ԵՐԵՎԱՆ–ՕԴԵՍԱ – Բալետի պարող եւ պարուսույց, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Գարրի Սեւոյանը (ծնված 1968 թվականին) 1986-ին ավարտել է Բաքվի պարարվեստի ուսումնարանը եւ ընդունվել Բաքվի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոն։ 1989 թվականից աշխատել է Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում որպես մենակատար։ 1992–1993 թթ. եղել է Խարկովի, 1999-ից՝ Օդեսայի օպերայի եւ բալետի թատրոնների առաջատար մենակատար։ Դերերից են՝ Ալբերտ («Ժիզել»), Սոլոր («Բայադերա»), Բազիլ եւ Էսպադա («Դոն Կիխոտ»), Պատանի («Պախիտա», «Շոպենիանա»), Մեֆիստոֆել («Վալպուրգյան գիշեր») եւ այլն։ Թատրոնում աշխատանքին զուգահեռ ուսանել է Խարկովի Միջազգային սլավոնական համալսարանի պարարվեստի բաժնում՝ ստանալով պարուսույցի մասնագիտություն։ 2014-ից ղեկավարում է Օդեսայի օպերային թատրոնի բալետի խումբը։ Ունի գիտական հրապարակումներ միջազգային եւ ուկրաինական հանդեսներում։ 2019-ից Հարավ–ուկրաինական մանկավարժական համալսարանում վարում է «Դասական պարի ուսուցման մեթոդներ» դասընթացը։ 2023-ին ավարտել է Իվան Ֆրանկոյի անվան Լվովի ազգային համալսարանի ասպիրանտուրան։ Ուկրաինայի ազգային խորեոգրաֆիկ միության եւ Ուկրաինայի մշակութային հիմնադրամի փորձագիտական խորհրդի անդամ է։
–Գա՛րրի, դու երկար ժամանակ է բնակվում ես Օդեսայում՝ հարուստ մշակութային ավանդույթներով քաղաքում: Ինչպիսի՞ն է այսօր բալետային եւ ընդհանրապես երաժշտական թատրոնի կյանքը պատերազմական Օդեսայում։
–Իրականում շատ ծանր է: Դժվար է աշխատանքային գործընթացը կազմակերպել, դժվար է նոր ներկայացումներ պատրաստել։ Բալետի խմբի աշխատանքը ծրագրվում է րոպե առ րոպե։ Մենք ունենք միայն մեկ մեծ բալետի դահլիճ. փոքրում քիչ բան է հնարավոր փորձել: Օդային տագնապի ժամանակ աշխատանքը դադարում է, եւ ամբողջ գրաֆիկը խախտվում է։ Անհրաժեշտ է որոշակի ժամանակահատվածում համակարգել բալետի խմբի աշխատանքը։ Ներկայացումների ժամանակ ավելի դժվար է, ես պետք է ներկա լինեմ մինչեւ ցանկացած ներկայացման ավարտը, որպեսզի տագնապի դեպքում արագ կողմնորոշվեմ՝ ո՛ր տեղից շարունակել ներկայացումը, ի՛նչ կարելի է կրճատել՝ չկորցնելով ներկայացման համատեքստը եւ ավարտել մինչեւ պարետային ժամը: Իմ աշխատանքային օրը տեւում է մինչեւ 12 ժամ, դա դեռ ոչինչ, բայց արտիստնե՜րը… Տագնապի ժամանակ մկանները սառչում են, իսկ վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է նորից ու նորից տաքանալ։ Խաղաղ պայմաններում անգամ սա տրավմատիկ մասնագիտություն է, այլեւս չասած ներկա պայմանների մասին։ Բացի այդ, կա հոգեբանական եւ բարոյական ահռելի ճնշում։ Անգամ եթե տագնապը քաղաքի մի ծայրին է, սարսափելի ցնցվում ենք, իսկ պատկերացրե՛ք, երբ մոտակայքում է: Մի անգամ վնասվեցին թե՛ իմ, թե՛ մորս բնակեցրած շենքերը։ Մեր շենքի մոտ անօդաչու թռչող սարք էին խոցել։ Գիշերն արթնացա. ամբողջ ապակիները ջարդված են, ոտքերս արյունահոսում են, շենքը ծխի մեջ է։ Գնացինք մորս տուն. երբ տեղ հասանք, հրթիռը թռավ դեպի դիմացի առեւտրի կենտրոնը։ Նույնիսկ ներսի դռներն էին երկու կես եղել։ Դրանից հետո ես մեկ ամիս բուժում էի իմ շանը: Մինչեւ հիմա շունս ահազանգ լսելով՝ անմիջապես վազում է զուգարան…
–Մաղթենք, որ այս սարսափելի պատերազմը հնարավորինս շուտով ավարտվի եւ վերադառնաք նորմալ աշխատանքային առօրյային…
–Մեր ներկայացումները շարունակվել եւ շարունակվում են՝ չնայած կարանտինին, արգելափակմանը եւ պատերազմին։ Այս ընթացքում տեղի ունեցան մի շարք առաջնախաղեր, հյուրախաղեր։ Շատերը հեռացան, երկացանկը շատ աղքատացավ։ Աշխատում ենք նոր նախագծերի վրա, բայց ամեն ինչ պահանջում է ժամանակ եւ մարդկային ռեսուրսներ։ Մեծ թիմ ղեկավարելու համար, որոնցից յուրաքանչյուրն անհատականություն է, ինքներս պիտի օրինակ ծառայենք: Ինքներս պիտի անհատականություն լինենք: Կան ղեկավարներ, որոնք աշխատակազմին վախի մեջ են պահում՝ ինտրիգներով, օգտագործելով «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը։ Կարծում եմ, ամեն դեպքում անհրաժեշտ է պարկեշտ մարդ մնալ։ Վստահ եմ, որ դա էլ հնարավոր է։ Ամեն դեպքում՝ ես արդեն 10 տարուց ավելի է ղեկավարում եմ բալետի խումբը։
–Գա՛րրի, դու երկար տարիներ եղել ես բալետի պրեմիեր, կատարել դասական երկացանկի արքայազունների դերեր։ Որպես պարող, բեմից հեռանալուց հետո մնո՞ւմ ես «արքայազն»՝ մարմնով եւ հոգով։
–Անշո՛ւշտ։ Բեմում արքայազն լինելու համար պետք է «կլանել» կերպարը: Իմ պարագայում դա սկսվեց Երեւանում, երբ առաջին անգամ ինձ վստահվեց Ալբերտի դերը։ Դերի պատրաստությունը սկսվում էր ոչ թե թատրոնում, այլ տանը։ Ինձ վարժեցնում էի արքայազնի կերպարին։ Բայց դա ինձ հեշտորեն հաջողվեց, մայրական շառավիղով իմ մեջ հոսում է նախարարների արյուն։
–Այո՛, Երեւանում մի քանի անգամ հանդիպեցի ծնողներիդ՝ Վլադիմիր եւ Ջուլիետա Սեւոյաններին (Աստված հոգիները լուսավորի), եւ հիշում եմ մայրիկիդ որոշ պատմածները նախնիներիդ մասին։ Հետաքրքիր կլինի ավելին իմանալ։
–Հայրիկս ծնվել է Թբիլիսիում։ Պապս՝ Նիկոլայ Ջավադովիչ Սեւոյանը, եղել է 11-րդ բանակի փոխգնդապետ, հետագայում՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արդարադատության նախարարը։ Այդ ժամանակ Հեյդար Ալիեւը, որը հետագայում դարձել է Ադրբեջանի կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, ապա՝ երկրի առաջին նախագահ, եղել է պապիս օգնականը։ Հետո պապս տեղափոխվել է Բաքու։ Նա նույնիսկ հուշատախտակ է ունեցել Բաքվի Պատվո ճեմուղիում։ Հորս մայրը՝ Ասյա Գեւորկովան, երիտասարդ է մահացել, երբ հայրս եղել է 11 տարեկան։ Նրա գծով բոլոր ազգականներս Երեւանում են։ Երբ Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը, մենք գնացինք նրանց մոտ՝ Երեւան։ Այնտեղ տատիկիս քույրերը բարձր դիրքերի էին հասել։ Մեկը Երեւանի գլխավոր դատավորն էր, հետո՝ դատախազը։ Իմ երրորդական զարմիկը եղել է Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, նրա մայրն իմ կնքամայրն էր (ինձ մկրտել են Էջմիածնում, երբ հինգ տարեկան էի), իսկ նրա մորաքույրը՝ օպերային թատրոնի նախկին տնօրեն, Հայաստանի մշակույթի երկարամյա փոխնախարար Սիլվա Մեքինյանը։ Բայց ես չօգտագործեցի իմ կապերը, կարծում եմ՝ Սիլվան ինքն էլ տեղյակ չէր, որ մենք բարեկամներ ենք։
Մորս կողմից արմատներս Մեծ Հայքից եւ Արցախից են։ Մայրական պապս Աշոտ Հայրապետովիչ Մանուկովն էր (նախկինում՝ Մանուկյան), մայրական տատիկս՝ Իզաբելլա Գրիգորեւնա Բաղդասարովան։ Տատիկիս նախնիները քահանաներ եւ ազնվականներ են եղել։ Ժամանակին այն շենքը, որտեղ մենք ապրում էինք Բաքվում, պատկանել է տատիկիս ընտանիքին։ Ի դեպ, Երեւանում մի հետաքրքրական պատմություն է եղել։ Մայրս պողոտայի Ծածկած շուկայում մի անգամ պատահաբար հանդիպել է բաքվեցի մի կնոջ, որը, պարզվում է, եղել է Գարրի Կասպարովի մորաքույրը։ Հետո նրանք սովորականի պես սկսել են փոխադարձ ծանոթներ փնտրել, եւ այդ կինը հարցրել է, թե մայրս ճանաչո՞ւմ է իր զարմուհիներ Սուսաննա եւ Եվգենյա Բաղդասարովաներին։ Վերջինը ռազմական բժիշկ էր, պատերազմի ժամանակ հասել է Բեռլին, այնուհետեւ Բաքվում դարձել է շատ հայտնի գինեկոլոգ։ Մայրիկը պատասխանել է, որ նրանք իր մորաքույրերն են։ Պարզվել է, որ նա եւ մայրս երկրորդական զարմուհիներ են, այդպիսով, ես եւ Գարրի Կասպարովն էլ չորրորդական զարմիկներ ենք։
Պապական կողմից էլ եղել են ազնվական նախնիներ, ինչպես նշեցի՝ նախարարական տոհմից։ Մայրս ինձ ասել է, որ Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանը մեր նախահայրն է։ Երեւանում տեսել եմ մի գիրք ականավոր հայերի մասին, որտեղ կար նրա լուսանկարը, եւ ես ունեմ մի լուսանկար «Անուշ» օպերայում, որտեղ շատ նման եմ Արամ Մանուկյանի նշված նկարին։ Մայրիկը պատմել է նաեւ, որ Աբովյան փողոցի նախկին Կենտրոնական հանրախանութի դիմացի տունը նախկինում իր պապիկինն է եղել…
–Այո,՛ այսօր այնտեղ Արամ Մանուկյանի անունով հուշատախտակ է տեղադրված… Գա՛րրի, հավանաբար հազար անգամ պատմել ես, թե ինչպես ես կարողացել փախչել հայկական ջարդերի ժամանակ։ Հազար ու մեկերորդ անգամ էլ չե՞ս պատմի։
–Մենք երկու անգամ ենք փախել։ Առաջին անգամ՝ երկու ընտանիքով՝ մեր եւ հորեղբորս։ Նստեցինք Բաքու-Մոսկվա գնացքը, քանի որ Բաքու-Երեւան գնացքը քարկոծում էին։ Մոսկվայի կայարանում մեզ մոտեցան հայ համայնքի ներկայացուցիչները եւ օգնություն առաջարկեցին բնակության եւ աշխատանքի տեղավորման հարցում: Հայրիկը հրաժարվեց՝ ասելով, որ գնում ենք Երեւան, հարազատների մոտ։ Գնացքը 12 ժամ ուշացավ։ Մոտենալով Թբիլիսիին՝ «Ամերիկայի ձայնից» տեղեկացանք, որ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ուղեւորների գրեթե 90 տոկոսը Թբիլիսիում գնացքից իջան եւ ինքնաթիռով մեկնեցին աղետի գոտի։ Հայկական բոլոր նշանները հանեցին գնացքի վրայից եւ Ադրբեջանի տարածքով ուղարկեցին Երեւան։ Սարսափելի ուղեւորություն էր: Վագոնում միայն մենք էինք։ Կանգառներում ազերիները ներխուժում էին գնացք, ընթացքում քարեր նետում, բեռնատարներով փակում էին ռելսերը։ Երբ Երեւանից զանգահարեցի իմ համադասարանցի ու մանկության ընկեր Յաշա Վարտանովին, նրա արձագանքն այնպիսին էր, կարծես ուրվականի ձայն լսեց։ Նա կարծում էր, որ մեռած եմ…
Մեր գալուց երկու ամիս հետո մեզ հետ ուղարկեցին Բաքու՝ ասելով, որ ամեն ինչ հանդարտվել է։ Բայց մեր վերադարձից հետո ամեն ինչ նորից սկսվեց։ Ես ու Յաշա Վարտանովը թատրոնում էինք, երբ գազազած ամբոխը ներխուժեց թատրոն եւ պահանջեց իրենց հանձնել այնտեղ աշխատող հայերին։ Նրանց ասացին, որ թատրոնում հայեր չկան։ Ես ու Յաշան ուշ երեկոյան մեկ այլ ելքով դուրս եկանք թատրոնից։ Դրանից հետո այլեւս թատրոն չվերադարձա։
Երկրորդ փախուստի ժամանակ ծնողներս իրենց հետ այլեւս ոչինչ չվերցրին՝ կարծելով, թե մի երկու ամսից նորից կվերադառնան։ Հորեղբայրս այլեւս չէր ուզում Երեւան մեկնել։ Երկրորդ փախուստի ժամանակ նրան փայտերով ծեծեցին։ Նա դիմեց Ամերիկայում մշտական բնակության խնդրանքով եւ այնտեղ է 1991 թվականից։
–Հայտնի է, որ Ադրբեջանի բալետային արվեստի հիմնադիրների եւ ականավոր գործիչների մեջ եղել են նաեւ հայեր։ Նրանցից ո՞ւմ ես հիշում:
–Նախ նշեմ, որ Բաքվի օպերային թատրոնի հիմնադիրներից մեկը նավթային մագնատ Մայիլովն է: Հավանաբար գիտես թատրոնի ստեղծման մասին լեգենդը։ Դանիիլ Մայիլովն ընկերոջ հետ գրազ է եկել, որ 11 ամսում թատրոն կկառուցի` մի ռուս օպերային դիվայի հաջորդ այցի առթիվ եւ ֆինանսավորել է օպերայի շենքի կառուցումը, որը ժողովուրդը կոչում է Մայիլովյան (Մաիլովսկի)։
Թատրոնում աշխատող հայերից նախ հիշեմ Լեւ Ավակով–Լեոնովին՝ սպայի տան բալետի ստուդիայի հիմնադրին։ Նրա արվեստանոցում են սովորել Բաքվի բալետի բոլոր արտիստները։ Նույնիսկ նկարահանվել են «Առյուծը հեռացավ տնից» մանկական երաժշտաֆիլմում։ Լեւ Վահանովիչը բալետի խմբի ղեկավարն էր եւ ռեժիսորի օգնականը։ Ողջ կյանքը նվիրել է Ադրբեջանի արվեստի զարգացմանը։ Երբ ես եկա թատրոն, արդեն 80-ն անց էր, բայց պարբերաբար աշխատում էր։ Երբ կոտորածները սկսվեցին, նա անհետ կորավ, հետո նրան գտան սպանված։
Մեկ այլ տաղանդավոր պարող եւ պարուսույց էր Վոլոդյա Պլետնյովը։ Չնայած ռուսական անվանը՝ նա վարժ տիրապետում էր մայրենի հայերենին։ Պատրաստել է մենակատարների մի ողջ համաստեղություն։ Նրա մասին կարող եմ երկար խոսել, մենք ընկերներ էինք։ Նա վաղ մահացավ՝ չդիմանալով թատերական ինտրիգներին։ 40-ից մի փոքր անց էր…
Ռաֆիկ Գրիգորյանը թատրոնի առաջատար մենակատար էր՝ մեծատաղանդ արվեստագետ։ Օդեսայում եղածս ժամանակ դիտեցի Բաքվում բեմադրված «1001 գիշեր» ներկայացման տեսագրությանը, որտեղ պարում է Ռաֆիկ Գրիգորյանը, մինչդեռ ենթագրերում այլ ազգանուն է գրված (որքան հիշում եմ՝ Գրիգորեւ)։ Նույն բեմադրության մեջ մեկ այլ հայ պարողի՝ Պավլիկ Միքայելյանի անունը գրված էր Ռադիկ Զաքիրով։ Նրանք ջնջում են մեր մասին հիշողությունը։
Արդեն հիշածս Յակով Վարդանովը հետագայում հաստատվեց Իսրայելում։ Մենք կորցրել էինք կապը, հետո գտանք 1995 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր նա մի քանի անգամ եկել է ինձ մոտ՝ Օդեսա։
Բաքվի պարարվեստի դպրոցի շրջանավարտ Ստելլա Չեռնովան (օրիորդական ազգանունը՝ Մկրտչյան) նույնպես աշխատել է Բաքվի օպերային թատրոնում, 1993-ից մեզ հետ աշխատել է Օդեսայում։ Ի դեպ, նա իմ խաղընկերն է եղել «Կարմեն-սյուիտում»:
Կային բալետի հայազգի այլ ականավոր արտիստներ եւս՝ ոչ հայկական ազգանուններով…
–Ցավոք, Հայաստանում դու աշխատել ես բալետի ոչ լավագույն ժամանակներում։ Այնուամենայնիվ, այդ տարիները քեզ ինչ–որ բան տվե՞լ են եւ ի՞նչ հիշողություններ ունես հայ արտիստների հետ համագործակցությունից:
–Երեւանում աշխատել եմ շուրջ յոթ տարի։ Ասել, որ դժվար ժամանակներ էին, նշանակում է՝ ոչինչ չասել: Նախորդ հարցերում մասամբ խոսեցի այդ մասին։ Վատ բաները չեմ ուզում հիշել։ Բայց գլխավոր դերապարերով իմ առաջին ելույթները եղան Երեւանում։ Անչափ երախտապարտ եմ իմ ուսուցիչ Հովհաննես Դիվանյանին, որը ոչ միայն ինձ հետ պատրաստեց դերերը, այլեւ անձնական օրինակով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի արվեստագետը՝ խելացի, վեհ, պարկեշտ։ Մենք ընկերներ ենք մինչեւ օրս։ Ի դեպ, ես հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Զավեշտալի է՝ յոթ տարի Երեւանում ապրելուց հետո քաղաքացիություն չստացա, մնացի խորհրդային անձնագրով, փախստականի կարգավիճակով, իսկ հիմա երկու ամսում ինձ հայկական անձնագիր տվեցին։ Մինչ այդ ստիպված էի հեռանալ Հայաստանից, դառնալ Ուկրաինայի վաստակավոր արտիստ, 15 տարի լինել Օդեսայի օպերային թատրոնի գրեթե միակ առաջատար պարողը, դառնալ բալետային ռեժիսոր, բեմադրել յոթ ներկայացում, այդ թվում՝ «Դիմակահանդեսը» Խաչատրյանի երաժշտությամբ, ստանալ մրցանակ Ուկրաինայի հայերի միությունից հայ մշակույթի հանրահռչակման համար… Ճիշտ են ասում՝ չկա մարգարե սեփական հայրենիքում ։
Ասեմ նաեւ, որ դուստրս՝ Վիկտորյա Սեւոյանը, այժմ Չեբոքսարիի Չուվաշիայի օպերայի եւ բալետի պետական թատրոնի առաջատար բալետի պարուհի է։ Նա ծնվել է Երեւանում, Մարգարյան ծննդատանը։ Այն ժամանակ ծնողներիս հետ ապրում էինք Սվերդլովի փողոցում, այնտեղ էլեկտրականություն կար։ Հետո ապրեցինք օպերայի շենքում, առաջին վեց ամիսը՝ հանդերձարանում։ 2022 թվականի օգոստոսին՝ մորս մահից 12 ժամ առաջ, աղջիկս մեզ թոռնիկ պարգեւեց, որը հիմա մեկ տարեկան, 20 ամսական է։ Մենք երկար ժամանակ Վիկային չէինք ասում, որ տատիկը նույն օրը մահացել է։ Ցավոք, պատերազմի պատճառով ես դեռ չեմ տեսել թոռնիկիս։ Աղջկաս էլ վերջին անգամ տեսել եմ երեք տարի առաջ, երբ մեքենայով 2500 կիլոմետր քշեցի, որպեսզի ներկա լինեմ նրա հարսանիքին…
–Հաջողություն եմ մաղթում Վիկտորյային, նաեւ որ պատերազմը շուտ ավարտվի եւ դուք կարողանաք ճանապարհորդել միմյանց մոտ ու նաեւ՝ Հայաստան…
Արծվի Բախչինյան