Azg.am-ի զրուցակիցն է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
-Պարո՛ն Սրապիոնյան, օրեր առաջ Մատենադարանի տնօրենի պաշտոնում ընտրվեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։ Որպեսզի այդ պաշտոնում հենց վերոնշյալ անձն ընտրվի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կանոնադրության փոփոխություն կատարեց, այն է՝ եթե մինչ այժմ Մատենադարանի տնօրեն ընտրվելու համար թեկնածուն պարտադիր պետք է դոկտորի գիտական աստիճան ունենար, այժմ թեկնածու լինելն էլ բավական է։ Ինչպե՞ս եք վերաբերվում ընտրության նշաձողի իջեցման այս քայլին։
-Ես քանիցս կարծիք եմ հայտնել Մատենադարանի տնօրենի ընտրության կանոնադրության փոփոխության վերաբերյալ, որը նաև ակնհայտորեն քաղաքական ակցիա է։ Որովհետև, եթե հիշում եք, այս մարդիկ, երբ դեռ իշխանության չէին եկել, նախկիններին քննադատում էին բուհերը, դպրոցներն ու մշակութային հիմնարկները քաղաքականացնելու և նրանց ինքնավարությունը սահմանափակելու համար։
Հիմա բոլոր այդ կառույցները ոչ միայն քաղաքականացված են, այլև գերկքաղաքականցված։ Եթե նման հիմնարկների ղեկավարները ՔՊ-ական չեն, ապա վատթարագույն դեպքում պետք է հրապարակային կերպով ՔՊ-ին համակրող լինեն, որպեսզի կարողանան որևէ տեղ իրենց համար աշխատանք գտնել և փորը կուշտ պահեն։
Մինչև Մատենադարանի տնօրենի հարցին անցնելը՝ հարկավոր է նայել, թե ինչ է կատարվում բուհերում։ Մոգոնեցին ուսուցիչների՝ այսպես կոչված ատեստավորման և որակավորման անհասկանալի մրցույթներ, հորինեցին դպրոցների երկու տնօրենի պաշտոն։ Բուհերի ռեկտորների պաշտոնները զբաղեցրեցին մարդիկ, որոնք ուրիշ պարագայում լավագույն դեպքում շարքային դասախոսից վերև չպետք է բարձրանային և չէին էլ բարձրանա։ Հիմա այս մարդկանց «թխեցին» նորաթուխ դոկտորներ՝ հայտնի չէ ինչ մեթոդներ մոգոնելով կամ պարզապես կանոնադրություն փոխեցին, հոգաբարձուների խորհրդում բուհական կրթության հետ կապ չունեցող մարդկանց ներդրեցին։
Սուրեն Պապիկյանի նման մեկը (խոսքը ՀՀ պաշտպանության նախարարի մասին է՝ խմբ.), ում կարելի է պայմանական բարձրագույն կրթություն ստացած մեկը համարել, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է։ Մոգոնեցին մեկին, որը դոկտոր չէր, երկու տարի պահեցին որպես ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հորինեցին նորաթուխ մի դոկտորի, որը շարքային դասախոսից վեր չէր բարձրացել և միայն սրանց օրոք զբաղեցրեց կրթության փոխնախարարի պաշտոնը, բերեցին, նրան «թխեցին» ԵՊՀ ռեկտորի պաշտոնում (նկատի ունի Հովհաննես Հովհաննիսյանին՝ խմբ.)։
Հիմա մնացել էր միակ օղակը՝ հին և միջնադարյան ձեռագրերի ձեռագրատուն Մատենադարանը, որն այս իշխանությունները, կոպիտ ասած, իրենցով չէին արել։ Այստեղ կային շնորհալի մասնագետներ, որոնք աճել էին մեր հզոր գիտնականների ձեռքի տակ։ Ես կնշեմ Կարեն Մաթևոսյանին, որը Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, Արծրունի Սահակյանին, որը գիտության մեջ շատ լուրջ վաստակ ունի, երկու գծով դոկտոր է՝ միջնադարի հայ գրականության և պատմության։ Այս մարդն այնքան խոհեմ անձնավորություն էր, որ տեսավ՝ այս ընտրությունները ֆարս են և ինքնաբացարկ հայտնեց։ Դոկտորի նրա պատիվը թույլ չէր տա մասնակցելու այդ ֆարսին և լեգիտիմացնելու այն ընտրությունը, որը կատարվեց Մատենադարանում։
-Պարո՛ն Սրապիոնյան, իսկ ի՞նչ կասեք Մատենադարանի նոր տնօրենի՝ արվեստագիտության թեկնածու, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արա Խզմալյանի մասին, որի մասնագիտական ուղղությունը նախ և առաջ թատրոնն է։
-Արա Խզմալյանի անձի դեմ ոչինչ չունեմ։ Ավելին պետք է ասեմ՝ Հրաչյա Թամրազյանի օրոք երիտասարդ մասնագետ էր, նախկինում Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ։ Բարեհամբույր տղա էր, նրա գիտական պոտենցիալի մասին որևէ գաղափար չունեինք, նույնիսկ համակրանք կար նրա նկատմամբ, բայց որովհետև պատեհապաշտ է, կարող եմ ասել, որ իշխանության փոխվելով՝ նա մոռացավ իր անցյալը, միանգամից լծվեց սրանց գործի ջատագովությանը, հայտնվեց ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնին։
Թող հիմա որևէ մեկն ինձ պատասխանի՝ այս անձնավորությունը, որը թատերագիտության թեկնածու է, ի՞նչ համարձակությամբ և բարոյականությամբ է համաձայնել բազմել Մատենադարանի տնօրենի աթոռին, որի նախկին ղեկավարները եղել են մեծ ակնածանք հարուցող գիտնականներ։
Մատենադարանը ոչ միայն լրջագույն գիտական հիմնարկ է, ոչ միայան հետազոտությունների ինստիտուտ, այլ նաև, չեմ վախենում համեմատությունից, պետական խորհրդանիշներին հավասար խորհրդանիշ։ Մատենադարանը մեզ համար և՛ զինանշան է, և՛ դրոշ, և օրհներգ։ Մենք աշխարհին ներկայացել ենք մի քանի լրջագույն արժեքով, որոնցից մեկը Մատենադարանն է։ Մատենադարանում ուղիղ իմաստով գանձեր կան պահված։ Դրանք գին չունեն, և համաշխարհային մշակութաբանները դրանց համար կյանքը կտան, որպեսզի դառնան այդ գանձերի տերերը։
Սակայն դատելով այս մարդկանց վերջին հինգ տարվա քաղաքականությունից, որտեղ ամենից շատ և ամենից խորքային մերժվում են ազգային արժեքները, ես բոլորովին համոզված չեմ, որ Մատենադարանի գանձերը կարող են մնալ Մատենադարանում։ Սա մեղադրանք չէ, այլ ողջամիտ կասկած, որովհետև եթե մարդիկ վաճառում են հայրենիք, պատմական հիշողություն և ազգային ինքնասիրություն, Մատենադարանի հոգևոր արժեքներն ի՞նչ են, որ չվաճառեն։
-Ուզում եք ասել՝ Արա Խզմալյանի ընտրությունը պատահական չէ՞ր։
-Հարմարվողականության իմաստով ՀՀ իշխանությունները գտան և բերեցին ամենահարմար թեկնածուին։ Նրան բերեցին, որովհետև հարմարվողական է, անշեղորեն կարող է կատարել իրեն տրված հանձնարարությունները՝ չմտածելով հետևանքների մասին։
Մատենադարանի գլխին սև ամպեր են կուտակվել։ Մենք անշեղորեն գնում ենք բոլոր արժեքների կորստի։ Այն, ինչ ազգային է, մերժելի է. սա է սրանց մոտեցումը։ Մի իշխանության ներկայացուցիչներ, որոնք չեն խորշում մեքենայից իջեցնել հայոց վեհապետին, օձիքից բռնել՝ ինչպես շարքային մեկի օձիքից կբռնեին, այդ մարդկանց մոտ խոսել Մատենադարանի արժեքներից, ուղղակի անմտություն է։ Իսկ Վեհափառը ստեղծել էր երկրորդ՝ Էջմիածնի մատենադարանը։ Նրանք նույնիսկ սա ոտնատակ տվեցին, ուրեմն այս մարդկանց հետ ի՞նչ արժեքների մասին կարող ենք խոսել։
Մենք հայտնվել ենք այնպիսի մի փակուղում, որից փրկությունը միայն ճեղքումն է լինելու, իսկ ճեղքումը պետք է լինի այս խունտային իշխանությունից հեռացնելը։ Ուրիշ ճանապարհ չկա։
Ինչ վերաբերում է Մատենադարանին, ապա այնտեղ հիմնականում գաղափարի մարդիկ են, և հուսամ՝ իրենց ինքնասիրությունը ոտնատակ տալ չեն կարող։ Կա՛մ այս տղան պետք է աշխատի Մատենադարանի աշխատակիցների կամքով, կա՛մ, համոզված եմ, կգա մի օր, որ Մատենադարանի աշխատողները չտեսնված մի ընդվզում ցույց կտան։