Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի՝ 2024-ի մայիսյան համերգին հնչեց Սեդրակ Երկանյանի հեղինակած «Հայկական խճանկար» բազմաճյուղ ստեղծագործության երրորդ մասը:
Հայոց հնագույն երաժշտարվեստի հարուստ գանձանակից առնված երգերն ու նվագները, անցնելով ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի «քուրայով», նոր երանգախաղ, հնչման նորահայտ մեկնություն, գործիքավորման հայտնությունների գեղեցկությունն են կրում՝ դառնալով արդի ստեղծագործողների հեղինակային մտահղացումների եւ երաժշտական կերպավորումների նյութը: Սեդրակ Երկանյանի «Հայկական խճանկար»-ի ճյուղերն էլ ակնհայտորեն հեղինակի ձեռագրահյուսքերն են՝ իրենց կառուցվածքների առանձնահատկություններով, գործիքավորման գունախաղերի յուրատիպությամբ, հնագույն ատաղձ հանդիսացող երգերի եւ նվագների ոչ միայն գեղեցկությունը, այլ նաեւ հայկականությունը ներկայացնելու հմտությամբ:
Որքա՜ն պրակներ կան մշակելու, որչա՜փ հարուստ եւ անսպառ է անհիշելի ժամանակներից մեզ հասած նյութը՝ քանիցս իր հիացումն է արտահայտել մաեստրո Ս. Երկանյանը՝ շարունակաբար անդրադառնալով բանահավաքչական հարստությանը: Նախորդ մի քանի տասնամյակներին իր արարումներին՝ հարսանեկան երգերի շարքերին, անզուգական հորովելներին, ասքապատումին, հարյուրավոր մշակումներին գումարվել են «Հայկական խճանկար» ընդհանուր խորագրով շարանները, յուրաքանչյուրը՝ մի-մի ձեռագրահյուսք՝ կազմված երգերի, պարեղանակների, մեղեդիների համադրություններով: Այս շարքերից ամեն մեկը կառուցված է այնպես, որ իր պարունակած յուրաքանչյուր երգ ու եղանակ մեկը մյուսի օրգանական շարունակությունն է դառնում: «Նարէ» եւ «Հայ, ջանէ», «Լուսնյակն էլավ» եւ «Դե՛, քելե՜, քելե՜», «Կրկնակի գյովնդ» եւ «Նաներ, Նաներ», «Ղարաբաղի կոխի եղանակ» եւ «Լե, լե թամզարա», «Ձի խաղացնելու եղանակ» եւ «Սահարի», «Շատախցի Բարսեղ» եւ «Թիլլարա», «Ձիգ պար» եւ «Էրզրումի պար» եւ էլի երգեր ու պարեղանակներ,- բոլորը հեղինակային մտահղացմամբ միահյուս, սահուն անցումներով, ազգային նվագարանների հունչը լիարժեքորեն ներկայացնելու հնարավորությամբ:
«Հայկական խճանկար»-ների բոլոր շարանները մտովի շրջագայություններ են հայրենի բնավայրերով, երաժշտության միջնորդությամբ եւ երեւակայության զորությամբ այցեր հայոց պատմական գավառներ, հայրենի բնության ձայների ունկնդում, հայ գեղջուկի նիստուկացին ներկայություն, հողագործի երգի, սիրահար սրտերի պարզ ու սրտառուչ խոստովանությունների, կարոտի ու խոստման ունկնդրում,- եւ այս ամենը՝ բուն հայկական հնչողությամբ:
Ես ինձ թույլ եմ տալիս երգերի ու նվագների այս միահյուս – իրարով ներդաշնակված երաժշտական երկը համեմատել հայկական հնագույն գորգերի գործվածքի հետ, որոնցում գույների համադրությունը՝ վառ, ընդգծված, իդեալական է, պատկերներ – խորհրդանիշները կյանքի, արարման, հավերժության մասին են: Ու երբ զննում ես գործքը, թե՛ երեսին եւ թե՛ դարձերեսին ոչ մի թերություն, ոչ մի ավելորդ հյուսվածք, ոչ մի շեղում՝ մտահղացումից, ոչ մի դուրս պրծած թել կամ քարկապ չկա. ահա այդ նույն անթերի գործքով կառուցված են Ս. Երկանյանի «Հայկական խճանկարի» բոլոր դրվագները:
Երրորդ մասում էլ գունեղ, արտահայտիչ էին «Տաղարանի» մեներգիչներ Լուսինե Մարկոսյանի, Գալինա Ցոլակյանի, Գայանե Ղամբարյանի, Հովսեփ Նշանյանի եւ Արամո Մամիկոնյանի հնչեցրած սիրո, աշխատանքի երգերը, մեկը՝ խոստմամբ ու հասուն զգացմունքով, մյուսը՝ զուլալ, պատանեկան նորածիլ գրգիռներով, երրորդը՝ սպասմամբ ու կարոտակեզ կանչերով… Երգերը համադրված էին հայոց մշակույթի գանձանակից առնված նվագներով, պարեղանակներով, բնության ձայներ – մեղեդիներով, որոնք կատարեցին համույթի մենակատարներ բլուլահար Հասմիկ Մուրադյան-Հարությունյանը, ուդահար Լուսինե Դավոյանը, դուդուկահար Արտակ Ասատրյանը, սանթուրահար Քրիստինե Մնացականյանը, քանոնահար Մարիաննա Գեւորգյանը, թավջութակահար Թեյմուր Խաբիբին:
«Ամեն մեկս կոչված ենք հայրենիքի մի կտոր պահելու»,- իր «Հայկական խճանկար»-ները ներկայացնելիս ասել է Ս. Երկանյանը: Մաեստրոն դա անում է իր ստեղծագործությամբ՝ հայ հնագույն երաժշտական մշակույթի գանձերը փրկելով մոռացությունից եւ ներկայացնելով հեղինակային անկրկնելի ձեռագրով, բարձր գաղափարայնությամբ, Հայաստանին ծառայելու անսակարկելի տեսլականով:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ