«Իմովսանն ծաղկունքով». այսպես էր Ռաիսա Հայրապետյանը խորագրել իր անդրանիկ անհատական ցուցահանդեսը, որ օրերս բացվեց «Փյունիկ» զարգացման կենտրոնում: «Իմովսանն», ասել է, թե՝ իմ կողմից, իմ կարողացածի չափով: Նաեւ՝ գոհաբանության ընծայաբերում, որ ուղղված է Արարչին, բնությանը, կյանքին: Թերեւս հենց այսպիսի բացատրություն պետք է տալ Ռաիսա Հայրապետյանի՝ ծաղկանկար – նատյուրմորտներին: Դրանք ջրաներկ աշխատանքներ են, նաեւ հատկապես վերջին շրջանում վրձնած են ակրիլով, կամ գործածված է խառը տեխնիկա: Ինչ նյութով էլ աշխատի, իր տեսակը նույնն է, իր պատումը նույն նյութի շուրջն է: Ծաղկեփնջերի հատուկ ընտրությամբ եւ մեկը մյուսից տարբերվող դասավորությամբ մեղմության, կանացիության արտահայտություններ են, որ հաղորդում են ընդգծված հանդարտություն եւ խաղաղություն: Իսկ որոշ գործեր կխորագրեի նույն անվամբ՝ քնքշանք: Քնքշաթույր են ճերմակ թերթերի վրա ճերմակաթույր ծաղկաբույլերը (նկարչուհին ճերմակը հաղորդելու իր «հունարն» ունի), քնքշանքի մասին են դաշտային հազարանուն ծաղիկներով նատյուրմորտները, նրանց մանրումեծ գլուխներով վերընթաց կամ խոնարհ հայացքները, որոնք նկարչուհին հիշողությամբ բերել է կենդանի բնության հետ իր վաղեմի զրույցներից, երբ դեռատի պարմանուհի էր եւ սիրում էր շրջել իր ծննդավայր Իջեւանի սիրուն դաշտ ու հովիտներում, երբ երիտասարդ էր, եւ նույն սիրահարվածությամբ ճամփորդությունից տուն էր բերում դաշտերից, քարքարուտներից, հայրենի երկրի գողտրիկ անկյուններից հավաքած վայրի ծաղկանց փնջերը: Եվ հիմա էլ, արդեն առաջացած տարիքում, պատրաստ է հանդարտ քայլով շրջելու դեպի իր ծննդավայր տանող ճանապարհի եզրերով, ապա խորանալով հարակից դաշտերում՝ ճաշակով փնջելու ծաղիկներ՝ իր հերթական գեղանկարի համար:
Տարիքն իր համար նշանակություն չունի, երբ ձեռքն է առնում վրձինը: Նույն ջանադրությամբ ու սիրով, մինչ գեղանկարչությանն անցնելը, հիսունից ավելի տարիներ ստեղծել է գեղարվեստական ձեռագործ աշխատանքներ՝ մեծակտավ գոբելեններ, ասեղնագործ ժանյակներ, մաքրամեի տարբեր հանգույցների տեխնիկայով գործեր, պաննոներից սկսած մինչեւ հելունագործ կարպետներ, հնարելով հայկականության իր սյուժեները, ասենք, ժանյակների զարդանախշերում հավելելով հայկական շուրջպարի ելած ասեղնագործ կերպարներ եւ այլն:
Մի քանի նմուշ այդ աշխատանքներից ցուցադրված էին իր գեղանկարների կողքին, իսկ քանի՜ հարյուրը հեղինակն ընծայել է ծանոթ-բարեկամներին, քանի՜- քանիսի օրինակներով դասեր է տվել իր սաներին: Երեւանի կիրառական արվեստների ուսումնարանի ասեղնագործության եւ ժանեկագործության բաժնում, ապա եւ Հայկական մանկավարժական համալսարանի նկարչա – գծագրական բաժնում ուսանելուց հետո քառասունհինգ տարի դասավանդել է գեղարվեստի ուսումնարանում՝ գեղանկարչությանն անցնելու բաղձանքները թողնելով հետագային: Միայն վաթսունվեց տարեկան հասակում ձեռքն է առել վրձինը՝ վերջին տասը տարիներին՝ մինչ օրս ստեղծելով շուրջ երեք հարյուր գեղանկար, որոնցից քառասունհինգը ներկայացված էին այդ ցուցադրությանը:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ