Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ասեղնագործության թագուհին՝ «մարաշը»

Հայ ասեղնագործության մեջ գոյություն ունի յուրահատուկ մի  կարատեսակ, որն անվանում են «մարաշ», որի հայրենիքը եղել է Կիլիկիայի Մարաշ քաղաքը:

«Մարաշը» օգտագործվում է ինչպես զգեստների ,այնպես էլ  բազմոցների, բարձերի, թեւնոցների, սեղանի սփռոցների վրա:

Այս կարի տեսակը ամենադժվարներից է: Հնում նշանվող աղջիկը իր օժիտում պետք է ունենար առնվազն 6 ասեղնագործած իր, որը հիմնականում լինում էր «մարաշի» գործ:

 Այն աղջիկը, որը չգիտեր ասեղնագործել, նրան սովորեցնում էին  եւ ոգեւորում հետեւյալ ասացվածքով .

«Առ ասղիկ ու թելիկ, որ չասեն աղքատի կնիկ»:

Եվ աղջիկները ոգեւորվում էին, որովհետեւ արդեն դա իրենց պատիվն էր:

«Մարաշ» ասեղնագործությունը լինում է երկու տեսակ՝  հարթակար եւ հյուսվածակար :

Ասեղնագործություն զարդանախշերով՝ ամենահարուստ կարն է: Զարդանախշերում հանդիպող S նշանը շատ կարեւոր է մշակութաբանական տեսակետից:

2011թ֊ին Մարաշի հայրենական միությունը հավաքելով 150 վարպետների, հիմնականում Հալեպ քաղաքից, աշխատանքները հրատարակել է գիրք-ալբոմ:

Մարաշ քաղաքում աշխատել են տեղական կամ ներմուծված բամբակե կտորի վրա, որը կոչվել է խասսա: Մարաշի բուն կտորը կոչվում է էպենեզեր: Հիմա մեծամասնությամբ «մարաշի» ասեղնագործությունը անում են թավիշի լավագույն տեսակների վրա:

«Մարաշը» ասեղնագործական տեսակը  օգտագործվում է ոչ միայն  աշխարհիկ կյանքում, այլեւ եկեղեցիներում: Խորանի վարագույրները, Ավետարանի հիանալի կազմերը նույնպես «մարաշի գործ» են եղել:

«Մարաշով» արված որեւէ գործ ունի մեծ արժեք: Մեկին նվիրելով «մարաշի գործ», դուք նրան կարժանացնեք մեծ պատվի:

ՇՈՒՇԱՆԻԿ ԱԼԻԽԱՆՈՎԱ

ՀՊՄՀ

Լրագրության 1-ին կուրսի ուսանողուհի