«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մոտ ապագայում փոփոխություններ կլինեն: Խոսքը էքսպոնատների մասին է, որ 1983-ից մինչեւ այսօր ցուցափեղկերից չեն իջել: «Ազգ»-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ասաց, որ Լուվրի թանգարանի մասնագտեների հետ արդեն աշխատում են նոր հայեցակարգի շուրջ:
«Մի քանի այցեր եղել են, այժմ էլ աշխատում ենք առցանց ռեժիմով, տեսակապով քննարկում-խորհրդակցություններ ենք անցկացնում: Նոր հայեցակարգը մշակել-ավարտելուց հետո թանգարանի ցուցափեղկերից կհավաքենք էքսպոտնատներն ու գործի կանցնենք: Մեկ-երկու ամիս հնագիտական գտածոները կցուցադրվեն թանգարանի առաջին հարկում միայն: Այդ ժամանակում նոր հայեցակարգը կյանքի կկոչենք»,- նշեց Բադալյանը:
Նրա խոսքով՝ այժմ ցուցադրվող էքսպոնատներից որոշները նորից կցուցադրվեն, բայց բոլորովին այլ «ռակուրսով» ու լույսի ներքո: Որոշներն էլ պահոց կգնան, փոխարենն այնտեղի՝ «խոր քուն մտած» իրեր ցուցափեղկերին կհայտնվեն:
«Կարեւոր է եւս մեկ անգամ, անդադար եւ ի լուր աշխարհի ասել «Էրեբունի-Երեւանի» կապի ու ժառանգականության մասին, ինչի ապացույցը ոչ միայն այստեղ ներկայացված ու պահվող գտածոներն ու պատմական անհերքելի փաստերն են, այլեւ այն, որ արքաների, թագուհիների կամ տեղանունների անուններն, անձնանուն դարձած, այսօր էլ կրում են մեր հայրենակիցները: Երեւանի՝ էրեբունու ժառանգորդը չլինելու հանգամանքը, ցավոք, շահարկում են ոչ միայն մեր հարեւանները, այլեւ մեր հայրենակինցները: Անընդունելի եւ ազգային շահին դեմ է, որ, օրինակ, «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի ուրարտական ժամանակաշրջանի հատվածում որեւէ խոսք չկա այդ ժառանգականության մասին: Ըստ իս՝ դրան պետք է հակազդենք ամենօրյա աշխատանքով եւ ամենքս մեր տեղում, մեր հերթին: Մշակվող նոր հայեցակարգը կազմելիս՝ այս հանգամանքին առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում»,- ամփոփեց մեր զրուցակիցը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ