Azg.am-ի զրուցակիցն է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը։
-Պարո՛ն Հարությունյան, գիտեմ, որ այս օրերին հյուրախաղերով Միացյալ Նահանգներում եք։ Ո՞ր ներկայացմամբ եք մեկնել, ո՞ր քաղաքաներում եք հասցրել լինել։
– Հոկտեմբերի 18-ից մեր թատրոնը հյուրախաղերով գտնվում է ԱՄՆ-ում՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացմամբ, որի հեղինակն է ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյանը, իսկ սցենարի հեղինակը և ռեժիսորը նյույորքաբնակ ռեժիսոր Կարինե Քոչարյանն է։ Մենք հասցրել ենք ներկայացումներ խաղալ Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Ֆիլադելֆիայում։ Դեռ ներկայացումներ ունենք Վաշինգտոնում և Լոս Անջելեսում։
-Ինչպե՞ս է ամերիկահայ հանդիսատեսն ընդունել թատրոնի անձնակազմին։ Հնարավո՞ր է՝ հյուրախաղերի ժամկետները երկարաձգվեն՝ նոր ներկայացումներ խաղալու համար։
– Ամերիկայի մեր հայրենակիցները մեր բոլոր ներկայացումներն ընդունեցին բուռն ծափահարություններով, հաճելի ողջույնի խոսքերով և լավ հյուրասիրություններով։ Հաշվի առնելով, որ հետդարձի տոմսերը նախապես էին գնված, մենք ավել թվով ներկայացում խաղալու ժամանակ չենք ունենա։
-Իսկ ի՞նչ միջոցներով է թատրոնը մեկնել ԱՄՆ, ո՞վ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։
– Այս հյուրախաղերը բացառապես ֆինանսավորվել են ԱՄՆ հայկական կառույցների (օրինակ՝ ՀՕՄ-ի) և Կարինե Քոչարյանի կողմից։
-Պարո՛ն Հարությունյան, հայտնի է, որ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 14-ի ամսաթվով փակվել է։ ԱՄՆ-ից կամ այլ տեղից ինչ-որ առաջարկներ ստացե՞լ եք՝ հետագա գործունեություն ծավալելու համար։
– Ինչպես հայտնի է, Արցախի պետական բոլոր կառույցները լուծարվել են։ Մեր թատրոնը բացառություն չի կազմել։ Սակայն դեռ ոչ մի կոնկրետ առաջարկ չկա՝ կապված մեր հետագա գործունեության հետ։ Իհարկե, փորձելու ենք շարունակել մեր ստեղծագործական աշխատանքները, բայց դրա համար որոշ չափի ֆինանսավորման, հասարակ պայմանների ապահովման անհրաժեշտություն կա, որը այս պահին բացակայում է։
-Կա՞ արդյոք շահագրգիռ անձ կամ կազմակերպություն, որ ցանկություն հայտնած լինի հովանավորելու թատրոնին՝ թույլ չտալու, որ այն փակվի։ Որովհետև, եթե նույնիսկ Ձեր ղեկավարած թատրոնի դերասաններն աշխատանքի անցնեն հայաստանյան թատրոններում, դա չի նշանակի, որ Ստեփանակերտի թատրոնը կշարունակի գոյություն ունենալ։
– Անշուշտ կան ցանկացողներ, որպեսզի 92-ամյա թատրոնը չդադարեցնի իր գործունեությունը։ Սակայն դրա վերաբերյալ պետական մոտեցում պիտի լինի։
-Պարո՛ն Հարությունյան, հնարավո՞ ր է, որ երևանյան թատրոններից մեկը, թեկուզ համատեղության կարգով, տրամադրվի ձեզ՝ որպես առանձին միավոր աշխատելու, Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը կորցնելուց հետո գոնե պահպանելու Արցախի անունը կրող թատրոնը։
– Ես տեղեկություն չունեմ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է պահել թատրոնը՝ որպես Արցախի ամենահին մշակութային օջախը։ Միգուցե ես սխալվում եմ, ժամանակը ցույց կտա ։
-Ե՞րբ է թատերախումբը պատրաստվում վերադառնալ Հայաստան։ Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար։
-Թատերախումբը նոյեմբերի 9-ին վերադառնում է Հայաստան, և անմիջապես անցնելու ենք մեր խաղացանկի ներկայացումների վերականգնմանը, Հայաստանի հանդիսատեսի համար ցուցադրմանը։ Իհարկե, ունենք ծրագրեր, բայց այդ ծրագրերի իրականացումը կախված կլինի որոշ հանգամանքներից։