Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Դուք կտեսնեք ոչ միայն իմ նկարները, այլ կծանոթանաք ինձ հետ». Սամվել Լաճիկյան

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի՝ «Կոչեմ ապրողա՛ց» խորագրով հոբելյանական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը ներկայացնում է  շուրջ 100 աշխատանքներ,որոնց մեջ տեղ են գտել նաեւ նկարչի  առաջին ստեղծագործությունները: «Երբ սկսեք դիտել աշխատանքները, կտեսնեք 80-ականներով թվագրված իմ առաջին ստեղծագործությունները, որոնք կատարված են ջրաներկով: Այս ցուցահանդեսին ներկայացված են բազմաժանր ստեղծագործություններ՝ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ ու թեմատիկ նկարներ, դուք այս աշխատանքներով կճանաչեք ինձ, քանի որ իմ նկարները հենց ես եմ, դրանք իմ հոգեվիճակի արտացոլումն են»,- ասել է նկարիչը:

Սամվել Լաճիկյանը ստեղծագործել է հատկապես դիմանկարի ժանրում: «Սամվելը կարողանում է դիմանկարով պատկերել մարդու էությունը: Արտաքնապես կարող ես նման նկարել, բայց մարդու ներաշխարհը շատ դժվար է ի ցույց դնել կտավով, դա դժվար տեխնիկա է, որին Սամվելը տիրապետում է», –  մեզ հետ զրույցում ասել է գրող, հրապարակախոս Վաչագան Սարգսյանը:

Ցուցահանդեսին ներկա էր նաեւ նկարչի մայրը, որի դիմանկարը եւս ներկայացված աշխատանքների մեջ էր: Նկարչի եղբայրը՝ Լեւոն Լաճիկյանը պատմել է. «Մայրս ասել է՝ գոնե ինձ այն ժամանակ նկարեիր, երբ կնճիռ չունեի, իսկ Սամվելը կատակել է՝ սպասել եմ կնճիռները լինեն, նոր նկարեմ»: Նկարչի եղբայրը նշել է, որ Սամվել Լաճիկյանը ինչպես 1988 թվականի երկրաշարժից, այնպես էլ  պատերազմից հետո ստեղծված գործերով  շարունակում է իր արվեստով հաստատել կյանքը. «Ցուցահանդեսի միտքը մեկն է՝ ամեն ինչ առջեւում է, մենք իրավունք չունենք հուսահատվելու»:

 Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 21-ը:

 ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ