Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ամփոփվեց կոմպոզիտորների մրցույթի եզրափակիչ փուլը

Հոկտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ ՀՀ Կոմպոզիտորների Միության 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած կոմպոզիտորական մրցույթի եզրափակիչ փուլը:

Այս տարի կոմպոզիտորների կողմից մրցույթին ներկայացված էին լարային նվագախմբի համար գրված նոր ստեղծագործություններ: Մրցույթի փուլերը հաղթահարել եւ եզրափակիչ փուլում ընդգրկվել էին կոմպոզիտորներ Արսեն Բաբաջանյանի, Գոռ Իսպիրյանի, Կարեն Անանյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները:

Ժյուրիի կազմում էին ՀՀ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, կոմպոզիտորներ Աշոտ Զրոհրաբյանը, Աշոտ Ղազարյանը, Վաչե Շարաֆյանը, Արամ Հովհաննիսյանը, Էդմոն Մակարյանը եւ դաշնակահար, երաժշտագետ Լիլիթ Արտեմյանը:

Ստեղծագործությունները հնչեցին ՀՀ պետական կամերային նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:

Եզրափակիչ փուլի անցկացման համար ընտրված էր հետաքրքիր ձեւաչափ: Գնահատումը պետք է իրականացվեր ժյուրիի, նվագախմբի եւ հանդիսատեսի քվեարկությամբ: Ստեղծագործությունների կատարման հերթականությունն ընտրվեց վիճակահանությամբ:

Համերգը սկսվեց Գոռ Իսպիրյանի հուզական, թախծալի հնչողությամբ «Սինֆոնիետա» ստեղծագործությամբ:

Հաջորդիվ հնչեց Արսեն Բաբաջանյանի «Orientalishe Ornamente» ստեղծագործությունը՝ ունկնդրին փոխանցելով սոնորիստական, մշուշապատ հնչողություններ:

Ժիրայր Շահրիմանյանի «Պարտիտան» հնչեց որպես լարային նվագախմբի հնչողության կուռ միաձուլում՝ վարպետորեն օգտագործելով միջնադարյան շարականի մոտիվները:

Ունկնդրին բոլորովին այլ հնչողական միջավայր տեղափոխեց Կարեն Անանյանի «Փարիզյան հուշեր» ստեղծագործությունը: Հանրահայտ եւ սիրված մեղեդիները մշակված էին նրբագեղորեն եւ նույնիսկ որոշակի հումորով՝ ի ցույց դնելով կոմպոզիտորի ոճական բարձր ճաշակը եւ զգացողությունը:

Համերգը եզրափակվեց ավելի ավագ սերնդի ներկայացուցիչ, կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի «Մեծարենց-Տեսիլք» ստեղծագործությամբ: Ունկնդիրն ականջալուր եղավ կոմպոզիտորի զգացմունքային աշխարհի եւ նրա ստեղծագործական վարպետության ներդաշնակ համաձուլմանը՝ կարծես առնչվելով Մեծարենցի գրական ժառանգության հնչողական ոլորտին:

Ժյուրիի, նվագախմբի եւ հանդիսատեսի քվեարկությամբ մրցանակները բաշխվեցին հետեւյալ կերպ. 1. Կարեն Անանյան, «Փարիզյան հուշեր», 2. Էդուարդ Հայրապետյան, «Մեծարենց-Տեսիլք», 3. Ժիրայր Շահրիմանյան, «Պարտիտա», 4. Գոռ Իսպիրյան, «Սինֆոնիետա», 5. Արսեն Բաբաջանյան, «Orientalishe Ornamente»:

Դե ինչ, մաղթենք արդի հայ կոմպոզիտորներին նորանոր ստեղծագործական գաղափարների իրականացում եւ հանրահռչակում:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ