Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախից հեռու, Արցախը սրտում

Հոկտեմբերի 19-ին Հայաստանի գրողների միությունում կայացավ Փարիզի հայկական ռադիոյի (AYP FM) մեկնաբան, «Արցախապատում»,«Հայ մամուլի տեսություն» եւ «Բաց նամակ ճշմարտության պարտադրանքով» հաղորդաշարերի հեղինակ վարող, հրապարակախոս, արձակագիր Անժելա Սահակյանի «Արցախապատում» հրապարակախոսական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:

Ներկա էին գրողների միության անդամները, արձակագրի հարազատները, գրասերներ:

«Ամեն օր հայ մարդը պայքարի մեջ է: Անժելա Սահակյանի այս հրապարակախոսական հոդվածների ժողովածուն նվիրված է Արցախյան առաջին եւ երկրորդ, ինչպես նաեւ Քառօրյա եւ Քառասունչորսօրյա պատերազմների մարտիկների անմահ հիշատակին: Այս գիրքը հիշատակի գիրք է, առանց հիշատակի ժողովուրդը չի ապրի, մարդն առանց հիշողության մարդ չէ…  Պիտի հերոսներին հիշատակելով ապրենք: Ես  ճիշտ չեմ համարում, երբ աշխարհը բաժանում են ապրողների եւ չապրողների միջեւ, նրանք ապրում են, նրանք մեզ հետ են եւ մեզ ապրեցնում են, քանի որ նրանք զոհվել են հանուն ապագայի: Անժելա Սահակյանը խիստ հայրենասեր է, եւ դա ապացուցում է իր հայրենանվեր աշխատանքներով»,- ասաց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Արձակագիր եւ խմբագիր Տիգրան Նիկողոսյանն էլ այսպես նկարագրեց Անժելա Սահակյանի ժողովածուն. «Սա գիրք է, որի մեջ մի ամբողջ հայրենիք է ներառված, այստեղ ոմանց ապրած կյանքն է, ոմանց սերն ու նվիրումն է առ հայրենիք: Ամեն մարդ պիտի իր բաժինը վերցնի այս գրքից, այս գիրքը եւս մեկ անգամ արթնացնում է սերը դեպի հայրենիք, շնորհակալ եմ հեղինակին այս գրքի համար, քանի որ այն հիշեցնում է մարդուն երկրի վրա իր առաքելության մասին»:

«Ինչպե՞ս կարելի է մեր հույսը ինչ-որ մեկի վրա դնել: Առաջին հերթին մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, եւ մեր ամբողջ ներուժը ներդնենք զինելու մեր հայոց բանակը, պիտի զինվենք, պիտի մշտապես արթուն լինենք, եւ չհավատանք թշնամու թվացյալ եւ պարտադրող խաղաղությանը»,- ասաց ժողովածուի հեղինակ Անժելա Սահակյանը:

Անժելա Սահակյանը «Արցախապատում» գրքի 2-րդ մասը պատրաստել է Փարիզի հայկական ռադիոյի (AYP FM) իր Արցախապատում հաղորդաշարից առանձացրած նյութերից, որը 2021 թվականի հրատարակված «Արցախապատում» Ա գրքի շարունակությունն է:

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՀՊՄՀ հեռուստալրագրության բաժնի  2-րդ կուրս