2024 թ. հունվարի 24-ին Լոնդոնի Արքայական Օպերային թատրոնում տեղի ունեցավ հայ երիտասարդ սոպրանո Ռուզան Մանթաշյանի պրեմիերան: Արդեն մեկ տասնամյակ շարունակ Մանթաշյանը փնտրված մեներգչուհի է Եվրոպայի բեմերում, սակայն Լոնդոնի նրա դեբյուտը մի քանի տարով հետաձգվել էր՝ թագավարակի հետեւանքով: Վերջապես, երգչուհու դեբյուտը Քովենտ Գարդենում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի «Լա Բոհեմ» օպերայում Միմիի դերերգով: Հայ երգչուհին գերեց Լոնդոնի դժվարահաճ հանդիսատեսին իր բարձր կատարողական արվեստով, բեմական հմայքով եւ ինքնատիպ դերասանական մատուցմամբ, որի լավագույն ապացույցն էր ներկայացման ընթացքում եւ վերջում նրան հասցեագրված օվացիաները, ներկաների բուռն եւ երկարատեւ ծափահարությունները:
Ռուզան Մանթաշյանը օպերայի նոր սերնդի ներկացացուցիչ է՝ նրբակազմ, ժամանակակից եւ բնական, առանց ավելորդ պաթոսի. արտաքնապես ավելի հիշեցնում է ջազային երգչուհու, քան ավանդական օպերային արտիստի: Այնուամենայնիվ, նրա սկզբնական կրթությունը բավականին ավանդական է եւ բնորոշ հայրենի շատ եւ շատ դասական երաժիշտներին: Ռուզան Մանթաշյանը ծնվել է Երեւանում, յոթ տարեկանից նախ հաճախել է երաժշտական դպրոց (դաշնամուր), իսկ տասնչորս տարեկանից՝ սովորել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում պրոֆեսոր Վալերի Հարությունովի մոտ:
Մանթաշյանն իր կատարողական արվեստը կատարելագործել է Իտալիայում, Լուչիանո Պավարոտիի ծննդավայրում՝ Մոդենա քաղաքի հանրահայտ Mirella Freni s Accademia di Belcanto-ում, որտեղ նաեւ ելույթ է ունեցել Պավարոտիին նվիրված համերգին: Մոդենայում հայ երգչուհին հանդես է եկել Սուսաննայի (Le Nozze di Figaro), Սերվիլիայի (La clemenza di Tito), Էքոյի (Ariadne auf Naxos) դերերգերով: Հետագա տարիներին նա գլխավոր դերերով ելույթներ է ունեցել Բեռլինի օպերայի բեմում, Փարիզի Բաստիլի օպերայում, Մյունխենի Բավարական պետական օպերայում, Սեուլի եւ Ցյուրիխի, Մոնպելիեի եւ Համբուրգի օպերաներում, ինչպես նաեւ Գլինդեբուրնի փառատոնում: Նրա վերջին դերերից են Նատաշա Ռոստովան («Պատերազմ եւ խաղաղություն») Ժնեւի օպերայում, Տատյանան («Եվգենի Օնեգին»)՝ Լիեժում, Ֆիորդիլիջին («CosՎ fan tutte») Ցյուրիխի օպերայում, Տատյանան եւ Ալիս Ֆորդը (Falstaff)՝ Բեռլինի Կոմիկական օպերայում եւ Ռաշելը («Հրեուհին»)՝Ժնեւի Գրան թեատրում:
Ռուզան Մանթաշյանը Բարսելոնայում Ֆրանսիսկո Վինասի անվան դասական երգարվեստի միջազգային մրցույթում անցավ եզրափակիչ փուլ, նաեւ շահել է իտալական «Toti dal Monte» միջազգային մրցույթը՝ Մյուզեթի («Բոհեմ») դերերգով: Մանթաշյանի Միմիի («Բոհեմ») դերերգը նրա լավագույն կատարումներից է, որը կատարել է Ժնեւի եւ Լոնդոնի բեմերում: Մանթաշյանն այժմ բնակվում է Գերմանիայում՝ իր մանկան եւ ուկրաինացի ամուսնու հետ, որը նույնպես օպերային ճանաչված երգիչ է:
Պուչինիի «Բոհեմ» հանրահայտ օպերայի գործողությունները տեղի են ունենում 1890-ականների Փարիզի Լատինական թաղամասում՝ ուսանողների եւ արվեստագետների միջավայրում, որոնց համար արվեստին ծառայելը գոյության բարձրագույն նպատակն է: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1896 թվականին Թուրինի Օպերայում՝ լեգենդար Արթուրո Տոսկանինիի ղեկավարությամբ եւ մեկ տարի անց նաեւ Լոնդոնի Արքայական Օպերայի բեմում: Այն դարձել է Լոնդոնի հանդիսատեսի ամենասիրված օպերաներից մեկը եւ Քովենտ Գարդենում ամենաշատ բեմադրված օպերան: Արքայական Օպերային թատրոնում Միմիի դերերգով հանդես են աշխարհահռչակ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Աննա Նետրեբկոն եւ լեգենդար Անժելա Գեորգիուն:
Արքայական Օպերային թատրոնի ընթացիկ բեմադրությունը իրականացրել է բեմադրիչ Ռիչարդ Ջոնսը: Բացումը կայացել է դեռ 2017 թվականին: Այս տարի նույն բեմադրությունը Քովենթ Գարդենի օպերային թատրոն վերադարձավ Միմիի դերում միանգամից երեք սոպրանոների մասնակցությամբ՝ ռումինուհի Անժելա Գեորգիուի, չիլիացի սոպրանո Յարիցա Վելիսիի եւ հայուհի Ռուզան Մանթաշյանի:
Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ հայ սոպրանոյի օպերային մարտահրավերը լոնդոնյան հանդիսատեսի եւ քննադատների կողմից ընդունվեց մեծ ոգեւորությամբ: Ներկայացման պրեմիերայից հետո Լոնդոնի մամուլը չուշացրեց Մանթաշյանի կատարողական արվեստին իր բարձր գնահականը տալ: Այսպես, «Էքսպրես» օրաթերթը 2024-ի հունվարի 25-ի համարում գրեց. «Հայ սոպրանո Ռուզան Մանթաշյանի փառահեղ դեբյուտը Քովենտ Գարդենում»: Իսկ քննադատ Սթիվեն Փրիթչարդն իր գրախոսության մեջ խորհուրդ է տալիս՝ «Ընտրեք այն երեկոյան ներկայացումը, որտեղ հայ սոպրանո Ռուզան Մանթաշյանն է Միմիի դերում: Դուք չեք հիասթափվի՝ նա իրական աստղ է: Արքունական օպերայի թատրոնի իր անդրանիկ ելույթին, որը նաեւ ներկայացման բացումն էր՝ Մանթաշյանը հանդես եկավ հիասքանչ վարպետությամբ, հուզական կերպարանավորմամբ, որի ձայնը ի զորու է հալեցնել ամենակարծր քարե սրտերը» (www.bachtrack.com/review-boheme):
Բրիտանական մեկ այլ առաջատար օրաթերթի՝ «Գարդիանի» օպերայի քննադատը հունվարի 27-ի համարում արձանագրեց, որ ալբանացի տենոր Սաիմիր Պիրգուն (Ռոդոլֆո) եւ հայ սոպրանո Ռուզան Մանթաշյանը (Միմի) «շատ համոզիչ սիրահարներ էին»: Իսկ հայտնի «Թայմս» օրաթերթի թղթակիցը հունվարի 24-ի համարում Մանթաշյանի կատարման մասին գրեց, որ հայ սոպրանոն հիանալի կատարեց ամենաբարձր նոտաները: Օտար մասնագետների այս բարձր գնահատականներին դժվար է որեւէ բան ավելացնելը. առաջինից մինչեւ վերջին պահը Մանթաշյանի երգեցողությունն անթերի էր եւ խորապես հուզիչ, նրա դերակատարումը՝ աներեւակայելիորեն բնական եւ սահուն:
Պուչինիի օպերան ողբերգական սիրո պատմությունն է դեռատի դերձակուհի Միմիի եւ փարիզյան բանաստեղծ Ռոդոլֆոյի միջեւ, որն ավարտվում է Միմիի վաղաժամ մահով՝ ծայրահեղ աղքատության եւ անբուժելի թոքախտի հետեւանքով: Բեմադրության հրաշալի ընդունելությունը պայմանավորված է նաեւ հիշարժան դերասանական կազմով՝ շնորհիվ հզոր տենոր Սաիմիր Պիրգուի (Ռոդոլֆո), քմայքոտ Լորեն Ֆագանի (Մյուզեթ), խարիզմատիկ Միխայիլ Տիմոշենկոյի (Մարչելլո), Ալեքսանդր Կյոպեցի (Քոլին) եւ Հանսունգ Յուի (Շաունարդ):
Եզրափակիչ տեսարանում, աղոթելով իր սիրելի ընկերուհու՝ Միմիի փրկության համար, թեթեւաբարո, բայց խելքի եկած Մյուզեթը երգում է. «Սո՛ւրբ Աստվածածին, ես արժանի չեմ ներման, փոխարենը այս երկնային հրեշտակը՝ Միմին է գթությանդ արժանի»:
Իր հրեշտակային ձայնով Ռուզան Մանթաշյանը ոչ միայն հմայեց Լոնդոնի անաչառ հանդիսատեսին, այլեւ համալրեց հայրենի արվեստագետների աստեղաjին շարքը, որոնք իրենց արվեստով վավերացնում են հայ դասական երաժշտության կատարողական բարձունքները եւ արձանագրում հայության լուման համաշխարհային մշակույթի Օլիմպոսում:
ՀԱՍՄԻԿ ՍԵՅՄՈՐ
Անգլերենից թարգմանեց ՄԱՐԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ (Մարի Գլենն)
Լոնդոն, 2024 թ., փետրվար