«Վլադիմիր Պոզների հարուստ լրագրողական աշխարհը միշտ լիցքեր է պարունակում, որոնցից կարելի է ոչ միայն սնվել ու դասեր քաղել, այլ նաեւ կառուցել սեփական լրագրողական աշխարհը, որը չի խախտում համընդհանուր եւ ոչ մի գրված ու չգրված օրենք ու ավանդույթ»
Սերգո Երիցյան
«Թեքեյան» կենտրոնում օրերս կայացավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի՝ «Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է: Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» գրքի շնորհանդեսը:
Սերգո Երիցյանը գիրքը գրել է կյանքի վերջին մեկ-երկու տարում. այն տպագրվել է 2022 թվականին, սակայն պրոֆեսոր Երիցյանը չհասցրեց ներկա լինել շնորհանդեսին: Շնորհանդեսին ներկա էին Սերգո Երիցյանի գործընկերները, ուսանողները, մտերիմներն ու հարազատները՝ եւս մեկ անգամ արժեւորելու մասնագիտության եւ կրթության նվիրյալի հերթական նվերը ընթերցասեր հանրությանն ու հատկապես ապագա լրագրողներին. Սերգո Երիցյանի նպատակն էր գրքի միջոցով ընդգծել հարցազրույցի ժանրի՝ պոզներյան տեսության կանոնները:
Գրքում տեղ են տրվել Վլադիմիր Պոզների՝ 2019 թվականի մայիսին Երեւանում ունեցած հանդիպումներին, այնտեղ արտահայտված մտքերին, ինչպես նաեւ լրատվամիջոցների հրապարակումներին: Ներկայացվում են նաեւ Վլադիմիր Պոզների հարցազրույցները հայորդիների հետ, իսկ լրագրության մասին պոզներյան ասույթները նրա յուրատեսակ գնահատականն են մասնագիտությանը:
Գիրքը պատկերացում է տալիս նաեւ Պոզներ- Հայաստան կապի մասին, որը սկսվում է նրա ամուսնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի ազգականուհու՝ Վալենտինա Չեմբերջիի հետ:
ՀԹՄՄ նախագահ, Մշակույթի վաստակավոր գործիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց գրքի լույսընծայումը.«Գիրքը խիստ արժեքավոր է: Արծարծվում են բացառիկ կրթական, մանկավարժական մի շարք հարցեր, ինչի շնորհիվ այն կարող է լինել դասագիրք լրագրողների համար»,-նշեց Ռուբեն Միրզախանյանը եւ ընգծեց՝ Սերգո Երիցյանն իրեն հատուկ մոտեցմամբ ու աշխատասիրությամբ ստեղծեց արժեքավոր աշխատություն, որն իսկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
Շնորհանդեսին ելույթ ունեցան մերօրյա անվանի լրագրողներ, խմբագիրներ, որոնք խոստովանեցին՝ Սերգո Երիցյանը շնորհակալ գործ է արել. մասնագիտությանն անմնացորդ նվիրյալը ընթերցողներին եւ լրագրողներին է թողել կարեւոր ու արժեքավոր աշխատություն:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, Մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը, գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը, «Գոլոս Արմենիի» թերթի մշակույթի բաժնի մեկնաբան Սոնա Մելոյանն ու «Մեդիամաքս» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ալավերդյանը խոսեցին Սերգո Երիցյան անհատի, մանկավարժի, լրագրողի եւ գրականագետի ծանրակշիռ վաստակի մասին եւ հույս հայտնեցին, որ նրա կրթած սերունդները կշարունակեն պահել մասնագիտական որակները:
Անդրադարձ եղավ նաեւ Սերգո Երիցյանի՝ որպես փորձառու հարցազրուցավարի գործունեությանը, ինչի շնորհիվ հեռուստադիտողները դեռ երկար կհիշեն նրա հեղինակած հաղորդումները: Նա ինքն էլ հետաքրքված էր Վլադիմիր Պոզների գործունեությամբ, նրան համարում էր անգերազանցելի լրագրող-հարցազրուցավար, որը ազատ եւ բաց լրագրության իրավունքների ու սկզբունքների իրական օրինակ էր:
100-ից ավելի գրքերի, մասնագիտական ձեռնարկների, գիտական հրապարակումների հեղինակ Սերգո Երիցյանի ծանրակշիռ վաստակում այս գիրքն իր ուրույն տեղն ունի. ինչպես հենց հեղինակն է նշում. «Վլադիմիր Պոզների միջոցով ավելի լավ կարելի է հասկանալ աշխարհի մեծաչափ եւ փոքրաչափ փոփոխությունները… Պարզապես հավատանք, որ այսպիսով չավարտվեց պոզներյան իրական լրագրության ժամանակաշրջանը. նա դեռ ասելիք ունի»:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն