Նա այն հայն է, որ Մուստաֆա Քեմալին տվեց Աթաթուրք անունը, հայը, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ նույն սեղանի մոտ նստած, նրանց հիշեցրեց, որ Անդրաիկի սուրը հավերժ նրանց ահն ու սարսափն է լինելու`երգելով «Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ եւ ժայռ, թնդացնում ես երկինք, երկիր տենչաւառ, Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, Հայոց լեռինք քեզ ապաստան, Անդրանիկ»:
Գուցե այդ անունը` Հակոբ Մարթայան, նվազ ծանոթ է ընթերցողին, բայց վստահաբար ուշադրության արժանի է:
Հայ լեզվաբան, ում թուրքերն անվանեցին Դիլաչար (լեզու բացող):
Ծնվել է Ստամբուլում 1895 թվականին, սովորել է Կ. Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում, «Ռոբերտ» քոլեջում , եղել է այդ քոլեջի անգլերենի դասատուն, ապա՝ տնօրենը, ստացել ամերիկյան ակադեմիական «արվեստի մագիստրոս» տիտղոս և պրոֆեսորի կոչում (1922)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում և այդ տարիներին էլ ծանոթացել է Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալի հետ:
Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղարն էր Հակոբ Մարթայանը, հեղինակ է թուրքական լեզվի տարբեր բնագավառներին վերաբերող մի շարք մենագրությունների, 1936-1950 թվականներին Անկարայի համալսարանում դասախոսել է լեզվաբանության պատմություն և ընդհանուր լեզվաբանություն, նա թուրք լեզվաբանների միության գլխավոր մասնագետն էր, թուրքական հանրագիտարանի գլխավոր խմբագիրը, Հակոբ Մարթայանը մեծ ներդրում է ունեցել լատինական տառերով թուրքերեն այբուբենի ստեղծման գործում:
Թուրքրենին նվիրված նրա ուսումնասիրություններն են. «Azeri Türkçesi» (Ադրբեջանական թուրքերենը), «Batı Türkçesi» (Արևեմտյան թուրքերենը), «Lehçelerin Yazılma Tarzı» (Բարբառների գրելու ձևը), «Türk Dil ve Lehçelerinin Tasnifi Meselesi» (Թուրքերեն լեզվի և բարբառների դասակարգման խնդիրը), «Devlet Dili Olarak Türkçe» (Թուրքերենը որպես պետական լեզու), «Wilhelm Thomsen ve Orhon Yazıtlarının Çözülüşü» (Վիլհելմ Թոմսենը և Օրհոնյան արձանագրությունների կործանումը), «Türk Diline Genel Bir Bakış» (Ընդհանուր ակնարկ թուրքերեն լեզվի մասին), «Türkiye’de Dil Özleşmesi» (Լեզվի մաքրումը Թուրքիայում), «Dil, Diller ve Dilcilik» (Լեզու, լեզուներ և լեզվաբանություն), «Kutadgu Bilig İncelemesi» (Քութադգու Բիլիգ ուսումնասիրությունը), «Anadili İlkeleri ve Türkiye Dışındaki Uygulamalar» (Մայրենի լեզվի սկզբունքները և կիրառումները Թուրքիայի սահմաններից դուրս):
Թուքերենին մատուցած ծառայությունների համար Աթաթուրքը նրան Դիլաչար ազգանունն է տվել: Դիլաչարը Աթաթուրքի գիտական և մշակութային հարցերով գլխավոր խորհրդականն էր, վերջինս մեծ վստահություն է ունեցել Մարթայանի գիտելիքի նկատմամբ:
Մարթայանը երբեք չի թաքցրել իր հայ լինելը, հարգել է իր արմատները, շատ լեզուներ է իմացել, իսկ հայերենը և հայկականը մշտապես նրա ուսումնասիրության կենտրոնում էին` «Աստվածաշունչը և աշխարհաբարը», «Համայնապատկեր հայ մշակույթի» և այլ աշխատություններ:
Նա ժամանակի կրթված անձանցից էր, իմացել է 22 լեզու` անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, լեհերեն, բուլղարերեն և այլն, 1929թ անգլերեն է թարգմանել Լևոն Շանթի «Հին ասավածներ» դրաման: Զբաղվել է հայագիտությամբ, եղել է Բեյրութի հայկական առաջին վարժարանի տնօրենը, Բեյրութում լույս տեսնող «Լույս» շաբաթաթերթի խմբագիրը:
Սոֆիայում հիմնադրել «Ռահվիրա» և «Մշակույթ» թերթերը:
Դիլաչարը մահացել է 1979 թ. Ստամբուլում: