Ամեն տարեվերջի միշտ ակամա մտովի ծանրութեթեւ եմ անում անցնող տարվա կորուստներն ու ձեռքբերումները՝ անհատական, ազգային կամ համամարդկային…
2023-ի մեր համազգային աղետալի կորստի խորքին շատ ձեռքբերումներ արդեն արժեզրկված են թվում, իսկ անդարձ հեռացողների մեկնումը եթե անժամանակ չէ՝ ապա միայն գոհունակություն է պատճառում…
Նման զգացողություն ունեցա, երբ իմացա անցած տարի կյանքին հրաժեշտ տված համաշխարհային կինոյի երկու հայազգի գործիչների մահվան մասին, երկուսն էլ՝ 92 տարեկանում: Մեկն իրանահայ-ամերիկահայ օպերատոր Պետրոս Պալյանն էր, մյուսը՝ ֆրանսահայ դիմահարդար Շառլի Խուբեսերյանը: Առաջինը յոթ տարի եղել է Իրանի շահի անձնական օպերատորը, երկրորդը յոթ տարի եղել է Ֆրանսիայի նախագահի անձնական դիմահարդարը: Երկուսին էլ անձամբ ճանաչել եմ, եւ քանի որ նրանց վախճանին ժամանակին չեմ արձագանքել, հարկ եմ համարում տարեսկզբին մեկ գրությամբ հիշել այդ ինքնատիպ հայորդիներին…
Նա «սպանել է» շահին
Քսան տարի առաջ, 2004-ի մայիսին, երկրորդ անգամ եղա Լոս Անջելեսում: Նոր ծանոթացած մի իրանահայ ասաց, որ ինձ համար շատ հետաքրքրական կլինի հանդիպել Իրանի շահի երբեմնի կինոօպերատոր Պետրոս Պալյանին: Անունն ինձ ծանոթ էր: Երբ զանգահարեցի պարոն Պետրոսին՝ նա անմիջապես իր տուն հրավիրեց ու ինձ անակնկալի մատնեց՝ ասելով, որ չի կարող գալ իմ հետեւից, քանի որ մեքենա չունի: Հնարավո՞ր է ապրել Գլենդեյլում՝ առանց մեքենայի…
Երկրորդ անակնկալը նրա արտաքինն էր: Իմ հաշվարկով՝ Իրանի շահի նախկին օպերատորը պիտի բավական տարիքով լիներ, մինչդեռ իմ առջեւ մի աշխույժ, նիհար, ոսկրոտ, սեւ հոնքերով եւ սեւ բեղ-մորուքով կենսախինդ տղամարդ է, որն ինձ թվաց 50 տարեկան, ո՛չ 73: Ճիշտ է, հետո իմացա, որ նա ներկում էր մորուքն ու հոնքերը, սակայն աշխուժությունն էլ հո «ներկովի» չէ՞ր…
Բնակարանի դեղին պատերից մեզ են նայում Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փեհլեւին, նրա որդիներից մեկը եւ կինը՝ Ֆարահ Դիբա թագուհին, Մոշե Դայանը, Ալեքսանդր Կոսիգինը, Մայա Պլիսեցկայան, համր կինոյի աստղ Գլորիա Սվենսոնը… եւ այդ բոլոր հռչակավոր անձնանց կողքին՝ Պետրոս-Փիթըր Պալյանն է իր անշփոթելի դիմագծերով:
-Երբ ինձ հարցնում են, թե քանի տարեկան եմ՝ միշտ պատասխանում եմ՝ 39… Գիտե՞ս հեր եմ էսպես մնացել,- պարսկահայ իր բարբառով պարզաբանում է Պետրոս Պալյանը,- որովհետեւ ես շատ պոզիտիվ մարդ եմ, ամեն բանի մեջ մի սիրուն բան եմ ուզում տեսնել: Ես շատ եմ քայլում՝ օրական տաս-քսան թաղամաս, գիշերը երեք ժամ եմ քնում, մնացած ժամանակ պարում եմ… Ամեն գիշեր գնում եմ լատինո պարերի, շատ եմ սիրում սալսա, սամբա, աղջիկներին հերթով պարացնում եմ, իրենք հոգնում են՝ ուրիշներին եմ պարացնում…
Պետրոս Պալյանի հետ զրուցեցի մոտ երկու ժամ: Պատմեց, որ հայրը՝ Ռուբեն Պալյանը, եղել է երեւանցի երաժիշտ, որը Հայաստանում իշխանության բոլշեւիկյան բռնազավթումից հետո փախել է Իրան, հարվածային գործիքներ նվագել կինոթատրոնների նվագախմբերում: Թեհրանում ծնված նրա Պետրոս որդին այն քչաթիվ իրանահայերից էր, որ հայկական կրթություն չէր ստացել: Պարսկական դպրոցն ավարտելուց հետո 17-ամյա Պետրոսը մեկնել է Լութ անապատը եւ մեկուկես տարի աշխատել ծծմբի հանքերում: Հայ երիտասարդն անապատում վերահսկել է հարյուրից ավելի բանտարկյալների, որ տաժանակիր աշխատանք են կատարել առողջության համար վնասակար այդ հանքերում: Այդ վտանգավոր միջավայրում մի քանի ամիս մնալուց հետո Պետրոսը վերադարձել է Թեհրան ու աշխատանքի անցել «Դիանա-ֆիլմ» կինոստուդիայում, կատարել ամենատարբեր աշխատանքներ՝ կինոժապավենները լվալուց մինչեւ ֆիլմի դեկորների պատրաստումը: Այս շրջանում ճանաչել է իրանական կինոյի հիմնադիր Ավանես Օհանյանին, որի մասին արտահայտվեց որպես արկածախնդրի…
1953-ին Իրանի մասին կինոնկար ստեղծելու նպատակով Սիրաքյուզի համալսարանի (ԱՄՆ) դասավանդողների մի խումբ ժամանել է Թեհրան եւ կազմակերպել օպերատորական դասընթացներ: Դրանց մասնակցել ցանկացող 650 երիտասարդներից ընտրվել են ընդամենը 50-ը, որոնց մեջ եւ՝ Պետրոսը: Չորս տարվա դասընթացը նա ավարտել է երկու տարում եւ աշխատանքի է անցել Արվեստի պետական բյուրոյում որպես վավերագրական ֆիլմերի եւ նորությունների թողարկումների օպերատոր: Այդ ժամանակաշրջանում Իրանի պալատից հատուկ մարդիկ են եկել օպերատորական դպրոց՝ շահի համար անձնական օպերատոր ընտրելու, եւ հինգ թեկնածուների միջից (չորս պարսիկ, մեկ հայ) ընտրվել է Պետրոսը: Այսպիսով, յոթ տարի շարունակ, 1958-ից մինչեւ 1965 թվականը Պետրոս Պալյանը եղել է Մուհամմադ Ռեզա Փահլավի շահի անձնական օպերատորը: Այս աշխատանքի շնորհիվ նա դուրս է եկել արտաքին աշխարհ, շահի հետ շրջագայել աշխարհով մեկ, այցելել Պակիստան, Աֆղանստան, Հնդկաստան, Ավստրիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ այլուր՝ լուսանկարելով Անգլիայի թագուհուն, Շառլ դը Գոլին, Դուայթ Այզենհաուերին, ԱՄՆ-ի նախագահ Ջոնսոնին, Եթովպիայի թագավոր Հայլե Սելասիին, Իրաքի վերջին թագավոր Ֆայսալին: 1965-ին այցելել է ԽՍՀՄ, հանդիպել Յուրի Գագարինին: Այս բոլոր անձնավորությունների հետ կապված Պետրոս Պալյանը փոքրիկ հետաքրքրաշարժ պատմություներ ուներ… Զուգահեռաբար շարունակել է աշխատանքն իրանական կինոյում, 1962-ի Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է երկրորդ մրցանակի՝ Հուշանգ Շաֆթիի «Այրվող կակաչներ» փաստագրական ֆիլմի համար, իսկ 1964-ին Կաննի հեղինակավոր փառատոնում նրան են շնորհվել տեխնիկական եւ երիտասարդական առաջին մրցանակները՝ «Այծեղջյուրի անկումը» կարճամետրաժ կինոնկարի համար:
1965-ին Պալյանը հայտնվել է Նյու Յորքում եւ սիրահարվել այդ քաղաքին: Այստեղ եւս բախտը ժպտացել է լավատես եւ կենսասեր հայորդուն: Մի ընդունելության ժամանակ նա հանդիպել է Պետրովիչ ազգանունով մի օպերատորի, որը մոր կողմից հայ էր եւ խոստացել է աշխատանք գտնել հայրենակցի համար: Նրա միջոցով Պալյանը ծանոթացել է կինոարտադրիչ Գեյբ Սեքալիի հետ, որի շնորհիվ մաս է կազմել մի քանի ամերիկյան ֆիլմերի, որոնցից հատկանշական է Ժան Նեգուլեսկոյի «Անպարտելի վեցը» արկածային կինոնկարը: Պալյանը պարբերաբար վերադարձել է Իրան, նկարահանել ֆիլմեր, 1972-ին «Սպահանցին Նյու Յորքում» իրանա-ամերիկյան ֆիլմի համար արժանացել է Իրանական ակադեմիայի «Սեփաս» մրցանակին (պարսկական «Օսքարին»): Սակայն 1979-ին իրանական հեղափոխության պատճառով ստիպված է եղել մեկընդմիշտ թողնել Իրանը: ԱՄՆ-ում Պետրոս Պալյանը որպես ազատ օպերատոր մասնակցել է հիմնականում փոքր բյուջե ունեցող անկախ շարժանկարների:
-Աշխատում էի մի ֆիլմում, լավ փող ստանում, հետո գնում աշխարհով մեկ ման գալու՝ Ինդոնեզիա, Աֆրիկա, Պուերտո Ռիկո, ինձ համար քեֆ անում: Հետո երբ փողս վերջանում էր՝ նոր գործ էի գտնում, ու միշտ էդպես էի ապրում: Հիմա, որ մտածում եմ, ինձ թվում է, թե ես կյանքումս երբեք չեմ աշխատել, քանի որ ինչ որ արել եմ՝ հաճույք եմ ստացել իմ արածից,- խոստովանում է Պալյանը:
Հայազգի դերասան Վալ Էվըրիի միջնորդությամբ նա դարձել է Նյու Յորքի «Անհատական ակումբ» տղամարդկանց էլիտար ակումբի անդամ՝ դառնալով նրա միակ ոչ ամերիկացի անդամը: Ակումբի անդամներից են եղել թատերագիր Արթուր Միլերը, երգիչ Ֆրենք Սինաթրան, կինոդերասաններ Լոուրենս Օլիվյեն, Գրեգորի Փեքը, Ջեյմս Քեգնին, Դասթին Հոֆմանը, որոնց բոլորի հետ նստել-վեր է կացել այս փոքրիկ, աշխույժ հայորդին…
Սակայն 1994-ին նա ստիպված է եղել թողնել Նյու Յորքը եւ հաստատվել Գլենդեյլում՝ այդ զոհողությունը կատարելով հանուն իր ծեր մոր, քանի որ ցանկացել է, որ մայրը կյանքի վերջին տարիներն ապրի հայկական միջավայրում: Կտրված կինոաշխարհից՝ նա սկսել է զբաղվել նկարչությամբ եւ սցենարներ գրելով…
Պետրոս Պալյանը չարաճճի ժպիտով պատմեց նաեւ իր ամուսնությունների մասին՝ ամերիկուհու եւ հայաստանցի հայուհու հետ, նշելով, որ երկուսից էլ բարեկամաբար է բաժանվել: Առաջին կինը հետագայում ամուսնացել է անգլիացու հետ, եւ ամեն անգամ Անգլիա մեկնելիս՝ Պետրոսն իջեւանել է նրա տանը՝ ընկերանալով նախկին կնոջ ամուսնու հետ: Իսկ երկրորդ կինն ամեն տարի տարեդարձին շնորհավորանք է ուղարկել՝ «Շնորհավոր 39-ամյակդ» գրությամբ: Ամենայն լրջությամբ ասաց, որ հուսով է, որ իր հուշերի հրատարակությունից հետո նորից կհարստանա, կտեղափոխվի Նյու Յորք, նորից կամուսնանա ու վերջապես երեխա կունենա…
Նա դեռ չէր եղել Հայաստանում, բայց ասաց, որ անպայման գալու է: Եվ եկավ մեր հանդիպումից հինգ տարի անց: 2009-ի աշնան մի օր հեռախոսիս մեջ անսպասելիորեն լսեցի Պետրոսի ձայնը. ասաց, որ Երեւանում է: Այդ ժամանակ ես հաճախում էի լատինամերիկյան պարերի դասընթացների, եւ 78-ամյա Պետրոս Պալյանը եկավ մեր պարապմունքին՝ ապշեցնելով բոլորին իր աշխույժ պարով: Մի անգամ էլ միացավ ընթրիքի մի ընկերախմբի հետ, եւ այդ 35-55 տարեկանների շրջապատում ամենեւին չէր զգացվում նրա եւ մեր միջեւ եղած սերնդային տարբերությունը:
Վերջին անգամ նրան հանդիպեցի կրկին անսպասելիորեն, դարձյալ Երեւանում, 2011 թվականի օգոոտոսին: Պետք է մեկնեի ԱՄՆ, եւ ամերիկյան դեսպանատուն մտնողների հերթում զարմանքով տեսա Պետրոս Պալյանին՝ դարձյալ սեւ ներկած մորուքով, դարձյալ նիհար եւ աշխույժ…
-Ամուսնանում եմ,- ասաց 80-ամյա երիտասարդը,- անցած անգամ մի շատ լավ կնկա հետ ծանոթացա, էկել եմ՝ տանեմ…
Փաստորեն, իր խոսքի տերը եղավ… Այլեւս ոչ մի լուր չունեցա այդ արտասովոր անձից: Սակայն իմացա, որ 2018-ին վերջապես լույս է տեսել նրա պարսկերեն հուշագրությունը՝ «I Shot the Shah» («Ես նկարահանեցի շահին») անգլերեն սրամիտ վերնագրով («I shot» նշանակում է թե՛ «նկարահանեցի», թե՛ «սպանեցի»): Հավանաբար այդ գրքով նա չի հարստացել, քանի որ մնացել է Գլենդեյլում, որտեղ էլ մահացավ անցյալ տարվա մարտի 15-ին…
Իր ոչ սովորական նկարագրով Պետրոս Պալյանն ինձ հիշեցնում է Նիկոս Կազանձակիսի նշանավոր գրական հերոսին՝ հույն Զոռբային: Իր լավատեսությամբ, կենսասիրությամբ, կնասիրությամբ, պարասիրությամբ… Ու չեմ զարմանա, եթե իմանամ, որ նա, անգամ ութսունից հետո ամուսնանալով, իր փափագի համաձայն, զավակ է ունեցել…
«Ներկարարության արքան»
2007 թվականին Փարիզում իմ լավ բարեկամուհի դերասանուհի Արեւիկ Մարտիրոսյանը մի հայկական միջոցառման ժամանակ ինձ ծանոթացրեց ֆրանսիական կինոյի ամենահայտնի բեմադրիչներից Շառլի Խուբեսերյանի հետ: Մեկի, որը դիմահարդարել է վաղ պատանեկությունից ինձ այնքան ոգեւորած կինոլեգենդների՝ Չարլի Չապլին, Սաշա Գիտրի, Մորիս Շեւալյե, Ժան Մարե, Էնթոնի Քուին, Բեթ Դեւիս, Դանիել Դարյե, Նաթալի Վուդ, Ավա Գարդներ, Օլիվիա դե Հեւիլենդ, Ալեն Դելոն, Աննի Ժիրարդո, Ռոբերտ Հոսեյն, Բեն Քինգսլի, Ժան-Պոլ Բելմոնդո, Բրիժիտ Բարդո, Ջեյն Ֆոնդա, Մոնիկա Վիտտի, Ժակլին Բիսեթ եւ այլն, եւ այլն…
Այս դերասանների մի մասի ընծայագրված լուսանկարները տեսա նրա բնակարանում, որտեղ Արեւիկին եւ ինձ ընդունեցին բեղավոր, լիքոտ, բարեհամբույր Շառլին եւ կինը՝ ֆրանսուհի Մարի-Ֆրանսը: Տանտերն ասաց, որ երկար չի կարող մեզ հետ լինել, քանի որ հոգեհանգստի է գնալու, սակայն հասցրի նրան մի քանի հարց տալ եւ ձայնագրել (զրույցը ֆրանսերեն էր, թեեւ Շառլին մի քիչ խոսում էր հայերեն): Մեր այդ զրույցը հրատարակվեց Երեւանի մի կինոամսագրում, որից մեջբերումներ կներկայացնեմ ստորեւ:
Շառլի-Կարպիսը ծնվել է Փարիզում, պոլսահայ Սարգիս եւ Ալիս Խուբեսերյանների ընտանիքում: 17 տարեկանում դիմահարդարման դասեր է առել փարիզաբնակ դերասան եւ դիմահարդար Աշո Շահխաթունիից: Արդեն 1951 թվականին 20-ամյա Խուբեսերյանը գովասանքի է արժանացել իր աշխատանքի համար «Ոչ ասող մարդը» ֆիլմում, որտեղ երիտասարդ դերասան Օլիվյե Մաթոն կինոնկարի ավարտին վերածվում է 68-ամյա տղամարդու: Խուբեսերյանն աստիճանաբար ստեղծել է դիմահարդարման իր մեթոդները, որոնք կիրառվել են ոչ միայն կինոյում եւ թատրոնում, այլեւ առօրյա կյանքում: Դիմահարդարի նրա ֆիլմագրությունն ընդգրկում է 74 աշխատանք այնպիսի նշանավոր բեմադրիչների հետ, ինչպիսիք էին Կլոդ Շաբրոլը, Կլոդ Զիդին, Անրի Վեռնոյը, Ֆիլիպ դը Բրոկան, Ժորժ Լոթները, Կլոդ Լելուշը եւ այլք… ինչպես նաեւ 11 ֆիլմում հանդես է եկել փոքր դերերով…
Ֆրանսիայում Շառլի Խուբեսերյանը հայտնի է եղել նաեւ հռչակավոր Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ իր մտերմությամբ: Վերջինս նրան միշտ կոչել է «հայ» ու նրա մասին ասել է. «Նա պարզապես տաղանդավոր դիմահարդար չէ: Շառլին հիանալի նկարիչ է, որը զգում է «նյութը», ինչպես ոչ ոք»: Բելմոնդոն Շառլիին նվիրել է իր նկարներից մեկը՝ «Ներկարարության արքային: Քո հավերժ ընկեր, կերպավորման արքա Ժ.-Պ. Բելմոնդո» կատակ-ընծայագրով: Վերոհիշյալ հարցազրույցում Շառլին ասաց. «Ինձ ամենաշատը դուր է գալիս Բելմոնդոյի հետ աշխատելը: Ես չեմ զգում, որ նրա հետ աշխատում եմ: Աշխատել՝ նշանակում է անել քո գործը եւ վարձատրվել: Բայց Բելմոնդոյի հետ աշխատելը նման է արձակուրդ գնալու: Մենք միասին շատ հաճախ ենք կատակում: Բելմոնդոն շատ կարեւոր դեր է խաղացել իմ կյանքում: Նա ինձ համար եղբոր պես է: Երբ Սիլվին՝ իմ միակ աղջիկն իր հարսանիքից 15 օր անց ավտովթարի զոհ դարձավ ամուսնու հետ, Բելմոնդոն իմ կողքին էր: Նա նոր էր մեկնել հանգստի Հարավային Աֆրիկա, բայց մայրը զանգահարել է նրան ու պատմել իմ դժբախտության մասին: Բելմոնդոն անմիջապես վերադարձավ Ֆրանսիա: Հենց այդտեղ էր մեր ընկերության ուժը, եւ հենց այդ ժամանակ նա հասկացավ, որ պետք է լինի իմ կողքին, որպեսզի օգնի ինձ չկոտրվել եւ շարունակել ապրել ու աշխատել»:
Բելմոնդոյից բացի Շառլիի համար մեծ ներշնչանք է եղել ամերիկյան էկրանի թագուհի Բեթ Դեւիսը: «Երբ Կլոդետ Կոլբերին հարցրել են իր հաջողության պատճառը, նա ասել է, որ պատասխանը կարող է տալ իր դիմահարդարը: Բեթ Դեւիսը նույն բանն է ասել իմ մասին: Նա ուզում էր ինձ իր հետ Ամերիկա տանել, բայց հարցրեց՝ կարո՞ղ եմ աշխատել առանց Բելմոնդոյի: Ստիպված էի մերժել նրան: Ես նրա համար արհեստական թարթիչներ էի պատրաստել, եւ նա դրանք տարավ Ամերիկա: Հետո իմացա, որ նրան թաղել են այդ թարթիչներով: Սա ե՛ւ հաճելի է, ե՛ւ տխուր: Ես շատ մտերիմ էի Բեթ Դեւիսի հետ: Նա շատ հայտնի դիմահարդարների հետ էր աշխատել, բայց ինձ շատ էր վստահում: Դերասանները սովորաբար չեն սիրում, երբ մարդիկ դիպչում են իրենց դեմքին: Բեթ Դեւիսն ինձ չասաց, թե ինչ անեմ: Նա պարզապես փակեց աչքերը եւ բացելուց հետո ասաց՝ Աստվա՛ծ իմ, ի՜նչ գեղեցիկ դեմք է… Նա այն դերասանուհին է, որին կյանքում ամենաշատն եմ հիշում»:
Շառլի Խուբեսերյանը դիմահարդարել է ոչ միայն դերասանների: «Դանիել Սորանոյի հետ նկարահանում էինք «Սիրանո դե Բերժըրակ» ֆիլմը, եւ մեզ ասացին, որ մահացել է Շառլ դը Գոլի անձնական դիմահարդարը: Նրա գրասենյակի ներկայացուցիչները եկան եւ ասացին, որ պետք է դիմահարդար ընտրեն հինգ հոգուց, եւ ընտրվողը ծանուցում կստանա… Մի օր ինձ կանչեցին Ելիսեյան դաշտեր: Ես մտածեցի, որ դա Բելմոնդոյի հերթական կատակն է: Բայց գրասենյակում իմացա, որ ընտրվել եմ Շառլ դը Գոլի անձնական դիմահարդար: Ինձ հատուկ այցեքարտ տվեցին, ու ոստիկաններն ինձ պատվի էին առնում՝ տեսնելով այն: Ես դը Գոլի անձնական դիմահարդարը եղա յոթ տարի՝ մինչեւ նրա մահը, թեեւ ընդամենը երկու անգամ եմ աշխատել: Առաջին անգամ աշխատում էի Աֆրիկայում մի կինոնախագծում, երբ ինձ կանչեցին նախագահին դիմահարդարելու: Ես վերադարձա Ֆրանսիա, ութ րոպե աշխատեցի դը Գոլի հետ ու նորից մեկնեցի Աֆրիկա: Կարող եմ ասել, որ նախագահ դը Գոլը սիրում էր հայերին: Նա խոսում էր հայերի մասին՝ որպես ազնիվ ու խիզախ ազգի…»:
1997-ին Խուբեսերյանը հրատարակել է իր հուշերը՝ «Իմ կյանքն առանց դիմահարդարման» վերնագրով՝ իր մտերիմ ընկերոջ՝ Ժան-Պոլ Բելմոնդոյի առաջաբանով: Գիրքը դարձավ բեսթսելեր, եւ 2002 թվականին Խուբեսերյանը լույս ընծայեց իր հաջորդ գիրքը՝ «Շառլի Խուբեսերյան հայը դը Գոլից մինչեւ Բելմոնդո» վերնագրով: Այս գրքից մի օրինակ նվիրեց ինձ՝ մակագրելով. «Արծվի Բախչինյանին՝ իմ ողջ հայությունը եւ բարեկամությամբ՝ առանց դիմահարդարման: Շառլի»:
Ես Շառլիին հարցրի, թե եղե՞լ է Հայաստանում: Ասաց, որ եղել է մեկ անգամ՝ 2004-ին: «Երբ եկա Հայաստան, չէի ուզում իմ երկրում մնալ հյուրանոցում եւ ապրում էի մի ընտանիքի հետ… Երբեք չեմ մոռանա այն, ինչ ապրեցի Հայաստանում: Ես ծնվել եմ Ֆրանսիայում, ես նաեւ ֆրանսիացի եմ, բայց իմ սերն ու սիրտը հայ ժողովրդի հետ է: Ես հպարտանում եմ իմ ազգանունով՝ Խուբեսերյան: Կոստանդնուպոլսում իմ ընտանիքը դժվարություններ է ապրել: Ջարդերի ժամանակ հրեաները մորս, Հայկուհի տատիկիս ու Սյուզան մորաքրոջս պահել են նկուղում: Ցավալի պատմություն է, որը երբեք չեմ մոռանա: Ես մեծացել եմ հայերի մասին ամեն մի հոդված կտրելով ու պահելով: Ինձ հիմա էլ հետաքրքրում է Ղարաբաղը, մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ… Երեւանում միշտ թաշկինակ էի պահում մոտս, որովհետեւ շատ էի արտասվում: Կարծես վերածնվեցի եւ ճանաչեցի կյանքը: Ես ծնվել եմ Ֆրանսիայում, բայց իմ սիրտը հայ է: Հայերը պետք է շատ լա՛վ ապրեն»…
Եվ թո՛ղ Աստված լսի անցած տարի հունիսի 21-ին երկրային կյանքին հրաժեշտ տված 92-ամյա Շառլի-Կարպիս Խուբեսերյանի այս ցանկությունը…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ