Կոմիտասի անձի և գործի մասին հետաքրքիր և արժեքավոր հուշեր է թողել Մանուկ Աբեղյանը: Նրանց առաջին հանդիպումը և ծանոթությունը կայացել ճեմարանում.« Իմ մոտիկ ծանոթությունը Կոմիտասի հետ սկսվեց 1885 թվի գարնանաը, երբ ես ավարտում էի ճամարանի լսարանական բաժինը: Այդ ժամանակ նա սկսել էր գրավվել հայ ժողովրդական երգերի եղանակներով, հեշտությամբ սովորել էր այդ եղանակները և երգում, ես էլ իմ կողմից հետաքրքրվում էի ժողովրդական երգերով և ընդհանրապես ժողովրդական բանահյուսությամբ: Այս հանգամանքը առիթ եղավ մեզ ընկերանալու»- հիշում է Աբեղյանը:
Աբեղյանը հետաքրքիր փաստեր է մեզ հաղորդում Կոմիտասի ճեմարանական առօրյայից, աշակերտական զբաղմունքներից, ոչ պակաս հետաքրքրական է հետևյալը.«Գիշերօթիկ դպրոցի գլխավոր զվարճություններից մեկն այն էր, որ լավ ու տաք եղանակներին աշակերտները երեկոները քնելուց առաջ զբոսնում էին ճեմարանի հյուսիսային բակում, իսկ երգիչներն այդ միջոցին հյուսիսային մուտքի առաջ խումբ կազմած երգում էին: 1885-1887 թվերին այդ երգեցողությունն ավելի զարգացավ շնորհիվ Կոմիտասի և Մինաս Ազնավուրյանի, որ ճեմարանի սաներիցն էր և ավարտելով դպրոցը այդտեղ էր ծառայում իբրև վերակացու: Ազնավուրյանն ինքն էլ երգիչ էր և սիրելով երգեցողությունը՝ Կոմիտասին միշտ հանձնարարում էր հավաքել երգիչներին և սկսել երգահանդեսը: Վերին դասարանի աշակերտներից մեկը ՝ Հմայակ Խաչպուլյանը տարիներ առաջ ամառվա արձակուրդին վերադառնալով Տրապիզոն ՝ այնտեղ ձայնագրել էր մի եղանակ և հետը բերել ճեմարան: Այդ եղանակն ահա դարձել էր աշակերտների սիրելին, և երեկոները երգեցողությունը միշտ դրանով էին վերջացնում: Բայց դա չուներ բառեր, սկսվում էր «լո-լո-լո» ձայնախաղով և շարունակությունը երգում էին հայկական ձայնանիշերով: Եվ միշտ էլ ցավում էին, որ այդպիսի եղանակ երգում են ձայնանիշերով և ոչ թե բառերով: 1886 թվի ամառվա սկզբին մի երեկո երգեցողության ժամանակ ես մտածեցի նրա համար բառեր գրել: Նույն գիշերը հենց, աշակերտների քնելուց հետո ես շարադրեցի բառեր՝ ազատ ոտանավորով պատրաստի եղանակի համապատասխան: Բովանդակության համար նկատի ունեցա սասունցոց հարձակումը արաբների վրա 9-րդ դարի կեսին, այն, որ Ծերենցը նյութ էր դարձրել իր «Երկունք» վեպի: Հետևյալ օրն ես այդ բառերն արտագրեցի ձայնանիշերի տակ և տվի Ազնավուրյանին: Սա շատ ուարախացավ և անմիջապես կանչեց Կոմիտասին ու պատվիրեց սովորել և ուրիշներին սովորեցնել այդ եղանակը բառերով երգել: Երեկոյան արդեն պատրաստ էր Կոմիտասի փոքրիկ խումբը «Լո-լո»-ն բառերով երգելու համար: Այնուհետև այդ երգը մի քանի բառական փոփոխություններով Կոմիտասի ընկերների միջոցով տարածվեց ավելի արևմտյան հայ դպրոցականների մեջ: 1895 թվի ամառը մի քանի օրով ես եղա Ֆրանսիայի Նանսի քաղաքում, ուր կային բժշկականության 7-8 ուսանողներ արևմտահայերից, իսկ մեկը Շուշի քաղաքից. նրանք երգում էին այդ երգը և վերագրում էին Գարեգին Սրվանձտյանին : Ուրիշներն այդ երգը կոչում էին քրդական մարշ, երևի այն պատճառով, որ փոփոխակներից մեկի մեջ կային ցեղ, ցեղապետ բառերը: Կոմիտասն այդ երգը կոչեց «Սիփանա քաջեր», դաշնակեց և մինչև վերջն էլ մշկում էր դրա դաշնակը, աշխատելով որքան կարելի է կատարյալ դարձնել, որովհետև երևի պատանեկան ժամանակի ազդեցությամբ, իր կազմած խմբական երգեցողությունները միշտ փակում էր իր դաշնակած այդ երգով»:
Աբեղյանը հիշում է նաև Կոմիտասի բնավորության նուրբ գծերը, նրա սովորությունները. «Կոմիտասը սիրում էր մենակ զբոսնել և թռչունների ճռվողյունը և սոխակի կլկլոցը լսել անտառում, որ արվեստական կերպով տնկված էր Ներսիսյան լճից ներքև բավական ընդարձակ տարածության վրա: 1900 թվի գարնանը, մայիսի առաջին կեսին, ես և Կոմիտասը զբոսնում էինք այդ անտառի մեծ ծառուղում, որի երկու կողմի առուների եզրերում հենց սկզբից տնկված էին մասրենիները և վարդենիները: Կոմիտասը վարդ էր քաղում. նա սիրում էր թեյի հետ (որի ամենալավ ու ամենաթանկ տեսակն էր միշտ գործ ածում) չորացած վարդի տերևներ խառնել մեկ-մեկ»:
Երկուսն էլ տարված էին ժողովրդական երգերով, բավականին քառյակներ, խաղեր ունեին հավաքած, մտադիր էին ժողովրդական երգարան կազմել.« …ամառն իրենց ծնողների մոտ և առհասարակ գյուղերը գնացող աշակերտներին պատվիրեցինք ժողովել ժողովրդական երգեր: Դրա համար Կոմիտասը պատրաստեց հազարավոր թերթիկներ և ամեն մի աշակերտի, առանձնապես իր խմբի երգիչներին, բաժանեց, որպեսզի միակերպ թերթիկների վրա գրած բերեն իրենց գրի առած երգերը: Այս միևնույնը կատարեցին և հաջորդ տարիները, այնպես որ տասնյակ հազարավոր այսպիսի գրած թերթիկներ հավաքվեցին մեզ մոտ: Կոմիտասը դրանց թիվը մոտ քսանհինգ հազար էր հաշվում…Կոմիտասը հաճախ ինձ ասել է, թե ձայնագրած ունի երեքից չորս հազար ժողովրդական երգի եղանակ. այդ պատճառով էլ երգարանի անունը դրինք « Հազար ու մի խաղ»»:
Այս երգարանն իր բովանդակությամբ բազմազան էր, այստեղ և՛ սիրո երգեր էին, և՛ աշխատանքի` թե՛ ուրախ, թե՛ տխուր: 25.000 հյուսվածքներից ընտրվել են միայն 150-ը: Ընտրվել են այն տարբերակները, որոնցում գրեթե չեն եղել թուրքերեն բառեր:
Ինչպես փաստում է Աբեղյանը, Կոմիտասը մեծ հույս ուներ, թե կկարողանա որևէ տեղից միջոց գտնել «Հազար ու մի խաղի» բոլոր երգերի եղանակները հետզհետե առանձին գրքերով հրատարակելու` դաշնակած կամ միաձայն .« 1906 թվին նա գնաց Գերմանիա և ապա Փարիզ այն մեծ հույսով, թե այնտեղ կկարողանա հրատարակել իր եղանակները: Բայց միայն մի տասնյակ երգ հրատարակելուց հետո ՝ «Հայ քնար» անվան տակ ՝ վերադարձավ Էջմիածին, և երբ ես նրան հարցրի, թե ինչու այդքան սակավաթիվ երգեր նա հրատարակեց, Կոմիտասն սկսեց կծու խոսքեր ուղղել և ՛ արևելյան, և՛ արևմտյան հայ հարուստների հասցեին»:
Հայ երգի մշակման, մաքրման ու տարածման բարդագույն առաքելությունը դրված էր Կոմիտասի ուսերին: Բայց չկար նյութական անհրաժեշտ ու բավարար միջոց, ուստի հաճախ Կոմիտասի սպասելիքները չէին իրականանում, դիպուկ է Թումանյանի խոսքը, թե «…Կոմիտաս վարդապետի պես մի անձնավորություն, նույնիսկ Եվրոպայում հիացմունք առաջ բերելուց հետո էլ, չի կարողանում իր հայրենիքում մի դաշնամուր ձեռք բերի կամ հնարավորություն՝ գավառները ճանապարհորդելու և կատարելու մի գործ, որ միայն ինքը կարող է կատարել և որն էնքան պատիվ է բերում ամբողջ ազգին…»[1]:
Կոմիտասը ցանկություն ուներ Պոլսում կոնսերվատորիա հիմնելու, ուր պիտի մշակեր արևելյան և արևմտյան երաժշտությունը միաժամանակ:
«Լսեցի, որ Կոմիտասը Պոլսից վերադարձել է Էջմիածին, ամենայն հավանականությամբ այն մտքով, որ մնա այնտեղ, բայց երբ ներկայացել էր կաթողիկոսին, վերջինս հարցրել էր նրան, թե նա երբ պիտի վերադառնա Պոլիս: Կոմիտասն այդ հարցի վրա սաստիկ զայրացել էր և քիչ հետո ճանապարհ էր ընկել դեպի Պոլիս…Նրա բնավորությունը այդպես էր ՝ իսկույն վճիռ դնել և գործադրել վճիռը: Իր հանգիստ մեղմ ու փափուկ բնավորությամբ հանդերձ, մեկ-մեկ էլ սաստիկ բարկանալ գիտեր այն աստիճան, որ ինքն իրեն բոլորովին կորցնում էր: Այդպիսի դեպքերում նա սովորաբար լռում էր մի երկու վայրկյան և ապա, կարծես թե ոչինչ չէր պատահել, սկսում էր նորից սովորական եղանակով զրուցել:
Այս ամենը, որ գրում եմ, կարծես երազ է: Եվ ինքը Կոմիտասն էլ երազի պես անցավ, նա էլ կարծես մի երազ էր, մի հեքիաթ, որ եղել է և չի եղել, որ կա և չկա: Բայց ամեն անգամ, որ նրա ձայնագրած ու դաշնակած ժողովրդական երգերը լսում եմ, այդ անցյալն իրականություն է դառնում ինձ համար, կենդանանում է իմ աչքի առաջ նա իր ոգևորությամբ մեր ժողովրդական երգերի համար, ես զգում եմ և գիտեմ, որ նրա կատարած գործը վաղանցիկ չի լինի և երկար, շատ երկար ժամանակ նա մեր բնիկ երաժշտական հնչյուններով սիրելի կդառնա շատ սերունդների»[2]:
[1],Հովհ. Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 7, Երևան, 1995, էջ 242:
[2] Կոմիտասը ժամանակակիցների հուշերում, Երևան, 2018, էջ՝ 9-20: