Լյուբիցա Միլետիչը համացանցային «դեմքերից» չէր, նա իր բանաստեղծությամբ երբեք անձամբ հանդես չի եկել ինտերնետային տարածքում, սակայն բանաստեղծուհուն սիրում, ճանաչում, հարգում էին ողջ Սերբիայում եւ անգամ՝ նրա սահմաններից դուրս: Եվ ուղիղ չորս տարի առաջ՝ հուլիսին, նրա վախճանը ցավալի կորուստ էր Սերբիայի համար: Հայերիս համար Միլետիչը մեծ, անկեղծ բարեկամ էր, որ իր ժողովրդի կորստի կշեռքով կշռել էր հայի ցավը, պայքարի գինը եւ հույսի ու քրիստոնեական հավատի ուժը: Քանիցս եղել էր Հայաստանում եւ Արցախում, ստեղծել «Արարատի հողմերը» բանաստեղծական ժողովածուն (որի հայերեն թարգմանությունն ընթերցել եմ բանաստեղծ եւ թարգմանիչ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ), հեղինակել էր «Հայացք Արարատին» եւ «Արարատ եւ Ղարաբաղ» ուղեգրությունները, որ լայնորեն լուսաբանվել են Սերբիայում:
Քայլում է մարդը՝ թեւի տակ իր կտուրը, տան ջարդոտված սողնակով դուռը եւ գետի մյուս ափից, խավարին նետված գետնաքարից վիրավոր, արնոտած կառափով: Չորս տող, եւ աչքիդ առջեւ է պատկերը՝ տնազրկված ու հայրենահալած մարդկանց, որ կորցրած ամեն ինչ, մահից մազապուրծ՝ մասունքների պես հոգիներում տանում են իրենց խաղաղ տան ու եզերքի երազը: Իսկույն աչքիս առջեւ են գալիս մեր եկեղեցիներից պոկված սրբահամբույր դռների ու խաչքարերի ծանրության տակ կքված, հայրենազրկված հայորդիները, որ ինչքան էլ խոշտանգված եւ ուժասպառ՝ կարողացել են փրկել-ազատել գերությունից ու ոչնչացումից հայրենի մասունքները: Սա՝ զգացմունքների շերտի վրա: Իսկ բանաստեղծական պատկերի առումով՝ զուսպ, առանց ավելորդ մանրամասների՝ մի ողջ ժողովրդի՝ իր հողից արմատահան անող պատերազմի պատկերը, եւ այդ պատերազմում անհատների ողբերգությունը՝ անկախ ազգությունից:
Պատմության դասերին անդրադարձը Միլետիչի մոտ բնավ, իրադարձությունների վերարտադրությունը չէ: Միայն՝ ակնարկներ՝ հաղթանակների ու անկոտրում կամքի, որը փորձում են ծնկի բերել նոր ժամանակների գաղափարներով, բայց այդ դասերը սերտելի չեն: Ու դարձյալ սիրտդ մաշող ծանոթ պատկեր՝ աշխարհասփյուռ, կորսված հայրենիքից հեռու գոյության սիմվոլիկ նկարագիր՝
«… Իզո՜ւր են
Եվրոպայի մեջ եւ էլի երկու մայրցամաքներում
Ծաղկագորգերը քո շիրիմներին թոշնում ու ծաղկում,
Թոշնում: Ու ծաղկում»:
Բանաստեղծի՝ իրեն դավաճանող ձեռքը դժվարանում է մտքում ամբարված ջարդ-կոտորածի, այրված տների ու կորուստների մասին գրել: «Նվիրական կաղնին» հնչում է խնկարկման պես. բանաստեղծի ու կաղնու արմատների արանքում իրենց նախնիներն են, եւ եթե կտրեն այդ արմատները, նրա գալարներից «արնագույն հյութը կհոսի կացնի հարվածներից»: Սեփական արմատների փնտրտուքի մեջ Միլետիչը դիմում է իր նախնիների պատգամներին, նրա «Հպարտ երգում» արյունը խորհրդանիշ է նահատակության ու վերածնումի, սերը՝ խոնարհում՝ նահատակներին եւ ապրողներին ուղղված շնորհ, առողջ ծիլերը՝ ապագայի հավատք են եւ նորագույն ժամանակներում ապրած խայտառակությունը ջնջելու միջոց, եւ հպարտությունը, որ չի կորսվել, արիություն է:
Բանաստեղծը հարցեր ունի, երբ անդրադառնում է պատմությանը կամ ներկայիս «մոլոքների» (մարդկային զոհեր պահանջող անողոք ուժի եւ դաժանության խորհրդանիշ) դավադրություններն է բացահայտում: Աշխարհի վերաբաժանման պլանները «մոլոքի» դավադիր մտքի արգասիքը համարելով՝ նա, գնալով դեպի պատմության խորքերը, ընդվզում է ներկայիս իրականության դրվածքի դեմ, եւ բանաստեղծի ձայնը հնչում է սպառնալից.
«…Մի՛ արթնացրեք սկյութներին մեր ընդերքում»:
Միլետիչը գիտե՝ ով իրենից կխլի իր աջ ձեռքի երեք մատները (հավատքի խորհրդանիշն է), սուր-սուր տառերը (ինքնության խորհրդանիշը), ապա նա է, մեր լեզվով ասած, «ուրիշի ջրաղացին ջուր լցնողը»: Ազգապահպանության, ազգային ինքնության անձեռնմխելիության խնդիրներն ու ազգային արժեքների նկատմամբ ոտնձգություն կատարողներին դիմակազերծելու հրամայականը նման կերպ են արտացոլվում Միլետիչի տողերում.
«Եթե ինձանից առնես աջ ձեռքիս մատները երեք
Եվ խոսքերս սուրբ,
Եթե ինձանից առնես մեկ առ մեկ տառերս սուր–սուր
Եվ համարյա թե արգելված բառս,
Հաշվիր, որ արդեն ամեն ինչ առար…
… Հաստատ կիմանամ
Թե դու այդ օրը՝ քեզ համար հարմար
Ում ջրերին ես
Ամպեր կուտակում»:
Արյունահեղությունը կասեցնելու մարդկային, պոետական, պարզապես՝ կնոջ ձգտումն այնքա՜ն բնական է ու հասկանալի: Վախից մինչեւ ինքնազոհում,- այս ճանապարհն է անցնում քնարական հերոսը՝ դիմելով Տիրոջը, Սուրբ Կիրիլին, Սուրբ Նիկոլային: Դիմումների մեջ հաջորդաբար սպասումը հաջորդում է հուսալքությանը, եւ ի վերջո հաղթանակում է լույսի գալստյան հավատը.
«…Ամեն ինչ կանցնի, սակայն ո՛չ լույսը»:
Նույն գրքի ավարտական բաժնում տեղ գտած գործերը բանաստեղծի՝ հայաստանյան այցելության տպավորություններից ու մտորումներից ծնված գրառումներ են: Զբոսաշրջիկի նոթեր չեն սրանք. ամեն մի դրվագ, ամեն այց, դիտում բանաստեղծին ոչ միայն հիացումի, այլեւ խորհելու, մտորումների առիթ է տալիս: «Մատենադարանի հին ձեռագրերը» բանաստեղծությունն այդ խոհ-գնահատականներից մեկն է.
«Ամեն գրառում նիզա՜կ է այստեղ
Նվաճողների սրտերում խրված
Ջրդեղված սրով բազու՜կ է այստեղ
Հիշատակության ամեն մի դրվագ
Ամեն մի մատյան վե՜մ է անխորտակ
Բերդապարսպի
Ամեն մի էջը սյու՜ն է աներեր
Ճակատին սպի
Ճախրո՜ւմ են այսպես ձեռագրերը օրերի միջով
Ոգի՜ն է թեւում ազնվազարմիկ
Եվ իմաստության հավիտենական լու՜յսն է առաքում
Մարմնից մարմին…»:
Լավաշ թխելու՝ մեզ ծանոթ տեսարանը բանաստեղծական հետաքրքրական մեկնությամբ է ներկայացված՝ յուրահատուկ զուգահեռներով համեմված.
«… Հետո կավածեփ թոնիրն է ծխում
Եվ հացթուխները երկնային նշխա՜րք – լավա՜շ են թխում
Բարալիկ ինչպես մետաքսակտավ շորն Աստվածամոր
Ըղձալի ինչպես անսահման սերը երկնային մեր Հոր…»:
Լյուբիցա Միլետիչը «գեղջուկի աչքով է նայում» Հայաստանին, ասել է թե՝ հողի մարդու, տեղացու հոգեբանությունը հասկացողի, հայոց հող ու ջրին սովոր, այդ հողն ու ջուրը սրբացնող մարդու աչքերով: Նա հայ հողի վրա շարունակում է մտքերով մնալ իր Սերբիայում, հայոց վերքերը հարազատ Սերբիայի վերքերի ցավն են տալիս, բանաստեղծի հոգին դարձյալ մորմոքում է՝ իր ժողովրդի անդառնալի կորուստների հիշողությունից, ամենուրեք նա տեսնում է հարազատ շերտեր.
«…Հայերը, ինչպես սերբերը, նաեւ
Հիշատակում են հանգուցյալներին՝
Սրբագործելով խոսքերը նրանց
Ապրող բառերով…
Հայերը, ինչպես սերբերը, նաեւ
Լավ են ճանաչում աշխարհն ու իրենց,
Գիտեն այն գինը, որ վճարում են
Իրենց կոչումը պահելու համար…
Հայերը, ինչպես սերբերը, նաեւ
Ժամանակն իրենց ոչ թե օրերով,
Այլ դարերով են հաշվում միմիայն…»:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ