Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բատիկ աշխատանքների ցուցադրություն՝ «Մետաքսե գարուն»

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ բացվեց «Մետաքսե գարուն» խորագրով բատիկ աշխատանքների ցուցահանդես:

Ցուցադրության ներկայացվեց նկարիչ-ստեղծագործողներ Արմենուհի Սաղդասարյանի, Գոհար Մաճկալյանի եւ Թանիա Մազեճեանի շուրջ 50 բատիկ աշխատանք: Դրանք ներկայացնում են հեղինակների ինքնատիպությունն ու թեմատիկ ուղղությունները՝ ազգային խորհրդանիշների գործածմամբ հայոց պատմություն եւ մշակույթ, հայկական տառարվեստ եւ մանրանկարչության առանձնահատկություններ՝ բատիկի նոր տեխնիկաների բացահայտմամբ եւ կիրառմամբ:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ստեղծագործողներին եւ կարեւորեց ցուցադրության կազմակերպումը, ինչը թույլ կտա հայ արվեստասերներին ծանոթանալ բատիկի տեխնիկայով ստեղծագործող մերօրյա հեղինակներին:

«Ի դեմս այս հեղինակների՝ մենք տեսնում ենք այդ արվեստի արտահայտությունը Հայաստանում: Օրինաչափ է, որ մետաքսանկարչությամբ զբաղվում են կանայք, քանի որ ամեն ինչ գեղեցիկ է իր բովանդակությամբ, էությամբ եւ արտահայտության ձեւերով»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հեղինակներին մաղթեց ստեղծագործական ձեռբերումներ եւ հաջողություններ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր օրհնության խոսքում կարեւորեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության կազմակերպած ցուցադրությունները, որոնք վառ են պահում արվեստը, մշակույթը:

«Աստվածային օրհնությամբ է օժտված կինը՝ մարդ արարելու, իր միջոցով բարություն ու գեղեցկություն արտադրելու եւ փոխանցելու բոլորին. այսօրվա ցուցահանդեսը ստեղծագործական շնորհի արտացոլանքն է տիկնոջ միջոցով: Նորօրյա մեր պատմության մեջ մանրանկարչության  արվեստում եւ գեղանկարչության ոլորտում կանայք գերազանցում են տղամարդկանց, ինչը շատ ուրախալի է»,- նշեց Ասողիկ աբեղան ու մաղթեց, որ հեղինակներն արթուն պահեն իրենց ստեղծագործական շնորհը եւ արվեստի միջոցով առաջնորդեն գեղեցկության եւ բարության ճանապարհներով:

Արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Իվեթ Թաջարյանն այն կարծիքին է, որ յուրաքանչյուրի աշխատանքում հետաքրքրական պատգամներ կան: Նա հաջողություններ մաղթեց նկարիչ-ստեղծագործողներին եւ հավելեց. «Արմենուհի Սաղդասարյանի աշխատանքները կարծես լույսից դուրս եկած խորհրդանշական կոմպոզիցիաներ  են, երազանքների արտացոլանք, իսկ Գոհար Մաճկալյանի մոտ՝ առարկայական, շոշափելի եւ իրականությունը ներկայացնող ստեղծագործություններն են, որոնցում  նա ներդաշնակորեն համադրել է իր եւ հայրենիքի ամուր կապը»,-նշեց արվեստաբանն ու անդրադառնալով Թանիա Մազեճեանի աշխատանքներին՝ հավելեց՝ նրա գործերում հեղինակի ապրումներն են՝ փնտրտուքներ, մտորումներ եւ ազատություն:

Գոհար Մաճկալյանը հեղինակների անունից շնորհակալություն հայտնեց ցուցադրության կազմակերպման համար եւ վստահեցրեց՝ շարունակելու են ստեղծագործել եւ արվեստասեր հանրությանը ներկայացնել մեզանում նոր, բայց արդեն սիրված դեկորատիվ արվեստի այս ուղղությունը՝ մետաքսանկարչությունը:

Նշենք, որ «Մետաքսե գարուն» խորագրով բատիկ աշխատանքների ցուցադրությունը «Թեքեյան» կենտրոնում բաց կլինի մինչեւ ապրիլի 7-ը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ