Category: 23 Դեկտեմբերի, 2016

  • ԳՅՈՒՄՐՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ ՎԱՌՎԵՑԻՆ

    ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

    Դեկտեմբերի 20-ի երեկոյան վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը։ Դրանով այստեղ տրվեց նաեւ ամանորյա միջոցառումների մեկնարկը։ Չնայած սաստիկ սառնամանիքին, քաղաքի կենտրոնական հրապարակը մարդաշատ էր, շատերն այստեղ էին եկել երեխաների հետ։ Նրանց ողջունեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Հենց երեխաների հետ էլ քաղաքապետ Սամվել Բալասանյանը վառեց լույսերը, ապա տեղի ունեցավ տոնական հրավառություն։

    Քաղաքի 28 մետրանոց գլխավոր եղեւնու մետաղական կառույցի հավաքման ու ապամոնտաժման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվել է 500 հազար դրամ։ Նրա ձեւավորման համար սոճու մոտավորապես 1000 ճյուղ օրինական կարգով անվճար բերվել է Լոռու անտառներից։ Ընդհանուր առմամբ քաղաքային ամանորյա տոնական միջոցառումներին հատկացվել է 5,5 մլն դրամ, քաղաքապետը նշել է, որ ավելորդ ծախսեր, «տաշի-տուշիներ» չեն անելու։

    Վարդանանց հրապարակում, որտեղ գլխավոր տոնածառն է, տոնական հրավառություն կկազմակերպվի նաեւ Ամանորի գիշերը։

    Ախուրյանի 100 անօթեւան ընտանիքներ ստացան բնակարանի բանալիներ

    Գյումրուն մերձակա Ախուրյանի նախկին շրջկենտրոնում երկրաշարժից անօթեւան 100 ընտանիքներ կարող են Ամանորը դիմավորել նոր բնակարաններում։ Դրանց բանալիներն այս ընտանիքներին հանձնվեցին դեկտեմբերի 20-ին, նրանց այս առթիվ շնորհավորեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։

    Պետության տրամադրած 798 մլն դրամի շրջանակներում Ախուրյանում կառուցվել է 3 բազմաբնակարան շենքՙ ընդհանուրը 104 բնակարանով։ Նորակառույցները ջերմամեկուսացված են, ջեռուցման համակարգերով, բնակարաններում տեղադրված են գազօջախներ։ Մարզպետը բնակիչներին հավաստիացրել է, որ շինարարական թերությունների հայտնաբերման դեպքում դրանք ենթակա են շինարարի կողմից վերացման, իրենք էլ այդ հարցում հետեւողական կլինեն։ Հովսեփ Սիմոնյանը նշել է, որ Ախուրյանում հանձնված այս բնակարաններով եւ 36 ընտանիքների տրամադրված բնակարանների գնման վկայագրերով այստեղ անօթեւանության խնդիրն այլեւս լուծվում է։

    Մարզի 19 այլ գյուղական համայնքներում դեռեւս մնում են 171 անօթեւան ընտանիքներ։

    Ամանորի գիշերըՙ միայնակ տարեցների հետ

    Գյումրու «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության անդամներն ու կամավորներն այս սառնաշունչ օրերին առավոտից երեկո զբաղված են քայքայված տնակներում պատսպարված ծայրահեղ անապահով հարյուրավոր ընտանիքների ձմռան վառելափայտ հասցնելու գործով, որը ոչ առաջին տարին իրականացվում է աջակից հովանավորների տրամադրած միջոցների շնորհիվ։ Նույն ճանապարհով կենտրոնի իրականանացրած բարեգործական ձեռնարկների թվում են նման տասնյակ ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը, նրանց հատկացվող տարատեսակ այլ օգնությունը։

    Այս օրերին «Շիրակ կենտրոնը» հանդես է եկել մի նոր շնորհակալ նախաձեռնությամբ։ Ամանորի գիշերը կենտրոնն իր տոնական հարկի տակ կհյուրընկալի միայնակ տարեցներին։ Ինչպես նշվում է այս կապակցությամբ տարածված հաղորդագրությունում, 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից այսքան տարի անց էլ շուրջ երեք հազար ընտանիք, այդ թվում տասնյակ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու խարխուլ վագոն-տնակներում եւ անձրեւներից ու ձյան հալոցքներից անպաշտպան, կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում։ Նրանցից շատերի ապրուստի հիմնական միջոցը կենսաթոշակն է, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում, թերսնվածությունը դարձել է սովորական երեւույթ։ Տարիների ընթացքում տնակային ավանների նոսրացման պայմաններում շատ միայնակ տարեցներ այսօր ապրում են մեկուսացած կյանքով, ծանր ու անօգնական վիճակում։ Նրանք հոգեբանական ծանր վիճակում են հայտնվում հատկապես տոնական օրերին…

    Կենտրոնը տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների համար Նոր տարվա գիշերը կազմակերպում է «Ամանորը դիմավորենք միասին» խորագրով երեկույթ։ Այն սկսվելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան եւ տեւելու է մինչեւ հունվարի 1-ի լուսաբացը, ինչպես ասվում էՙ «ճոխ սեղանների շուրջ, «Շիրակ կենտրոնի» հեքիաթային զարդարված սրահում»։ Հրավիրված 70 միայնակ տարեցներին այնտեղ կուղեկցեն կամավորները։ Կլինեն հյուրասիրություն, շնորհավորանք, միասին երգ, պար, Ձմեռ պապն ու Ձյունանուշը… Իսկ առավոտյան տարեցները կուղեկցվեն անմխիթար վիճակում գտնվող իրենց կացարանները։

  • ՊՈՒՏԻՆԸ ԳՆԱՑԵԼ ԷՐ ԹԱՏՐՈՆ

    Հ. ԱՖՅԱՆ

    Դեկտեմբերի 19-ին, երբ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բացվեցՙ «Ռուսաստանըՙ թուրքերի աչքերով» թուրք լուսանկարիչների ցուցահանդեսը, որի բացմանը մասնակցում էր Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, ամենացնցող լուսանկարը ընկած դեսպանն էր, հետեւում մարդասպանըՙ ատրճանակը (ի դեպ ռուսական) ձեռքին: Համենայնդեպս, երբ միջազգային բոլոր լրատվամիջոցները ցուցադրում էին կադրեր այդ ցուցահանդեսից, բոլորը ցուցադրում էին այդ պատկերը: Գուցե այն չէր համապատասխանում ռուս-թուրքական այս ցուցահանդեսի խորագրին, բայց համապատասխանում էր իրականությանը: Դեսպան Կառլովը, որին ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անվանեց «շատ հմուտ եւ բարձրակարգ դիվանագետ», սպանվեց Անկարայում: Մարդասպանը թուրք ոստիկան, իսկ թուրքերն ասում ենՙ նախկին ոստիկան Մեւլութ Մերթ Ալթընթաշն է, որը մի քանի կրակոցով սպանեց դեսպանին, ապա ինքը եւս սպանվեց:

    Թե ինչ եղավ հետո, հայտնի է: Նախ Էրդողանն անմիջապես զանգահարեց Պուտինին եւ պարզաբանեց իրադրությունը, ըստ այդմ Ալթընթաշը նախկին ոստիկան է ու մասնակցել է գյուլենականների հուլիսյան հեղաշրջման փորձին: Ապա Մարիա Զախարովան հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի «դեսպանը սպանվել է բացված անկանոն, քաոսային կրակոցներից եւ դա ահաբեկչություն էր»: Այն պարագայում, երբ դեսպանի սպանության տեսագրությունից պարզ երեւում է, որ Ալթընթաշը թիկունքից ոչ թե քաոսային, անկանոն, այլ շատ էլ ուղիղ եւ կանոնավոր կրակոցով սպանում է դեսպանին:

    Զուգահեռաբար Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն արեց ու կրկնեց ռուսական արտգործնախարարության որակումըՙ «սա ահաբեկչրություն էր, որը նպատակ ունի սեպ խրել ռուս-թուրքական շատ լավ հարաբերություններում»: Սեպի մասին չմոռացավ հիշատակել նաեւ ռուսական կողմը, ընդգծելով, որ «Մոսկվան թույլ չի տա որեւէ մեկին սեպ խրել ռուս-թուրքական շատ լավ հարաբերությունների մեջ, ինչի փորձն արվեց ռուս դեսպանի սպանությամբ»:

    Ավելի ուշ, արդեն սպանության հաջորդ օրը, Թուրքիայի ԱԳ նախարար, ռուս դեսպանի վրա կրակողի անվանակից Մեւլութ, սակայն Չավուշօղլուն, անձամբ հայտարարեց, որ «տեղի ունեցածը ստոր ահաբեկչություն է, որի պատճառներն անշուշտ բացահայտվելու են, մեղավորներն էլ, իհարկե, պատժվելու են, որ Անկարան սգում ու ցավում է», եւ մի ուրախալի լուր էլ հայտնեց… Անկարայում փողոց կբացենՙ դեսպան Անդրեյ Կառլովի անվան: Սրան հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը. նա եւս տեղի ունեցածը որակեց որպես «ստոր ահաբեկչություն»: Նույն բառերով, եղբայրաբար, միասնականորեն:

    Ռոմանտիկան եւ գեղարվեստականությունը սկսվեց Մարիա Զախարովայից: ՌԴ ԱԳՆ թիվ մեկ տիկինը սոցիալական ցանցում հրապարակեց դեսպան Կառլովի լուսանկարը, ապա տեղադրեց Վլադիմիր Վիսոցկուՙ «Ես չեմ սիրում» երգը ու հատուկ ընդգծեց այդ երգի հետեւյալ բառերըՙ «Ես չեմ սիրում, երբ կրակում են թիկունքից»: Հիշեցնեմ, որ ավելի վաղ նույն Զախարովան հայտարարել էր, որ դեսպանը սպանվել է բացված քաոսային, անկանոն կրակոցներից:

    Վիսոցկու մթնոլորտը շարունակեց, ավելի ճիշտՙ ամրապնդեց, կզարմանաք, Պուտինն անձամբ: Պարզվում է, որ սպանության օրը, երեկոյան, այսինքն ճիշտ այն ժամերին, երբ դեսպան Կառլովը Անկարայում ելույթ ունենալիս է եղել «Ռուսաստանըՙ թուրքերի աչքերով» ցուցահանդեսի ժամանակ, որի ամենադիտված լուսանկարի գլխավոր հերոսը ինքը պետք է դառնար, նախագահ Պուտինը գնացել էր թատրոն: Բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ թատրոնում բեմադրվում էրՙ «Խելքից պատուհաս» պիեսը, բայց ամենակարեւորն այս պատմության մեջ անգամ պիես-ներկայացման վերնագիրը չէ, այլ այն, որ պիեսի հեղինակ Ալեքսանդր Գրիբոյեդովը Ռուսական կայսրության դեսպանն էր Պարսկաստանում եւ 1829-ին նույնպես սպանվեց:

    Ահա այսպիսի միստիկա: Մնացյալն, ինչպես ասում են, ռուս-թուրքականՙ «շատ լավ» հարաբերություններ են, մի քիչ էլ Վիսոցկի, որը նույնՙ «Ես չեմ սիրում» երգում այսպիսի տողեր էլ ունի. «Ես չեմ սիրում սառը ցինիզմը: Ես չեմ սիրում, երբ անմեղներին հարվածում են: Ես չեմ սիրում, երբ մտնում են հոգուս մեջ: Առավել եւս չեմ սիրում, երբ թքում են այնտեղ…»: Ու քանի որ ողջ Ռուսաստանում դեռ չկա մեկը, ով կարողացել է շարունակել Վիսոցկուն, չշարունակենք նաեւ մենք, միայն ասեմ, որ դեսպան Կառլովին սպանելու հրաման տվել է կա՛մ Ֆեթուլլահ Գյուլենը, կա՛մ իսլամիստ ծայրահեղականներից ամենածայրահեղականը, կամ էլ Սաուդյան Արաբիան, հնարավոր է Չադը, չի բացառվումՙ Արեւելյան Թիմորը, կամ Շրի Լանկան:

    Մի խոսքով, ռուս ուժայինները մեկնել են Անկարա, որպեսզի իրենց թուրք «շատ լավ» գործընկերների հետ բացահայտեն այս սենսացիոն սպանությունը: Հաջողություն մաղթենք երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների ներկայացուցիչներին: Վերջ, հաջողություն:

  • ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ Է

    Հ. ԱՖՅԱՆ

    Գինին կապ չունի: Նկատի ունեմ քաղաքականության հետ: Այն գուցե կապ ունի պատերազմի հետ, ինչպես ասում ենՙ մարտականՙ թեկուզ անբասիր ուղու հետ, մարտական, զինակից ընկերների հետ անցած ճանապարհի հետ, բայց քաղաքականության հետ կապ ունի… կինը: Համենայնդեպս ավելի շատ, քան գինին: Միշտ է այդպես եղել, բոլոր թագավորություններում, հանրապետություններում, դաշնություններում եւ նահանգներում:

    Չնայած որ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը որոշել է մտնել ակտիվ քաղաքականություն եւ իր ջանքերը, փորձը, գիտելիքը ինքնուրույն ներդնել մեր պետության զարգացման գործում, պարոն Օհանյանը ինքնուրույն է որոշել: Բանն այն է, որ ջանքերը, փորձն ու գիտելիքը երկրի զարգացման գործում ինքնուրույն ներդնելու համար նախ պետք է ինքնուրույն որոշում կայացնել: Պարոն Օհանյանը այդ որոշումը կայացրել է եւ երեքշաբթի օրը հայտարարեց, որ մտնում է քաղաքականություն, եւ դատելով հայտարարության տեքստիցՙ բավականին երկար ժամանակով, խոստանալով, որ հայրենիքը կրկեսի չի վերածելու եւ մերժելու է, երբ քաղաքական գործիչների տեսակետների ու կարծիքների բախումը վերածվում է ծայրահեղ հակամարտության, սա, պարոն Օհանյանը կտրականապես է մերժելու:

    Զուգահեռաբար, եւ պարոն Օհանյանի այս ինքնուրույն որոշման հետ ոչ մի կապ չունենալով, տիկին Ռուզաննա Խաչատրյանը հայտնեց, որ մեկնարկել է Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջը, որի միջոցով պարոն Օհանյանը մշտական կապ կպահպանի հասարակության տարբեր շերտերի հետ: Տիկին Ռուզաննա Խաչատրյանը պարոն Սեյրան Օհանյանի կինն է, բայց դա ոչ մի կապ չունի, իրո՛ք չունի:

    Անկեղծ ասածՙ այս պատմության մեջ ինձ գոնե ամենաուշագրավ թվաց մեկ բառ: Այն մեխի պես, ընդ որումՙ խոշոր եւ անդուր, գամված է պարոն Օհանյանի ողջ հայտարարության մեջ եւ ըստ էության չի թողնում հայտարարության այլ մասերի վրա եւս ուշադրություն դարձնել: Խոսքը վերաբերում է արդեն հիշատակվածՙ «ինքնուրույն» բառին: Ինչո՞ւ է նախկին, այն էլ պաշտպանության նախարարը շեշտում այս բառը, ումի՞ց է ինքնուրույնանում: ՀՀԿ-ի՞ց, որին դե յուրե երբեք չի անդամակցել, Սերժ Սարգսյանի՞ց, ով նրա մարտական, զինակից ընկերն է, այլ հարց է, որ այլեւս գաղափարակից ընկեր չէ, թե՞ կար կամ կա այլ մեկը, ումից այլեւս ինքնուրույն է գործելու պարոն Օհանյանը: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե պարոն Օհանյանը որոշել է ինքնուրույն գործել, օրինակՙ Սերժ Սարգսյանից, հետեւաբարՙ ՀՀԿ-ից, կնշանակի, որ նա լինելու է ընդդիմադիր գործիչ, ինչը, խոստովանենք, ակնարկում է իր հայտարարությամբ, բայց շատ նուրբ, որ ոչ ընդդիմադիրները գիրկները բաց սրտատրոփ սպասեն, ոչ անձամբ Վիկտոր Դալլաքյանը առնվազն ժամանակից շուտ հրճվի, ոչ էլ իշխանությունն ի դեմս Սերժ Սարգսյանի խառնվի իրար, քանի որ քաղաքական դաշտ եւ ընդդիմադիր բեւեռ է ներխուժում ինքը, պաշտպանության գեներալ, նախկին նախարար, ուշադրությունՙ ՀՀ պետական գաղտնիք տիրապետող, կրող Սեյրան Օհանյանը, եւ նա դա անում է, ու այսուհետ ամեն բան անելու է ինքնուրույն:

    Վտանգավո՞ր է սա, անշուշտ այո: Ընդ որում ինչպես իշխանության համար, քանի որ ի վերջո Սեյրան Օհանյանը նախկինում, երբ ինքնուրույն չէր գործում, թիմի առանցքային անդամ էր եւ ներքին խոհանոցին հրաշալի տիրապետող, հետեւաբար ամեն պահի կարելի է սպասել, որ պարոն Օհանյանը կարող էՙ հանուն ընտրություններում իր հաղթանակի որոշում կայացնի եւ ինչ-որ զարմանահրաշ բաներ պատմի այդ ներքին խոհանոցից: Եւ պետության համար է սա վտանգավոր, քանի որ պարոն Օհանյանն, ինչպես արդեն ասացի, ոչ միայն իշխանական թիմի ներքին խոհանոցին է տիրապետում, այլեւ ՀՀ պետական գաղտնիքին: Անգիր գիտի որտեղ որքան զենք ու զինվոր ունենք, որ թվի զենք ունենք, որ թվից սկսած զենք չունենք, տարբեր զորամասերում ունի հավատարիմներ, իր հետ մարտական ուղի անցածներ, իրեն զինակից ընկերներ, որոնց, ի դեպ, պարոն Օհանյանը դիմում է իր հայտարարությամբ, թե բա, տղերք, որոշել եմ ինքնուրույն մտնել քաղաքականություն, ի՞նչ կասեք: Պատկերացրեք, որ տղերքն էլ, ոչ բոլորն անշուշտ, մի մասը գոնե, բռնեն ու ասեն: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, ոչ թե չեմ կարող, այլ չեմ ուզում նման բան պատկերացնել:

    Մյուս կողմից, ո՞վ է մեղավոր, որ պարոն Օհանյանը սկսեց ինքնուրույն որոշումներ կայացնել եւ անցնելՙ միշտ հարգված զինվորականից չհարգված քաղաքական գործիչ դառնալու ճանապարհը: Բնականաբար պարոն Օհանյանը եթե այստեղ մեղք ունի էլ, ապա ամենաքիչը: Մարդն իրոք փորձ ու գիտելիք ունի, աշխատելու եւ ծառայելու ցանկությունը եւս, մարտական ու զինակից ընկերներ, առհասարակ ընկերներՙ որքան ուզեք, ուստի ինչո՞ւ նա չպետք է ցանկանար մտնել քաղաքականություն: Այստեղ այլ մեկի բացթողումը կա: ՀՀԿ-ն ինքն է մեղավոր, որ պաշտպանության նախկին նախարարը որոշեց ինքնուրույն ջանալ հանուն… երկրի բարօրության: ՀՀԿ-ն ինքը թողեց պարոն Օհանյանին, չնայած վերջինս իր հայտարարության մեջ նշում է, որ իրեն առաջարկել են բարձր պաշտոններ, սակայն ինքը մերժել է, քանի որ ցանկանում է այսուհետ ինքնուրույն…Առժանահավատ չէ: Ամեն դեպքում ՀՀԿ-ն, երբ մի բան շատ է ցանկանում, լինում է:

    Մենք իհարկե չենք պնդում, որ պարոն Օհանյանն իր քաղաքական ինքնուրույն գործունեության մեջ բացահայտելու է ՀՀ պետական գաղտնիքը: Բայց մենք պնդում ենք, որ քաղաքականության մեջ ինքնուրույն գործունեություն ծավալել հնարավոր չէ: Ուրեմն կա՛մ ՀՀԿ-ն իրականում բաց չի թողել պարոն Օհանյանին եւ հենց ՀՀԿ-ին է պետք, որ Օհանյանը սկսի ինքնուրույն քաղաքական գործունեության իմիտացիա, կամ էլ պարոն Օհանյանն իսկապես ինքնուրույն է որոշել մտնել քաղաքականություն: Իրո՛ք ինքնուրույն, լրի՛վ ինքնուրույն, բոլորի՛ց ինքնուրույն: Ֆեյսբուքի էջն էլ, որն այսօրվանից մեկնարկել է, պարոն Օհանյանը լրիվ ինքնուրույն է վարելու…:

  • ԶԱԶԱ, ԶԱԶԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Անցնած հանգստյան օրերին Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցավ երկու ուշագրավ իրադարձություն: Նախ, դեկտեմբերի 17-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱԿ 20-րդ հոբելյանական համագումարը, սակայն ուշագրավը ոչ թե համագումարն էր, կամ այնտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը (որքան էլ այն ուշագրավ թվա, բայց այն նորություն չէ), այլ այն հանգամանքը, որ ՀԱԿ կուսակցության անդամները կուսակցության վարչության անդամ ընտրեցին վտարանդի Վանո Սիրադեղյանին: Թե ինչպե՞ս պետք է պարոն Սիրադեղյանը մասնակցի ՀԱԿ վարչության նիստերին, դժվարանում եմ ասել, եւ գուցե այդ պատճառով էլ խոսենք բոլորովին այլ թեմայից:

    Նույն ընթացքում, ավելի ճիշտՙ հաջորդ օրը, դեկտեմբերի 18-ին, հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսի Բել-Էյր շրջանի իր սեփական տանը 99 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից մահացել է հունգարական ծագմամբ ամերիկացի կինոդերասանուհի, աշխարհիկ եւ ոչ պակաս իմաստուն տիկին, գրող Զազա Գաբորը:

    Եւ որպեսզի Գաբորի, ոչ թե ՀԱԿ-ի մասին խոսելու իմ ընտրությունը հիմնավորեմ, երկու մեջբերում, մեկըՙ ՀԱԿ-ի համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթից, երկրորդըՙ Գաբորից: «Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայնասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկատվական դաշտում: Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի», սա ասել է առաջին նախագահը, ըստ էության ոչ մի նոր բան չասելով, իսկ սաՙ «Մեղրամիսն ավարտվում է այն ժամանակ, երբ ամուսնու հողաթափերը բերում է շունը, իսկ հաչել սկսում է կինը», ասել է Գաբորը:

    Հիմա, մանավանդ որ ամենեւին էլ չենք ցանկանում թեկուզ միայն Տեր-Պետրոսյանի եւ նրա յուրայինների վրա թողնել «վայնասուն» բարձրացնողի տպավորություն, շարունակենք Գաբորի մասին:

    Զազա Գաբորը, ավելի ճիշտՙ Շարի (սա Սառա անվանման հունգարական ձեւն է) Գաբորը ծնվել է Վիլմոշ եւ Ջոլի Գաբորների ընտանիքում, ունի երկու քույրՙ Մագդան եւ Էվան, որոնք ինչպես եւ Զազան հետագայում դարձել են դերասանուհիներ, ճիշտ է, ոչ այնքան հայտնի, որքան Զազան: Ի դեպ, Զա-զա Գաբորին անվանել է մայրը, երբ աղջիկը դժվարացել է արտաբերել իր անունըՙ Շարի, փոխարենն իրեն կոչելով Զա-զա:

    1936-ին Զազա Գաբորը հաղթող է ճանաչվում «Միսս Հունգարիա» մրցույթում, սակայն նրան որակազրկում են, քանի որ Զազան կեղծել էր իր տարիքը, որպեսզի կարողանա մասնակցել մրցույթին: Դրանից մի քանի տարի անց Զազան մեկնում է Վիեննա, որտեղ նրան տեսնում է տենոր Ռիչարդ Թաուբերը եւ շատ հմայված լինելով շատ հմայիչ եւ հմայել շատ ցանկացող Զազայով, առաջարկում է նրան… երգել իր նորՙ «Երգող երազանքը» օպերայում, Վիեննայի օպերայի թատրոնում:

    Հայտնի չէ, թե Ռիչարդ Թաուբերը որքան է շարունակում զմայլված մնալ Զազայով, բայց Վիեննայում կամ Ռիչարդի կողքին տիկին Գաբորը երկար չի մնում: Նա մեկնում է Փարիզ, ապա Ամերիկա եւ սկսում իր շռնդալից կարիերանՙ մեկը մյուսի հետեւից նկարահանվելով եւ զմայլելովՙ «Մենք ամուսնացած չենք», «Մուլեն Ռուժ», «Գեղջկուհինՙ Բեվեռլի Հիլզում» եւ այլ ֆիլմերում, հեռուստահաղորդումներում եւ այլն:

    1989-ի հունիսի 14-ին Բեվեռլի Հիլզում Զազա Գաբորն անում է մի բան, ինչի համար հետագայում ստիպված է լինում «Էլ Սեկունդո» մեկուսարանում 72 ժամ ուղղիչ աշխատանքներ անել: Նա հենց փողոցում ապտակում է պետավտոտեսուչին, քանի որ վերջինս (ինչպես պնդում էր Զազան) կոպիտ էր խոսել իր հետ: Դատարանն, իհարկե, չի զմայլվում Զազայով, չնայած նա հավանաբար ջանքեր գործադրում է, եւ նրան մեղավոր է ճանաչում ոստիկանի վրա հարձակում գործելու մեջ:

    Զազա Գաբորը ամուսնացել է 9 անգամ: Շատ կարեւոր է, որ նրա ինը ամուսիններից ոչ մեկի անունը չի կրկնվում: Իմիջիայլոց Զազան մի առանձնահատկություն ուներ. նա չէր կարողանում մտապահել անուններ, այնպես որ չի բացառվում, որ կինը չի էլ հիշել իր բոլոր տղամարդկանց անունները: Նկատի չունեմՙ ինը ամուսինների, նկատի ունեմՙ բոլորի:

    Մի առիթով, երբ Գաբորին հարցնում են, թե քանի՞ տղամարդ է ունեցել, Զազան պատասխանում էՙ «Այսի՞նքն, բացի իմ սեփականի՞ց»: 1986-ի օգոստոսի 14-ից մինչեւ իր մահը, ճիշտ քսան տարի, Զազայի ամուսինն էր Ֆրեդերիկ Պրինց ֆոն Անհալտը: Զազան ունի միայն մեկ դուստրՙ երկրորդ ամուսնուցՙ Կոնրադ Հիլթոնիցՙ Ֆրանչեսկա Հիլթոնը, որը ծնվել է 1947-ի մարտի 10-ին, երբ իր ծնողներն արդեն ամուսնալուծված էին: Ի դեպ, 2005-ին Զազա Գաբորը դատի տվեց իր հարազատ դստերըՙ Ֆրանչեսկային, մեղադրելով վերջինիսՙ «գողության եւ խարդախության մեջ»: Հարկ է նկատել, որ դատական հայցի նախաձեռնողը ոչ թե անձամբ Զազան էր, այլ նրա ամուսինըՙ Ֆրեդերիկ Պրինց ֆոն Անհալտը: Դատական նիստն ի վերջո չկայացավ, գործը կարճվեց, քանի որ Գաբոր ընտանիքից ոչ մեկը չէր ներկայանում դատական նիստերին:

    Հայտնի չէ, թե ինչպիսի մայր էր Գաբորը, բայց հրաշալի տնային տանտիրուհի էր: «Ես հրաշալի տանտիրուհի եմ,- ասել է Գաբորը մի առիթով, քանի որ իմ բոլոր ամուսնալուծություններից հետո, տան տիրուհին մնում եմ ես»: Իմիջիայլոց, չնայած ամուսնալուծությունների թվին, Գաբորը խոստովանել է, որ երբեք ոչ մի տղամարդուց շատ չի նեղացել. «Ես երբեք տղամարդկանցից չեմ նեղանում այնքան, որ հետո հետ վերադարձնեմ նրանցՙ ինձ նվիրած ադամանդները», ասել է Գաբորը:

    Առողջական խնդիրները Գաբորն ունեցել է 2005-ից, երբ առաջին անգամ ինսուլտ տարավ ու հոսպիտալացվեց: 2011-ին Զազայի կյանքում տեղի է ունենում մի շատ ուշագրավ բան: Երբ հերթական անգամ նա հոսպիտալացվում է, բժիշկներն առաջարկում են հեռացնել ոտքերից մեկը, որպեսզի նրա ապրելու հավանականությունը մեծանա: 94-ամյա Գաբորը կտրականապես մերժում է բժիշկների առաջարկը, դժվարությամբ, բայց հիշեցնելով նրանց իր հայտնի խոսքերից մեկըՙ «Կնոջ մեջ տղամարդկանց ամենաշատը գրավում են հագուստի բացվածքները»:

    Ոտքն, իհարկե չեն հեռացնում, եւ Զազան մեկ ամիս մնում է կոմայի մեջ, ապա ապրում եւս հինգ տարի, այդ ընթացքում եւս մեկ անգամ հիվանդանոց գնում, քանի որ առողջական վիճակը կտրուկ վատացել էր, երբ իմացել էր իր վաղեմի ընկերուհուՙ Էլիզաբեթ Թեյլորի մահվան մասին, եւ մահանում, ինչպես արդեն ասացիՙ այս տարվա դեկտեմբերի 18-ին Լոս Անջելեսի Բել-Էյր շրջանի իր տանըՙ ինչպես միշտՙ ամուսնացած…

    «Սեքսը լավ է մոտավորապես առաջին երկու տարում, իսկ հետո ձեզ արդեն անհրաժեշտ կլինի սեր», ասել է Զազան ու հավելել, որ ինքը ոչինչ չի հասկանում սեքսից, քանի որ միշտ եղել է ամուսնացած:

    Ես անկեղծ ասած չգիտեմ, թե ինչո՞ւ են Գաբորի ոչ պաշտոնական մասնագիտությունը նույնացնում քաղաքականության հետ, բայց ես վստահ եմ, որ եթե Գաբորը ոչինչ չի հասկանում սեքսից, ուրեմն քաղաքական ամենափորձառու գործիչները ոչինչ չեն կարող հասկանալ քաղաքականությունից:

    Ու ես չեմ պնդում, որ մեր ամենափորձառու քաղաքական գործիչները միայն ՀԱԿ-ում են…

  • «ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԺԱՄ 2016»ՙ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

    «ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԺԱՄ 2016»ՙ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

    «Այբ» դպրոցի եւ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ` «Այբ» ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: Միջոցառման գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

    Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է նոր տեխնոլոգիաներով եւ ծրագրավորմամբ հետաքրքրված բոլոր մարդկանցՙ անկախ տարիքից, սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը եւ խնդիրների լուծման հմտությունները: Եվ այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում:

    Այս տարի միջոցառմանը զուգահեռ անցկացվեցին նաեւ վարպետության դասերՙ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Նրանք սովորեցրեցին մասնակիցներին, թե ինչպես ստեղծել մեծ համակարգեր, ինչպես նախագծել խաղեր եւ որքանով է կարեւոր անվտանգ գաղտնաբառերի կիրառությունը:

    «Ծրագրավորումը զիլ գործ է: Տարեցտարի ավելի եւ ավելի շատ մարդիկ են ոգեւորվում ծրագրավորմամբ: Ծրագրավորում սովորելու համար չկա տարիքային սահմանափակում, ամեն մեկը ցանկացած պահի կարող է սկսել սովորել: Այսօր առանց զգալի ծախսի ծրագրավորում սովորելու բազմաթիվ միջոցներ կան: Hour of Code-ի միջոցով ցանկանում ենք, որ այդ ոգեւորիչ ճանապարհը մարդիկ սկսեն մեզ հետ»,- ընդգծեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

    «Ապրելով տեխնոլոգիաներով հագեցած հազարամյակումՙ շատ կարեւոր է երեխաներին տեխնոլոգիաներ սպառող հասարակությունից դարձնել տեխնոլոգիաներ ստեղծող: Այն, ինչ մենք սպառում ենք առցանց տիրույթում, կարող ենք նաեւ ստեղծել: Նմանատիպ միջոցառումները խթան են ծառայում դպրոցականների շրջանում ծրագրավորմամբ հետաքրքրվելու, նոր գաղափարներով հանդես գալու եւ հետագայում նորարար լուծումներ ստեղծելու համար», – նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

    «ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է «Ծրագրավորման ժամ» միջոցառման կազմակերպմանըՙ ելնելով երիտասարդության շրջանում տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու եւ խթանելու, հեռանկարում այդ ոլորտը Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը դարձնելու հրամայականից», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

    Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Ծրագրավորման ժամ»-ի իրականացման համար տրամադրել է 150 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիություն ներբեռնման եւ վերբեռնման համարՙ Wi-Fi ցանցի միջոցով, ինչը հնարավորություն է տվել ապահովել միջոցառման 300 մասնակիցների համաժամանակյա միացումը համացանցին: Արդյունքումՙ յուրաքանչյուր մասնակից միջինում ապահովվել է 3 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիությամբ:

    Միջոցառման պաշտոնական հեշթեգն էր #HourofCodeEVN: Միջոցառման համեղ գործընկերն էր menu.am-ը:

  • ՉԱՅԿՈՎՍԿՈՒ «ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ»-Ըՙ 3D ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՄԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ

    ՉԱՅԿՈՎՍԿՈՒ «ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ»-Ըՙ 3D ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՄԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ

    Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետը Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել նոր ձեւաչափովՙ համակարգչային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Ապահովելով ձեւավորման 3D ձեւաչափՙ նախագծի հեղինակները դահլիճի ամբողջ տարածքը, սյուները, խորաններն ու զարդաքանդակները դարձրել են յուրօրինակ եռաչափ էկրան եւ «կենդանացրել են» միջավայրը: Դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումն ունկնդրելուն զուգահեռՙ հանդիսատեսը եռաչափ ակնոցների միջոցով իրական աշխարհից «տեղափոխվել է» հեքիաթային աշխարհ:

    Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, դեռեւս 2011 թվականից բազմիցս ներկայացվել է ռուս հանճարեղ կոմպոզիտորի բալետի երաժշտության գրական-երաժշտական կոմպոզիցիանՙ ամբողջական կատարմամբ: Ժամանակակից լուծումների եւ նորովի ներկայացման շնորհիվ, այն դարձել է առավել գունեղ ու տպավորիչ: Բեմականացման աշխատանքների հեղինակը նկարիչ-ռեժիսոր Սուքիաս Թորոսյանն է: Նախագիծը 3D ձեւաչափով իրականացրել է պրոդյուսեր Անդրանիկ Թորոսյանը: Բալետմայստերիՙ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի բեմականացմամբ էլ` Պարարվեստի պետական ուսումնարանի սաները բալետային կատարումներով հանդես են եկել մի քանի դրվագներում: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

    «Աշխարհը խելահեղ տեմպով զարգանում էՙ տարբեր ոլորտներում անխուսափելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Տարբեր նպատակներից ելնելովՙ մարդկությունը փնտրում եւ գտնում է դրանք իրեն ծառայեցնելու կոնկրետ լուծումներ: Հաճելի է արձանագրել, որ մեր գործընկերները ստացել են առաջին հայացքից անհամադրելինՙ տեխնոլոգիայի եւ մշակույթի սինթեզը: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս նախաձեռնությամբ հանդիսատեսին է փոխանցում գեղեցիկ մտածողության արվեստը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

    «Շչելկունչիկ» բալետը 3D պատկերազարդման ձեւաչափով հանդիսատեսին կներկայացվի նաեւ դեկտեմբերի 24-ին:

  • ՄԵԾ ԵՐԱԶԻ ՃԱՄԲՈՒՆ ՈՒՂԵՒՈՐԸ

    ՄԵԾ ԵՐԱԶԻ ՃԱՄԲՈՒՆ ՈՒՂԵՒՈՐԸ

    ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆ, Տիթրոյթ

    Գերսամ Ահարոնեան

    Հեռաւոր հորիզոնին վրայ տակաւին չուրուագծուած «Մեծ Երազը»ՙ ահա՛ կ՛իյնար Մեծ Երազողը: Ափսո՛սՙ այդ Երազին եւ ափսոսՙ Մեծ Երազողին:

    Իրապաշտ ու կեանքի կարծր իրականութեանց գիտակ մարդն էր Գերսամ Ահարոնեանը, որ գիտէր նաեւ երազե՜լ, երազել իր ազգին մեծ երազը:

    Ծնած էր աքսորի ճամբուն վրայ, Մարաշի մէջ, սակայն ոչ ոքի կը զիջէր տիրութիւնը Զէյթունի արծուեբոյնին, ուր իր նախահայրերը դարաւոր գոյամարտ մղած էին ոսոխին դէմ ու դրօշի նման բարձր պահածՙ ցեղին ազատութեան ոգին: Աքսորի ճամբուն վրայ իր միակ ժառանգութիւնը եղաւ այդ անվեհեր ոգին, որ աճեցաւ իր մէջ, որ ապրեցա՛ւ իր մէջ, ու իրմէ անդին:

    Բնութիւնը շռայլ գտնուած էր Գերսամ Ահարոնեանի նկատմամբ. թիկնեղ հասակ, խաժ ու թափանցող աչքեր, եւ արտակարգօրէն պայծառ միտք. ու ինք բնութեան այդ շռայլ բարիքներուն գիտակ, միշտ իր ուսերուն վրայ կը կրէր անոնց հպարտութիւնը… վրդովելու աստիճան շատերը:

    Գրեթէ ինքնուս մարդ մըն էր ան. սակայն համալսարանական տիտղոսները ոչինչ պիտի կրնային աւելցնել իր գիտութեան վրայ, եւ ընդհակառակն, գուցէ տիտղոսին համապատասխան «սովորական»ին համեմատութեան պիտի զեղչէին իր գիտութեան հմայքը: Յաճախ նսեմացուցած էր ան տիտղոսաւորները իր միտքին լայն հորիզոնով, անսահման պաշարով եւ վերլուծելու խորաթափանց կարողութիւններով:

    Փայլուն մարզիկ մը եղած էր ան երիտասարդութեան, եւ իր ամբողջ կեանքի տեւողութեան մարզիկի իր արիութիւնը ընկերացաւ իրեն ազգային-քաղաքական կեանքին մէջ: Արհամարհողը չէր սալոնային պերճանքները, սակայն գիտէր նաեւ զանգուածին հետ ըլլալ ու զանգուածները շարժե՛լ: Իր ժողովուրդին իսկական զաւակն էր ան:

    Իր օրով էր որ լիբանանահայ կեանքը սկսաւ իրագործել իր մշակութային կոթողային ձեռնարկները, որոնց արձագանգները տարածուեցան Երեւանէն մինչեւ հեռաւոր ծագերն աշխարհի:

    Հոգեկան անսպառ ուժերով օժտուած, աշխատելու անսահման ախորժակով գաղափարական առաջնորդն էր ան, որ իր տեսիլքին հզօրութեամբ, անձին կախարդանքով եւ անձնական համոզումներուն խորութեամբ, կը շարժէր իր ամբողջ շրջանակը եւ յաջողութենէ յաջողութիւն կ՛առաջնորդէր զայն:

    Բազմակողմանի ու բազմատաղանդ անձնաւորութիւն մը եղաւ ան. եւ ինչ որ ըրաւՙ իր ըրածը պսակեց շքեղագոյնին փայլով:

    Ան իբրեւ ուսուցիչ մտաւ կեանքի ասպարէզ. կը դասաւանդէր ազգային պատմութիւն, Աշխարհի եւ Հայաստանի աշխարհագրութիւն եւ ընդհանուր պատմութիւն: Դասագիրքը չէր անոր ուղեցոյցը. որովհետեւ ինքն էր դասագիրքը իր խորունկ գիտելիքներով ու յաւերժօրէն ճշմարիտը որոնող իր միտքով: Հայաստանի աշխարհագրութիւնը մանաւանդ «իր ափին պէս գիտէր» ու կը հմայէր իր աշակերտները իր ճշգրտութեամբ եւ իր միտքի անսահման հորիզոնով:

    Յաջորդական սերունդներ, որոնք իր շունչով դաստիարակուեցան, ոչ միայն սորվեցան մեր ազգային պատմութիւնը, այլեւ ապրեցան զայն: Անոր առաջնորդութեամբ անոնք քալեցին պատմութեան արիւնոտ բաւիղներէն, նիզակահար եղան Վարդաններու կողքին, քար առ քար կերտեցին Գլաձորներն ու Սանահինները, վրէժի ցասմամբ բարձրացան Ղարաբաղի, Զէյթունի ու Շապին Գարահիսարի լեռները, եւ հայոց պատմութիւնըՙ գիտութենէ աւելիՙ իբրեւ պատգա՛մ մնաց եւ արձագանգեց անոնց հոգիներուն մէջ:

    Ահարոնեանի նախասիրած պատգամներէն մէկը- զոր յաճախ կը կրկնէր իր հրապարակային դասախօսութեանց ընթացքին- սա խռովիչ ու դիւթիչ կարգախօսն էր.- «Հրեաները երկու հազար տարի իրարու մաղթեցին «Գալ տարիՙ Երուսաղէմի մէջ», իսկ մեր մաղթանքը պէտք է ըլլայՙ «Գալ տարիՙ Վանի մէջ», ու պէտք է կրկնենք այս մաղթանքը, եթէ հարկ էՙ հազար տարի, կամ նոյնիսկՙ երկու հազար տարի, մինչեւ որ ուրարտական աւերուած հին Վան-Տոսպի մէջ վերականգնի հայութեան ամբողջական ու «Մեծ Երազը»:

    Այսօր, Գերսամ Ահարոնեանի յիշատակը յաւերժացնելու ազնուագոյն կերպը այդ կարգախօսին համազգային մակարդակով որդեգրումն ու մանաւանդՙ իրականացո՛ւմն է:

    Հասարակական խիզախ առաջնորդի իր խմորին շաղուած էր աշխարհի անցուդարձներուն եւ ալեկոծումներուն իրազեկ մեծ խմբագրի խառնուածքը: Իր խմբագրութեամբ, Պէյրութի «Զարթօնք» օրաթերթը դարձաւ սփիւռքահայ մամուլի ամէնէն պատկառելի ձայնը- անկէ է որ կը սփռուէին ազգային վերջին իրադարձութիւնները. «Զարթօնք»ի խմբագրականներով կը վճռուէին զանգուածներուն որոշումներն ու արարքները:

    Սակաւաթիւ են այն խմբագիրները, որոնք կարողացան Ահարոնեանին չափ պատկառանք ներշնչել ընթերցող հասարակութեան եւ բարձրանալ պաշտամունքի պատուանդանին:

    Միտքի անօրինակ կարգապահութեան տէր մտաւորական մըն էր ան. երբ ոտքի կանգնէրՙ կրնար առանց նոթի ժամերով խօսիլ ազգային պատմութեան մասին թուականներով, վայրերով եւ պատմական սքանչելի կառոյցով:

    Հիացողներու պնդումին վրայ էր որ խմբագրականներու շարքի մը վերածեց Հայկական դատի մասին իր հմտալի դասախօսութիւնները, որոնք ետքէն լոյս տեսան «Մեծ Երազի Ճամբուն Վրայ» գրաւիչ վերնագրով հատորին մէջ: Հատորին յաջորդական տպագրութիւնները յափշտակուեցան համայն գաղութահայութեան կողմէ:

    Համալսարաններու ամբիոններէն մանրադէտով ծանօթագրութիւն (ֆութնօթ) փնտռող պատմաբանները հաւանաբար յուսախաբ մնացին այդ հատորէն: Սակայն այդ գործը դարձաւ ու մնաց Հայկական դատի առձեռն ուղեցոյցը ժողովուրդին համար: Գրուած պիրկ եւ ուժական ոճով, վերլուծական ընդհանրացումներով ու մանաւանդՙ պատմութեան մռայլ ծալքերէն պոռթկացող ահեղագոռ պատգամներով: Գերսամ Ահարոնեան գիտէր պատմութիւնը խօսեցնե՛լ, ու հոսեցնել զայնՙ դարերու զառիթափն ի վար ու դիւցազնական դրուագներով բռնկեցնել ժողովուրդին երեւակայութիւնը:

    Եթէ Եղեռնի Յիսնամեակի ոգեկոչումները անկիւնադարձ մը հանդիսացան արդի ժամանակներու մէջ Հայկական դատի վերարծարծման, անկասկած Գերսամ Ահարոնեանի խմբագրած «Եղեռնի Յուշամատեան»ը վկայակոչեց այդ անկիւնադարձին ամէնէն կոթողային իրագործումներէն մէկը, որ անսպառ նիւթ հայթայթեց ու կը շարունակէ հայթայթել թէ՛ հասարակ ընթերցողին ու թէ՛ մանրախոյզ գիտնականին:

    Այս շարքին պսակումը եղաւ իր «Խոհեր Յիսնամեակի աւարտին» եզրափակիչ գործը, որ նոյնպէս ջերմօրէն ընդունուեցաւ ընթերցող հասարակութենէն:

    Այդ հատորը կ՛անդրադառնար ժողովուրդի պատմական հզօր պոռթկումին, ան նոյնպէս կը նախագծէր Հայկական դատի անշեղ ուղին, որուն անկասկած պիտի հետեւին գալիք սերունդները, մինչեւ Գերսամ Ահարոնեանին ու մեր Երազին իրականացումը:

    Լիբանանի քաղաքացիական պատերազմը, որ ցնցեց հիմերը հայ գաղութին ու գաղութահայութեանՙ ահաւոր կերպով անդրադարձաւ Գերսամ Ահարոնեանի հոգեկան ու ֆիզիքական աշխարհին վրայ: Ինք որ ճարտարապետներէն մէկը եղած էր Լիբանանի ազգային, մշակութային, կրթական ու մտաւորական կեանքի կառոյցինՙ իր աչքերուն առջեւ կը տեսնէր փլուզումը իր ձեռակերտին: Ինք որ արժանապատւութեան վսեմ գաղափարներով եւ հոգեկան անօրինակ արիութեամբ ապրած էր, նոյնիսկ գեհենի ճամբաներուն վրայ, դառնացաւ կեանքէն ու աշխարհէն, երբ տեսաւ թէ ամէնէն արժանաւոր մտաւորականին կեանքը փողոցային լակոտի մը անգիտակից փամփուշտին արժէքին հաւասարեցաւ, ու գաղափարական քաջութիւնըՙ ծաղրանկարի մը վերածուեցաւ լիբանանահայութեան վիճակուած այլանդակ կեանքին մէջ: Ան կծկուեցաւ ինքն իր մէջ, վանդակի կաշկանդումներուն համակերպած արծուի մը պէս, որուն հոգին միշտ մնաց Զէյթունի անառիկ լեռներուն վրայ, ու իր կրկին թռչելու ինքնավստահութիւնըՙ անխորտակելի կերպով մնաց այդ հոգիին մէջ:

    Տակաւին ան տալիք ունէր հայ կեանքին, մեր մտաւորական ժառանգութեան, ու մեր երիտասարդութեանՙ մա՛նաւանդ շատ ծրագիրներ ունէր, զորս իրեն հետ տարաւ, անաւարտ ու աշխարհին չյայտնուած:

    Իր տխրութեան, հոգեկան ու ֆիզիքական փլուզումին մէջ ան վստահաբար ունեցաւ անսահման մխիթարութիւնըՙ իր մահէն կարճ ժամանակ մը առաջ հայրենիք այցելելու:

    Հայրենիքը գաղափարաբանութիւն չէր իրեն համար, այլ հայոց պատմութեան մէկ իրապաշտ պատգամըՙ նետուած մեր ցեղին դժխեմ ճակատագրի երեսին: Վերածնած Հայաստանի ժողովուրդին ու հողին մէջ ան կը տեսնէր անխորտակելի հիմնաքարը մեր ազգային դատին, մեր Մե՛ծ երազին: Ան շուրջ ամիս մը մնաց Հայաստան, իր հոգիին ու սիրտին վէրքերը դարմանելու այնտեղՙ Երեւանի ու Սեւանի ջուրերուն մէջ, զրոյցի նստելու Արարատ նահապետին հետ, եւ յանուն իրեն ու յանուն գալիք բոլոր սերունդներուն, անոր ականջին պատգամելուՙ «Գալ տարիՙ Վանի մէջ»:

    Եւ այնուհետեւ, ի՜նչ փոյթ որ ալ կ՛իյնար Մեծ ուղեւորըՙ իր Մեծ երազի ճամփուն վրայ….:

    1981, Տիթրոյթ

  • ՈՎ ՍՊԱՆԵՑ ՌՈՒՍ ԴԵՍՊԱՆԻՆ

    ՈՎ ՍՊԱՆԵՑ ՌՈՒՍ ԴԵՍՊԱՆԻՆ

    Պ. Ք.

    Պատասխանատվությունը ստանձնեց «Ջեյշ ալ-Ֆաթհը»

    Անկարայում, դեկտեմբերի 19-ի երեկոյան, Ժամանակակից արվեստի կենտրոնում գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսի բացման ժամանակ կատարվեց զինված հարձակում Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Hurriyet թերթի տեղեկացմամբ, ելույթի համար ամբիոնին մոտեցած դեսպանն ատրճանակից ծանր վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: «Ռուսաստանն ու Թուրքիան անպայման վրեժ կլուծեն ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության համար», հայտարարել է Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիխ Գյոքչեքը NTV-ի հեռուստաեթերում:

    Ահաբեկիչը եղել է ոստիկանի համազգեստով եւ պատկերասրահի շենք մտնելիս ներկացրել է ոստիկանի վկայական: «Սպուտնիկ» ռադիոկայանի տվյալներով, անցած հուլիսի դեպքերից հետո նրան հեռացրել էին ոստիկանությունից, բայց Թուրքիայում տարածված կոռուպցիայի պայմաններում վկայական պահելը կամ նորը ճարելը խնդիր չէ: Հարձակումից հետո մյուս ոստիկանների հետ ծավալված փոխհրաձգության ժամանակ ահաբեկիչը սպանվել է: Նրա անունը Մերթ Ալթընթաշ է:

    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանրությանը կոչ է արել «կողմնորոշվել ԱԳՆ-ից կամ Թուրքիայի դեսպանատնից ստացվող տեղեկատվությամբ»: Մոսկվան ռուս դեսպանի սպանությունը որակել է ահաբեկչություն:

    Թուրքիայում վերջերս լուրեր էին պտտվում, թե երկրի ապակայունացման նպատակով իբր նախապատրաստվում է մահափորձ նախագահ Էրդողանի դեմ: Էրդողանը երկրի քաղաքացիներին հորդորել էր միավորվել բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու համար: Սակայն ահաբեկիչների հերթական թիրախը դարձավ ՌԴ դեսպանը: Ինչո՞ւ:

    Այս կապակցությամբ աչքի են զարնում որոշ հարակից հանգամանքներ:

    Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն նախօրեին հերքել էր արեւմտյան եւ որոշ թուրքական ԶԼՄ-ների այն հաղորդումը, թե «Թուրքիան եւ Ռուսաստանը ինչ-որ գաղտնի գործարք են կնքել Սիրիայի վերաբերյալ»: Չավուշօղլուի խոսքերովՙ «ռուսները առաջարկել են, որ Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը միավորվեն առանձնապես Հալեպի հարցում, որպեսզի հետագայում դա թերեւս տարածվի Սիրիայի նաեւ մյուս մասերի վրա»: Ավելին, Չավուշօղլուն դեկտեմբերի 20-ին Մոսկվա մեկնեց, որպեսզի մասնակցի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպմանը, որի օրակարգում էին Սիրիայի եւ մասնավորապես Հալեպի կացության հետ կապված հարցեր: Ռուսաստանցի պատմաբան Ստանիսլավ Տարասովը չի բացառում, որ Անկարայում դեսպան Կառլովի սպանությունը միտված լինի սկսված բանակցությունների ձախողմանը:

    Ամերիկյան Foreign Policy հրատարակության լրագրողներ Ռոբբի Գրեյմերը եւ Էմիլի Տամկինը անդրադառնում են առանց այդ էլ բարդ Մոսկվա-Անկարա հարաբերությունների հնարավոր զարգացումներին:

    Նախ եւ առաջ, չի բացառվում ռուսաստանցի ցանցահենների գրոհ թուրքական ցանցերի վրա, ինչը կարող է Թուրքիայում առաջ բերել քաղաքական անկայունություն: Օրինակ, ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել էր նախագահ Էրդողանի փեսա, էներգետիկայի եւ բնապաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի 57 հազար էլեկտրոնային նամակները:

    Երկրորդ, ռուս-թուրքական տնտեսական կապերը կարող են վերստին սառեցվել: 2015-ի նոյեմբերին Սիրիայում ռուսական ռազմօդանավի ոչնչացումից հետո թուրքական ապրանքների ներմուծումը կրճատվեց 737 մլն դոլարով:

    Երրորդ, դեսպանի սպանությունը կարող է իբրեւ պատրվակ օգտագործվել Թուրքիայում, ինչպես նաեւ ՌԴ-ում բռնարարքների սաստկացման համար:

    Չորրորդ, դեսպանի սպանությունը կարող է ի չիք դարձնել Հալեպում հաստատված անկայուն հրադադարի ռեժիմը:

    Վերջապես, առկա է վտանգ, որ Մոսկվան կօգտագործի քրդական խաղաքարտը, որի հետեւանքով Թուրքիայում ահաբեկչությունները կդառնան առավել հաճախակի, գրում է ամերիկյան հրատարակությունը:

    Սակայն վերջինս չի խոսում մի էական «մանրուքի» մասին: Սպանության նախօրեին լիովին ազատագրված Արեւելյան Հալեպում նախագահ Ասադի զորքերը գերի էին վերցրել ՆԱՏՕ-ի առնվազն 14 բարձրաստիճան զինվորական հրահանգիչների, որոնց գոյությունը գաղտնի էր պահվում, եւ որոնք ուղղորդում էին այսպես կոչված «չափավոր ընդդիմության» գործողությունները սիրիական բանակի եւ խաղաղ բնակչության դեմ: Դիվանագիտական սկանդալը դեռ չի պայթել, սակայն իրավագիտության դոկտոր Անդրեյ Սամոյլոն «Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե հաջորդ օրն իսկ Անկարայում ռուս դեսպանի սպանությունը կարող էր լինել ՆԱՏՕ-ի որոշ երկրների վրեժխնդրության քողարկված դրսեւորում եւ հընթացս Մերձավոր Արեւելքում լարվածության մի նոր պատճառ: Որոշ հաղորդումների համաձայն, թուրք մարդասպանը դեսպանի վրա կրակ բացելուց առաջ բղավել է, թե Ռուսաստանը «կվճարի Հալեպի համար»:

    Սամոյլոյի վարկածը առավել համոզիչ է թվում նաեւ այն առումով, որ վերջին օրերին Արեւմուտքը Հալեպի մարտերին անդրադառնալիս սկսել էր հաճախ խոսել մարդասիրական վերաբերմունքի եւ նոր հրադադարի «անհրաժեշտության» մասին, որը հնարավորություն կտար տարհանել եւ թաքցնել ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրահանգիչներին:

    ՌԴ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին կարծում է, որ ահաբեկչությունը կազմակերպած ծայրահեղականների նպատակը Սիրիայում հաշտության գործընթացի խափանումն է: Մյուս ակնհայտ նպատակը ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորում թույլ չտալն է: Ի դեպ, «Իզվեստիա» թերթին հայտնի է դարձել, որ Մոսկվան հետաձգել է Թուրքիայի հետ անայցագիր ռեժիմի հաստատումը: Անկարան մեղադրվում է ռուս դեսպանի պատշաճ պատշպանությունն ապահոված չլինելու մեջ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սպանության հետաքննության գործում Թուրքիային աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Իսկ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Քիրբին , թերեւս նկատի ունենալով Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված թուրքական հնարավոր մեղադրանքները, արդեն հայտարարել է, թե իր երկիրը «մեղսակից չէ» ռուս դեսպանի սպանությանը:

    Դարձյալ դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինի տարեվերջյան տոնավաճառներից մեկում մի բեռնատար ավտոմեքենա սպանեց 12 եւ վիրավորեց 50-ից ավելի անձանց: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Անկարայի սպանության պատասխանատվությունը դեկտեմբերի 21-ին ստանձնեց ելուզակային խմբավորումների «Ջեյշ ալ-Ֆաթհ» («Նվաճման բանակ») կոալիցիան: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը, վկայակոչելով «Աս-Սումարիա» հեռուստաալիքին: «Ջեյշ ալ-Ֆաթհի» կազմի մեջ մտնում է մասնավորապես ահաբեկչական «Ան-Նուսրա» ճակատը: Թուրքական Milliyet թերթը հավելում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ահաբեկիչ Մերթ Ալթընթաշի հյուրանոցային համարում գտել են «Ալ-Ղաիդայի» եւ թուրք ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության մասին պատմող գրքեր: Հայտնաբերվել են նաեւ Ալթընթաշի գրառումները ջիհադի եւ «Ալ-Ղաիդայի» մասին: Ակնհայտ է, որ ահաբեկչությունն ուղղված է ռուս-թուրքական մերձեցման եւ Սիրիայում խաղաղության հաստատման դեմ: Ի դեպ, նախատեսված է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջնորդությամբ ղազախական Աստանայում անցկացնել Ասադի կառավարության եւ սիրիական ընդդիմության նախնական բանակցություն:

  • ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐՈՒՄ

    ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐՈՒՄ

    ՌՈԶԱ ՔԱՐԱՄՅԱՆ

    Հավատքի արիությունը հայերի տարբերիչ գիծն է քրիստոնեության վաղնջական ժամանակներից մինչեւ մեր ժամանակները

    Այնքան էլ կարեւոր չէ, հավատքի եւ հավատացյալի տեսակետից, թե ստորեւ լույս տեսնող հոդվածում ո՞րն է սահմանագիծը ճշմարիտի, ճշմարտանմանի եւ առասպելականի միջեւ: Կարեւորն այս պարագայում հայ հավատացյալի ջերմեռանդ ոգեւորությունն է, ինչը ապրել է մեր հոդվածագիրը օրերս Սուրբ վայրեր այցելելով եւ դրանք հայի հավատքով ընկալելով, ինչը, խոստովանենք, վարակիչ է հատկապես Քրիստոսի ծննդյան առաջիկա տոնակատարություններին ընդառաջ:


    Մեզանից յուրաքանչյուրն ունի նվիրական ցանկություն, որի կատարման համար մենք պատրաստ ենք նույնիսկ ուղեւորվել աշխարհի ծայրը: Նրանց համար, ում հավատը հրաշքների հանդեպ չի չքացել արդի աշխարհի գործամետության մեջ, գոյություն ունեն կախարդական հույսերի եւ իրականացած երազանքների վայրեր: Վայրեր, որտեղ հեքիաթը վերածվում է եղելության, երազները մարմնավորվում են իրականության մեջ, իսկ կատարված ցանկությունների վիճակագրությունը հետագայում երբեք չի մոռացվում:

    Սուրբ երկրի պատմությունը նմանակ չունի մեր մոլորակի վրա: Սուրբ երկիրը մեծ չէ, եւ այդուհանդերձ նրա մի ծայրին լեռներ են ու ձյուներ, մյուս ծայրինՙ անապատ եւ պաղ ջրեր: Իր հարուստ պատմության շնորհիվ այդ հողը հրեաների, քրիստոնյաների եւ մահմեդականների կրոնական ձգտումների կենտրոնն է: Նման հողի նվիրական էությունն ըմբռնելու փորձերն աներեւակայելի բարդ են: Ամեն տարի այստեղ գալիս է մի քանի միլիոն մարդ: Ավետյաց երկրի հանդեպ սիրո պատճառը ոչ միայն հանգստի բոլոր պայմաններն են, այլեւ հոգեւոր աճի լայն հնարավորությունները: Այստեղ կան այցելության վայրեր, դիտելու եւ զարմանալու առիթներ: Իսրայելը, իր զավթած տարածքներով միասին, երեք ծով է եւ գրեթե 12 կլիմայական գոտի: Աշխարհում նա 97-րդ տեղում է բնակչության թվով եւ 147-րդն է տարածքի մեծությամբ: Սուրբ երկիրը Մերձավոր Արեւելքի բոլոր երկրների մեջ ունի ամենաբարձր կենսամակարդակը եւ արդեն երկրորդ տարին անընդմեջ ամենաերջանիկի կոչումն է կրում Ասիա աշխարհամասում: Այսպիսին է ԱՄՆ-ի Կոլումբիա համալսարանի սոցիոլոգների վճիռը:

    Սուրբ երկրում հայերի քրիստոնեական ներկայությունը վերաբերում է քրիստոնեության վաղ շրջանին, որը նախորդել է 301 թվականին: Իր «Սուրբ քաղաք Երուսաղեմի ստորագրությունը» (1859 թ.) աշխատության մեջ Մկրտիչ վարդապետ Արծրունյանը հիշատակում է հայ թագավոր Աբգարի կնոջըՙ Հեղինեին: Բարեպաշտ թագուհին, թողնելով պալատի փառքը, ուղեւորվեց Երուսաղեմ, որտեղ սրբազան վայրերում սկսեց կառուցել մատուռներ: Առաջին հերթին նա պատնեշեց Տիրոջ գերեզմանը, դրա վրա կառուցելով բրգաձեւ մատուռ: Ավանդազրույցի համաձայն, Հեղինեի տունը եղել է Սիոն լեռից ոչ հեռու, որտեղ ապրող Տիրամորը նա հաճախ այցելում էր: Տիրամայրը պատմում էր իր Միածին որդու մասին եւ Հեղինեի հետ հաճախ աղոթում քրիստոնյաների եւ, իհարկե, Հայաստանի համար, որը 301 թվականին դարձավ առաջին քրիստոնյա պետությունը: Նոր Երուսաղեմում կա Հեղինե թագուհու փողոց: Ավելի ուշ հայ իշխաններից շատերը սկսեցին եկեղեցիներ ու վանքեր կառուցել Սուրբ վայրերում: Արդեն 7-րդ դարում Սուրբ երկրում բոլոր եկեղեցիների ու վանքերի թիվը հասնում էր յոթ տասնյակի: Հայաստանի իշխանական տները կառուցում էին դրանք եւ այնտեղ վանականների գործուղում իրենց թեմերից: Ավելի ուշ Կիլիկիայի հայ թագավորները եւս զգալի ավանդ ներդրեցին եկեղեցիների շինարարությամբ եւ ընծաներով:

    Հայաստանյայց եկեղեցում վանքերը քրիստոնեական ավանդույթների եւ հայոց հավատքի պահապաններ էին: Այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանն ապրում էր պարսկական եւ օսմանյան լծի ծանր ճնշման տակ, Եկեղեցին միակ օջախն էր, որի շուրջը կարող էր միավորվել ամբողջ հայ ժողովուրդը: Եկեղեցին, ի դեմս կաթողիկոսների եւ հոգեւորականության, ակտիվորեն մասնակցում էր նաեւ քաղաքական հարցերին, մի կողմից, օգնություն փնտրելով տարբեր քրիստոնյա կառավարիչների մոտ, իսկ մյուս կողմից, գլխավորելով ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը:

    Երուսաղեմի Հայ եկեղեցու սուրբ հայրերը 7-8-րդ դարերում ստեղծեցին մեծածավալ աստվածաբանական գրականություն: 8-րդ դարը դարձավ մի ժամանակաշրջան, երբ հայկական քրիստոսաբանությունը սկսեց հարստանալ: Աստվածաբանական մտքի անդաստան մտան հավատքի այնպիսի սյուներ, ինչպիսիք են Ամենայն հայոց կաթողիկոս Սբ. Հովհաննես Օձնեցին, Սբ. Խոսրովիկը, Սբ. Ստեփանոս Սյունեցին… Եվ ահա տեղի ունեցավ այն իրադարձությունը, որը պետք է վերջնականապես ձեւավորեր Հայաստանյայց եկեղեցու քրիստոսաբանության համակարգը: Դա Մանազկերտի 726 թ. եկեղեցական ժողովն էր: Այսպիսով, Հայաստանյայց եկեղեցին ի զորու չէ նույնիսկ մտքից ծնունդ առած խոսքով ինչ-որ բան ավելացնելու կամ պակասեցնելու, այլ հաստատապես հետեւում է Սուրբ Հայրերի ուսմունքին, դավանելով «Աստծո մարմնավորված Խոսքի բնության միասնություն»: «Ամեն մի ժողովուրդ իր մեջ կրում է Քրիստոսի միայն իրեն բնորոշ քրիստոսաբանական տիպը, որպես փրկության եւ երկրպագության ներքին հնարավորություն: Եվ առաքելական ավանդությանը որքան հարազատ եւ մաքուր լինի այդ ժողովրդի դավանանքը, այնքան անարատ կլինի նրա քրիստոսաբանական իդեալը»:

    Սբ. Հարության տաճարում մենք կանգնած ունկնդրեցինք պատարագը եւ հաղորդություն առանք: Մի կողմից մենք ապաշխարում էինք եւ աղոթում մեր հանգուցյալների համար, իսկ մյուս կողմից Տիրոջը երախտագիտություն էինք հայտնում Երուսաղեմում մեր ստացած շնորհի համար: Մեզ նույնիսկ չզարմացրեց, որ հայկական պատարագի ժամանակ, հայերից բացի, հաղորդություն էին առնում նաեւ ուղղափառներ եւ կաթոլիկ արաբներ, կային եվրոպացի կաթոլիկներ եւ անգամ բազմաթիվ ռուս ուխտավորներ, որոնք չէին կարողացել ներկա գտնվել գիշերային հունական ժամերգությանը: Մենք շատ ուրախ էինք, որ մեր եկեղեցին նեղ ազգային չէ, ինչպես կարծում են ոմանք, եւ Քրիստոսի սիրո մեջ բաց է քրիստոնյաների համար: Տաճարում տիրում էին սերը եւ երանությունը:

    Վերջին տարիներին հայերի երիտասարդ սերնդի հետ շփվելիս համոզվում եմ, որ երիտասարդները չգիտեն իրենց ժողովրդի պատմությունը, ծանոթ չեն Հայաստանյայց եկեղեցու դավանանքին եւ նրա հին ավանդույթներին: Ես նույնպես շատ բան իմացա, այցելելով Հայոց պատրիարքարանի Երուսաղեմի, Նազարեթի, Բեթղեհեմի եկեղեցիներ: Հին Երուսաղեմ: Հայոց պատրիարքության փողոց: Դրանից աջ Հայոց ճեմարանի վանդակավոր ցանկապատն էր, իսկ ձախ կողմում Հայոց պատրիարքարանի մուտքն էր եւ Սրբոց Հակոբյանց վանքը: Այդպես մենք հայտնվեցինք մի մեծ ու գեղեցիկ բակում: Գրադարանն ու դպրոցը անցնելովՙ հայտնվեցինք Սբ. Հրեշտակապետացի գավթում: Այդ մենաստանը գտնվում է նախկին քահանայապետի տան տեղում, ում մոտ առաջին հարցաքննության էին բերել գերյալ Քրիստոսին: Սբ. Հրեշտակապետաց վանքը կանանց մենաստան էր եւ բնակեցված էր ընդհուպ 20-րդ դարի վերջը:

    Հայաստանյայց եկեղեցու ավանդության համաձայն, երբ ստրուկը հարվածել է Քրիստոսի դեմքին, Երկնային Սերովբեները իրենց թեւերով ծածկել են երեսները. նրանք ցնցված էին: Այդ մասին շարականներից մեկում գրել է Սբ. Ներսես Շնորհալին: Հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը Սբ. Հրեշտակապետաց վանքը հայոց սեփականություն է: Իսկ 1286 թվականին Կիլիկյան Հայաստանի Լեւոն Գ թագավորը վանքն առանձնացրեց քարե պարսպով: Այդ վանքն անվանում են նաեւ «ձիթենյաց»ՙ ի պատիվ ձիթենու, որին կապել էին Փրկչին հարցաքննությունից առաջ: Այդ ծառի ընձյուղները վանքի բակում են, դրա պտուղները հրաշագործ են եւ մինչեւ օրս բուժում են կանանց ամլությունը: Սրբազան ծառից մի քանի մետրի վրա պատի մեջ որմնաշարված է խոր կտրվածքով մի մեծ քար: Դա մեկն է այն քարերի, որոնք աղաղակեցին, երբ Տերը հանդիսավորապես մտավ Երուսաղեմ:

    Ըստ Սբ. Տաթեւացու (14-15-րդ դդ.) «Գիրք հարցմանց» աշխատության, կարելի է վերստեղծել հետեւյալ պատկերը. Հռոմից վերադառնալուց հետո Սբ. Գրիգորը որոշում է ծնկաչոք գնալ Երուսաղեմ: Հրեշտակը նրան թույլ չի տալիս, ասելովՙ «Բավական են քո տառապանքները», նկատի ունենալով դաժան կտտանքները եւ մահապարտների փոսում մնալը: Սբ. Գրիգորը գալիս է Երուսաղեմ եւ հետը բերում Սբ. Հովհաննես Մկրտչի մասունքները: Իրեն անարժան համարելովՙ նա անմիջապես չի այցելում Տիրոջ գերեզման, այլ իջնում է քարայրներ, որտեղ երկար ժամանակՙ գրեթե յոթ տարի, անձնատուր է լինում աղոթքին եւ ծոմապահությանը: Այսօր այդ վայրը գտնվում է Սբ. Հարության (կամ Տիրոջ գերեզմանի) տաճարում, Սբ. Գրիգորի ստորին հայկական եկեղեցում:

    Յոթ տարի անց Սբ. Գրիգորը Ավագ շաբաթ օրը այցելում է Տիրոջ գերեզման, որտեղ Տիրոջից խնդրում է, որ Լույս ճառագի ի նշան Նրա Հարության: Տերը լսում է նրա աղոթքները: Հրաշքով վառվում են բոլոր կանթեղներն ու մոմերը: Կատարված հրաշքի առթիվ Սբ. Գրիգորը երգում է «Լույս զվարթ»: Այդ երգեցողությունը մինչեւ օրս ամեն շաբաթ կատարվում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցում: Այնուհետեւ Սբ. Գրիգորը Տիրոջից խնդրում է, որ Նա ամեն Ավագ շաբաթ ի փառս Իր Հարության վառի կանթեղներն անտեսանելի լույսով: Այդ նշանակը տեղի է ունենում մինչեւ օրս, եւ դա տեսանելի է միայն հավատի աչքով: Ուստիեւ Սբ. Գրիգորը Լուսավորիչ կոչվեց ոչ միայն իբրեւ հայ ժողովրդի լուսավորիչ, այլեւ Տիրոջ գերեզմանի մոտ կատարված հրաշքի պատճառով:

    Տաճարում շատ է հայկականը: Հայկական բազմաթիվ խաչեր են փորագրվել պատերի վրա: Ինձ թվում էր, թե այդ խաչերը հանուն սեփական հավատքի սպանված հայերի հոգիներն են, որոնք բոլոր կողմերից նայում եւ կանչում էին ինձ: Աչքերիցս ակամա արցունքներ էին գլորվում: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինձ հետ ինչ է կատարվում, եւ որքան երկար էի մնում տաճարում, այնքան ուժգին էր լսվում կանչը: Մի կողմից վախենում էի եւ ուզում էի փախչել, ոտքերս իրենք էին ինձ տանում տաճարի միջով: Սիրտս սկսեց թպրտալ. ինձ թվում էր, թե բոլոր հայ նահատակները եւ բոլոր սրբերը նայում են ինձ: Այստեղ սարկավագները հերթով խնկարկում էին ամբողջ տաճարը: Նախ հույնը, ապա հայը եւ հետո կաթոլիկը: Քիչ անց մենք կանգնած էինք հայկական կցաշենքում, այն տեղում, որտեղ Տիրամայրը ուշաթափվեց, տեսնելով խաչված Որդուն:

    Գրիգոր Լուսավորիչը գիտակցեց սրբավայրերի կարեւորությունը մեր ժողովրդի համար եւ նպաստեց այն բանին, որպեսզի այստեղ եկեղեցիներ հիմնադրվեն հանուն հայ ժողովրդի փրկության: Ուստի վանական եղբայրությունը ստիպված է կրծքով պաշտպանել սուրբ վայրերում մեր արտոնությունները, պաշտպանել մշտական ներկայությամբ եւ արարողություններով, որպեսզի մեր ուխտավորները հանգիստ աղոթեն, չվախենալով, որ վաղը կարող են իրենց թույլ չտալ մասնակցելու ժամերգությանը լոկ այն պատճառով, որ իրենք Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ծխականներ են: Ամեն Աստծո օր ու գիշեր պատարագ է մատուցվում Սուրբ վայրերում: Գիշերվա ժամը 3-ին պատարագ Տիրոջ գերեզմանի վրա, առավոտյան ժամը 8-ինՙ Տիրամոր գերեզմանի վրա եւ Բեթղեհեմում, չնայած մյուս ամենօրյա արարողությունները:

    Վերեւում ասվածը գուցե ընթերցողների տարակուսանքը հարուցի: Բայց ես ականատես եմ եղել, թե ինչպես իմ ծանոթները վրդովվում էին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու եւ հույների վեճերից. «Քահանաները խելքները թռցրել են: Ի՞նչ տարբերություն, թե ով ումից հետո կմտնի, որտեղ կկանգնի: Դե ամեն ինչ տվեք հույներին, իսկ ինքներդ մեկնեք Հայաստան. ինչ է, այնտեղ քի՞չ եկեղեցիներ կան….»: Ինձ թվում էՙ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Պատմությունը ցույց է տալիս. եթե փոքր բաներում հավատարիմ չլինենք, հետո շատ կկորցնենք, եթե փոքրը բաց թողնենք, ապա ոտնձգություն կանեն ավելի մեծի դեմ: Այդպիսով Հայ եկեղեցին կարող է կորցնել շատ սրբավայրեր, որոնց համար արյուն են թափել մեր հայրերը: Օրինակ, հույները հայերից մշտապես պահանջում են ենթարկվել Զատկի օրվա որոշման իրենց հաշվարկներին: Եթե Հայաստանյայց եկեղեցու հոտը կազմում են հայերը, ապա հույն հոգեւորականությունը խնդիր ունի պահպանելու այն բազմազգ հոտի ղեկավարման իր նկրտումները, որի հիմքը կազմում են արաբները: Ուստի հույն հոգեւորականությունը Զատկի տոնին լույսի հրաշափառ էջքի դեպքերը միշտ ջանում է վերագրել բացառապես իր աղոթքներին: Երբ հայերը առանձին էին տոնում Զատիկը, լույսն իջնում էր հայոց պատրիարքի եւ հավատացյալների աղոթքով: Դա վնասում է լույսի էջքի հարցում հույն կղերականության մենատիրության առասպելին, որը հույները ջանում են ներշնչել ուղղափառ հավատացյալներին եւ շարունակում են ներշնչել մինչեւ օրս:

    Մանրուքները երբեմն թվում են աննշան, բայց այստեղՙ Սուրբ վայրերում, ամեն ինչ ունի նշանակություն: Հայկական եկեղեցու ավագ քահանա Ղեւոնդ Հովհաննիսյանը մեզ ասաց. «Սուրբ երկրում Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ունի նույնքան ծանրակշիռ իրավունքներ, որքան կաթոլիկները, ուղղափառները, հույները: Նրանց օգնում են հզոր տերություններ, իսկ մեր հույսը Ինքըՙ Տերն է, եւ ինչպես ցույց է տվել պատմությունը, առանց Տիրոջ օգնության հայերը վաղուց անհետացած կլինեին Սուրբ երկրից: Մենք պետք է դա հիշենք ամենուրեք եւ առաջին հերթին Երուսաղեմում: Մի՛ մոռացեք Երուսաղեմը հանուն մեր ժողովրդի, օգնեցեք Սբ. Աթոռին, որը կարոտ է ձեր ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյական, աղոթքային աջակցությանը, իսկ որ գլխավորն էՙ ձեր ներկայությանը: Մի՛ մոռացեք, որ Երուսաղեմի Սբ. Աթոռը դարեր շարունակ կանգուն է մնացել մեր ժողովրդի զոհողությունների, հոգեւորականության եւ բազմաթիվ ուխտավորների մշտական ներկայության շնորհիվ: Ուստի Սբ. Աթոռի համար ամենքս պատասխանատու ենք Աստծո եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի առջեւ: Երանի նրան, ով հիշատակ ունի Սիոնում»:

    Հիրավի, հավիտյանս հավիտենից երբեք չի մոռացվի այն, ինչը երբեւէ ցնցում է պատճառել:

    Ռուս. թարգմ. Պ. Ք.

  • ՀՀ ԳԱԱ Մ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՊԱԳԱՆ

    ՀՀ ԳԱԱ Մ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՊԱԳԱՆ

    Ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր` ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում գործում են բազային ֆինանսավորմամբ հետեւյալ 4 գիտական ուղղությունները.

    1. Մակրոտնտեսական հիմնախնդիրներ եւ ֆինանսներ:

    2. Ծառայությունների ոլորտի զարգացում եւ սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներ:

    3. Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ:

    4. Տեսական հետազոտությունների եւ տնտեսագիտական մտքի պատմություն:

    ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գործունեության առանձնահատկությունն է դարձել գիտական հետազոտություններին գործնական ուղղվածություն հաղորդելը: Եվ պատահական չէ, որ ինստիտուտի կողմից հրապարակված գրքերն ու գիտական հոդվածները, հիմնականում, նվիրված են եղել հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք գործնական հարցերի լուսաբանմանն ու վերլուծությանը, ինչպես նաեւ համապատասխան առաջարկությունների մշակմանը, որոնք յուրաքանչյուր տարի ներկայացվել են ՀՀ կառավարություն: Նախորդող 10 տարիների ընթացքում ինստիտուտում հրատարակվել է գիտական հոդվածների 16 ժողովածու, 88 մենագրություն եւ 1294 հոդված (այդ թվում 82-ըՙ միջազգային): Ինստիտուտի 2 գիտաշխատողներ պաշտպանել են դոկտորական, իսկ բազմաթիվ հայցորդներ եւ ասպիրանտներ` թեկնածուական ատենախոսություններ, որոնցից 7-ըՙ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Ինստիտուտի հրատարակած աշխատանքներից մեկը հեղինակավոր հանձնաժողովի կողմից ճանաչվել է 2013թ. լավագույն գիտական աշխատանք, իսկ մենագրության հեղինակն արժանացել է Մ.Գոշի անվան I կարգի մրցանակի: Կատարված գիտահետազոտական աշխատանքների հիման վրա ՀՀ Գիտական պետական կոմիտեի կողմից 2014 եւ 2016 թթ. «Արդյունավետ գիտական աշխատող» մրցույթի հաղթողներ են դարձել Վ.Լ.Հարությունյանը եւ Ա.Հ.Բայադյանը:

    Ինստիտուտի կողմից ներկայացված առաջարկությունների արդյունքում էր, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք ուժը կորցրած ճանաչվեցին «Պարզեցված հարկի մասին» եւ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքները: Ինստիտուտի կողմից կատարված առաջարկությունները վերաբերել են բազմաթիվ հիմնախնդիրների, որոնք բոլոր տարիներին համակողմանիորեն քննարկվել են համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների եւ մասնագետների հետ, իսկ այնուհետ հետագա ընթացք են ստացել: Միաժամանակ ինստիտուտի կողմից իրականացվող աշխատանքներից հիշատակության արժանի է նաեւ այն, որ սկսած 2012թ.-ից անցկացնում են ՊԵԿ-ի կողմից կազմված ստուգման ակտերի ճշտության փորձաքննություններ: Փորձաքննական ծառայությունները ներառում են համապատասխան տնտեսվարողների գծով հաշվապահական եւ ֆինանսատնտեսագիտական ուսումնասիրություններ եւ վերլուծություններ: Վերջիններիս շրջանակում իրականացվում են հարկային եւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ պարտադիր վճարումների գծով պարտավորությունների չափի ճշտության եւ դրանց առաջացման պատճառների հետազոտություններ, լրացուցիչ պարտավորությունների չափի որոշում` այդպիսիք առկա լինելու դեպքում, օրենսդրության պահանջների համապատասխան խախտումների արձանագրում, հարկային եւ մաքսային մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմված ստուգման ակտերի, դրանցում արձանագրված խախտումների դրվագների, պարտավորությունների չափի ու վերջիններիս հաշվարկման մեթոդաբանության ճշտության եւ հիմնավորվածության գնահատում:

    Ստորեւ ներկայացվում է 2016թ. գիտական խորհրդի կողմից հաստատված հետազոտվող թեմաների շրջանակը եւ յուրաքանչյուրի գծով ստացված կիրառական գիտական արդյունքները:

    1. «Հայ ժողովրդի ժողովրդագրական եւ նյութական կորուստները ցեղասպանության ընթացքում եւ դրանց փոխհատուցման հիմնախնդիրները» (գիտ. ղեկ.ՙ ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Վ.Լ.Հարությունյան) թեմայի շրջանակներում ներկայացվել են Բուրսայի եւ Ադանայի նահանգների հայերի սեփականության, ինչպես նաեւ եկեղեցու տնօրինության տակ գտնվող անշարժ գույքի նկարագիրը նախքան 1915 թ., ինչպես նաեւ կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին: Բուրսայի նահանգի դեպքում ներկայացվել է շերամաբուծության եւ թեթեւ արդյունաբերության մեջ հայ գործարարների դերը, Ադանայի եւ Բուրսայի նահանգի պարագայումՙ հանքերի մասին տեղեկատվություն: Տրվել է Բուրսայի եւ Ադանայի նահանգները` որպես հարեւան նահանգների համար արտագնա աշխատանքի վայր (150,000) եւ վերջիններիս զբաղվածության հնարավորությունները տարբեր ոլորտներում: Բուրսայի նահանգի դեպքում ներկայացվել է տարբեր եկեղեցիների ունեցվածքի եւ/կամ անշարժ գույքի նկարագիրը: Ադանայի նահանգում նշվել է նահանգում որոշ բնակավայրերում բնակվող հայերի ունեցվածքի վերականգնման համար անհրաժեշտ գումարի չափըՙ 39.5 մլն. ԱՄՆ դոլար (2016թ. գներով):

    Վերոնշյալ թեմայի շրջանակներում անց է կացվել հանրապետական 2 գիտաժողով, որոնց նյութերը հրապարակվել են: Այս թեմայի շրջանակներում 2017թ. I եռամսյակում հրապարակվելու են եւս 2 մենագրություն: Նշված 2 մենագրությունների եւ այս թեմայով հրատարակված 2 գիտական հոդվածների ժողովածուների մասնագետ խմբագիրն էՙ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության» բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը:

    2. «Տնտեսվարող սուբյեկտների ֆինանսատնտեսական գործունեության գնահատման հիմնահարցերը եւ դրանց լուծման ուղիները ՀՀ-ում» (գիտ. ղեկ.ՙ տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Հ.Բայադյան) թեմայի շրջանակներում կատարված վերլուծությունների արդյունքում առաջարկվել են տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի խթանում, բյուջետային ծախսերի կրճատում, կազմակերպությունների մրցունակության համակողմանի քանակական գնահատման միասնական մեթոդիկայի կիրառում:

    3. «Միգրացիոն գործընթացների կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում» (գիտ. ղեկ. տնտ.թեկն. Ա.Զատիկյան) թեմայի շրջանակներում ներկայացվել են ինչպես ՀՀ-ի միգրացիոն տեղաշարժերի ներկայիս վիճակը, այլ երկիր օտարերկրյա աշխատուժի ներգրավման հետ կապված խնդիրները: Առանձնացվել են այն գործոնները, որոնք նպաստում եւ զսպում են աշխատանքային միգրացիան: Ցույց է տրվել, որ աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները լրջորեն ազդում են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

    4.«Հարկաբյուջետային քաղաքականության բարելավման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» (գիտ.ղեկ.ՙ տնտ.թեկն. Կ.Սարգսյան) թեմայի շրջանակներում մեծ նշանակություն է տրվել հարկային բեռի կրճատմանը եւ հարկման բազայի ընդլայնմանը: Որպես հարկային ոլորտի բարեփոխումներ` առաջարկվել է կիրառել ԱԱՀ-ի տարբերակված դրույքաչափեր, շահութահարկի գծով արագացված ամորտիզացիան եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի կրճատում:

    5. «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հեռանկարներն ու ուղղությունները ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում» (գիտ. ղեկ.` տնտ.թեկն. Հ.Մարկոսյան) թեմայի շրջանակներում կարեւորվել է ֆինանսական ռեսուրսների կոնսոլիդացմամբ հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը հրատապ ավարտին հասցնելը եւ հետո միայն այլ տրանսպորտային ենթակառուցվածքների նպատակահարմարության քննարկումն ու իրականացումը, ԵՏՄ տարածք վերամշակված գյուղմթերքի անխափան մատակարարման իրականացումը, հայրենական վերամշակող արդյունաբերության սեզոնային ծանրաբեռնվածության հարթեցման նպատակով իրանական ծագմամբ գյուղմթերքի ներկրման, վերամշակման եւ արտահանման աջակցության մեխանիզմների կազմակերպումը, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման նպատակով առեւտրի եւ սպասարկման կետերում արտարժույթով վճարումներ կատարելու թույլատրումը:

    6. «Հայ տնտեսագիտական մտքի արդի ընթացքի ուրվագծեր. գիտական հետագիծ» (գիտ. ղեկ.ՙ տ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Ն.Սարինյան) թեմայի շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները զետեղվել են Վ.Լ.Հարությունյան, Ռ.Ն.Սարինյան, «Տնտեսագիտության ինստիտուտը 10 տարում. 2006-2016թթ. (հետազոտական արդյունքների ուրվագիծ)» մենագրությունում: Աշխատությունում ամփոփվում է տնտեսագիտության ինստիտուտի տասնամյա (2006-2016թթ.) հետազոտական գործունեության հետագիծը:

    Հանրության հետ կայուն կապերի պահպանման եւ ինստիտուտում կատարված հետազոտությունների հրապարակայնացման նպատակով գործարկվել է նոր եռալեզու կայք (www.economics.sci.am), որի դիզայնը իրականացվել է ինտերնետ միջավայրի ժամանակակից պատկերացումների եւ պահանջների ընկալումներին համահունչ:

    Հատկանշական է, որ կայքում բաց մատչելիությամբ ներկայացված են վերջին տարիներին ինստիտուտի կողմից հրապարակված շուրջ 500 հոդվածների եւ ավելի քան 40 գրքերի էլեկտրոնային տարբերակներ, ինչը ոչ միայն խորը պատկերացում է տալիս կատարված եւ կատարվող գիտական հետազոտությունների ուղղվածությունների վերաբերյալ տեղեկատվություն, այլեւ նաեւ դրանք լուրջ տեղեկատվական հիմք կարող են հանդիսանալ ուսանողների եւ տնտեսագետների համար: Կայքի շարունակական զարգացման վերջնական նպատակն այն է, որ այն վերածվի հայ տնտեսագիտական հանրության համար տեղեկատվության ստացման եւ մտքերի փոխանակման միասնական հարթակ:

    Ինստիտուտի գիտական հետազոտությունների եզրակացություններն ու արվելիք առաջարկությունների օգտակար գործողության գործակիցը բարձրացնելու եւ առավել արդյունավետ գիտական ու կիրառական գործունեություն ծավալելու նպատակով վերանայվել է 2017թ. բազային թեմաների ընտրության մոտեցումը, այսինքն` դրանք բոլորն էլ բխեցվել են ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ կառավարության ծրագրի ելակետային դրույթներից: Մասնավորապես, 2017թ. բազային ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել հետեւյալ հետազոտական թեմաները:

    1. Հարկային եւ մաքսային մարմինների գործունեության կատարելագործման հիմնախնդիրները ՀՀ-ում,

    2. ՀՀ տնտեսության կայուն աճի ապահովման հիմնախնդիրները եւ լուծման ուղիները,

    3. ՀՀ-ում սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված նորովի մոտեցումների մշակում եւ ներդրում,

    4. Վերականգնվող էներգետիկայի զարգացման խթանման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում,

    5. Հարկային վարչարարության բարելավման հիմնախնդիրները կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եւ հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման համատեքստում,

    6. Հարկային ստուգումների արդյունավետության բարձրացման եւ հարկատուների ռիսկայնության գնահատման չափանիշների ձեւավորման հիմնախնդիրները ՀՀ-ում,

    7. Ներքին եւ օտարերկրյա ներդրումային ակտիվության խրախուսումը, որպես ՀՀ կայուն տնտեսական աճի ապահովման գործիք,

    8. Ռազմաարդյունաբերության, նորարարությունների եւ տնտեսական աճի միջեւ փոխկապվածությունները փոքր եւ բաց տնտեսությունում (ՀՀ օրինակ),

    9. Հայկական կազմակերպությունների դիրքավորման հնարավորությունների բացահայտումն ու իրացումը վերազգային կորպորացիաների արժեթղթային ինտեգրման համատեքստում:

    2017թ. ընթացքում շարունակվելու են հանրապետական եւ միջազգային ամսագրերում, գիտաժողովներում, ինչպես նաեւ հանրապետական մամուլում հրապարակվել հոդվածներ եւ զեկույցներ, իսկ այնուհետեւ հետազոտության արդյունքները վերածվելու են մենագրությունների, իսկ հետազոտությունների ամփոփ եզրակացություններն ու առաջարկությունները, ինչպես նախկին տարիներին, հասցեագրվելու են ՀՀ վարչապետին` համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակադրվածությամբ: