ԵՐԵՎԱՆ–ՍԱՆ ԴԻԵԳՈ, Քալիֆորնիա, ԱՄՆ – Ամերիկյան գրող Քլեր Շու Ակոմանդոն ծնվել է 1937 թվականին, Շվեյցարիայում՝ չինացի հորից եւ ֆրանս–հայկական ծագումով մորից։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանը կենսաբանության եւ քիմիայի մասնագիտությամբ։ Երկար տարիներ արվեստի պատմություն եւ անգլերեն է դասավանդել Քալիֆորնիայի համալսարանում: Աշխատակցել է ամերիկյան տարբեր հանդեսների։ 1993 թվականին հրատարակել է իր հուշերը՝ «Սեր եւ գոնգեղ. հուշեր պատերազմի տարիներից» հատորը։ Անցյալ տարի այն լույս է տեսել ֆրանսերեն թարգմանությամբ։
–Հարգելի՛ Քլեր, մենք երկար տարիներ նամակագրություն ենք վարել, թեեւ երբեք անձամբ չենք հանդիպել։ Ձեր «Սեր եւ գոնգեղ» գրքի հանդեպ հետաքրքրությունս պայմանավորված էր Բաբայան քույրերի՝ փարիզաբնակ երեք հայ արվեստագիտուհիների հանդեպ իմ մշտական հիացմունքով: Նրանցից դաշնակահարուհի Շուշանիկ Լալուա Բաբայանը (1879–1952), ձեր տատիկն է՝ այդ գրքի գլխավոր հերոսներից մեկը։ Եվ քանի որ մեր հարցազրույցը հայ ընթերցողի համար է, մենք կկենտրոնանք ձեր ժառանգության հայկական կողմի վրա: Ծնված լինելով բազմամշակութային ընտանիքում՝ դուք հարուստ եք տարբեր ժառանգությամբ…
–Ես ինձ չափազանց հարուստ եմ զգում իմ հայկական ծագմամբ: Տատիկս՝ Շուշանիկ (Սյուզան) Բաբայանը, որին Նանի էի կոչում, իմ առաջին լավագույն ընկերուհին էր։ Տատիկիս ու պապիկիս ննջասենյակը հիմնականում տատիկիս տիրույթն էր։ Պապիկը գրասենյակ ուներ ֆրանսիական գյուղում գտնվող իր նախնիների տան երրորդ հարկում։ Այդ տանը մենք նրանց հետ չորս տարի անցկացրինք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ննջարանի դուռը բացելը նման էր Ալի Բաբայի քարանձավը մտնելուն։ Սենյակը լի էր ամեն տեսակ գանձերով։ Օդը ներծծված էր նարդոսի բույրով։ Գիշերը զանազան կարմիր, կապույտ եւ մանուշակագույն առարկաներ զարդարում էին սենյակի պատերը։ Դրանք շարժվում էին, երբ օրորվում էր առաստաղից կախված գունավոր ապակյա լապտերը։ Նանին ուներ մի փորագրված պահարան, որի դարակները լցված էին շարֆերով, որոնք ինձ հիշեցնում էին ճպուռի թեւեր, նաեւ տուփերով, որոնց մեջ նա պահում էր Թիֆլիսից բերած իր զարդերը: Ես ինձ զարդարում էի փայլուն քարերով պատված ծանր արծաթե վզնոցներով ու ապարանջաններով, իսկ Նանին ինձ եւ եղբորս պատմում էր Շեհերազադեի եւ կատաղի կազակների մասին, որոնք ուտելիք էին պահում իրենց թամբերի տակ, որպեսզի իրենց ավարառությունների ընթացքում ժամանակ չկորցնեին:
Մենք սիրում էինք լսել նրա մանկության մասին: Սիրում էինք այն պատմությունը, թե ինչպես փոքր ժամանակ ծնողների հետ նա ճամփորդել է ձիեր լծած սահնակով եւ ճանապարհին ցած է ընկել: Ծնողները չնե նկատել, բայց հայտնաբերելով, որ Շուշիկը չկա, հետ են դարձել եւ ի վերջո ճանապարհի վրա գտել են նրան՝ հաստ մորթե վերմակի տակ քնած:
–Ասում են, որ ձեր տատիկի անունով է Կոմիտաս Վարդապետը կոչել իր դաշնամուրային ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ «Շուշիկին»: Կոմիտասը նաեւ շնորհավորական բացիկ է հղել Լուի եւ Շուշանիկ Լալուաներին՝ իրենց դստեր՝ ձեր մայրիկ Նիկոլետ Լալուա Շուի (1906-1995) ծննդյան կապակցությամբ։ Այն ընդգրկվել է Երեւանում հրատարակված Կոմիտասի նամակների ժողովածուում։ Կա՞ որեւէ հիշողություն, որ ձեր ընտանիքը պահել է Կոմիտասից եւ որը կարող եք ներկայացնել մեզ։
–Տատիկիս քույրը՝ երգչուհի Մարգարիտ Բաբայանը, որին ես տանտ (ֆրանսերեն՝ մորաքույր) Մարգիտ էի կոչում, երբեք չի խոսել Կոմիտաս Վարդապետի մասին։ Մի անգամ ես մայրիկին հարցրի, թե ինչու Տանտ Մարգիտը բոլորի նման ամուսին եւ երեխաներ չունի: «Ժամանակին նա մեծ սեր ու մեծ կորուստ է ունեցել»,– պատասխանեց նա՝ հավելելով, որ դա է եղել պատճառը, որ նա երբեք չի ամուսնացել։ Իմ մեծ մորաքույրը ողջ կյանքում ապրեց փարիզյան մի բնակարանում, որտեղ չկար տաք ջուր, շենքում չկար վերելակ: Անգամ ծեր ժամանակ, կորացած վիճակում նա դաշնամուր էր նվագում, իսկ երբ երգում էր, երիտասարդ աղջկա անհավանական ձայն ուներ։ Տանտ Մարգիտի մահից հետո միայն իմացա Կոմիտաս Վարդապետի հետ նրա հարաբերությունների մասին։ Մեր ընտանիքից այդ մասին ուղղակի տեղեկություններ չեմ ունեցել։
–Ձեր պապը՝ Լուի Լալուան, եղել է ֆրանսիացի նշանավոր երաժշտական քննադատ եւ երաժշտագետ, Կլոդ Դեբյուսիի մտերիմ ընկերը, որը գրել է կոմպոզիտորի առաջին կենսագրությունը եւ գնահատել է նաեւ Կոմիտաս Վարդապետի երաժշտությունը։ Նա տիրապետել է ութ լեզուների, նաեւ՝ չինարենին։ Իսկ հայերենի՞ն։
–Ես երբեք չեմ լսել, որ պապիկը հայերեն խոսի։ Եվ երբեք չեմ տեսել հայերեն գրքեր նրա գրապահարաններում, որոնք մինչեւ առաստաղ էին բարձրանում։
–Կարո՞ղ եք այլ անձնական հիշողություններ պատմել հիրավի զարմանահրաշ Բաբայան քույրերի մասին:
–1905 թվականին Ավետիք եւ Սոֆյա Բաբայանները որոշել են հասունացման եզրին գտնվող իրենց երեք դուստրերին ուղարկել Փարիզ՝ ուսման։ Ավագը՝ Մարգարիտը, որոշեց դառնալ երգչուհի եւ մեկնաբանել հայկական երգեր։ Արմենուհին կամ Ամոն սովորեց կերպարվեստ եւ նկարում էր լուսավոր, մշուշոտ դիմանկարներ։ Նանին դարձավ համերգային դաշնակահար։ Կրտսեր քույրերն ամուսնացան ֆրանսիացիների հետ։ Ամոն հայտարարել էր, որ ինքը խուսափում է երկու տեսակի տղամարդկանցից՝ զինվորականներից եւ բժիշկներից, սակայն ամուսնացավ ծովային բժիշկ Շառլ Կարբոնելի հետ: Նանին ամուսնացավ երաժշտագետ Լուի Լալուայի հետ։ Ես ու եղբայրս ավելի շատ սիրում էինք օնկլ (ֆրանսերեն՝ քեռի) Շառլին, քան պապիկին: Օնկլ Շառլն օգնում էր մեզ փայտե բլոկներով ամրոցներ կառուցել: Իսկ պապիկը չէր էլ հիշում մեր անունները, մեզ անվանում էր «la petite» (պստիկ աղջիկ) եւ «le petit» (պստիկ տղա):

Պատերազմի տարիներին Նանին եւ քույրերը հաճախ չէին տեսնում միմյանց։ Ֆրանսիան երկու մասի էր բաժանվել, նրանք ապրում էին բռնազավթված գոտում։ Մեր փոքրիկ գյուղ գալու համար պետք էր նացիստներից թույլտվություն վերցնել, ինչը շատը դժվար էր։ Տատիկի քույրերի հազվադեպ այցելությունները տոնական առիթներ էին դառնում։ Նրանք արագ-արագ խոսում էին, ծիծաղում, նվագում էին ու երգում։ Նանիին՝ ամենակրտսերին, դպրոցում ստիպել էին ռուսերեն խոսել, ուստի նա քույրերի պես վարժ չէր տիրապետում հայերենին։ Երբեմն տատիկիս ծաղրելու համար երկու մեծերը ֆրանսերենից անցնում էին հայերենի։ Նանին վիրավորված էր ձեւանում, բայց՝ ոչ երկար։ Նրանք շուտով անցնում էին ֆրանսերենի՝ խառնված բառերով, որոնք ես չէի հասկանում, բայց սիրում էի լսել:
–Նանին ասել է ձեզ, որ երբեք չվախենաք թշնամիներ ունենալուց: Ուրի՞շ ինչ կյանքի դասեր եք ստացել նրանից:
–Տատիկս ազատ ոգի էր։ Որոշ առումներով շատ կարգապահ էր, բայց եւ չէր վախենում հեղինակությունից: Նրա դաշնամուր նվագելու ժամանակը սուրբ էր, եւ նա շատ էր խնամք տածում իր արտաքինին։ Նախաճաշի էր իջնում ամբողջովին հագնված եւ կոշիկներով: Նրա սեւ մազերը դեմքի շուրջը կանոնավոր ալիքներ էին ստեղծում: Զգեստի բոլոր կոճակները պատշաճ կերպով համապատասխանում էին կոճակների անցքերին: Քանի որ օճառի պակասից մեր հագուստները գունաթափվում էին, Նանին իր սեւ զգեստին շարֆ ավելացրեց եւ նմանվեց գրանդ-դամայի։ Նա ինձ սովորեցրեց ինքնակարգապահության կարեւորությունը:
Մյուս կողմից, նա արտակենտրոն էր եւ ինքնաբուխ եւ երբ որեւէ հարցի պատասխան չէր իմանում, չէր վարանում տեղնուտեղը մի բան հորինել: Ֆրանսիայի ազատագրման ժամանակ, երբ մի ամերիկացի զինվոր ինձ ծամոն տվեց, Նանին ասաց, որ ծամեմ, բայց կուլ չտամ։ Ծնոտս սկսեց ցավել, ու երբ նրան հարցրի, թե ինչ պետք է անեմ, նա առանց հապաղելու ասաց, որ ծամոնը դնեմ թաշկինակիս մեջ ու պահեմ մյուս օրվա համար:
Երբեմն, երբ մայրս ինձ նկատողություն էր անում, Նանին պաշտպանում էր ինձ եւ հիշեցնում մորս, որ ես վատ մտադրություն չեմ ունեցել։ Երբ պարզ էր դառնում, որ իմ մտադրությունն իրականում լավ չի եղել, նա խնդրում էր ինձ ներել՝ նշելով, որ ես դպրոցում հավանաբար անհաջող օր եմ ունեցել: Զբոսանքի ժամանակ նա հավաքում էր գեղեցիկ խճաքարեր, որոնք տանը լվանում էինք: Նա խնամում էր դաշնակահարի իր ձեռքերը, եւ նրա միակ տնային աշխատանքը թեյի բաժակները լվանալն էր: Մի անգամ մայրիկը ճաշասեղանին դրեց երկու կաթսա, մեկը՝ սպասքը լվալու, մյուսը՝ պարզաջրելու համար: Նախքան առաջադրանքը կատարելը, Նանին գուշակեց մեր ապագան սպիտակ բաժակի հատակին սեւ թեյի տերեւներից ձեւավորված հետքից:

Ըստ կատեխիզիսի՝ մեզ սովորեցնում էին, որ ճշմարտությունը չասելը մեղք է, ուստի երբ ես բռնեցի մորս՝ նացիստ զինվորին ստելիս, հարցրի Նանիին, թե արդյո՞ք մաման մեղք է գործել: Նա պատասխանեց, որ սատանային ստելը մեղք չէ, իրականում ճիշտ հակառակն է։ Պատասխանը պարզ էր եւ գոհացուցիչ։
Նանին ինձ սովորեցրեց վայելել պահը եւ հոգ տանել իրերի եւ մարդկանց համար: Նա ցույց տվեց կրքոտ, բայց ճկուն լինելու կարեւորությունը եւ այն, որ կանոնները բացարձակ չեն լինում:
–Հաճելի անակնկալ էր Հայաստանի գրականության եւ արվեստի թանգարանում Մարգարիտ Բաբայանի անձնական գործերում գտնել նաեւ ձեր հոր՝ Ֆույուն Շուի (1905–2005)՝ նրան ուղղված նամակը։ Շուն աշխատել է ՄԱԿ–ում եւ եղել է ՅՈՒՆԻՍԵՖ–ի հիմնադիրը, ինչպես նաեւ եղել է չինական թաի չի մարտարվեստի ուսուցիչ: Ինչպե՞ս էր նա իրեն զգում որպես ձեր ֆրանս–հայկական ընտանիքի անդամ:
–Հայրս շատ երիտասարդ հասակում Չինաստանից եկել է Ֆրանսիա։ Նա կրթաթոշակ է ստացել Սորբոնում, որտեղ ուսանել է իրավաբանություն։ Նա միշտ շուտ է գնացել դասերին եւ նստել է ամֆիթատրոնի ճիշտ դիմաց, որպեսզի հասկանա ֆրանսերեն յուրաքանչյուր բառ։ Մի օր նա նկատել է մի երիտասարդ կնոջ, որը կանգնած է եղել հետեւում եւ առաջարկել է նրան իր տեղը: Թեեւ Նիկոլետ Լալուան երբեք առաջին շարքերում չի նստել, քաղաքավարի լինելու համար ընդունել է: Այս կերպ են ծնողներս ծանոթացել։ Քանի որ պապս հետաքրքրված էր չինական երաժշտությամբ եւ մեկնել էր Չինաստան, Ֆույուն Շուն ընդունվեց Լալուաների տուն: Հայրիկը հմայվել է ընտանիքի հայկական կողմով եւ վոկալի դասեր է ստացել տանտ Մարգիտից։
–Ձեր գերդաստանը ներառում է տարբեր երկրներ եւ ազգություններ: Փարիզում եւ Երեւանում ես հանդիպել եմ ձեր զարմուհիներից դերասանուհի եւ բանաստեղծուհի Մարիան Օրիկոստ–Բաբայանին եւ Հելեն Կարբոնելին, նաեւ կապի մեջ էի ձեր ազգականներից Ժան–Սերեն Լալուայի հետ, որը նույնիսկ հայերեն բառեր էր օգտագործում եւ Ժան անվան փոխարեն երբեմն ստորագրում էր Հովիկ։ Ես զգացի, որ նրանց մեջ բավականին ուժեղ է հայկական ինքնությունը։
–Տղաս եւ նրա կինն ապրում են Լոս Անջելեսում: Նրանց տունը Նորթ Հոլիվուդում է, սակայն առաջ ապրել են Գլենդեյլում։ Երկու վայրերում էլ աշխույժ հայկական համայնքներ կան։ Երբ տղաս այցելում է ինձ, հետը գինի եւ համեղ խմորեղեն է բերում իր թաղամասի հայկական խանութներից ու հացի փռերից:
Ես վերջերս եմ վերադարձել Ֆրանսիայից, ընտանեկան հավաքից: Իմ զարմիկ Էրիկ Լալուան, մորեղբորս՝ Ժան Լալուայի որդին, մեծահոգաբար ընտանիքի ավելի քան վաթսուն անդամի հրավիրեց Նորմանդիա՝ նշելու իր 80-ամյակը: Ես նրան չէի տեսել վաթսուներե՜ք տարի։ Այս աշխույժ հավաքույթում ես առաջին անգամ հանդիպեցի իմ զարմիկներից շատերին: Տեղի ունեցան լուսանկարների ցուցադրումներ, ընթերցումներ եւ երաժշտական կատարումներ: Մարիան Օրիկոստ-Բաբայանը հուզված պատմեց մի քանի տարի առաջ մեր զարմուհի Հելեն Կարբոնելի հետ Երեւան կատարած իր հիշարժան այցի եւ քեզ հետ հանդիպման մասին: Որպես ամենատարեցը՝ ես ներկայացրի իմ մանկության հիշողությունները: Այս էպիկական վերամիավորումն ինձ անսահման հպարտություն պատճառեց, զգալով, որ հանդիսանում եմ Ավետիք եւ Սոֆյա Բաբայանների սկզբնավորած ծնված այս հիանալի ընտանիքի անդամը:
–Շնորհակալությո՛ւն զրույցի համար, Քլե՛ր: Հուսով եմ՝ մի օր դիմավորել ձեզ Նանիի հայրենիքում և ձեզ հետ այցելել այն թանգարանները, որտեղ կան բազմաթիվ մասունքներ ձեր տատիկից ու նրա զարմանահրաշ քույրերից…
Արծվի Բախչինյան