Category: 16 Սեպտեմբերի, 2016

  • ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽ

    ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պ.գ.դ

    Հերթական անգամ ՀՀ Պաշտպանության նախարարության Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ Արցախ մեկնելու եւ որեւէ զորամասում դասախոսություններով հանդես գալու խմբում ընդգրկվեցի: Ի դեպ, այդ ծրագիրն իրականացվում է բացառապես կամավորության սկզբունքով: Խմբում ընդգրկված էին տարբեր տարիքի ու սեռի գիտնականներ: Այնտեղ էին արդեն վեց տարի ընթացող այդ գործառույթի գրեթե չբացակայած մասնակիցներ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, դոցենտ Արմենուհի Ղամբարյանը, դոկտոր Ռուբեն Սահակյանը, Ֆեդյա Ղազարյանը եւ շատ ուրիշներ` նախաձեռնության հեղինակ ու անփոփոխ կազմակերպիչ, Պաշտպանության բանակի նախարարի խորհրդական, Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:

    Ճանապարհը չնայած անթերի կազմակեպված լինելուն, ավտոբուսի փափուկ եւ անխափան աշխատանքին, հետաքրքրական ու բովանդակալից եւ շատ դեպքերում հումորախառն զրույցներին` հոգնեցուցիչ է, քանի որ 350 կմ երկարություն ունի, այն էլ անորակ, կարկատաններով ու շարունակական ոլորաններով հարուստ: Հոգնածությունը փոքր ինչ թեթեւացավ Գորիսի ռեստորաններից մեկում կազմակերպված փառահեղ ճաշով, եւ վարորդ Սամվելի ոլորաններն հնարավորիս աննկատ դարձնելու ջանքերի:

    Ստեփանակերտում մեզ բարեհաճ ընդունեց Պաշտպանության բանակի հրամանատար-նախարար Լ. Մնացականյանը: Ջերմ ողջույններ փոխանակելուց հետո նա ներկայացրեց պաշտպանական դիրքերում իրականացրած աշխատանքները եւ շեշտեց, որ այդ բարեփոխումների արդյունքում մի շարք դիրքեր ապահովվել են մշտական հոսող խմելու ջրով, գիշերային դիտարկման սարքերով, անխափան սննդի մատակարարմամբ եւ ավելի արդյունավետ պաշտպանական զինատեսակներով: Նախարարը նաեւ ընդգծեց, որ հայրենական թռչող սարքերն ավելի են կատարելագործվել եւ ոչնչով չեն զիջում իսրայելական եւ այլ երկրների համանման սարքերին: Միեւնույն ժամանակ նախարարն ասաց, որ տասնչորսօրյա հերթապահությունները շուտով կփոխարինվեն յոթօրյայով, որով կմեղմվի հերթապահների ծառայողական լարվածությունը, վտանգի չեն ենթարկվի ամուսնացածների ընտանեկան անդորրը եւ մի շարք ոչ պակաս կարեւոր այլ հարցեր:

    Այնուհետեւ պատասխան խոսքով հանդես եկավ Գ. Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ու պատրաստակամ ընդունելության համար նա նշեց, որ օգոստոսի սկզբներին բանակի տարբեր դիրքեր այցելությունների ընթացքում նկատել են որոշ թերացումներ եւ առաջարկեց մի քանի էական եւ ոչ այնքան ծախսատար գործառույթներ իրականացնել, որոնցից անշուշտ ավելի լավ վիճակում կլինի թե դիրքապահը եւ թե ընդհանրապես բանակը: Օրինակ, նա առաջարկեց դիրքերն ապահովել արեւի էներգիայով աշխատող սառնարաններով եւ այլն:

    Նախարարի առաջարկով եղան հարցեր, որոնց նա պատասխանեց սիրով եւ պատրաստակամ: Բանակի որոշ ներքին խնդիրների հետ կապված իր դիտարկումները ներկայացրեց եւ մի քանի էական հարցեր տվեց ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, որոնց նախարարը բավականին մանրամասն պատասխանեց: Մասնավորապես Մելքոնյանն ասաց, որ զորացրվածները լավ տիրապետում են զինտեխնիկային, ծառայության նրբություններին եւ այլն եւ այդ որակյալ պոտենցիալը ծառայությունն ավարտելուց հետո փաստորեն փոշիանում է, քանի որ կա՛մ արտագաղթում է, կա՛մ հեռու է մնում բանակից: Մի՞թե ժամանակը չէ, որ մտածենք այդ որակյալ ուժը չկորցնելու մասին: Նախարարը համաձայնեց եւ ասաց, որ այդ ուղղությամբ քայլեր նախատեսվում են եւ շուտով այդ մասին կիմանանք բոլորս: Հարցեր տվողներ էլի եղան ու ցանկացողներն էլ շատ էին, սակայն ժամանակի սղության պատճառով դրանց մի մասը չհնչեց:

    Հաջորդ օրը առավոտյան նախաճաշելուց հետո բանակի շտաբում տարբեր զորամասերից եկած մեքենաներով` բաժանվելով երկուական խմբերի, մեկնեցինք նշանակված զորամասեր: Ասկերանի գնդում, դեռ մուտքի մոտ, մեզ սիրով դիմավորեցին եւ ուղեկցեցին զորամասի շքերթահրապարակ, որտեղ զինվորները կատարում էին կիրակնօրյա ծրագիրը: Զորամասի փոխհրամանատարի առաջարկով դասախոսությունները կարդացինք հենց հրապարակում: Անկեղծ ասած, երբ ամբիոնի բարձունքից նայեցի շարված տղաներին, ակամա հուզվեցի. հենց սա է մեր ուժը, հենց այս տղաներն են կերտել ավարայրներն ու մայիսյան հերոսամարտերը, ազատագրել Արցախը եւ շարունակելու են իրենց հաղթարշավը…: Պատմաբանիս համար այդ զորաշարքերում ուժն էր կարեւորը եւ ապագան սեփական ձեռքերով կերտելու վճռականությունը, որ ես տեսա յուրաքանչյուրի աչքերում: Հուզվելու եւս մի քանի առիթներ եղան: Նախ պարզվեց, որ հարցատու զինվորների շարքում էին ոչ վաղ անցյալում իմ ուսանողներից երկուսը, ապա հարցերի տողատակերում զգացվող զինվորների մտահոգությունն ու վերաբերմունքը բոլոր կարեւոր հարցերի նկատմամբ: Իսկ հուզվելու տեսակետից գագաթնակետը եղավ կապուտաչյա երգիչ Սեւակի կողմից մի քանի երգերի հրաշալի կատարումները: Այս անգամ ինձ թվաց բոլորն էին հուզվել եւ ուրախացել, հատկապես զինվորներն հպարտ էին իրենց զինակցի շնորհաշատ կատարումով:

    Բանակի շտաբում հյուրասիրվելուց հետո բարձրաստիճան մի քանի սպաներ շնորհակալություն հայտնեցին այցելության, բանակի կողքին լինելու, հայրենանպաստ գործ կատարելու համար եւ կրկին հանդիպելու ակնկալիքով` ճանապարհեցին մեզ:

    Ճանապարհը յուրակերպ փորձություն են որեւէ ուղեւորի համար: Ակամա հարց է առաջանում. արժե՞ այդքան տառապանքը: Մի քանի այցելությունների մասնակցի (ով առողջական որոշ խնդիրներ էլ ունի) եւ այդ փորձությունները հաղթահարողի տեսանկյունից վստահ կարող եմ վկայել, որ դա ոչ միայն կարեւոր, այլեւ խիստ անհրաժեշտ գործառույթ է: Գաղտնիք չէ, որ հաղթում է այն ժողովուրդը, որի յուրաքանչյուր անդամ գիտակցում ու զգում է այդ հաղթանակի անհրաժեշտությունը եւ յուրաքանչյուրն իր տեղում պատասխանատվության զգացումով կատարում է իր գործը: Այլ խոսքով` յուրաքանչյուրը կախում է իր զանգը: Իհարկե, փառք ու պատիվ բոլոր զենք բռնողներին, սակայն հաղթանակները սոսկ զենքի արդյունք լինել չեն կարող: Հետո էլ զենքով նվաճած հաղթանակը եթե խոսքով ու մյուս անհրաժեշտ գործոններով չապահովվի, երկար գոյատեւել չի կարող: Այնպես որ, որքան էլ դժվար ու հոգնեցուցիչ, այս այցելություն-դասախոսություններն, անկասկած, անչափ կարեւոր են ու անհրաժեշտ թե՛ բանակի եւ թե՛ մեզՙ մտավորականներիս համար:

    14.09.2016, Երեւան

  • ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ

    ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ

    ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

    Սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորների ընտանիքներին Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան մշակութային միության հանգանակած նյութական օգնության տրամադրումը:


    Առաջին ընտանիքը որտեղ մենքՙ ԹՄՄ կենտ. վարչության Հայաստանում ներկայացուցիչ Գայանե Մուրադյանս եւ Մասիսի շրջանի ՌԱԿ պատասխանատու Սուսաննա Ղազարյանը այցելեցինք Արարատի մարզի Մասիս քաղաքում 1996թ. ծնված շարքային` Աղասի Սարմենի Ասատրյանի ընտանիքն էր: Աղասը ապրում էր ծնողների, քրոջ, տատիկի հետ, հին, խարխլված տանը: Տատիկը ասաց, որ նա առանձին սենյակ չուներ, բայց չէր նեղվում-ասում էրՙ գնամ բանակ գամ կաշխատեմ եւ նոր տուն կկառուցեմ, անձնական սենյակ կունենամ, կամուսնանամ: Տատիկը ցույց տվեց այն բազմոցը, որի վրա քնում էր Աղասը: Հայրը պատմում էր , որ Աղասը փոքրուց քաջ տղա էր, չէր վախենում ոչ մի բանից…

    Աղաս Ասատրյանը զոհվել է ապրիլի 2-ին Թալիշ գյուղում : Հրամանատարը ջերմադիտակով դիտարկում կատարելիս մոտ տարածությունում հայտնաբերելով հակառակորդի մեծաքանակ կուտակումներՙ կազմակերպել է շրջանաձեւ պաշտպանություն, եւ տղաների խիզախության շնորհիվ հաջողվել է պահել դիրքը, բայց ոչ երկար… Իրենց ասվել է, որ պետք է նահանջել, սակայն Աղասին մնալով մարտնչել է եւ կրակել մինչեւ վերջին փամփուշտը, ինքը զոհվել է փրկելով ընկերների կյանքը: Թշնամին գտնելով նրա անկենդան մարմինըՙ խոշտանգել է… Հայրը` Սարմեն Ասատրյանը պատմում էր, որ ՀՀ ՊՆ դատաիրավական մարմինների հետ հայց են ուղարկել Եվրոդատարան, ներկայացրել են խոշտանգումների վերաբերյալ մանրամասնություններ: Նա ասաց, որ ԼՂՀ բանակի հրամանատարության հրավերով այդ դիրքում զոհվածների ծնողներով գնացել են այդ վայրը, խոսել են ողջ մնացած ընկերների հետ, տեղադրել հիշատակի քաչքար: Տան վերին անկյունում Աղասիի նկարի կողքին տեսանք ծառայության ընթացքում նրա ստացած մի շարք շնորհակալագրեր եւ շքանշաններ, ջարդուփշուր եղած հեռախոսը եւ անձնական այլ իրեր, որոնք հորն էին փոխանցել ընկերները:

    Հաջորդ ընտանիքը, որին մենք այցելեցինք, նույն քաղաքում 1996 թ. ծնված Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանի ընտանիքն էր, դարձյալ Մասիսում: Հենրիկը ապրում էր երկու սենյականոց բնակարանում: Ընտանիքը Մասիս քաղաք է տեղափոխվել վերջերս, նրանք ապրում էին Ռուսաստանում, իրենց համեստ բիզնեսը ունեին, Հայաստան էին եկել որպեսզի որդին ծառայության անցնի Հայոց բանակում: Նա միշտ ասել է, որ ինքը պետք է զինվորական ծառայությունը անցնի հայրենիքում: Ապրում էր ծնողների եւ քրոջ հետ: Մայրը պատմում էր, որ իրենք զարմացած էին, երբ իրենց պատմել են, թե իրենց թուլակազմ տղան ինչ կատաղի մարտի է բռնվել թշնամու անակնկալ գրոհի ժամանակ:

    Հենրիկը զոհվել է ապրիլի 2-ին «Սիս» վաշտի հրամանատարական դիտակետի մատույցներում ծավալված մարտական գործողությունների ժամանակ, հակառակորդի դիվերսանտների դեմ մարտում, թշնամուն պատճառելով կենդանի ուժի կորուստ, ընկել է քաջի մահով:

    Երրորդ ընտանիքը, որին մենք այցելեցինք` Արարատի մարզի Դարբնիկ գյուղից զորակոչվածՙ 1996 թ. ծնված շարքային Ժորա Արթուրի Եսայանի ընտանիքն էր: Ժորա Եսայանը ապրում էր ծնողների, տատիկի եւ երկու եղբայների հետ: Կրտսեր եղբայրը նույնպես բանակում է, իսկ փոքրը` 14 տարեկան է: Փոքրուց նա մարզվում ու ֆիզիկապես ամուր կազմվածք ուներ, մայրը` Մարինեն պատմում էր- ժորան բանակ գնալու առիթով ազգականների հետ հրաժեշտի հավաքույթի ժամանակ բոլորին ասում էր` գնամ թուրքերին սատկացնեմ գամ, հանգիստ ապրենք: Իր ուժերի վրա վստահ, քաջարի ու համարձակ էր Ժորան: Ուզեցել է Ղարաբաղում ծառայել: Եվ ճակատագրի բերումով ծառայության է անցել հենց Ջաբրայիլում: Մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ անձնակազմը չի երկնչել եւ քայլ անգամ չի նահանջել , ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել եւ հետ շպրտել հակառակորդին: Դիրքերում ծավալված թեժ ու անհավասար մարտերի ընթացքում անձնակազմը մարտնչել է, սակայն հայտնվելով ծուղակումՙ մինչեւ վերջին փամփուշտը կրակել է, ու Ժորան ընկել է քաջի մահով, ապրիլի 2-ին: Կտտանքների ենթարկված, խոշտանգված նրա դիակը Կարմիր խաչի օգնությամբ փոխանակվել է ապրիլի 10-ին: Ժորայի հեռախոսը հայտնվել է թշնամու ձեռքին, նրանք զանգահարել են ծնողներին եւ ասել, որ նա իբր կենդանի է եւ որ իրենք մորթում են նրան, բայց իրականում նա արդեն մահացած է եղել:

    Չորրորդ ընտանիքը, որին մենք այցելեցինք` Այնթապ գյուղից զորակոչվածՙ 1991 թ. ծնված ավագ լեյտենանտ Աշոտ Շավարշի Զոհրաբյանի ընտանիքն էր: Նա պայմանագրային ծառայության է անցել սիրելով զինվորական գործը: Նա ապրում էր ծնողների եւ քույրերի հետ: Կենսախինդ, ռազմական գործի լավ գիտակ էր, իր հրամանատարության ենթակա զինվորները սիրում ու մեծարում էին նրան: Նա նշանվել էր իր զոհվելուց երեք ամիս առաջ, եւ այս աշնանը պետք է ամուսնանար: Ռազմավարական նրա հմուտ քայլերի արդյունքում նրա դիրքում ոչ մի զինվոր չի զոհվել: Հենակետի ամենավտանգավոր դիրքը հսկելու ինքն է գնացել, խնայելով անփորձ զինվորին: Ըստ նախնական տվյալների, Աշոտ Զոհրաբյանը հակառակորդի կողմից արձակված ՍՎԴ տիպի զենքի կրակոցից գլխի աջ շրջանում ստացել է մահացու հրազենային վերք: Գյուղական համայնքը ի պատիվ նրա հիշատակիՙ տեղադրել է խաչքար- հուշաքար, որի պաշտոնական բացմանը մասնակցեցինք նաեւ մենք:

    Բոլորը զինվորները հետմահու պարգեւատրվել են ԼՂՀ եւ ՀՀ արիության շքանշանով:

  • ՈՒՈՐԼԻՔՆ ՈՒ ԿԱՐՄԻՐ ԿՏՈՒՐՆԵՐՈՎ ՍՊԻՏԱԿ ՏՆԵՐԸ

    Հ. ԱՖՅԱՆ

    Ուորլիքն ինչ-որ բաներ է ասել «Ինտերֆաքս»-ին: Նորից, նորից «Ինտերֆաքս»-ին չի ասել, նորից է ասել, դե այն, որ տարածքներՙ կարգավիճակի դիմաց, միջազգային խաղաղապահներ, փախստականների վերադարձ… Ասել է եւ շեշտել, որ «այս ամենը հայտնի է վաղուց»: Դե այսինքն մենք էլ, ադրբեջանցիներն էլ վաղուց գիտենք, որ քննարկվում էՙ մենք տարածք ենք տալիս, նրանք կարգավիճակ են ճանաչում, փախստականներն են վերադառնում ու միջազգային խաղաղապահները ապահովում են հակամարտության գոտու անվտանգությունը սկզբունքը: Միջազգային խաղաղապահներն էլ կարող են ամերիկացի լինել, կարող են ամերիկացի եւ ռուս լինել, կարող են ամերիկացի, ռուս, ֆրանսիացի լինել ու կարող են ամերիկացի, ռուս, ֆրանսիացի, անգլիացի, լեհ, նորվեգացի եւ մի քանիսն էլՙ եթովպացի լինել, կամ քենիացի: Կապ չունի, եթե անունը միջազգային խաղաղապահ է, կապ չունի ինչ ազգ է, բոլոր ազգերից էլ խաղաղապահ լինում են, քանզի բոլոր ազգերն էլ խաղաղության կարիք ունեն:

    Ու պետք չէ անտեսել Ուորլիքի հայտարարությունները: Դրանք չափազանց լուրջ ենՙ անտեսվելու համար: Ուորլիքն ինքը, անկախ նրանիցՙ լո՞ւրջ ֆիլմեր է սիրում, թե՞ կոմեդիաներ, լուրջ մարդ է ու ամենակարեւորըՙ ինքը այնտեղ է լինում, որտեղ Ղարաբաղի մասին շատ լուրջ խոսում են շատ լուրջ մարդիկ: Հետեւաբար ինքը գիտի, թե ինչ են խոսում Ղարաբաղի մասին: Գիտի եւ ասում է, ոչ ամենն իհարկե, այն, ինչը պետք է իմանանքՙ մենք եւ ադրբեջանցիները: Իմանանք ու ինչ-որ բան անենք, կամ չանենք: Նպատակը հենց դա է, պարզել, թե կանե՞նք արդյոք ինչ-որ բան մենք ու ադրբեջանցիները, եթե այոՙ ապա ի՞նչ, եթե պատերազմ, ապա կդադարեցնեն, խնդիրը պատերազմի հրահրումը չէ, խնդիրն իրոք այս հակամարտության լուծումն է, դրանՙ կողմերի պատրաստակամության ստուգումը: Եթե մի օր Ուորլիքը հայտարարի, որ քննարկվում է տարածքներՙ կարգավիճակի դիմաց եւ ոչ մենք ձայն հանենք, ոչ էլ նրանք, ուրեմն ժամանակը եկել է, կողմերը պատրաստ են, կարելի է ընտրել մի գեղեցիկ քաղաք, ցանկալի է եվրոպական, այնտեղ կանչել նախագահներ Սարգսյանին եւ Ալիեւին, վերջինիս կարելի է համոզել, որ Սահակյանն էլ գա ու վերջ, ստորագրեք այն, ինչին ձեր ժողովուրդները պատրաստ են, իսկ պատրաստ են, քանի որ մենք ասում ենք, նրանք ձայն չեն հանում, եթե ձայն չեն հանում, ուրեմն պատրաստ են: Դրա համար է Ուորլիքը խոսում, ու դրա համար է, որ ամեն անգամ, երբ Ուորլիքը խոսում է, մենք չպետք է լռենք: Հենց լռեցինքՙ ստորագրվելու է, եւ չի ստորագրվումՙ քանի դեռ չենք լռում:

    Բայց մի օր լռելու ենք: Մի օր, երբ Ղարաբաղը կսկսի ձանձրացնել, ու որն ամենասոսկալին էՙ խանգարել: Դա հնարավոր է, դա չպետք է թույլ տալ, բայց դա հնարավոր է: Երկիրը փակ սահմաններով չի զարգանում, եւ մենք բոլորս էլ գիտենք, թե ինչու են փակ մեր երկրի սահմանները: Գիտենք, բայց չենք բարձրաձայնում եւ լավ ենք անում, ավելինՙ ճիշտ ենք անում: Որովհետեւ եթե բարձրաձայնենք, Ղարաբաղը կսկսի խանգարել, իսկ Ղարաբաղը երբեք չպետք է խանգարի, այս գիտակցությունը երբեք չպետք է մտնի, տեղավորվի, հարմարվի եւ ամրապնդվի մեր մեջ, մեզանից յուրաքանչյուրի մեջ: Եթե անգամ դա այդպես է, եթե անգամ բոլորս էլ հասկանում ենք, որ դա այդպես է: Շատ բան կարելի է հասկանալ, բայց շատ բանի մասին չի կարելի խոսել:

    Բայց մենք պետք է խոսենք: Մենքՙ նկատի չունեմ միայն հրապարակներում, Արցախ թեմաներով գիտաժողովներում կամ փողոցներում եւ կամ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դիմաց, Գանձասարի տեսարանով հիանալիս, կամ Շվեյցարիա հիշեցնող երեկոյան Ստեփանակերտի կենտրոնում զբոսնելիս: Նկատի ունեմ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, չինարեն, թուրքերեն, գերմաներեն, պորտուգալերեն… Ինչպես Ցեղասպանության մասին ենք ամբողջ աշխարհին պատմել, այդպես էլ պետք է Արցախի մասին պատմենք: Ու ամեն անգամ, երբ Ուորլիքը խոսում է տարածքներՙ կարգավիճակի դիմաց թեմայով, մենք այդ տարածքներում մեկ տուն պետք է կառուցենք: Որպեսզի Ուորլիքի այս խոսակցությունները մեզ ձեռնտու լինեն, որպեսզի Ադրբեջանը խնդրի Ուորլիքինՙ էլ չխոսել, քանի որքան շատ է նա խոսում, այնքան հայերը տներ են կառուցում այն տարածքներում, որոնք ըստ Ուորլիքի պետք է հանձնվեն կարգավիճակի դիմաց, այն կարգավիճակի, որը պետք է որոշեն այն մարդիկ, ովքեր ապրում են այդ տարածքներում կառուցված տներում, հայկակա՛ն տներում:

    Այսինքն Ուորլիքին ԱԳ նախարարությունը չէ, որ պետք է պատասխանի, որովհետեւ ԱԳ նախարարությունը ամիսը գոնե մեկ անգամ Ուորլիքին փակ դռների հետեւում հանդիպում էլ է, պատասխանում էլ է, երեւի (երեւին վերաբերում է պատասխանելուն): Ուորլիքին մե՛նք պետք է պատասխանենք: Մարդը չի ասում, որ քննարկվում է տարածքներՙ կարգավիճակի դիմաց սկզբունքը, մարդը հարցնում էՙ դուք համաձա՞յն եք դուրս գալ ձեր տներից եւ դրանք հանձնել Ադրբեջանին, որպեսզի վերջինս համաձայնի, որ դուք կարող եք մասնակցել Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեին: Եթե մենք այս հարցին չենք պատասխանում, ուրեմն համաձայն ենք, կամ էլ չենք պատասխանում, քանի որ այդ տարածքներում մենք տներ չունենք, ու քանի որ տներ չունենքՙ համաձայն ենք:

    Մի խոսքովՙ Ուորլիքն ինչ-որ բաներ է ասել «Ինտերֆաքս»-ին, պատասխանեք… Ես, օրինակ, առաջարկում եմ Աղդամում, որը մեր հայրենիքն է, կարմիր կտուրներով սպիտակ տների փոքրիկ գյուղ կառուցել, որը կունենա իր դպրոցը, մանկապարտեզը եւ կկոչվիՙ Խաղաղավան:

  • ՍԻՆԳԱՊՈՒՐ, ՍՊԱՍԻ՛Ր, ԳԱԼԻ՜Ս ԵՆՔ…

    ՍԻՆԳԱՊՈՒՐ, ՍՊԱՍԻ՛Ր, ԳԱԼԻ՜Ս ԵՆՔ…

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Դրությունը բավականին դժվարին է: Բանն այն է, որ եթե որեւէ մեկն ասի, որ Կարեն Կարապետյանին չի հաջողվելու առաջիկա 8 ամիսների ընթացքում Հայաստանը դարձնել Սինգապուր, կնշանակի, որ այդ մեկը երկրի լավը չի ուզում եւ մարդուն (Կարեն Կարապետյանին) դեռ վարչապետի պաշտոնում չտեսածՙ կռռում է: Բայց միեւնույն ժամանակ, եթե որեւէ մեկն ասի, որ Կարեն Կարապետյանը առաջիկա 8 ամիսների ընթացքում Հայաստանը դարձնելու է Սինգապուր, եւ հայագիտության ոլորտում անգամ զգալիորեն անցնելու է Սինգապուրից, ապա այդ մեկին ոչ ոք չի հավատա: Այսինքն այս թեմայով որեւէ բան ասելուց մարդը կանգնում է ընտրության առջեւ. կամ կռռում ես, կամ ստում: Դե քանի որ լրագրությունը ստելու հետ որեւէ կապ չունի, եկեք… կռռանք:

    Ինչպես հասկացա ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանի խոսքերից, ով հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը Հայաստանը դարձնելու է Սինգապուր, մեր երկիրը որդեգրել է հին ու բարի սովետական մի քաղաքական գիծ, որը կոչվում էրՙ «Հասնել եւ անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին»: Այն տարբերությամբ, որ Ամերիկային հասնելն ու անցնելն այլեւս ակտուալ չէ, հիմա խնդիրը Սինգապուրին հասնելն ու անցնելն է: Ընդամենը ութ ամսում. պարոն Կարապետյանը հենց այդքան ժամանակ ունի մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությամբ նախատեսվող կառավարության հրաժարականը: Հասկանալի է, չէ՞, եթե առաջիկա ութ ամսում Սինգապուրին գոնե չենք հասնում, ապա պարոն Կարապետյանն էլ չի նշանակվի վարչապետՙ խնդիրը չկատարելու համար: Իսկ եթե հասնում ենք ու անցնում (հիշում եքՙ հայագիտության ասպարեզում), ապա Կարեն Կարապետյանի վարչապետական «դրայվը» կշարունակվի, քանի դեռ Ռուսաստանում նրան ավելի հետաքրքրական պաշտոն չեն առաջարկել: Ի դեպՙ Ռուսաստանի մասին: Ցանկանո՞ւմ է արդյոք մեր ռազմավարական դաշնակիցը, որ Հայաստանը հասնի եւ անցնի Սինգապուրին: Սա շատ կարեւոր է, քանի որ Սինգապուրին հասնելու ճանապարհին հայկական մեքենան պետք է լիցքավորվի ռուսական գազով, եւ եթե Ռուսաստանը դա չի ցանկանում, ապա գազը կարող է չբավարարել, ճանապարհին, ասենքՙ Դուբայում կանգնենք-մնանք, մանավանդ, որ Դուբայում վերջին տարիներին գրեթե բոլորս ծանոթներ ենք ձեռք բերել ու ամեն տասներորդ հայ զույգի մեղրամիսն անցնում է այնտեղ: Էժան է, ուրիշ բան չմտածեք:

    Լավ, ենթադրենք Ռուսաստանը համաձայն է, կամ, որն ավելի լավ է, մենք կարիք չունենք ստանալու Ռուսաստանի համաձայնությունըՙ մեր ազգային-պետական ռազմավարությունը մշակելիս: Գնում ենք Սինգապուրին անցնելու: Բայց ինչպե՞ս, նկատի չունեմ հարցի տնտեսական, կամ ֆինանսական կողմը: Դրան թող, ինչպես հիմա է ընդունված ասելՙ մասնագետներն անդրադառնան: Այլ նկատի ունեմ հարցի այսպես կոչված տեխնիկական կողմը: Որպեսզի Հայաստանը հասնի եւ անցնի Սինգապուրին, Կարեն Կարապետյանը պետք է լինի Լի Կուան Յու: Վերջինս համարվում է «Սինգապուրի ժողովրդի հայրը» եւ «սինգապուրյան տնտեսական հրաշքի արարողը»: Օրինակ, կոռուպցիայի առնչությամբ Լի Կուն Յուն ասում էրՙ «Կոռուպցիայի դեմ պայքարը սկսեք ձեր երեք ընկերներին նստեցնելուց. դուք գիտեք, թե ինչի համար են նրանք նստում, եւ նրանք էլ գիտեն, թե ինչի համար են նստում»: Ես չգիտեմ, թե Սինգապուրում կոռուպցիայի գործով առաջին նստողները եղե՞լ են արդյոք պարոն Յուի ընկերները, թե՞ ոչ, բայց գիտեմ, որ բոլոր նրանք, ովքեր մեղադրվում էին կոռուպցիայի մեջ, ոչ թե պաշտոնից ազատվում էինՙ հարգանք-պատիվով, շնորհակալություն ստանալով, այլեւ բանտարկվում էին: (Ոմանք էլ հենց կառավարության որոշմամբ սպանվում էին: Ծ.Խ.) Կգնա՞ այս քայլին պարոն Կարապետյանը: Եթե ոչՙ ապա մենք Սինգապուրին չե՛նք հասնի:

    Պակաս կարեւոր չէ, Կարապետյանի անձնական որակները: Օրինակՙ պատգամավոր Կարո Կարապետյանը, ով հայտնի է որպես Յուվեցի Կարո, նորանշանակ վարչապետի մասին ասել է, որ Կարեն Կարապետյանը «շատ հոյակապ անձնավորություն է»: Անկեղծ ասած, ես այս հայտարարությունից հետո մոտ չորս ժամ քրքրեցի պարոն Լի Կուան Յուի կենսագրությունը, նրա գործունեության որոշ անցքերը, բայց այդպես էլ չհանդիպեցի, որ մեկը նրա մասին ասած լինի, թե շատ հոյակապ անձնավորություն է: Գուցե Սինգապուրում Յուվեցի Կարո անունով պատգամավոր չի եղել, ինչը նշանակում է, որ Սինգապուրին հասնելու համար ոչ թե Կարեն Կարապետյանը պետք է օգնի, այլ Յուվեցի Կարոն պետք է չխանգարի: Իսկ, օրինակ. գեներալ, հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանը Կարապետյանի մասին ասել է. «Ձեռներս հազիվ մի նորմալ մարդ է ընկել… Մենք սաղս պետք ա էտ մարդուն պադերժկա անենք, չթողենք, որ կողքից ամեն մեկը ամբախ-զամբախ խոսա, ցեխ չպրտի էտ մարդու վրա, սաղս պետք ա պադերժկա անենք, որ էտ մարդն աշխատի»:

    Մի կողմ թողնելով պարոնայք գեներալի եւ Յուվեցի Կարոյի օրինակելի պատգամավորի բառապաշարը, արձանագրենք, որ փաստորեն Կարեն Կարապետյանը մի նորմալ մարդ է, որը շատ հոյակապ անձնավորություն է: Ճիշտ է, սա միայն գեներալ Սարոյանի եւ Յուվեցի Կարոյի կարծիքով, բայց հավատացնում եմ, որ եթե այս երկու կարծիքին միացնենք այլ հանրապետականների, այլ կուսակցականների, անկուսակցականների կարծիքները, ապա ոչինչ չի փոխվի: Վստահաբար նրա կառավարության անդամները եւս կլինեն նորմալ մարդիկ եւ շատ հոյակապ անձնավորություններ: Գիտեք, 1989-ին մի թերթում գրված էր պատմությունՙ տոնածառի խաղալիքի մասին: Պատմությունը սկսվում էր այսպես. «Լինում է չի լինում մի տոնածառի խաղալիք է լինում, նա այնքան փայլուն է լինում, որ բոլորը ներում էին նրա ներքին դատարկությունը…»:

    Հասնելու եւ անցնելու ենք Սինգապուրին, անշուշտ:

  • ԴՈԿՏ. ԽԱՉԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

    ԴՈԿՏ. ԽԱՉԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

    Հ. Ծ.

    Կլարք համալսարանի դասախոսներից դոկտ. Խաչիկ Մուրադյանը վերջերս որպես այցելու դասախոս հրավիրվել է Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարան կարդալու երեք դասախոսությունՙ «Ցեղասպանությունը եւ ճկունությունը» ընդհանուր թեմայի շուրջ: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ առաջին դասախոսությունը «Ցեղասպանությունը եւ մարդասիրական դիմադրությունը Օսմանյան Սիրիայում, 1915-17 թթ.» թեմայով կայանալու է սեպտեմբերի 20-ին համալսարանի բիզնես կենտրոնում: Նա համակողմանիորեն անդրադառնալու է Ռասուլ Այն-ի եւ Եփրատի երկայնքով ձգվող համակենտրոնացման ճամբարներին եւ Հալեպում տիրող զարգացումներինՙ հիմք ունենալով նոր արխիվային աղբյուրներ:

    Երկրորդ դասախոսությունըՙ «Հայկական համայնքները Չինաստանում 1880-ականներից մինչեւ 1950-ական թվականները» թեմայով, տեղի է ունենալու հոկտեմբերի 20-ին, իսկ երրորդ դասախոսությունը, նոյեմբերի 30-ին, նվիրվելու է այնթապցի երկու հայ մանկաբարձուհիներիՙ Սիֆորա եւ Նուրիցցա Շնորհոքյանների ցոծատետրային պատմություններին (1890-1930 թթ.):

    Մուրադյանը պատմության գծով դոկտորական է պաշտպանել Կլարք համալսարանում, նաեւ հակամարտությունների կարգավորման հարցերով շրջանավարտ է եղել Մասաչուսեթսի (Բոստոն) համալսարանից: Ռատջըրզ համալսարանում Հայոց ցեղասպանության ծրագրի համակարգողն է: Դասավանդում է ընդհանրապես մարդու իրավունքների, զանգվածային բռնությունների, Մերձավոր Արեւելքի հակամարտությունների եւ համակենտրոնացման ճամբարների վերաբերյալ թեմաների շուրջ: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների ու մենագրությունների:

  • ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ

    ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ

    ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

    Ներկայի հայկական մեր կյանքում կան գերադասելի որոշ խոցելի թեմաներ, որոնց շուրջ շատ մարդիկ են հաճույք ստանում խոսել, հանրաճանաչ դառնալու հույսով: Ոչ ոք չի փորձում վիճել այդ մարդկանց էժանագին «կրակոցների» դեմՙ վախենալով, որ իրենք կհայտնվեն այդ խոցելի թեմաների թիրախում: Տողերիս հեղինակը հավակնություն չունի անդրադառնալու կամ պաշտպանելու այդ խոցելի թեմաներից որեւէ մեկին, բայց քաոսային մեր ներկա մթնոլորտում տրամաբանական կլինի որոնել դրականը, փորձել առաջարկել կոնստրուկտիվ, կառուցողական լուծումներ եւ ամենակարեւորըՙ հասկանալ, թե ո՞րն է մեր վերջնական նպատակը եւ ի՞նչ հետեւանքներ են ունենալու ամեն ինչ (ենթակառույցներ, ղեկավարություն, խորհրդանշաններ) ոչնչացնելու, քանդելու կամ սեւացնելու մեր ձգտումները:

    Հայաստանը կարողացել է ցարդ իրականացնել բավականին կենսունակ եւ հաջողակ դիվանագիտություն: Կարելի է նույնիսկ ասելՙ լավագույն հնարավոր դիվանագիտությունը իր սահմանափակ հնարավորությունների պայմաններում: Իհարկե, դիվանագիտությունը հաջողակ համարվում է, երբ պաշտպանված է զենքով: Մ. Նահանգներն, օրինակ, իր արտաքին քաղաքականությունը իրականացնում է հրացանների ծխուկները վառ պահելու միջոցով, եւ մեզ մղում է հանգել Լաֆոնտենի դիպուկ եզրակացությանը, որ «ուժեղի դատողությունն է միշտ լավագույնը»:

    Հայտնի է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ չէ, որ հասնում է իր նպատակին: Այդ պատճառով էլ այն միշտ քննադատության նյութ է դառնում եւ շատ անպատասխանատու մարդիկ պարզապես կրակում են օդում, առանց կարողանալու հիմնավորումներ գտնելու կամ այդ քաղաքականությունը ճիշտ ուղու վրա դնելու առաջարկներ ներկայացնելու:

    Հայերս ուենք այդ քայքայիչ, կործանարար գենը մեր օրգանիզմում: Վեց դար շարունակ լաց ենք եղել մեր կորսված անկախության համար: Բայց հենց վերատիրացել ենք դրանՙ մեր անկախությանը, մենք ամեն ջանք ի գործ ենք դնում կործանելու ձեռք բերածը (որը թերի էՙ հասկանալի պատճառներով), փոխանակ կատարելագործելու եւ կենսունակ դարձնելու այն:

    Հայաստանը գտնվում է աշխարհի նյարդային ամենաթեժ կենտրոններից մեկում: Շրջապատված է թշնամիներով եւ նրանց սպառնալիքների տակ է գտնվում: Երկրի ղեկավարները անհանգիստ ջրերում են նավարկում: Նրանք կատարյալ պետական գործիչներ կարող են չլինել, բայց անընդհատ կրկնել, որ նրանք կոռումպացված են, բոլորովին էլ հայրենասիրական արարք չէ: Այո, կոռումպացված կառավարությունից ձերբազատվելու մարմաջ կա, որը գուցե կարելի է արդարացնել, բայց այն չպետք է հասնի հիստերիկ մակարդակի, իսկ որ ավելի կարեւոր էՙ այն պետք է ընկերակցի այլընտրանքային առաջարկություններով:

    Համաձայն եմ, եկեք քանդենք ամեն ինչ: Բայց նախքան մեր կործանարար բնազդներին հագուրդ տալը, եկեք մտածենք, թե ինչո՞վ ենք փոխարինելու այդ ամենը:

    Քննադատությունների մեկ այլ թիրախ է դարձել նաեւ Ս. Էջմիածնի հայոց եկեղեցվո առաջնորդը: Եկեղեցական նվիրապետության հասցեին սոցցանցերում հնչած քննադատությունները երբեք էլ դրական միտումներ չեն ցուցաբերել:

    Կրոնական նվիրապետութունը հիմնված է կարգապահության վրա: Որեւէ հոգեւորական, ինչպես որեւէ զորակոչիկ, երդվում է հավատարիմ մնալ այդ համակարգի օրենքներին եւ կանոններին: Խախտողները պարտավոր են կրել հետեւանքները: Բայց կարգալույծ եղած որեւէ քահանա կամ հոգեւորական անմիջապես որակվում է «զոհ», եւ ինքնակոչ քննադատներն անմիջապես եւ անողոքաբար հարձակվում են գերագույն հովվապետի վրա առանց խորամուխ լինելու, թե ինչ պատճառներով է կարգալույծ եղել տվյալ կղերականը: Այդ քննադատներն այնքան ինքնանպատակ են գործում, որ պատրաստ են անգամ «փրկելու» մի անգրագետ հոգեւորականի, որ ինչ-ինչ մեքենայություններով եւ քվեների գնումով կարողացել է տիրանալ պատրիարքական պատվարժան գահին եւ դեռ հանդգնում է զանգվածային լրատվամիջոցներով շրջանառության մեջ դնել կոպիտ գրություններ եւ խորհուրդ տալ իր վերադասին, որի խորհուրդների կարիքն ինքն ամենից ավելի ունի: Իսկ մեր ինքնակոչ քննադատները ողջունում են այդ գրությունները եւ նամակագրին, փոխանակ պախարակելու նրան, ի շահ մեր եկեղեցու:

    Նողկալի արարքներն այսպիսով չափանիշ են դառնում միջակությունների այն հասարակությունում, որը կորցրել է իր արժեհամակարգը մեր այս խառնաշփոթ ժամանակներում: Քչերն են ժամանակ հատկացնում եւ ջանք թափում տեսնելու Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում կատարվող հսկայական փոփոխոթյուններն ու ծանոթանալու այն գիտական հրատարակությունների հետ, որոնք հոգեւորականների նոր սերնդի կողմից են գրվում խորհրդային իշխանության պարտադրած 70 տարվա ընդմիջումից հետո:

    Իհարկե չի կարելի բացառել այս կամ այն քաղաքական ղեկավարի կամ եկեղեցու առաջնորդի քննադատությունը: Բոլորն էլ հարկ եղած դեպքում ենթակա են քննադատության, բայց այդ քննադատությունը Հայաստանում եւ ինչու չէՙ նաեւ սփյուռքում այնքան ցածր մակարդակի վրա է, որ ավելի շուտ քննադատողին է բնութագրում, քան քննադատվողին:

    Առողջ քննադատությունը իշխանությունների դեմ, լինեն նրանք քաղաքական, թե կրոնական, միշտ էլ ողջունելի է: Սակայն մենք գտնվում ենք նիհիլիզմի եւ անարխիզմի եզրին, որն անտեսելով դրականըՙ հակված է միայն քանդելու ամեն ինչ:

    Թող ոչ ոք չողբա, որ Հայաստանում ազատ մամուլ կամ խոսքի ազատություն չկա: Ամեն կողմից հնչող քննադատությունն այնքան անպատշաճ է ու անտեղի, որ արժեզրկում է «խոսքի ազատություն» հասկացությունը: Ոչ սրբություն է մնացել, ոչ էլ առողջ դատողություն: Իսկ մենք գիտենք, որ իր սրբությունները կործանող ազգը ինքն է ի վերջո կործանման դատապարտվում:

    Վերջերս զինված մի խումբ երիտասարդներ Երեւանում հարձակվեցին պարեկապահակային ծառայության գնդի վրա: Սպանվեց մեկ սպա եւ երկու ոստիկան: Վիրավորվեցին շատերը: Հարձակվողները ղարաբաղյան պատերազմի հարգված հերոսներ էին: Դրդապատճառը ազնիվ էր եւ նրանց վհատությունըՙ արդարացված: Բայց նրանց գործողությունները համարժեք չէին նրանց գաղափարներին, իդեալներին: Իրեն հարգող որեւէ այլ երկիր շատ ավելի կոշտ միջոցներ կձեռնարկեր նրանց դեմ, փոխանակ երկար-բարակ բանակցելու նրանց հետ: Ճիշտ է, ի վերջո նրանք հանձնվեցին եւ ձերբակալվեցին, բայց նրանց դատը պաշտպանողների թիվն հետզհետե աճեց: Մարդիկ դուրս եկան փողոց բողոքելու կոռումպացված կառավարության դեմ, որ նրանց արարքը ահաբեկչություն էր որակել:

    Մ. Նահանգները մահվան դատապարտեց Թիմոթի Մկվեյ անունով մի ահաբեկչի, ով Օկլահոմայում պայթեցրել էր Մուրա Դաշնային շենքը, պատճառ դառնալով հարյուրավոր մարդկանց մահվան, այդ թվում նաեւ մսուր-մանկապարտեզային տարիքի երեխաների: Կարո՞ղ է որեւէ մեկը խարազանել Մ. Նահանգներին եւ ասել, որ ժողովրդավարական երկիր չէ, որովհետեւ ձերբակալում եւ մահվան է դատապարտում նման հանցագործին: Հայաստանում քաղաքական առաջնորդի ունակությունները վերագրում են միայն նրանց, ովքեր արիաբար կռվել եւ պաշտպանել են Հայաստանն ու Ղարաբաղը: Սակայն պատմությունը քանիցս ապացուցել է, որ հեղափոխական առաջնորդներն ու պատերազմի հերոսները միշտ էլ դարձել են ամենաանողոք բռնակալները:

    Վախենում եմ, որ սխալ կամ անհարկի քննադատությունների դեմ գրածս հոդվածը մեկնաբանվի որպես պաշտպանություն այն անձերի, ովքեր ներկայիս թիրախ են դարձել քննադատությունների: Բայց դա այդպես չէ: Հարցը քննադատության այն զազրելի մակարդակն է, որը ցինիզմի է հասնում:

    Որեւէ քննադատություն, որին գալիս են ամբողջացնելու նաեւ դրական գաղափարներն ու գործադրելի առաջարկները, կարող է առողջ փոփոխությունների եւ նոր հաջողությունների դուռը բացել:

    Թուրքերենում մի ասացվածք կա (իսկ թուրքերը միշտ չէ, որ սխալվում են), որն հնչում է այսպես. «Եթե ծրագրում ես մզկիթ կողոպտել, ապա լավ կլինի նախօրոք մտածես, թե ինչպես ես պաշտպանվելու»: Եկեք առողջ դատենք:

    Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator

  • ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՙ Ո՞ՒՄ Ի՞ՆՉ ՉԷՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԵՎ Ո՞ՒՄ Ի՞ՆՉ ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ

    ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՙ Ո՞ՒՄ Ի՞ՆՉ ՉԷՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԵՎ Ո՞ՒՄ Ի՞ՆՉ ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ

    ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    13-րդ վարչապետի գործունեության եւ 14-րդից ակնկալիքների շուրջ

    Երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում երեք վարչապետի փոփոխություն ունեցանք: Այդ պաշտոնում ամենաերկար պաշտոնավարած Տիգրան Սարգսյանին 2014-ի ապրիլին փոխարինեց Հովիկ Աբրահամյանը, երկուսուկես տարի անց էլՙ նրան փոխարինում է Կարեն Կարապետյանը: Թե ինչո՞վ են պայմանավորված վարչապետների փոփոխություններն ու քաղաքական դաշտի հաճախակի վերաձեւումները, անդրադարձել ենք մեր թերթի նախորդ համարում («Սերժ Սարգսյանի «շախմատային» քաղաքականությունըՙ ճանապարհ դեպի անհայտություն», ԱԶԳ, 9.09.2016): Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեությանն ու այդ պաշտոնում Կարեն Կարապետյանից ակնկալիքներին, կփորձենք ներկայացնել հիմա:

    Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը նախագահի քաղաքականության նույնական արտացոլումն էր

    Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանի կառավարության նախաձեռնած կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխմանՙ կուտակային համակարգի ներդրման հետ կապված դժգոհությունների եռուն փուլում: Նոր վարչապետը խոստացավ, որ «կուտակային համակարգը կլինի պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Որոշ ժամանակ անց պարզվեց, թե ինչ է նշանակում դա: Պարտադիր կուտակային համակարգի մեջ ընդգրկվեցին միայն պետական համակարգում այն աշխատողները, որոնք ծնվել էին 1974-ից հետո, որոնց աշխատավարձերը 2014-ի հուլիսի 1-ից բարձրացել էին 35-75 տոկոսով, իսկ մասնավոր ոլորտի աշխատողների համար այդ ժամկետը հետաձգվեց երեք տարով: Այսինքն, բարեփոխումն, ըստ էության, մասամբ կյանքի կոչվեց, դրանից բխող մասնակի արդյունավետությամբ, փոխարենը դժգոհությունները դադարեցին:

    Ի դեպ, դժգոհությունների մասին: Խոսելով Հովիկ Աբրահամյանի վարչապետության մասին, հարկ է նշել, որ այն նախագահի վարած քաղաքականության նույնական արտացոլումն էրՙ գոհացնել բոլոր դժգոհողներինՙ անկախ նրանց օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց: Այդ քաղաքականության շրջանակներում կառավարությունը հաճախ չեղյալ էր համարում իր ընդունած որոշումները, թեեւ դրանք իսկապես անհրաժեշտ էին եւ որքան էլ որոշակի խավերի համար ցավոտ լինեին, երկրի եւ բնակչության ընդհանրական շահերից էին բխում: Օրինակներՙ առեւտրի ոլորտում շրջանառության հարկի փոփոխություններ, ժամանակավոր անաշխատունակության օրենքում փոփոխություններ, էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորում եւ այլն: Արդյունքում, ամեն ինչ վերադառնում էր նախկին վիճակին, լրջորեն խոչընդոտելով երկրի տնտեսական զարգացմանը, ստվերային տնտեսության բացահայտմանը, պետական միջոցների վատնման դեմ մեխանիզմների ստեղծմանը եւ այլն: Թերեւս հենց այդ պատճառով Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չկարողացավ հասնել տնտեսական աճի բարձր ցուցանիշի, ինչի համար մեծ ջանքեր էին ներդրվում, բայց դրանք փաստորեն վերածվում էին սիզիփոսյան աշխատանքի:

    Այդուհանդերձ, համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկման եւ անգամ լճացման պարագայում Հայաստանում որոշակի տնտեսական աճ ապահովելն իսկապես որ դժվար խնդիր էր, որը կարողացավ ապահովել Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Ինչպես արդեն նշեցինք, վճռականության պակասը թույլ չտվեց հասնել ավելիի:

    Նախորդող երկուսուկես տարիներին մասնավորապես աճեցին արդյունաբերական արտադրանքի թողարկման եւ դրանց արտահանման ծավալները: Սակայն, Հովիկ Աբրահամյան վարչապետի ուշադրությունն առավելապես ուղղված է եղել գյուղատնտեսությանը եւ գյուղի խնդիրներին: Սահմանամերձ գյուղերի հանդեպ առանձնահատուկ մոտեցումը եւ, ի վերջո, նրանց բնակիչների համար հողի, գույքի հարկի, գազի, հոսանքի, խմելու եւ ոռոգման ջրի վճարումների համար արտոնությունների տրամադրումը Հովիկ Աբրահամյանի, թերեւս, ամենագնահատելի ձեռնարկումներն էին:

    Միեւնույն ժամանակ, հասարակության մեջ տիրող կամ ավելի ճիշտՙ ներսից ու դրսից ներարկվող հոռետեսական եւ հիասթափության մթնոլորտը, ինչպես Տիգրան Սարգսյանին, այնպես էլ Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց ցրել: Նման մթնոլորտն առավելապես օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ ընկալման արդյունք է, եթե նկատի ունենաք, որ մենք անցել ենք 90-ականների դաժան տարիները եւ այդ ծանրագույն ժամանակներում ավելի տոկուն ենք եղել եւ ավելի քիչ նվնվացող:

    Բնական է, որ մենք չենք ապրում բարձր բարեկեցություն ունեցող երկրում, բայց անգամ ինչ-որ բարելավումներ պետք է հույսեր ներշնչեն, այլ ոչ թե հակառակը, ինչպես տեղի է ունենում մեզ մոտ: Իսկ դա տեղի է ունենում, որովհետեւ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն իրենք չեն կարողանում խոսել մարդկանց հետ, չեն կարողանում հասանելի, պարզ լեզվով ներկայացնել իրենց կատարածն ու չկատարածը, պարզաբանել տեղի ունեցողի պատճառները, վստահություն ներշնչել իրենց խոսքով: Տիգրան Սարգսյանի խոսքն այնքան էր երկարում, որ նմանվում էր դասախոսության եւ սկսում էր ձանձրացնել լսողին, Հովիկ Աբրահամյանի խոսքը հախուռն էր ու ոչ կապակցված, իսկ Սերժ Սարգսյանի առանձին արտահայտություններՙ պարզապես անհամատեղելի են նախագահի պաշտոնի հետ: Այս առումով նորանշանակ Կարեն Կարապետյանը արմատապես տարբերվում է իր նախորդներից եւ նախագահից:

    Ինչո՞վ էր առանձնանում քաղաքապետ Կարեն Կարապետյանը

    Դեռ «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն եղած ժամանակ Կարեն Կարապետյանը կարողանում էր հասարակությանը մատչելի լեզվով բացատրել գազի սակագների փոփոխությունների օբյեկտիվ պատճառները: Նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնում նույն ձեւով ներկայացվում էր կատարվածը եւ չկատարվածը: Պետական գործչի կողմից համոզիչ, փաստարկված եւ մարդկանց համար հասկանալի խոսքը անհրաժեշտ է ոչ միայն նրան, այլ հենց նույն հասարակությանը: Դրա շնորհիվ վերջինս կարողանում է տարբերել օբյեկտիվ իրողություններն ու անհրաժեշտությունները ամբոխահաճո հայտարարություններից եւ շահարկումներից:

    Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի գործունեությանը, ապա այն առանձնանում էր հենց այն վճռականությամբ, որը չէր բավականացնում կամ չէր թույլատրվում ցուցաբերել նոր պաշտոնում նրա նախորդներին: Գուցե հենց ա՞յդ պատճառով էլ նա հրաժարական տվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից :

    Լինելով լավ կառավարիչ, Կարեն Կարապետյանը ձեռնարկեց մայրաքաղաքայինՙ մինչ այդ անլուծելի թվացող խնդիրների լուծումը: Գլխավոր ձեռքբերումըՙ փողոցային առեւտուրը Երեւանում վերացավ, ինչը նախորդող 20 տարիների ընթացքում չէր հաջողվել իրականացնել ոչ մի քաղաքապետի: Արեւելյան շուկա հիշեցնող երեւանյան պատկերները վերջապես անցան պատմության գիրկը: Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներումՙ Մաշտոցի պողոտայի, «Այրարատ» կինոթատրոնի մոտ տարերայնորեն ստեղծված ավտոկայարանները վերացվեցինՙ միջքաղաքային բոլոր ավտոբուսները եւ միկրոավտոբուսները սկսեցին Երեւանից դուրս գալ եւ վերադառնալ դրանց համար նախատեսված ավտոկայարաններ: Մաշտոցի պողոտայից եւ մի քանի կենտրոնական փողոցներից դուրս հանվեցին երթեւեկությանը խանգարող գովազդային խոշոր վահանակները: Երեւանյան շենքերը սկսեցին լվանալ, ապա ներկվեցին համապատասխան գույներով, բարեկարգվեցին դեպի փողոց դուրս եկող պատշգամբները, ձեւավորելով մայրաքաղաքին բնորոշ գեղեցիկ միջավայր եւ գրավչություն: Կազմաքանդվեցին քաղաքի տեսքը այլանդակող հարյուրավոր կրպակներ, որոնց մեծ մասը չէր օգտագործվում:

    Կարեն Կարապետյանի օրոք նախաձեռնվեց մայրաքաղաքում կամայականորեն ստեղծված ավտոկայանատեղերի կանոնակարգման գործընթացի սկիզբը: Հայտարարվել էր նաեւ քաղաքային տրանսպորտի խնդրի լուծման տարբերակների, այդ թվում անկանխիկՙ էլեկտրոնային քարտերով վճարման մեխանիզմի ներդրման մասին: Եթե ավտոկայանատեղիների հարցը Կարեն Կարապետյանից հետո կանոնակարգվեց, ապա նույնը չի կարելի ասել քաղաքային տրանսպորտի մասին:

    Միեւնույն ժամանակ, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նույնպես չկարողացավ լուծումներ գտնել մայրաքաղաքի իրացման գոտիներում կառուցապատողների կողմից իրենց պարտավորությունները կատարելու հարցում: Բազմաթիվ իրացման գոտիներում մինչ հիմա էլ անորոշ իրավիճակ էՙ կառուցապատողները չեն սկսում քաղաքաշինական ծրագրերի իրականացումը, իսկ քաղաքապետարանն ու կառավարությունը չեն պահանջում նրանցից դա կատարել կամ քաղաքաշինական ծրագրերը չեղյալ չեն համարում: Գուցե վարչապե՞տ Կարեն Կարապետյանն ի զորու լինի այս խնդիրը կարգավորել: Ամեն դեպքում, այս եւ բազմաթիվ այլ հարցերի առնչությամբ վարչապետի քայլերը շատ բանով պայմանավորված կլինեն նրանով, թե որքանո՞վ գործունեության ազատություն կտրվի նրան երկրի նախագահի կողմից:

    Երեւանի քաղաքապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հեռանալը նրա ձեռնարկած քայլերից սուբյեկտիվ դժգոհությունների (հատկապես փողոցային առեւտրականների կողմից) հետեւանքն էր: Ինչպես արդեն նշեցինք, Սերժ Սարգսյանին եւ իշխող քաղաքական ուժին ավելի շատ հուզում է ընտրողների ձայների կորուստ չունենալը, քան թե այս կամ այն խնդրի արմատական լուծումը: Ուստի քաղաքապետ Կարեն Կարապետյանին պետք էր հեռացնել եւ բավարարել դժոգություն արտահայտողներին: Եթե այս մոտիվացիան նրանց մոտ հիմա էլ պահպանվի, ապա քիչ հավանական է, որ Կարեն Կարապետյանին կհաջողվի արմատական բարեփոխումներ կատարել եւ տնտեսական զարգացման ավելի բարձր տեմպ հաղորդել երկրին: Գուցե նախագահը վերջապես գիտակցե՞լ է, որ անգամ եթե իր կողմից կայացվում է դժգոհողներին ձեռնտու որոշում, իր վարկանիշը չի բարձրանում, եթե չասենք ավելի է ընկնում: Գուցե դրանո՞վ էր պայմանավորված հմուտ կառավարիչ եւ ոչ ամբոխահաճո քայլեր ձեռնարկող, բայց խնդիրներին արմատական լուծում տվող անձին վարչապետ նշանակելը: Կարծում ենք, այս հարցերի պատասխաններին երկար չենք սպասի:

  • ՄԷԿ ԾԱՂԻԿ ԵՎ ՄԷԿ ՔԱՅԼ

    ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

    Անցեալները Բիւրականի շրջանին մէջ նորաբաց հիւրանոցի մը պատասխանատուին հարցուցի, թէ ի՞նչ կ՛արժէ կեցութիւնը, ըսաւՙ Արարատին նայող սենեակներուն օրավարձը 40.000 է, իսկ միւս կողմըՙ Արագածին նայող սենեակներունը 37.000: Ուրեմն Արարատը քիչ մը աւելի կ՛արժէ, քան Արագածը… թէեւ, իմ կարծիքով, տարբերութիւնը աւելի մեծ ըլլալու էր, նկատի առած անոնց բարձրութիւնն ու ոգեղէն արժէքը:

    Երեւանի մէջ ալ նոյնն է պատկերը. Արարատին նայող տուներուն արժէքը աւելի բարձր է, քան միւսներունը: Տեղացիներուն համար շատ ալ կարեւոր չէ, այնքան շատ տեսած են, որ սովորական դարձած է եւ որեւէ սովորական բան աւելի նուազ կ՛արժէ, քան անսովորը: Նորակառոյց շէնքի մը Արարատին նայող յարկաբաժիններուն մեթր քառակուսին 200 տոլար աւելի կ՛արժէ, քան միւսները: Եւ իսկապէս, Արարատին նայող յարկաբաժինները աւելի շուտ վաճառուած են, քան միւս յարկաբաժինները, եւ անոնց տէրերը մեծամասնութեամբ սուրիահայեր են…

    Այս ամբողջ յառաջաբանին գլխաւոր միտք բանին Հայաստանի մէջ վերջնական կայք հաստատողներու ուրախալի երեւոյթն է: Պատերա՞զմն էր պատճառը, հաւանաբար, թէեւ պատերազմէն առաջ ալ հաստատուողներ եղած են: Եթէ նկատի ունենանք հայկական ասացուածքը, թէ «Չկայ չարիք, առանց բարիքի», ապա սուրիական պատերազմի չարիքէն Հայաստան հաստատուելու բարիքը ծնաւ, թէեւ նորածինը կանխածին ըլլալով, յատուկ խնամքի կը կարօտի, որպէսզի ապրի…

    Սակայն աւելի ուրախալին այն է, որ պատերազմին հետ բնաւ առնչութիւն չունեցող երկու հայ ընտանիքներ, մին Արաբական էմիրէութիւններէն եւ միւսը Լիբանանէն, որոշում կայացուցած են, որ իրենց կեանքը շարունակեն Հայաստանի մէջ, բաղդատելով այստեղի պայմանները իրենց երկիրներու պայմաններուն հետ, եւ նախընտրութիւնը տուած են Հայաստանին, որուն առաւելութիւնները դիտած են օտարութեան մէջ ապրած մարդոց ակնոցով, հակառակը այն հայաստանցիներուն, որոնք գերադասած են երկրէն դուրս ապրիլ, այդ երկիրներուն խաբուսիկ կամ իրական առաւելութիւններէն գրաւուելով:

    Կախում ունի, թէ մարդ ի՞նչ կ՛ուզէ կեանքէն, ի՞նչ կը ցանկայ ունենալ, իրեն համար դրամն ու շռայլ կեա՞նքն է կարեւորը, թէ՞ հոգեկան գոհացումը, զաւակներուն հայեցի դաստիարակութիւնը, ազգասիրութիւնը…

    Ճիշդ է որ մէկ ծաղիկով գարուն չի գար, ոչ ալ քանի մը սփիւռքահայերու Հայաստանի մէջ կայք հաստատելը հայրենադարձութիւն է, սակայն նաեւ ճիշդ է չինական առածը, որ կ՛ըսէ. «Ամենաերկար ճամբան իսկ կը սկսի մէկ քայլով»… Մաղթենք, որ այդ քայլերը տասնապատկուին, հարիւրապատկուին, եւ հայրենադարձութիւնը իրական դառնայ:

    Հայաստանի անկախութեան 25-րդ տարեդարձը հանգրուանային այն ցուցանիշն է, ուր լրջօրէն մտածելու է հայրենահաւաք կազմակերպելու մասին, ուր Հայաստան որոշում կայացնէ մագնիսի նման աշխարհատարած հայութիւնը իրեն քաշելու, ուր իւրաքանչիւր սփիւռքահայու կոչ ընէ, խնդրելու պէս պահանջէ, նոյնիսկ հրահանգէ, որ վերադառնա հայրենիք, որ հայութեան համար ամենաապահով տեղը Հայաստանն է, ուր կարելի է պահպանել ազգային դիմագիծն ու մեր հոգեմտաւոր արժէքները:

    Հայրենի իշխանութիւն եւ սփիւռքահայ կազմակերպութիւններ ի վիճակի են այս «ցանկատեսութիւնը» իրատեսութեան վերածելու:

  • ԻՐ ԳՐԻՉՈՎ ԵՎ ՔՍԱԿՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՄԱՐՏԻԿԸ

    ԻՐ ԳՐԻՉՈՎ ԵՎ ՔՍԱԿՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՄԱՐՏԻԿԸ

    ՄԱՆՈՒԷԼ ՔԵՇԻՇԵԱՆ

    Երեկոյ է, կը մտնեմ Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցի: Հաւատացեալներ չկան արդէն: Խորանին առջեւ կը նկատեմ երկու տղամարդ, որոնք ինչ որ ձողեր կը գամեն գետնին : Հետաքրքրական էՙ ի՞նչ կ՛ընեն արդեօք: Կը մօտենամ, կը բարեւեմ եւ կը հարցնեմ իրենց կատարածին մասին: Կը պարզուիՙ խորանն ու դասը ներառող 40 մեթր երկարող պրոնզեայ ճաղեր կը պատրաստեն: Ճաղերը իրար միացնող 80 սանթիմեթր բարձրութեամբ 13 մարմարեայ սիւներ պիտի տեղադրեն: Ճիշդ մէջտեղը պիտի ըլլայ խաչակիր աղօթասրահէն խորան տանող դուռը:Հսկայական եւ վիթխարի ծախս պահանջող գործ մըն իրագործուող ծրագիր-նախագիծը:Կը զրուցենքՙ Ճարտարապետ -շինարար Տիգրանն ու ես: Երբ Տիգրանը կ՛իմանայ հալէպցի ըլլալս, կ՛ըսէ.- Այս շինութեան ծախսերը հոգացողն ալ հալէպցի էՙ քուէյթաբնակ գործարար Կիրակոս Գույումճեանը իր տիկնոջՙ Սիլվայի հետ: Դէպի երգչախումբ տանող աստիճանավանդակի ճաղերուն ալ ծախսը ինք հոգացած է, ի յիշատակ հօրՙ Ներսէսի: Այս գեղեցիկ ճաղերը Հալէպի մէջ շինուած ու հոս փոխադրուած են ատենին:

    Կիրակոս Գույումճեանի անունը չի զարմացներ զիս: Ան նախ եւ առաջ արաբերէն լեզուով հանդէս եկող սակաւաթիւ հայ հրապարակագիրներէն մէկն է. Անոր հայանպաստ յօդուածները լոյս կը տեսնեն Քուէյթի, Պէյրութի եւ Լոնտոնի յայտնիՙ «Ան Նահոր», «Ալ Հայաթ» եւ այլ թերթերու մէջՙ Հայկական հարցին զանազան ծալքերը ծանօթացնելով արաբ ընթերցողին, անոր ցոյց տալով նաեւ հայու անբասիր նկարագիրը, խնդիր մըՙ որ այնքա՜ն կարեւոր է Հայաստանի, առաւել եւս արաբական երկիրներու մէջ ապրող հայերուն համար, մանաւանդ այս օրերուն: Իրենց շահեկանութեան համար այդ յօդուածները յաճախ թարգմանուած եւ լոյս տեսած են նաեւ հայերէն զանազան թերթերու մէջ: Կիրակոս (Կարօ) Գույումճեանի յօդուածները ամփոփուած են երկու գիրքերու մէջ, որոնցմէ երկրորդը նուիրուած է Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին: Այս գիրքերէն առաջինը արժանացած է երկրորդ տպագրութեան: Երկու գիրքերն ալ թարգմանուած են հայերէնի: Գույումճեանը ստորագրած է նաեւ հայերէնով գրուած յօդուածներ:

    Ըսիՙ յօդուածագիր Կիրակոս Գույումճեանի անունը չի զարմացներ զիս, անոր անունը չի զարմացներ նաեւ որպէս բարեգործ: Գիտէի, որ ան Արցախի մէջ դպրոց կառուցած է դարձեալ նուիրուած իր հօր յիշատակին: Գիտեմ նաեւ, որ ան որքա՜ն կ՛օգնէ հալէպահայ կառոյցներու եւ անհատներուՙ պաշտօնական մարմիններու միջոցով կամ ուղղակիօրէնՙ իր հարազատներուն եւ բարեկամներուն միջոցաւ:

    Բարեգործութիւնը հարուստ հոգիի տէր մարդոց առանձնաշնորհումն է: Բարեգործ մարդը անդիմադրելի փափաք ունի իր ունեցածէն ուրիշին բաժին հանելու, ուրախացնելու կարիքի մէջ եղողները, անոնց ուրախութեան մէջ փնտռելով ու գտնելով իր ուրախութիւնը:

    Որքա՜ն սորվելիք ունին մեր անհատ նուիրատուները Կիրակոս Գույումճեանէն, որ իր քսակը լայն կը բանայ համայն հայութեան համար, ուր որ կարիք զգացուիՙ Էջմիածին թէ Անթիլիաս, Երեւան, Արցախ թէ Հալէպ, այլուր:

    Լուռ ու մունջ հայրենասէր այս մարդը իր մտաւոր ու նիւթական կարողութեամբ ամբողջական մասնակիցն է իր ժողովուրդի մղած պատերազմին, ան ընտրած է իր զէնքերըՙ գրիչն ու դրամըՙ զանոնք ի սպաս դնելով հայրենիքին ու ազգին:

    Այս եկեղեցանուէր գործը տէր եւ տիկին Կիրակոս եւ Սիլվա Գույումճեանները կը նուիրեն Հայաստանի անկախութեան 25ամեակին, ի յիշատակ Կիրակոսի մօրՙ տիկին Մարի Չեմպերճեան-Գույումճեանի, կը լսեմ ճարտարապետ-շինարար Տիգրան Զապունեանի ձայնը:

    Կը ժպտիմ, հայրենիքէն հեռու հայ մարդը բարեգործութեամբ կը մասնակցի Անկախութեան տօնակատարութեան: Կիրակոս Գույումճեան անգամ մը եւս կը հաստատէ, որ Հայաստանը բոլոր հայերունն է եւ անոնք նոյնքան հպարտ են Հայաստանի ներկայ հանրապետութեամբ, ուրեմն նոյնքան պատասխանատու են անոր առջեւ եւ պէտք է նոյն իրաւունքները նուաճեն իրենց հայրենանուէր եւ ազգասէր գործունէութեամբ: Անձնուէր հայու տիպար է մեծ հոգու տէր յօդուածագիր եւ բարեգործ Կիրակոս Գույումճեանը:

    Ժպտացող դէմքս խորանին ուղղութեամբՙ դուրս կ՛ելլեմ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիէն: Աստիճաններուն ներքեւ կը տեսնեմ մոմավաճառ կին մը. կը գնեմ մոմ մը, կը վերադառնամ եկեղեցի, ուր տակաւին կ՛աշխատին Տիգրանն ու վարպետ գործաւորները. չէ՞ որ պէտք է աւարտեն իրենց գործը մինչեւ Սեպտեմբեր 21ՙ Անկախութեան տօն:

    Մոմը կը վառեմ Կիրակոսի մօր հոգւոյն հանգստութեան համար, ինքզինքիս հարց տալով, թէ իր ողջութեան քանի՞ հալէպահայու նիւթապէս օգնած է ազգին արժանի զաւակներու ծնունդ տուած այդ հայուհին:

    Գիտեմՙ քիչ չէ թիւը անոնց:

    Քիչ է նաեւ ըսելը.- Վարձքդ կատար:

    Երեւան, 28 Օգոստոս 2016

  • ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՄԵՐԿԵԼԻՑ, ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸՙ …ԱՆՋՐՊԵՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ

    ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

    Հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով մի հոդված էի գրելՙ «Հայոց ցեղասպանության բանաձեւըՙ ծառ, որ գերմանացիներն ու թուրքերն ամեն օր ջրում են» վերնագրով («Ազգ»,10-06-2016): Որ այդ ծառը, ջրվելուն զուգահեռՙ հաճախ նաեւ պարարտանյութ է պահանջելու, գրում եմ հիմաՙ սեպտեմբերին 2-ին, ԳԴՀ կառավարության խոսնակ Զայբերտի հայտարարությունից հետո, երբ գերմանացիներն ու թուրքերը, ակնհայտ է, ռեալպոլիտիկի կարուսելը այդ ծառից կապած, դեռ երկար պտտեցնելու, ճոճելու են բառեր ու սահմանումներ, որ մեզՙ հայերիս կա՛մ քաղաքագիտական ու իրավագիտական բառարան կազմելու առիթ են տալու, կամՙ հայ լրագրողներիս հուշելու են լեզուներ սովորել ու ավելի զգույշ վերլուծություններ անել: Մեր մտքում մի սլաքՙ Բունդեսթագի բանաձեւն իրականում մեր ժողովրդի ապագան կառուցելու համար ամուր շաղախ կամ հենասյուն կարո՞ղ է դառնալ:

    Մեր թերթի նախորդ համարում մանրամասն իրազեկել ենք, թե սեպտեմբերի 2-ին առավոտ կանուխ առցանց «Շպիգելը» հաղորդել էր, որ հայրենի կառավարությունը տուրք տալով Անկարայի պայմանին, հետմիջօրեին հայտարարելու է Հայոց ցեղասպանության Բունդեսթագի ճանաչման բանաձեւից իրեն, այսպես ասենք, տարանջատելու, անջրպետելու մասին: Բանը հետմիջօրեին չհասավ. 11.30-ին ԳԴՀ կառավարության խոսնակ Զայբերտը, կեղծ որակելով «Շպիգելի» գրածը, թե գործադիրը հրաժարվում է Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւից, այդուհանդերձ հաստատեց այն տեղեկությունը, թե այն իրավական ուժ չունի, եւ կառավարությանը որեւէ բան չի պարտադրում:

    Անկարան այս ազդանշանին էր սպասում, Բեռլինը կատարեց իր առջեւ դրված գլխավոր պայմանըՙ այն է հանձնառություն ստանձնել, որ հունիսի 2-ին Բունդեսթագում բարձրաձայնած եւ համարյա միաձայն բաց քվեարկությամբ ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Դեմոկրատիայի ապակեպատ գմբեթից դուրս լույս չի փնտրելու: Փոխարենըՙ Անկարան կարտոնի ամիսներ շարունակ չարչրկված հարցին լուծում տալՙ գերմանացի պատգամավորների մուտքն ապահովել Իջիռլիք ռազմակայան, որ ծանոթանան իրենց առաքելությունն այնտեղ կատարող գերմանական զինուժին: Թվում է, գերմանացիները պիտի գոհ ու երջանիկ լինեն, որ վերջապես, ինչպես գերմանացի բազմաթիվ քաղաքական գործիչներն են ձեւակերպում, Թուրքիայիՙ փախստականների հարցով կարեւորագույն դերակատար, ինչպես նաեւ նույն դաշինքին անդամակցող այդ երկրի հետ դիվանագիտական, քաղաքական կնճիռները հարթվում են:

    Բայց գերմանացի լրագրողները, ի տարբերություն իմՙ հայաստանյան գործընկերների, որոնց շեշտադրմամբՙ «թուրքերն են պղտորում իրականությունը, Բունդեսթագն ընդունել է, եւ բանաձեւն այլեւս անշրջելի է, Մերկելն էլ չի հրաժարվում», չեն համակերպվում այն իրողությանը, որ իրենց երկրի գործադիրն ավելի կարեւոր մարմնիՙ օրենսդրի որոշումը չի հարգում, երկիմաստ հայտարարություններ անելով մոլորեցնում է իր ժողովրդին եւ որ առավել կարեւոր էՙ օտար երկրիՙ այն էլ ժողովրդավարացումից, մամուլի ազատությունից օրըստօրե հեռացող Թուրքիայի պայմանն է գերակա համարում:

    Թուրքիան իհարկե օգտվում է առիթից. այդ երկրի այն հայտարարությունը, թե Գերմանիան իրեն ճիշտ է պահում, կրկնապատկում է գերմանացիների զայրույթը: ԳԴՀ կառավարության հասցեին կարծր քննադատություն հրապարակելու հարցում գերմանացի լրագրողները սկզբունքային են մնումՙ պաշտոնատարներին ուղղված նրանց հարցերը վկայում են, որ հաշտվելու, կուլ տալու մտադրություն չունեն: Երբ հայատանյան ռադիո, հեռուստաեթերից անընդհատ լսում եմ, թե Մերկելը կամ Շթայնմայերը չեն հրաժարվել Բունդեսթագի բանաձեւից, հիշում եմ երկկենցաղի կյանքսՙ ցանկալին իրականության փոխարեն դիտարկող այդ տարածությունից արագ նետվում եմ տեղեկատվական այլ մթնոլորտՙ ինքնաքննադատ ու պաշտոնյաներին հարցականներից «կախող» գերմանացի գործընկերներիս մտքի տարածք: Ձեզ էլ տեղափոխեմՙ բազմաթիվ օրինակներից առանձնացնեմ «Դոյչլանդֆունկը», որ սեպտեմբերի 2-ին հարց էր տվել Բունդեսթագի պատգամավոր, կառավարող ՔԴՄ-ՔՍՄ խմբակցության փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Ֆրանց Յոզեֆ Յունգին : «Կառավարության խոսնակը մեկ անգամ եւս կրկնեց, որ բանաձեւը կառավարության համար պարտավորեցնող չէ: Սա արդեն ընդառաջում չէ՞ Անկարային»: «Ոչ, այդպես չեմ տեսնում: Բնականաբար, մեր բանաձեւը օրենք չէ, այլ քաղաքական հայտարարություն», հնչում է պատասխանը: Հարցՙ «կանցլեր Մերկելը, փոխկանցլեր Գաբրիելը, արտգործնախարար Շթայնմայերը քվեարկության օրը ներկա չէին: Սա նշան է, այնպես չէ՞»: «Ոչ, ես այդպես չեմ համարում: Նա անհետաձգելի այլ ժամադրություն ուներ, հետեւաբար չէր կարող Բունդեսթագում լինել, մանավանդ որ նրա համար էլ նախատեսելի չէր, թե Բունդեսթագում հստակ երբ է հարցը քվեարկության դրվելու: Բայց միանշանակ է, որ կանցլերը չի անջրպետում բանաձեւն իրենից, այլՙ հակառակը», հնչում է պատասխանը: Գերմանիայի հրեաների շաբաթաթերթ «Յուդիշե ալգեմայնեն» էլ ԳԴՀ կառավարության զգուշավոր ձեւակերպումներին կոշտ գնահատական էր տվելՙ ցեղասպանության հարաբերականացում:

    «Այն օրվանից, ինչ Եվրոպայում միանձնյա որոշումներ է ընդունումՙ լինի Հունաստանի հարցով, թե փախստականների, մեր կանցլերը վաղուց է իր դատավճիռը կնքել, իսկ հիմա Բունդեսթագի մեր ընտրյալների, ասել էՙ մե՛ր որոշումների առեւտրով է զբաղված», Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ կառավարության հայտարարության մասին կարծիք հայտնեց 60 անց գերմանացի զրուցակիցս: Մեր մյուս տղամարդ զրուցակիցը, որ իրավաբան է, նկատել տվեց, որ օրենք, բանաձեւ, թե քաղաքական հայտարարություն, միեւնույն է, կառավարությունը պարտավորություն ունի, քանի որ Բունդեսթագի բանաձեւն ամրագրել էՙ համապատասխանատու է: Իսկ այն, ինչ անում է հիմա տուրք տալով թուրքական «մուղամին», անարժանապատիվ վարք է նախ գերմանացի ժողովրդի համար: Ես ամաչում եմ, ասաց զրուցակիցս: 40- ամյա ուսուցչուհին էլ հիասթափությունը չթաքցրեցՙ ինչ օրի ենք հասել, կուսակցություններնՙ առանց տեսլականի, մենքՙ համարյա ընդդիմությունից զուրկ, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենսդիրի բանաձեւը ինչքան շուտ գերմանական դպրոց հասնի, այնքան լավ: Կառավարությունը սրա մասին պիտի մտածի: Ի վերջո, սերունդները պիտի իմանանՙ ում ինչքան են պարտք:

    Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2016- ի զեկույցի, մամուլի ազատության 180 երկիր ներառող համաշխարահային սանդղակում Գերմանիան 16-րդ տեղում է: Բայց զրուցակիցներս էլ համակարծիք ենՙ Գերմանիայում ազատ, լավ լրագրություն կա, որին ապավինում է ընթերցողը, հեռուստադիտողը, ռադիոունկնդիրը, որը նաեւ սերունդ է կրթում (սրա մասին կիրազեկենք մեր առաջիկա համարներից մեկում): Հասարակության զարկերակն, առանց բարոյականության կողմնացույց լրագրության, չի կարող թարմ արյուն, թթվածին շրջանառել: Քաջալերենք գերմանացի մեր գործընկերներինՙ նրանց հարցն է հասարակության պահանջ դառնալու: 2017- ին այս երկրում էլ ընտրություններ են: