Դեսպան Գրիգոր Առաքելյանի ՖԲ գրառումներից, –
Մեր քաղաքում կան այնպիսի անհասցե վայրեր, որոնք գլոբալ տեղորոշման համակարգերի օգնությամբ անգամ հնարավոր չէ ցույց տալ քարտեզի վրա։ Օրինակ, երբ ուզում ես մեկին մոլորության մեջ գցել, կամ ուշադրությունը շեղել, ուղարկում ես մի անորոշ հասցեով, որը կոչվում է «ՊԵՉԵՆՈՒ ԲԱՂԵՐ»։
Մեզ մոտ «ՍԱՏԱՆԱ» մականունով թաղային հեղինակության տիրությում գտնվող մի թաղամաս կա, որտեղ խորամանկություն, կամ առավել ևս, քյանդրբազություն անելը խիստ արգելված է։ Հաստատ կռահեցիք, որ այդ անհասցե թաղամասը կոչվում է «ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼԱ»։
Կադաստրային քարտեզագրման չի ենթարկվել, հետևաբար նաև անհասցե է այն վայրը, որ սովորաբար ոչ ոք չի ցանկանում հայտնվել այնտեղ։ Բայց երբեմն ստիպված ես լինում քեզ համար ոչ ցանկալի մարդկանց ուղարկել այն վայրը, որի վրա փակցված ցուցանակին գլխատառերով գրված է՝ «ՋԱՆԴԱՄԻ ԳՅՈՌ» բառակապակցությունը։
Անցանկալի մարդկանց հեռացնելու մեկ այլ վայր էլ կա, որը կապ չունի Բաղրամյան -3 հասցեում գտնվող Գրողների միության հետ։ Բայցևայնպես այդ անպաճույճ վայրը կոչվում է «ԳՐՈՂԻ ԾՈՑ»։ Քանի որ Գրողների միությանը չանդամակցող այդ «ստեղծագործողը», ըստ հայկական հավատամքի, մարդու արարքները ողջ կյանքի ընթացքում գրի առնող երևակայական ոգին է։
Մեր քաղաքում կա նաև սուպերմարկետից ավելի պարզունակ տեսքով մի հաստատություն, որը կոչվում է «ՀՈՐ ԴՈՒՔՅԱՆ»։ Բնականաբար այդ դուքյանից ուզածդ ապրանքը կարող ես վերցնել ու հեռանալ։ Այս հաստատությունն էլ տեղորոշված չէ գլոբալ համակարգերի, ասել է թե` GPS-ի միջոցով։
Գրեթե «հոր դուքյանի» գործառույթն է իրականացնում «ԲՈՅԱԽԱՆԻ ԿԱՐԱՍ» կոչված այն վայրը, որը հին երևանցիներին ծանոթ բոյախչիների (ներկարարներ) թաղամասում էր գտնվում։
Կադաստրային քարտեզների վրա նշված չէ նաև այն վայրը, որտեղ մարդիկ կարող են կտրվել առօրյա հոգսերից ու անվրդով վայելել իրենց հանգիստը։ Իսկ դա «ԷՇԻ ԱԿԱՆՋՆ» է, որտեղ քուն մտած անձի պետքը չէ, թե ինչ է կատարվում աշխարհում։ Կա նաև «ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋԻ» մեջ քնելու հանձնարարելի տարբերակը, սակայն մեզ մոտ ավելի հեշտ է ավանակ գտնել քան՝ սապատավոր կենդանի։
Շատ ավելի պրակտիկ նշանակություն ունի անհասցե վայրերի շարքում գտնվող այն ապահով անկյունը, որտեղ մուտք գործելու համար երբեմն ստիպված ես վճարել անգամ 1000 թուման (օրվա սակագնով)։ Իսկ դա «ՄԿԱՆ ԾԱԿ» կոչված հայտնի ապաստանն է։
Եվ վերջապես, կա բոլորիս հայտնի մի վայր, որտեղ դու կարող ես հայտնվել երանության մեջ և չունենալ առօրյա հոգեմաշ ու տառապալի տեղեկատվութույնը լսելու անհրաժեշտությունը։ Իսկ դա «ՄՈՐ ՓՈՐՆ» է։