Ահա թե ինչ է գրում ԿՈՄԻՏԱՍԸ՝ Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման մասին: «Բազմած էր Հայոց Հայրապետը՝ պատկառելի մի ծերունի: Սկսաւ ինձ հարց ու փորձ անելը: Ես ապուշ էի կտրել մնացել, չէի հասկանում, թէ ինչ է ասում, որովհետեւ խօսում էր հայերէն, իսկ ես որպէս և մէր քաղաքացիք տաճկախօս էի, թէեւ հայերէն գրել-կարդալ գիտէի, բայց դպրոցում բոլոր առարկաները անցել էի տաճիկ լեզուով, ուստի չէի հասկանում կարդացածս ու հայերէնը:

Վեհը տեսավ, որ ես հայերէն չեմ իմանում, ասաց տաճկերէն լեզուով.- Դու զուր ես եկել այստեղ, որովհետեւ մեր ճեմարանում ամեն բան հայերէն են անցնում: Ես էլ առանց քաշուելու, մանկական միամտութեամբ համարձակութիւն եկաւ վրաս եւ ասացի.- Ես եկել եմ հայերէն սովորելու:
– Էհ, լաւ ձայն ունե՞ս եւ երգել գիտե՞ս:
– Այո՛, ունեմ ու գիտեմ:
– Ի՞նչ երգեր գիտես:
– Ինչ ասես գիտեմ, հայերէն, տաճկերէն, եկեղեցական, աշխարհական:
– Շատ լավ «Լոյս Զուարթ»-ը գիտե՞ս:
– Գիտեմ:«Լույս Զուարթ»-ըերգելիս նկատեցի, թէ ինչպէս նորա աչքից արցունքները գլորւում էին եւ թաւալուելով երկար ճերմակ մօրուսի վրայով՝ գլորւում էին վերարկուի ծալքերի մէջ:
– Ասոր ճեմարան տարէք-հրամայեց Վեհը Մանկունի Վահրամ Եպիսկոպոսին՝ իր դիվանապետին»:
Եվ այսպես, «Լոյս Զուարթ» երգի հոգեթով կատարումով 12 տարեկան Սողոմոնը դառնում է Գևորգյան ճեմարանի ուսանող:
Աիդա Ներսիսյանի ՖԲ էջից։