Ապրիլի 27-ին՝ ժամը 17։00-ին, «Թեքեյան» կենտրոնում (հասցե՝ Երևան, Խանջյան 50) կկայանա Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի՝ «Էրոսը և նկարիչը» խորագրով գեղանկարների ցուցադրությունը և պատկերագրքի շնորհանդեսը։

Ցուցադրությունը բացառիկ է․ հայ արվեստի պատմության մեջ այս թեմային նման լայնամասշտաբ անդրադարձ երբևէ չի եղել։ Ցուցադրության կներկայացվի շուրջ 50 աշխատանք․ դրանցում նկարիչը մարմնավորել է ֆիզիկական սիրո տիեզերական ներդաշնակությունը։ Ստեղծագործություններում արտացոլված են ոչ միայն գրկախառնության և քնքուշ համբույրի պահեր, այլ զգացական սիրո վայելքին տրված կնոջ և տղամարդու կրքոտ կերպարներ՝ ներքին ազատության և հաճույքի շեշտադրումներով։ Համաշխարհային արվեստում այս թեմայի վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան։ Փարավոն Միրզոյանը կողմնակից է ստեղծագործություններում ընդգծելու մարդկային ջերմ հարաբերություններն ու պլաստիկան։
Հայաստանի ժողովրդական նկարիչը մեկն է կերպարվեստի այն հայտնի վարպետներից, որ շեղվել է «բարոյականության խիստ օրենքներից» և շուրջ քառասուն տարի ստեղծագործում է այդ թեմայով։
Փարավոն Միրզոյանի՝ էրոսի թեմատիկայով աշխատանքները տպագրվել են «Նկարիչը և էրոսը» պատկերագրքում, որը Մոսկվայում կայացած միջազգային մրցույթին արժանացել է Գրան-պրիի։ Սիրով հրավիրում ենք լուսաբանելու: