Category: 16 Սեպտեմբերի, 2016

  • Ո՞Վ ԵՎ Ի՞ՆՉԸ ԿՓՈԽԵՆ ՄԵԶ

    Ո՞Վ ԵՎ Ի՞ՆՉԸ ԿՓՈԽԵՆ ՄԵԶ

    ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

    Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի անկախության 25-ամյակը: Սա իսկապես մեծ տոն կարող էր լինել, եթե Հայաստանում վիճակը մի փոքր այլ լիներ: Բոլոր դեպքերում հայ մարդու համար այդ կարեւոր տարեդարձին լրիվ դատարկ ձեռքով չենք մոտենում, գոնե երեւութապես մի փոքրիկ, շատ փոքրիկ հույս է արթնացել, որ տարիներով կուտակված պրոբլեմների լուծման առնվազն նախաքայլերը սկիզբ կառնեն, ու, իսկապես, Հայաստանում կյանքը, ինչպես հիմա նորաձեւ է ասել, կվերաբեռնվի:

    Խորհրդարանում պատգամավորի հարցին պատասխանելով` նորընծա վարչապետ Կարեն Կարապետյանը չթաքցրեց` ծանր է վիճակը: Բայց նաեւ խոսեց համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունից եւ վարչական լծակներով կեղծ մենաշնորհների անթույլատրելիությունից (բնական մենաշնորհներն առանձնացնելն այդ է նշանակում): Թե ոնց պետք է մեկ մարդը համակարգ փոխի, որքան էլ նրան տրված լինի Վահրամ Բաղդասարյանի ասած ազատությունը, եթե դրան դիմադրեն, անհայտ է, քանի որ տասնամյակներով ստեղծված քվոտաները շղթա շղթայի պինդ ագուցված` քամել եւ քամում են երկիրը, որքան էլ Ազգային ժողովի նախագահն ասում է, թե իր կուսակցությունը մտածում է երկիրը բարենպաստ տարբերակներով զարգացնելու մասին: Կարապետյանը իր իսկ խոսքով դեռ նոր պիտի խնդիրներին ծանոթանա, որ դրանց մասին խոսի. հանկարծ ու այդ ծանոթանալը յոթ ամիս չտեւի՞, մինչեւ նոր խորհրդարանական ընտրությունները սկիզբ առնեն: Տնտեսական առումով ինչն ու ինչպեսը չենք մանրամասնի ` մեր մեկնաբանը դա արել է արդեն, բայց որ Կարեն Կարապետյանի հետ է կապվում նաեւ քաղաքական նոր մշակույթի ձեւավորումը, այ սա հետաքրքրական է դառնում:

    Որ քաղաքական դաշտը կտրուկ փոփոխությունների է ենթարկվելու` ենթադրելի է անգամ նոր վարչապետի հետեւյալ խոսքից, թե պրոֆեսիոնալն է լավը (նախարար նշանակելուց): Այսինքն` համամասնական ընտրակարգ որդեգրած երկրի կուսակցությունները եւս պիտի վերանայեն իրենց կադրային բանկը, ու ափեղ-ցփեղ խոսողներին ու կուսակցության համար սոսկ բերանացի կուրծք ծեծողներին, ինչու չէ` նաեւ կուսակցական ֆունկցիոներներին իրենց ցուցակներում փոխարինեն իսկապես պրոֆեսիոնալ մարդկանցով, նորմալ վարչապետի թեկնածու ունենան խորհրդարանական ընտրություններին:

    Ու այստեղ այնքան էլ խնդիրը Կարեն Կարապետյանին չի առնչվում, ով չգիտենք, թե ինչպես է հաջողելու, մենաշնորհի դեմ ինչպե՞ս է պայքարելու կամ համակարգային փոփոխություններ ինչպե՞ս է անելու, քանի որ, այնուամենայնիվ, ինքը նույնպես այդ համակարգի մի մասն է: Եւ մանավանդ` կախարդական փայտիկ չունի, ինչպես ի դեպ` բոլոր վարչապետները: Ու խորհրդարանի` արդեն առաջին աշնանային նիստերի նյարդային եւ նախընտրական մթնոլորտը, միմյանց հասցեին արած խորհրդարանականների որակումները ցույց են տալիս, որ մեր քաղաքական ուժերն արդեն առել են վտանգի հոտը, անգամ իշխող ՀՀԿ-ում են զգում մեծ կորուստներով վերաբեռնվելու հեռանկարը: Բազմաթիվ նշաններ են վկայում այն մասին, որ պարզապես հին ձեւով չպիտի շարունակել այն պարզ պատճառով, որ համակարգն այլեւս ընդունակ չէ առանց զարգանալու ոչինչ չանող այդքան մարդկանց ու նրանց շրջապատը կերակրել: Մանավանդ վարչապետի ասած հավելյալ արժեքը Հայաստանում ուրախություն պատճառում է, բայց ոչ թե դա ստեղծողին, այլ գերշահույթներ ստացողների փոքրիկ խմբին միայն: Այնպես որ պետք չի խաղ անել «հավելյալ արժեք» տնտեսագիտական հասկացության հետ:

    Խոսենք նշաններից:

    Նախ պետք է ժամանակագրական առումով հիշեցնենք նախագահ Սերժ Սարգսյանի տարբեր ելույթների նշանային այն հատվածները, որոնք ժամանակին ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ էլ վերլուծական շրջանակները խորքային առումով չգնահատեցին, քանի որ էս երկրում խոսքը վաղուց է արժեզրկվել, նման ելույթներ էլ, տարբեր տոնայնությամբ, վերջին տասնամյակում շատ են հնչել: Սերժ Սարգսյանի շրջապատում էլ շարունակել են մնալ մարդիկ, ովքեր այս վիճակի պատասխանատուն են կամ ընկալվում են որպես օլիգարխներ: Մենք էլ միամիտ չենք այնքան, որ ողջ կյանքում անընդհատ լսած ելույթների պաթոսի աստիճանով դատենք կամ հավատանք նոր խոստումներին: Սակայն հուլիսյան դեպքերից, նոր վարչապետի նշանակումից ու մի քանի այլ նոր հովերից հետո նորից անդրադառնալով այդ ելույթներին` նկատում ենք մի շարք ենթատեքստեր, որ առաջ լավ չէին նկատվում այժմյան գործընթացները կանխորոշելու առումով:

    Անցած տարվա փետրվարյան հայտնի ելույթում դեռ Ս.Սարգսյանը պետական համակարգը հավասարակշռելուց, իշխանություն-ընդդիմություն համագործակցությունը արդյունավետ դարձնելուց, իշխանության մարմինների եւ պաշտոնյաների լիազորությունների եւ պատասխանատվության շրջանակը հստակեցնելուց էր խոսում, ասում էր` կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Նշում էր, որ սահմանադրական բարեփոխումները պետք է ամրագրեն երկրում անցնցում փոփոխության իրավական նախադրյալները: Քաղաքական դաշտը ֆեոդալական տրամաբանությունից մաքրելո՛ւ մասին էր ասում: Այն ժամանակ ամեն ինչ կապվեց Ծառուկյանի հետ, խոսքերն էլ հերթապահ ընկալվեցին: Կյանքը ցույց տվեց, որ երկրի մարտահրավերներն ավելին են, քան դրանք որեւէ խոսք կարող է չափել:

    Հուլիսյան իրադարձություններից հետո Հայաստանի նախագահն իր համար եզրակացրել էր` անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունները երկրի հասարակական ու քաղաքական կյանքում, ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու նպատակի մասին խոսել, որն «իրեն չգտած ինչ- որ մեկի աթոռ սողոսկելուն» չէր վերաբերելու, այլՙ քաղաքական լայն պատասխանատվության տեղաբաշխման.«Ընդամենն ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն», ասել էր նա: Իսկ բոլորն ընկալել էին, թե խոսքը խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք նոր կառավարության մասին է, մանավանդ` խոստացել էր, որ նոր խորհրդարանում որեւէ կուսակցության կամ անհատի տեղն այսօր երաշխավորված չէ:

    Իսկ որպես վարչապետ Կ. Կարապետյանի թեկնածությունը ներկայացնելիս Ս.Սարգսյանն ասում էր քաղաքական նոր մշակույթ (՞) ձեւավորելու անհրաժեշտության, անկախ քաղաքական դիրքորոշումից` երկրի կարող բոլոր ուժերի մտքերն ու գաղափարները մեկտեղելու հնարավորության մասին, խորհրդավոր կերպով ակնարկում, թե պարտավոր ենք գտնել այն մարդուն եւ մարդկանց, որոնք պատրաստ են ստանձնելու այս բոլորը, աշխարհի որ ծայրում էլ նրանք գտնվեն: Խոստանում էր փոփոխություններ բոլոր ոլորտներում` նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ: Ընկալվեց միայն վարչապետ հանել- դնելը, մինչդեռ քաղաքական նոր մշակույթ նշանակում է առանց օլիգարխների խորհրդարան ու ՀՀԿ, նոր քաղաքական ուրվագիծ եւ հեռանկար, այլապես ինչո՞ւ էր տնտեսությանը նոր թափ հաղորդելուն զուգահեռ` ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու առաքելություն վերագրվում վարչապետի թեկնածուին: Կարծում ենք` ավելի վաղ ասած աթոռ սողոսկողների մասին հայտնի խոսքը այլեւս գաղտնիք չէ, թե ո՞ւմ էր վերաբերում: Սակայն եթե այս բոլորը ընտրողների կորսված վստահությունը նոր ընտրություններից առաջ մի փոքր վերականգնելու բարդ ու մի քանի քայլանի գործողություն է միայն, ինչպես որ որոշ իշխանավորներ միթարում են իրենց, ապա չենք նախանձում ոչ նոր վարչապետին, եւ ոչ էլ մինչեւ 2018 թվականը նախագահող Սերժ Սարգսյանին, քանի որ մի քանի ամիս հետո, եթե պարզվի, որ այդպես է, ու ոչ թե մեր կյանքը իրապես փոխելու նախաձեռնություն է հանդես բերվել, ապա ոչ ոք էլ չի կարող հիմա կանխատեսել, թե ինչ տեղի կունենա այդ ժամանակ:

    Քաղաքական դաշտի ամբողջական վերաձեւման մյուս նշանը այն համաձայնագրի ստորագրումն է, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին. իշխանական եւ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները համաձայնության եկան ընտրական գործընթացների վերահսկման մի քանի կետերի, այդ թվում` այնպիսի կարեւոր հարցի շուրջ, ինչպիսին քվեարկածների ցուցակների հրապարակումն է ընտրություններից հետո: Ընտրական օրենսգրքում այդպիսի փոփոխություն տեղի պիտի ունենա: Սա, իհարկե, հեղափոխական որոշում կլիներ, եթե ասենք տեղի ունենար նախորդ ընտրություններին, երբ դեռ ընդդիմադիրները վարկ ունեին, ու միգուցե էապես կփոխվեր խորհրդարանի դիմագիծը: Հիմա, երբ բոլոր կուսակցությունները, ընդդիմադիրները հատկապես, համարյա կորցրել են ընտրողի վստահությունը, ու հավանաբար այս պահին նրանց մեծ մասին ընտրողն էական քվե չի տա, այս փոփոխությունն ընդամենը կփակի բացակա քաղաքացիների ձայները գողանալու ճանապարհը եւ տարբեր հաշվարկներով կես միլիոն ձայները տնօրինելու հնարավորությունը վարչական լծակների տիրապետողների համար, մի փոքր հեշտացնելով ոչ իշխանական կուսակցությունների` խորհրդարան մուտք գործելու հնարավորությունը: Սա ավելի շուտ պայմանավորվածություն է թվում ընդդիմադիրներին, ու նախ եւ առաջ` ՀԱԿ-ին ապագա խորհրդարան տանելու մասին, ինչը վկայում է երկրի ղեկավարության տրամադրվածության մասին` որոշ բան զիջելով պատասխանատվությունը կիսել ուրիշների հետ, այդպիսով լայնացնելով գործելու ազատության հնարավորությյունը:

    Շատ այլ նշաններ կան վերջին ենթադրության համար. ինչ արժե միայն Տիգրան Հակոբյանին ՀՌԱՀ անդամի պաշտոնում (միգուցե նաեւ ապագա ՀՌԱՀ նախագահի) առաջադրումը եւ ընտրությունը, սա եւս վկայում է, որ շուտով ՀԱԿ-ին մերձ, կամ, լավ, ընդդիմադիր տրամադրություններով այլ մարդիկ պաշտոններ կստանան: Դուք կասեք` Տիգրան Հակոբյանը ոլորտի լավ մասնագետներից է եւ հաղթել է մրցույթում: Այո, համաձայն ենք, բայց միթե առաջ հնարավոր էր առանց իշխանության բարի կամքի այդպիսի պաշտոնների մրցույթներում հաղթել:

    Խորհրդարանում հատկապես նկատելի է նաեւ այն նյարդային մթնոլորտը, որ կա ընդդիմադիր խմբակցությունների մրցակցության առումով եւ արտացոլվեց նաեւ Վահրամ Բադասարյանի եւ Էդուարդ Շարմազանովի գնահատականներում: Առաջինն ընդդիմադիրներին կոշտ որակումներ ուղղեց ու ասաց, թե ոչ մեկդ մեր հաճախորդը չեք` իրար մի պիտակավորեք, երկրորդն էլ ընդդիմադիր սուր ելույթները ընդդիմադիր դաշտը գրավելու սովորական, բայց չհաջողված մրցակցությունում դիտարկեց: Իսկ ընդդիմադիրների միջեւ, իրոք, շատ լուրջ «ռազբորկա» է` Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ին հավան չէ ու միտինգներում վարչապետ է առաջադրվում ստվերային կառավարությունում, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս ԲՀԿ խմբակցության` ոչ կուսակցական թեւին, որոնք այս կուսակցական ցուցակով են եկել խորհրդարան, վայր դնել մանդատները: Բացի այդ` խորհրդով բանը չի վերջանա, հարցը լուծելու համար ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություն կառաջարկվի ու միգուցե ընտրություններից առաջ նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը, որը համալրել են ԲՀԿ այդ պատգամավորները, զրկվի խորհրդարանական ամբիոնից:

    Այս օրերին, այո, քչերն էին ուշադրություն դարձնում ձեւակերպումներին, բոլորին հետաքրքրում է` ով վարչապետ, ով` նախարար, մամուլը զբաղված է անուններ շրջանառելով: Բայց բերանացի ասված է` քաղաքական եւ կառավարման մշակույթի փոփոխություն է բերում նոր մարդը: Իսկ ինչ է նշանակում քաղաքական մշակույթի փոփոխություն, ասել է, թե մինչեւ հիմա եղած իրերի դրությունն այլեւս հնացած է, ՀՀԿ-ի այս կերպը (նա՛ է եղել իշխողը) արդեն ընդունելի չէ: Իսկ դա նշանակում է` շատ ՀՀԿ-ականներ այլեւս չեն լինի նոր խորհրդարանում, չեն ստանա արհեստական մենաշնորհներ բիզնեսում, իրենց շրջապատին չեն լցնի ամենուրեք (միամիտ չլինենք, իհարկե): Դե նախագահն էլ ասել էր, չէ՞, ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու մասին, նոր ոգին հին մարմնով չի լինում:

    Իհարկե, շատերը չեն հավատում այս բոլորին, ու այդ անվստահության տրամադրությունը նաեւ գլխավոր դատախազի` Արթուր Դավթյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ էր երեւում: Ընդդիմախոսներն ասում էին, թե անձերով ոչինչ չի փոխվի, պետք է խաղի կանոնները փոխել (Ն. Զոհրաբյան), չէին հավատում, որ մի օր էլ նա բարձր ճնշում չի ունենա ու լքի պաշտոնն, ինչպես Գեւորգ Կոստանյանի դեպքում եղավ: Երեկ, ի դեպ, նա ընտրվեց գլխավոր դատախազ, մանրամասն չենք անդրադառնում այդ հարցին, քանի որ «Ազգը» մեկ աբողջ էջ մի տարի առաջ տրամադրել էր Գեւորգ Կոստանյանի ընտրությանն ու նրա խոստումներին, որոնց կատարումն իրոք պետք էր համակարգին, բայց տեսաք, թե ինչով ավարտվեցին նրա խոստումները: Կապրենք- կտեսնենք, թե այս անգամ որտեղ եւ ինչ առիթով կբարձրանա նոր դատախազի ճնշումը, այն ժամանակ էլ կխոսենք: Այնուամենայնիվ` որպես սկիզբ քննիչներն իրենց սենյակներից հանել են Հայաստանի նախագահի նկարները, քանի որ սկզբունքով պիտի որ անկախ լինեին նախագահից ու նախագահականից, սա` պատգամավորի քննադատությունից հետո, այսինքն` դեռ համակարգի հաջորդ քայլերին սպասենք:

    Ընդհանրապես` համակարգը դեմքը փրկելու վերջին շանսն է ստացել:

  • ԱԼԻԵՎԻ ԱՆՎՐԵՊ TIMING-Ըՙ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

    Ան. Հ.

    «Կորեա թայմս» թերթի սեպտեմբերի 12-ի համարում Չոե Չոնգ դե անունով սյունակագիրնիր երկարաշունչ կարծիքն է փոխանցել ընթերցողներինՙ հաղորդելով հետեւյալը. Հյուսիսային Կորեայի ատոմային սպառնալիքներն այլեւս երեւակայականի փոխարեն իրական են, ինչպես Հարավային Կորեայի, այնպես էլ ողջ հարեւանների համար: Եվ հաջորդ պարբերության մեջ հիշատակել Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, որ իր երկիրը միջուկային զենք ունի: Հայաստանը Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտության պատճառով պատերազմի մեջ է, գրում է հեղինակըՙ ծանուցելով նաեւ ապրիլյան 4-օրյա պատերազմի մասին եւ մտահոգություն հայտնելով Բագրատյանի հայտարարության վերաբերյալ տեղեկացնում, թե Հայաստանի քաղաքացիները, որոնք նաեւ նախկինում Մեծամորում են աշխատել , բազմիցսՙ 2003- ին, 2010- ին, նաեւ այս ապրիլին մաքսանենգ ճանապարհով ռադիոակտիվ, միջուկային նյութեր են արտահանել հարեւան երկրներ:Այնուհետ գովաբանում է 2016-ի գարնանը Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթաժողովում Ալիեւի ելույթըՙ մեզ հայտնի դարձնելով իր հոդվածի պատվիրատուին: Ինչ լավ timingՙ այս պահին Հյուսիսային Կորեային դատապարտելու եւ պատժելու հետ մեկտեղ միջազգային հանրությանը կոչ անել կասեցնել Հայաստանից եկող սպառնալիքը:

  • ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

    Անգլիացիները շատ են սիրում խրատ տալ ամեն ինչում շտապող իրենց ամերիկացի բարեկամներին, նրբորեն ու բազմիմաստ հեգնել նրանց: Մի խումբ ամերիկացիներ Լոնդոնի եւ շրջակայքի տեսարժան վայրեր այցելելուց հետո հետաքրքրվում են, թե իրենց հյուրընկալներին ինչպես է հաջողվում այդքան համաչափ, հարթուհավասար խուզել հանրային այգիների գազոնը, խնամել այն: Անգլիացիք, միայն իրենց հատուկ հանդարտությամբ բացատրում ենՙ եթե դուք էլ 500 տարի ամեն օր տքնաջան այդ գործով զբաղվեիք, ձեր այգիներն էլ մերինի նման գազոն կունենային:

    Անգլիացիք այս իրական կամ հնարովի դրվագը սիրում են պատմել փոխաբերաբարՙ իրենց դեմոկրատական-ժողովրդավարության ինստիտուտների, կարգապահության ու կարգուկանոնի, օրենքները հարգելու ջանասիրության մասին խոսելիս: Հակառակ այն փաստին, որ իրենց երկիրըՙ Մեծ Բրիտանիան, չունի՛ սահմանադրություն, գոնե բառի այն իմաստով, ինչպես մենք ենք ըմբռնում: Մենքՙ որ արդեն ունենք երկրորդ անգամ բարեփոխված Հիմնական կամ Մայր օրենք: Ոչ միայն Սահմանադրություն, այլեւ անկախ պետականության մյուս բոլոր անհրաժեշտ ատրիբուտներըՙ դրոշ, զինանշան, օրհներգ, դրամ, խորհրդարան, պետական ու հանրային ինստիտուտներ եւայլն:

    Հետեւաբար, Սահմանադրության եւ սահանադրական այլ կառույցներ ունենալը բնավ էլ չի նշանակում անկախություն ունենալ: Ավելի ճիշտՙ անկախություն հռչակելը դեռեւս անկախ լինել չէ:

    Այո, 25 տարի առաջ Հայաստանը իրեն հռչակեց անկախ, ստեղծեց համապատասխան ինստիտուտները, գրեթե բոլոր ատրիբուտներն ընդունեց, ՄԱԿ-ում աթոռ ստացավ, բազմաթիվ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց, ստեղծեց բանակ, վերջապեսՙ դարձավ սուվերեն երկիր, պետություն: Հպարտացանք բոլորս, ներսում ապրողներս ու դրսում բնակվողները: Հայերի՛ն նկատի ունեմ:

    Սակայն անկախությունը մեզ համար չդարձավ պետական ու քաղաքացիական արժանապատվության զգացողություն, կենսակերպ: Անկախությունը հաճախ համեմատեցինք մեր գրպանի պարունակությամբ, մեր կյանքի, կեցության, ապրուստի դժվարությունների հետ: «Քաղցած փորին ի՞նչ անկախություն», ասացինք հաճախ: Բայց չնկատեցինք նաեւ, որ մեր հայրենակիցներից նրանք, ովքեր ի տարբերություն մեզ կուշտ էին եւ հարուստ, նույնպես դժգոհում են անկախությունից եւ իրենց շահածը ներդրում ոչ թե այս, այլ ուրիշ երկրներում:

    Ու հիմա, մի քանի օրից, շեփորով ու թմբուկով, նաեւ զորահանդեսներով ու ճառերով տոնելու ենք մեր երկրի անկախությունը, ու մեզնից գոհՙ շարունակելու ենք ստորադասել մեր անկախությունը: Նույն կերպՙ ինչպես 25 տարի շարունակ:

    25 տարին անշուշտ անհամեմատելի է 500 տարվա հետ: Ինչպես Հայաստանի Հանրապետությունըՙ Բրիտանական կայսրության հետ: Սակայն 200 եւ ավելի տարիներ անկախության ձգտող մեր ժողովրդի համար 25 տարին նույնպես բավական է անկախությունը ամենօրյա ապրում, կենսակերպ, աշխատանք եւ ձգտում դարձնելու համար:

    Ու քանի որ այս հոդվածը սկսեցի անգլիական մի օրինակով, ավարտեմ անգլիական մի այլ պատմությամբ, որը հորինովի չէ, այլ պատահել է իսկապես:

    Տարիներ առաջ ընկերոջս հետ վերադառնում էինք Լոնդոնում տեղի ունեցած մի ժողովից: Հյուրանոցում խնդրեցի օդակայան տանող տաքսի կանչել, նախապես հարցնելով, թե մոտավորապես որքան պետք է վճարել վարորդին: 40-43 փաունդ, ասաց աշխատակիցը: Ու քանի որ բավարար անգլիական ֆունտ ստերլինգ չէր մնացել մոտս, ես ու ընկերս միացրինք մեր ունեցածը, որ կազմեց 45 փաունդ: Մեր բախտիցՙ հաշվիչը ցույց տվեց ճիշտ 50 փաունդ: 45-ի վրա ավելացրի ամերիկյան 10 դոլար: Վարորդը վերցրեց 45-ը եւ ամերիկյան 10 դոլարանոցը վերադարձրեց: Ասացիՙ անգլիական չի մնացել մեզ մոտ: Ասացՙ հասկանալի է: Ու հեռացավ…

  • ՓՈՂԻ ՊԵՍ ՕԴ Է ՊԵՏՔ

    ՓՈՂԻ ՊԵՍ ՕԴ Է ՊԵՏՔ

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Դուք գիտե՞ք սա ինչ ժողովուրդ է: Հերոսական, թշվառ, հինավուրց եւ փառավոր անցյալը, Նարեկացուն, Ավարայրը, Տիգրան Մեծին դրեք մի կողմ, ավելի ճիշտՙ թող մնան պապենական հողերում: Այսօր, այստեղ, դուք գիտե՞ք ինչ ժողովուրդ է: Նկատի ունեմ նրանց, ովքեր լավը չեն տեսնում, ինչ լավ բան անում եսՙ վատ են հասկանում, համատարած տրտունջ են տարածում, ոչ մեկին չեն սիրում: Այդ ժողովրդին նկատի ունեմՙ ձեր կարծիքով այդ ժողովրդին ճանաչո՞ւմ եք, եթե ընտրվել եք նրանց կողմից, պետք է որ ճանաչեք, եթե իհարկե ընտրվել եք, եթե, անշուշտ, նրանց կողմից եք ընտրվել: Այս ժողովուրդը դեռ տնակում է ապրում, օրինակՙ ծանրամարտից արծաթե մեդալ բերած Գոռ Մինասյանը: Ես չգիտեմ, ինչի՞ մասին էր մտածում Գոռըՙ հսկա ծանրաձողը բարձրացնելիս, ի՞նչ էր նրան ուժ տալիս. հայրենի Գյումրու հողն ու ջո՞ւրը, թե՞ հայրենի Գյումրու անշուք եւ փոքրիկ վագոն-տնակում այլեւս չապրելու երազանք-փափագը: Դժվարությունը, տառապանքը մարդուն կարող է ուժ տալ, բայց կարող է վերցնել նրանից ուժի վերջին մնացորդները նաեւ: Գոռին տվել է, բայց դա չի նշանակում, որ բոլորին է տալու: Դա չի նշանակում, որ նույն Գյումրու օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան կիսավեր մարզադպրոցում ըմբշամարտ պարապող երեխաները չեմպիոն են դառնալու, եւ կամ օլիմպիադայի են մասնակցելու: Եթե չեմպիոն դառնան էլ, ապա մի 20 տարի հետո: Նման դպրոցներում մարզիկ աճեցնող երկիրը լավագույն դեպքում 20 տարին մեկ է չեմպիոն տալիս, անկախ նրանից, թե քանի՞ «Նիվա» մակնիշի մեքենա կա կանգնած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ավտոտնակներից մեկումՙ նվերի ժապավեններով եւ մեքենաներից ավելի թանկՙ առյուծների քանդակների ներքո:

    Գուցե մեզ մոտ 80-ականները ապրելակե՞րպ են: Ասենքՙ չենք ուզում դուրս գալ այդ տարիներից, էլի ամեն բան որոշում է կուսակցությունն ու Մոսկվան, զենքըՙ 80-ականների է, մարզադպրոցներըՙ 80-ականների, մտածելակերպըՙ 80-ականների, անգամ Երեւանից Բաթում տանող ռուսական կառավարմանն հանձնված երկաթգծի գնացքն է 80-ականների է եւ մի քիչ ամոթով է կանգնում Բաթումի կայարանում, Բաթումի-Թբիլիսի ժամանակակից, երկհարկանի արագընթաց գնացքի կողքին, որը հասնում է Թբիլիսի եւ հետ գալիս ճիշտ այնքան ժամանակում, որքանում մեր գնացքը դեռ Թբիլիսի տանող ճանապարհին է:

    Մենք հետամնաց չենք, բայց հետ ենք մնացել, ավելի ճիշտ նրանքՙ ովքեր Հայաստանում են մնացել, հետ են մնացել, անգամ եթե ամենավերջին թողարկման հեռախոսն են բռնումՙ նոր-նոր արտադրված մեքենայի ղեկին, կուբացի սենյոր Խորխեի հենց նոր պատրաստած սիգարըՙ ատամներով սեղմած:

    Տարածաշրջանի՞ց է, իշխանությունների՞ց է, մեզանի՞ց է: Համենայնդեպս իշխանությունն ասում էՙ տարածաշրջանից է, տարածաշրջանն ասում էՙ ձեզանից է, մենք ասում ենքՙ իշխանություններից է, եւ շրջանը փակվում է, մեծ-մեծ, պես-պես դղյակների ամուր դարպասների պես, որտեղ ապրում են նրանք, որոնց էլ հարցնում եմՙ դուք գիտե՞ք սա ինչ ժողովուրդ է: Հա, փաստորեն, գիտեք, ընտրություններին տեսել եքՙ մի անգամ, երբ իջեցրեցիք ձեր մեքենայի պատուհանը, քանի որ սենյոր Խորխեն, ճիշտ է, լավ սիգարագործ է, բայց դե անիծյալը շատ թունդ է, մեքենայում շնչելու օդ չկա:

    Մաքուր օդ է պետք, ավելի շատՙ քան 5 հազար դրամը:

  • ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

    ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

    ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին

    Գերմանական Նաուման հիմնադրամի «Ազատություն Հարավային Կովկասի համար» նախագծի ղեկավար Փեթեր Անդրեաս Բոխմաննը Երեւան է այցելել հուլիսյան պատանդառության օրերին, մասնակցել բողոքի ցույցերին եւ իր տպավորություններն է հրապարակել երեւանյան «Նյարդային երկշաբաթյա պատերազմի» մասին portal liberal կայքում: Հոդվածագիրը հուլիսի վերջին Հայաստանի սահմանը Սադախլո Բագրատաշենի անցակետում հատելիս նկատել է, որ իր նոր անձնագրի ստուգումը նախորդ անգամների համեմատությամբ երկար ընթացք է ունեցել: Իր տպավորությամբ, մի 30 անգամ թերթել են անձնագրի անկնիք էջերը. միգուցե պատճառը Ադրբեջան մուտքի երկարատեւ վիզան է եղել, որ նախորդ անգամներին սահմանապահներին հարց տալու առիթ է տվել եւ որն այս անգամ երեւի փորձել են «շրջանցել»ՙ էջերը երկարատեւ ստուգելով:

    Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջման փորձից 2 օր հետո հուլիսի 17- ին մոտ 2 տասնյակ զինյալներ գրավել էին Երեւանի ՊՊԾ գունդըՙ բազմաթիվ մարդկանց պատանդառելով: Պատանդառուներըՙ արմատական ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի համախոհները, պահանջում էին նախագահ Սարգսյանի հրաժարականը, ընդդիմադիրներիՙ նրանց մեջ առաջին հերթին Սեֆիլյանի ազատարձակումը: Հանրության մեջ հեղինակություն վայելող Ղարաբաղյան պատերազմի վետերան Սեֆիլյանը, որ դեմ է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններին, կալանավորված է ապօրինի զինամթերք կրելու մեղադրանքով: Հեղինակն այնուհետ մանրամասնորեն շարադրում է երեւանյան իրադարձությունների ողջ ընթացքըՙ պատանդառուների հետ բանակցությունները, պատանդների ազատ արձակումը, ոստիկանության ուժային անհամաչափ գործողությունները ցուցարարների հանդեպ: Սեֆիլյանի մի շարք համակիրների կողքին բողոքի ցույցերն են համալրում մի քանի հազար ընդդիմադիրներ, վերջնարդյունքըՙ 2 սպանված, անհաշիվ վիրավորներ ու ձերբակալվածներ եւ ըստ անկախ փորձագետերի հաղորդմանՙ ցուցարարների հանդեպ անվտանգության մարմինների անհամաչափ բիրտ ուժի կիրառում, նշում է Բոխմաննը: Զարմանալի չէր, որ երկրի անվտանգության ուժերն էլ արտակարգ պայմաններում էին գործում, գրում է վերլուծաբանը, վկայակոչելով ռուսական եւ թուրքական լրատվամիջոցներով քաղաքական փորձագետների վերլուծությունները, ըստ որոնց «դավադրությունների տեսությունների», ենթադրաբար այդ իրադարձությունների թիկունքում արտասահմանյան, առաջին հերթինՙ ամերիկյան կազմակերպություններն են եղել:

    Ըստ նրանց պլանիՙ նպատակը եղել է Հայաստանն ապակայունացնելը հեղաշրջման միջոցով եւ Ռուսաստանին բարեկամ Սերժ Սարգսյանին պաշտոնազրկելը: Վերլուծաբանը նկատում է հայկական կոռուպցիոն առօրյան ներկայացնող դրվագներից մեկը. այդ օրերին բնականաբար Երեւան մուտք գործող ավտոմեքենաներիՙ առավելաբար ոչ հայկական համարանիշեր ունեցողները ստուգվում էին, ակնհայտ կամայական տուգանքներ էին նշանակվում եւ դրանց վերաբերյալ բուռն սակարկում էր ընթանում:

    Գերմանացի փորձագետը դիտարկում է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության արդի փուլը: Հայաստանին վիճակված է նոր արտաքին քաղաքական ծանր իրավիճակի դիմագրավումը, կարծում է գերմանացի փորձագետըՙ նկատել տալով Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս սկսված «թանկագին բարեկամությունը», որ վճռորոշ դերակատար է նաեւ ղարաբաղյան հարցի հանգուցալուծման մեջ: Բոխմաննը նկատել է տալիս, որ Ռուսաստանը Հայաստանի հովանավոր լինելով, Ադրբեջանի հետ իր բարեկամական կապերընորոգելով,ցանկություն ունի հակամարտության մեջ միջնորդի իր դերը շարունակել: Թուրքիան հակառակըՙ Ադրբեջանի հետ առավել քան բարեկամական հարաբերություններ ունեցող այդ երկիրն ապրիլյան էսկալացիայից հետո Բաքվին վստահեցրեց, որ նրան « մինչեւ վերջ» է սատարելու: Բոխմաննը վկայակոչում է լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե հուլիսին Բաքվի եւ Անկարայի միջեւ ստորագրվել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին համաձայնագիր: Ռուսաստանին ձեռնտու չէ նոր էսկալացիան, նա ձգտում է խաղաղ բանակցությունների միջոցով լուծել հարցը: Խաղաղ բանակցային ուղիներից մեկը հայկական վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական շրջանների վերադարձն է, որին դեմ դուրս եկան ՊՊԾ գունդը գրավածները ճիշտ հակառակը պահանջելովՙ Ադրբեջանի հետ ոչ մի խաղաղ բանակցություն, բացառելով տարածքների վերադարձը, գրում է գերմանացի վերլուծաբանը: Ըստ Բոխմաննիՙ ենթադրել կարելի է, թե Պուտին- Էրդողան բարեկամությունը Հարավային Կովկասի վրա ինչ ազդեցություն կթողնի: Մի բան հստակ է, որ տարածաշրջանին ձեռնտու չէ Հայաստանի անկայունությունը, հաշվի առնելով նաեւ մերձակաՙ եվրոպամետ Վրաստանի գործոնը, որ ԵՄ ինտեգրման, ՆԱՏՕ- ին անդամակցության ճանապարհին է եւ որտեղ մեծաթիվ հայ եւ ադրբեջանցի բնակչություն կա: Վերլուծաբանը հավանական չի համարում, որ հայաստանյան զանգվածային բողոքի ցույցերը էական իրադարձային փոփոխությունների կհանգեցնեն, քանի որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերն ի վիճակի չեն առաջնորդություն ստանձնել: Չափավոր ընդդիմադիրների մի մասը, ինչպես ՀԱԿ- ը, Սեֆիլյանին հարողների հետ չի միաբանում, տարածություն է պահումՙ նշելով քաղաքական խնդիրները զենքի ուժով լուծելու իրենց համար մերժելի փորձը: Բոխմաննը ներկայացնում է նաեւ իր հայ գործընկերոջՙ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքը, որ ՀԱԿ- ի նման մերժում է բռնի մեթոդները, բայց նկատել տալիս, որ զինված խմբին հարողների մեծ մասը հույսը կորցրել է կոռուպցիայի, կեղծված ընտրությունների , վատթարացող սոցիալական պայմանների պատճառով, եւ հանգել խնդիրները բռնի ուժով լուծելու գաղափարին: