Հայաստանում հազիվ թե հնարավոր լինի գտնել հիմնարկ, կառույց, որը լրատվական ծառայություն չունենա (նույնիսկ թաղման բյուրոներն ունեն), բայց ահա շուրջ 500 աշխատակից և 2000 ուսանող ունեցող Վանաձորի պետական համալսարանը չունի։ Եղածն ընդամենը մի «բազմափեշակ» լրագրող է՝ նկարահանող օպերատորի, մոնտաժողի, լուսանկարչի, տեքստ գրողի, խմբագրի, տեսանյութում հնչեցնողի, կայքում հրապարակողի «գործառույթներով»։ Իսկ լրատվական ծառայություն, մամուլի քարտուղար՝ չկա։ Ասենք՝ բուհի նոր ռեկտոր Ռուստամ Սահակյանին այդպիսի ծառայություն պետք էլ չէ, քանի որ մարդը յուրօրինակ պատկերացում ունի ընդհանրապես աշխատանքի թափանցիկության, հրապարակայնության, հաշվետվողականության վերաբերյալ․ դրանք նրան պետք չեն։ Հակառակ դեպքում գոնե իր ղեկավարած հիմնարկի աշխատողներին նա կպարզաբաներ մամուլում հրապարակված և այդպես էլ պաշտոնապես չհերքված այն պնդումները, որ ռեկտորի աթոռին բազմելուց ժամեր առաջ հասցրել է ինքն իր հետ 350․000 դրամի «պայմանագիր» կնքել «ծառայությունների մատուցման» վերաբերյալ՝ խախտելով օրենք և օրինականություն, բարոյական ըմբռնում ու տարրական վարքականոն, «ծառայության մատուցման» առարկայից՝ ծրագրային ապահովումից ընդհանրապես գլուխ չհանելով՝ ըստ մասնագետների։ Այսպիսի բարոյական մինուս (-) բեռով թե ինչպե՛ս է նա պաշտոնավարում, պարզ չէ։
Բայց այս ամենով «նոր համալսարան» կառուցող ռեկտորի կերպարը չի ամբողջանում։ Մարդը չթաքցրած հակակրանք ունի տպագիր խոսքի, մանավանդ՝ գրքի հանդեպ։ Եվ գուցե դա է պատճառը, որ նրա կադրային քաղաքականությունից ամենաշատը տուժել է հենց համալսարանի գրադարանը՝ 17 աշխատակցից մնացել է․․․ 5-ը։ Դա կազմում է ռեկտորի գործունեության «արդյունքում» աշխատանքից ազատվածների ընդհանուր թվի շուրջ 20 տոկոսը։ Աշխատանքից ազատված 12 հոգին գրադարանային գործից հասկացող մարդիկ են, նրանց մեջ կան նաև երկար տարիների աշխատանքային փորձ ունեցողներ։
Միջանկյալ նշեմ, որ բուհի բոլոր այն աշխատողներին, որոնք ազատվել են աշխատանքից, ռեկտորը յուրատեսակ «մխիթարագիր» է տվել, իբր՝ եթե տվյալ աշխատողի մասնագիտական կարիքը լինի, համալսարանը ետ կկանչի նրանց՝ համապատասխան պաշտոնով աշխատանքի։ Բնականաբար, այդ մխիթարագիրը ոչ ոքի դեռ չի մխիթարել՝ չի օգնել վերականգնվելու մասնագիտական աշխատանքում։ Ռեկտորն ուղղակի ստել է։
Եվ ահա այս ֆոնին, ցույց տալու համար, թե որպես ղեկավար որքա՛ն օբյեկտիվ ու օրինապաշտ է ինքը, Ռ․ Սահակյանը թափուր աշխատատեղի մրցույթ է հայտարարել՝ իր իսկ ձեռքով ամայացած գրադարանում մատենագետի պաշտոնի համար։ Եվ անհեթեթ բան է ստացվել․ մարդը 12 հոգու ազատել է աշխատանքից, և նրանցից ոչ մեկը փաստորեն մատենագետի պաշտոնին համապատասխան չի եղել։ Հարց է առաջանում․ ռեկտորը, որ սորոսական մշուշապատ հեռուներից նոր է հայտնվել համալսարանում, այդ ինչպե՞ս, ումի՞ց իմացավ, որ ազատված 12 հոգուց ոչ մեկը մատենագետի պաշտոնին հարմար չէ, հետևաբար նրանցից ոչ մեկին ետ կանչել պետք չէ, ինչը խոստացվել էր «մխիթարագրում», դրա փոխարեն ահա մրցույթ է հայտարարել, որ այդ «ժողովրդավարական» եղանակով ընտրի մատենագետին։ Ընդ որում՝ մրցույթի հայտարարությունում ներկայացված՝ մատենագետից պահանջվող որակներն այնքան պարզ են և պարզունակ, որ դրանք անտարակույս կունենար աշխատանքից ազատված ցանկացած աշխատող։
Բայց առավել զարմանալի է, որ արդեն մի քանի ամիս զբաղեցնելով բուհի ռեկտորի պաշտոնը, մարդը չի ճանաչում բուհում աշխատող մարդկանց, այդ թվում՝ նաև ազատվածներին։ Հակառակ դեպքում նա գոնե ականջի ծայրով լսած կլիներ, ասենք, գրադարանում որպես կազմարար աշխատած Մարինե Աթյանի մասին, որ երկար տարիներ գրադարանի վարիչ է եղել Վանաձորի քաղաքային գրադարաններից մեկում, ամենակարևորը՝ ունի մասնագիտական կրթություն, հետևաբար հստակ ու պրոֆեսիոնալ կերպով տիրապետում է մատենագետի աշխատանքին։ Ռեկտորը չի լսել գրադարանային գործում հմտացած Նազելի Չիթախյանի, Նունե Մովսիսյանի, Լուսինե Բաղոյանի մասին։ Ու եթե թվարկվածներից որևէ մեկը չպիտի օգտվեր «մխիթարագրից»՝ վերադառնար աշխատանքի, ապա, հարց է ծագում, այդ մարդիկ տարիներ շարունակ ի՞նչ են արել գրադարանում։ Կամ՝ մինչ գրադարանի աշխատողներին զանգվածաբար ազատելը ռեկտորը նրանցից որևէ մեկին որպես մատենագետ պահելու համար խորհրդակցե՞լ է գրադարանի նախկին (իր ձեռքով ազատված) տնօրեն Արթուր Մելիքյանի հետ, որը շատ բան է արել գրադարանի արդիականացման համար և բնականաբար լավ գիտի կադրերին։ Թե՞ ռեկտորին պետք էր այնուամենայնիվ ձեռքի տակ մի թափուր պաշտոն ունենալ՝ հետո ժողովրդավարական մի մրցույթի թատրոն խաղալու համար։
Ո՞ւմ աչքերին է թոզ փչում ռեկտոր Ռուստամը, ո՞վ է արտոնել նրան ոտնահարել մարդկանց աշխատանքային իրավունքները, ի՞նչն է դրդում նրան անգրագետ, հակաիրավական իրավական ակտեր «հեղինակել», հետո դրանց ձեռքը կրակն ընկնել․․․ Հարցերի պատասխաններն անհայտ են, ինչպես սորոսական մշուշը։
Հավելեմ, որ մրցույթի հայտարարության մեջ մատենագետի համար բարձրագույն մասնագիտական կրթության պահանջ չի դրված (ինչն ուղղակի ինքնանպատակ է դարձնում մրցույթն ամբողջությամբ), այլ ընդամենը՝ բարձրագույն կրթության, որն էլ նշանակում է՝ շուտով ՎՊՀ գրադարանում մատենագետ կարող է աշխատել մի քիմիկոս կամ ֆիզկուլտուրնիկ։ Մնում է, որ ստանա ռեկտորի անձնական բարեհաճությունը, թեև դա ստանալու եղանակները նույնպես անհայտ են․․․
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ