Մեր կյանքի վայրիվերումների մեջ մի տեսակ մոռացվում կամ երկրորդական նշանակություն է ստանում խորհրդային ժամանակ բռնադատվածների մասին հիշելն ու խոսելը, անգամ հունիսի 14 -ին` Բռնադատվածների հիշատակի օրը ոնց որ թե միայն «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը խորքային անդրադարձ արեց թեմային, ամփոփելով թեմային նվիրված պատմվածքի մրցույթն ու պանելային քննարկումների միջոցով փորձ անելով բացել թեմայի նոր ենթաշերտեր: Ասենք, որ միանգամից երկու ԱԶԳ-ական մրցանակ ստացավ` բռնադատվածների մասին արձակ գործերի համար` տողերիս հեղինակն ու բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանը:
Մինչդեռ հիշել արժե՛, այդ մասին խոսել արժե՛, քանի որ այն, ինչ հնարավոր եղավ անցած դարում, լիովին հնարավոր է նաեւ հիմա, վկա ողջ աշխարհում ծավալվող անտրամաբանական բռնությունները, վկա ամեն երկրում, ինչու չէ` նաեւ մեր երկրում առկա անարդար դատավարություններն ու քաղաքական հենքով ձերբակալությունները:

Շնորհակալություն հայտնելով հիմնադրամին` ի դեմս նրա ղեկավար Գեւորգ Տեր-Գաբրիելյանի, համակարգող Նանե Պասկեւիչյանի, բանախոսներից խորհրդային քաղբատարկյալ Վարդան Հարությունյանին, Էվա Հովհաննիսյանին` թեման քննարկումներով լավագույնս բացելու համար, նշենք, որ գրականության միջոցով անցյալը քննելու, հասարակության առողջացման համար գրական ժանրի օգնությամբ միջոցներ առաջարկելու նախաձեռնությունը լավագույնն է, որ կարելի է անել, նկարագրելով ե՛ւ անհատի անձնական ողբերգությունը, ե՛ւ ժամանակի մթնոլորտը, ե՛ւ հասարակության ու պետության մեղսալի մասնակցությունն այդ բոլորում: Իմաստային այս թեմայով ստեղծագործած տասնյակ գրողների, այդ թվում` բոլորովին երիտասարդների խրախուսումն, իրոք, գովելի եւ հեռանկարային է, մանավանդ` եղան հեղինակներ, որոնք խոստանում էին հետո ավելի բացել թեման: Բուն մրցույթի խորագիրն էլ հատկանշական էր` «Գրականությունն իբրեւ հիշողության եւ ապաքինման միջոց»: Մրցանակի արժանացան Արփի Հարոյանի, Գոռ Աղամիրյանի, Մարիետա Խաչատրյանի, Սոնա Քոչարյանի, Հրաչ Բեգլարյանի, Սուսաննա Հարությունյանի, Գայանե Կարապետյանի, Գոհար Գրիգորյանի, Հասմիկ Սարգսյանի, Սամվել Խալաթյանի պատմվածքները:
Պատմվածքները կտեղադրվեն «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի կայքում, գուցեեւ հետագայում առանձին գրքով լույս տեսնեն:

Անձամբ ինձ համար կարեւոր էր, որ արձակ գործերի հեղինակները, մի տեսակ կարծես լրացնելով պատմվածքը, իրենց խոսքում նոր ու հետաքրքրական պատմություններ էին պատմում ե՛ւ գործի ստեղծման շարժառիթների, ե՛ւ տվյալ պատումի մեջ չերեւացող այլ ենթաշերտերի մասին, ամբողջացնելով ժամանակի եւ հասարակության պատկերը, իրենց պատմվածքները համարելով անձնական եւ հանրային թերապիա:
Հայաստանից բռնադատվածների թիվը տատանվում է 45 հազարի սահմաններում, նրանցից 7 հազարը գնդակահարվել է: Նրանց մեջ եղել են հայ մտավորականությունը, իրենց ոլորտներում աչքի ընկած մարդիկ, պետական գործիչներ, հանրության ընդհանուր բարեկեցությունից մի նիշ ավելի ունեցվածք ունեցողներ…

70-ից ավելի հայ գրող է բռնադատվել, նրանց մի մասը սպանվել է: Չարենցի, Բակունցի, Գուգեն Մահարու հայտնի պատմությունների կողքին մյուս, դեռեւս անհայտ պատմությունները սպասում են հանրայնացման:
Երբ ես գրում էի «Բռնադատված պապիս պատմությունը», անցել եմ ՊԱԿ արխիվներն ուսումնասիրելու դժոխքով: Դժոխք եմ ասում, որովհետեւ իրոք դժոխային ճանապարհ է անմեղ բռնադատված հարազատիդ վերաբերյալ ամբաստանություններ ու մատնագրեր կարդալը, վերականգնել այն գաղջ, քստմնելի մթնոլորտը, որ տիրել է 1937-ին, դրանից առաջ եւ հետո շատ տարիներ: Անձամբ կարդալ մատնագիր գրողների անուն-ազգանունները, վերծանել նրանց մատնագիր գրելու շարժառիթները եւ չգժվել դրանից:
Շատ չեմ երկարացնի` իմ պատմվածքում անդրադարձել եմ հատկապես մատնագիր գրողներին եւ մի եզրակացության եմ հանգել, որն արժե հանրայնացնել; Մատնագիր գրողները, փաստորեն, նույնքան դժբախտ են եղել (դե` համարա), որքան իրենք` բռնադատվածները: Ամեն անմեղ բռնադատվածի հարազատ տասնյակ անգամ դիմել է իշխանություններին` վերանայելու աքսորի կամ գնդակահարության որոշումը (հետմահու արդարացման հույսով գոնե), ու տասնյակ անգամներ, մինչեւ անցած դարի վաթսունականները այդ գործերը նորից ու նորից, թեկուզ ձեւական, քննվել են, մատնագիր գրողներին շատուշատ անգամ կանչել են քննության` նորից վերահաստատելու իրենց ցուցմունքները, այսինքն` նորից մատնագիր գրելու: Նրանք ապրել են դրա հետ տասնյակ տարիներով, ահուդողով, որ նորից են կանչելու քննության, ու նորից են նրանք իրենց կեղծ մատնագիրը հաստատելու:
Եւ իմ մաթեմատիկան է սարսափելի. պապիս գործում հինգ-վեց մատնագիր գրող է եղել: Այդպես է եղել ամեն մի բռնադատվածի դեպքում: Այսինքն` եթե 45 հազար թիվը բազմապատկենք 5-ով` կաստացվի, որ այդ ժամանակ, 1,5 բնակչություն ունեցող Հայաստանի չափահաս բնակչության 250 հազարը, կոպիտ հաշվարկներով, մատնագիր գրող է եղել: Ծանր է դա ընկալելը: Հայկական ծագմամբ գրող Սերգեյ Դովլաթովի հարցն, իրոք, առարկայական է. «Պարզ է, որ մենք Ստալինին ենք մեղադրում, բայց ովքեր էին մատնագիր գրող միլիոնավոր մարդիկ»:
Այո, չպիտի մոռանալ, հարցեր միշտ պետք է տալ, քանի որ ժամանակները փոխվում են, մարդիկ` ոչ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ