուրդ, համակարգչի առաջ նստած, «Իլյուշ, Իլյուշ» էր անում: «Իլյուշ մենք սուրճ ենք խմում, իսկ դու տխրիր» ոճի հումորն այդ օրերին չգիտես ինչու ահավոր զվարճալի էր թվում մեր հայրենակիցներին, ու այդ համատեքստում բոլորն իրենց լուման էին ձգտում ներդնել: Ադրբեջանի նախագահը տալիս էր գյուղերի անուններ, որոնք գրավել էին նախորդ օրերին, իսկ մեր համերկրացիները, որոնք ամեն երեկո հավատում էին «արծրունհովհաննիսյանական նորություններին», սկսում էին ծաղրել «Իլյուշին» նոր ուժով (հետագայում իհարկե, երբ պարզ դարձավ, որ Արծրունը ստում էր, իսկ Ալիեւը ցավոք սրտի՝ ոչ, հումորն արդեն հակառակ վեկտորն ուներ՝ «Ես այժմ գտնվում եմ Երեւանում (Հադրութում), եւ այստեղ ոչ մի ադրբեջանցի չկա» ոճով):
Ինչո՞ւ եմ օրինակները հենց պատերազմի օրերից բերում: Որպեսզի պարզ դառնա, որ մենք հաճախ փորձում ենք սրամտել այնպիսի դեպքերում եւ առիթներով, երբ այդ սրամտությունը ոչ միայն տեղին չէ, այլեւ կարող է վտանգավոր լինել: Օրինակ, նույն պատերազմի օրերին, երբ երեկոյան ասուլիսների ընթացքում լրագրողները, հավանաբար ունենալով որոշ ճշգրիտ տեղեկատվություն, փորձում էին Արծրունից ինֆորմացիա ստանալ կոնկրետ տարածքների վերաբերյալ, նա ամեն անգամ հայտարարում էր, որ պետք չէ իրեն կոնկրետ հարցեր տալ: Եվ մեր շատ ուրախ եւ շատ սրամիտ հանրությունն անմիջապես սկսում էր սրամտել այն թեմայով, թե ինչ անհասկացող են մեր լրագրողները, որոնք փորձում են Արծրունից իմանալ իրականությունը, երբ մարդը պարզ լեզվով հայտարարում է, որ տեղանուններ չի տալու եւ կոնկրետ հարցերի չի պատասխանելու: Այսինքն մարդիկ, որոնք տեղյակ չէին լրագրողի աշխատանքի նրբություններին, չգիտեին, թե ինչն է մտնում լրագրողի իրավունքների ու հատկապես նրա պարտականությունների մեջ, փորձում էին ծաղրել այդ մասնագիտության ներկայացուցիչներին իրենց մասնագիտական պարտքը կատարելու՝ այսինքն կոնկրետ եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու եւ այդ տեղեկատվությունը հանրությանը հասցնելու ցանկության համար:
Հետագայում, երբ պարզ դարձավ, որ լրագրողների հարցերը տեղին էին, իսկ իրենց հումորը, մեղմ ասած, անպարկեշտ, նման ձեւով իրենց ստրեսը հանող մեր հայրենակիցներից եւ ոչ ոքի մտքով չանցավ ներողություն խնդրել անտեղի սրամտությունների համար: Իսկ Արծրունին համարեցին ստախոս, առանց անգամ հասկանալու, որ խաբում են հիմնականում նրան, ով ինքն էլ դեմ չէ, ավելին՝ ուզում է խաբված լինել:
Դեպքերից տարիներ են անցել, բայց հիմա էլ կարծես թե շատ բան չի փոխվել. շարունակում ենք կատակել, երբ տարածաշրջանում եւ երկրում խիստ վճռորոշ իրադարձություններ են սպասվում ու պետքներս էլ չէ: Ընդ որում կատակում ենք բոլորս՝ նրանք, ում թվում է, թե հասկանում են ինչ-որ բաներից, որոնցից իրականում չեն հասկանում, նրանք, ում թվում է, թե իրենք հումորի զգացում ունեն, իսկ իրականում՝ չունեն, նրանք, ում թվում է, թե ազատամիտ են, մինչդեռ իրականում բռի են ու անկիրթ:
Օրինակ, Ջիլիզան վրացիներին հանձնելու լուրի առիթով կատակում են, թե «լավ է, ջիլիզացիները առանց վիզայի կկարողանան մեկնել Եվրոպա»: Նույնն է, թե երկու ոտքը գանգրենայի արդյունքում անդամահատվածի մոտ սրամտես՝ «լավ է, որ ոտքերդ կտրեցին, պրծար կոշիկ գնելուց, չկա՛ ոտք, չկա՝ կոշիկ»: Մինչդեռ գանգրենան գնալով առաջադիմում է ու արդեն այլ՝ առավել կենսական օրգաններ է վնասում: Ու վաղը այդ «գանգրենան» կարող տարածվել դեպի ձեր բնակավայրը, ու դուք կքնեք մի պետությունում, իսկ կարթնանանաք լրիվ այլ երկրի կազմում:
Ծիծաղելն, իհարկե, երբեմն վատ բան չէ, բայց գուցե մեկ-մեկ իրո՞ք կարիք կա լրջանալու: Օրինակ, Մարուքյանի հրաժարականից հետո համընդհանուր հումորի ու հռհռոցի մթնոլորտում կարծես ընդհանրապես աչքաթող արեցինք այն հարցը, որ եթե մինչեւ այս պահը իշխանության որեւէ քայլի ու յուրաքանչյուր զիջման հետ հաշտ է եղել Մարուքյանը, հիմա ի՞նչ եղավ, ինչի՞ առաջ է հայտնվելու մեր պետությունը, ի՞նչ նոր զիջումների ենք պատրաստվում, որ «հատուկ հարցերով»-ը գերադասեց հատուկ հրաժարական տալ:
Մեկ-մեկ իրոք ծափն ու ծիծաղը չափից դուրս շատ են, անհիմն ու անտեղի, ինչպես մահացածի տանը դագաղի կողքին կանգնածի անկեղծ զվարճությունը կարող է անտեղի լինել:
Այդ անզուսպ ու անտեղի հումորից ավելի վատ կարող է լինել միայն չհիմնավորված ու անտեղի լաց ու կոծը, պատկերավոր ասած՝ «մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարը…»: Բայց դա արդեն բոլորովին ուրիշ ու շատ ավելի տխուր պատմություն է:
Ռ. Ա.