Թիֆլիս 3 մարտի 1900թ.
Իմ թանկագին Ռուբենիկ, վաղուց քեզնից նամակ չունեմ, չգիտեմ, ինչպես ես, ինչով ես զբաղված: Ուրախ եմ, որ համալսարանական անկարգություններից հեռու ես մնացել, նաև նրա համար, որ թողել ես ծխելը, եթե իրոք թողել ես և չես սկսի նորից ծխել: Եթե սկսես նորից ծխել, կլինի թուլության դրսևորում և կնշանակի, որ դու կամքի ուժ չունես, որը հետագա կյանքում շատ տհաճություններ կպատճառի քեզ: Ես ուրախ կլինեմ քո ծանոթությունների համար գրական խմբակում, եթե նպատակդ ինչ – որ լուրջ օգտակար բան սովորելն է և ոչ թե պարզապես ժամանակ անցկացնելը: Պետք չէ հրապուրվել քաղաքական հարցերով, պետք է շրջահայաց ու հեռու մնաս կասկածելի անձանցից և գաղափարներից, որպեսզի նրանց ձեռքում գործիք չդառնաս: Երբեք մի մոռացիր և հիշիր, որ Պետերբուրգում գտնվելու քո միակ նպատակը կրթություն և գիտելիք ստանալն է, ինչպես նաև ողջամիտ և տրամաբանական ունակություններ ձեռք բերելը: Այն ամենը, ինչ կխանգարի այդ նպատակին հասնելու համար, պետք է ինքդ մերժես, քանի դեռ ուշ չի: Պարապու՞մ ես, և ինչպես են գնում գործերդ: Ե՞րբ են քննություններն, ինչպես է Լևոնը: Տեսնվեցիր Ներսես Սարկավագի հետ, որը ներկա պահին գտնվում է Պետերբուրգում` արևելագիտության բաժնում: Ծանոթացե՞լ ես պրոֆեսոր Մառի հետ, թե՞ Յուզբաշևը չի կատարել իր խոստումը: Քո ուղարկած «Կուրերը» կարդացի հաճույքով: Կարելի է ասել և գրել ամեն ինչ, բայց կյանքը գնում է իր հունով, և ուժն է որոշում ամեն ինչ: Օրերս լուրեր տարածեցին, որ Մուրավյովը հեռանում է, և նրա տեղը նշանակում են Գոնչարովին, բայց առայժմ լուրը չի հաստատվում, ըստ երևույթին ուղղակի քննադատություն էր: Ինչպես է օրիորդ Կատերինան, իմ սրտառուչ ողջյունները նրան, Մարիային, Աննա Սեմյոնովնային և Պավել Սեմյոնովիչին, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամներին:
Մնում եմ քո հայր` Ա. Օրբելի:
P.S. Յուսյան առողջ է և լավ է պարապում, ինչպես գիմնազիայում, այնպես էլ Թերսիկյանի մոտ: Մայրդ և պապդ չեն փոխվել, մնացել են հավատարիմ իրենց տհաճ սովորություններին: Համբուրիր Լևոնին, նրան կգրեմ հաջորդ անգամ: Ուղարկում եմ 100 ռուբլի, որից 60-ը կտաս Աննա Սեմյոնովնային, մնացածը թող մնա ձեզ երկուսիդ: Իսկ 25 ռուբլով Լևոնը թող քարտեզ կամ գրքեր գնի:
Համբուրում եմ, քո հայր Ա.Օրբելի:
Աղբյուր՝ Orbelimuseum.am