Azg.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։
-Պարոն Գրիգորյան, ԱԺ-ն երեկ ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ Ըստ նախագծի՝ գալիք տարվա բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմելու է 289 մլրդ դրամ:
Ինչպե՞ս եք գնահատում կամ ինչպիսին կորակեք Բյուջե 2023-ը։
-Բյուջե 2023-ով սահմանվել է եկամուտների և ծախսերի ավելացում անցյալ տարվա համեմատությամբ՝ համապատասխանաբար շուրջ 18 տոկոսով, իսկ պակասուրդը՝ շուրջ 22,3 տոկոսով։ Այս ավելացումները միջինացված թվեր են։ Երբ նայում ենք ըստ հոդվածների, ապա կարող ենք նկատել, որ էապես աճել են պետական ապարատին վերագրելի ծախսերը։ Անհամաչափ են ավելացվել խոցելի խմբերին հատկացվող ծախսերը, օրինակ՝ անապահով սոցիալական խմբերին աջակցության ծախսերն ավելացել են՝ 8,0 տոկոսով, կենսաթոշակային ապահովությանը՝ 9,8 տոկոս, աշխատանքային կենսաթոշակները 11 տոկոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում՝ զրո տոկոս։
Եվ այս պատկերի մեջ ավելի ցցուն է անիմաստ և հայ հասարակությանը հարստահարող կուտակային համակարգին հատկացված 114,1 մլրդ դրամը։ Այսպիսով, բոլոր նախարարությունները, ուժային կառույցները, դատական խորհուրդներն ու կառավարությանն առընթեր մարմինները, կոմիտեները կստանան այդ ծախսերի շուրջ 2 տրլն․ 150 մլրդ դրամ կամ 83 տոկոսը։ Ընդ որում, առանց սոցիալական և պաշտպանական բլոկի՝ այդ ծախերը կազմում են նախատեսվածի մոտ 40 տոկսը՝ մեկ տրիլիոնից մի փոքր ավել։
Թե ինչ արդյունավետությամբ է աշխատում կառավարությունը, բոլորին է հայտնի։ Դա չափելի է։ Լավ են աշխատում այն կառավարությունները, որոնք երկիրը դարձնում են անվտանգ և բարեկեցիկ։ Մենք շատ հեռու ենք այդ ճանապարհից։
-Պարոն Գրիգորյան, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային բարդ մարտահրավերների առկայության պարագայում։ Ձեր կարծիքով գալիք տարվա բյուջեն ունա՞կ է կամ ի՞նչ չափով է ունակ դիմագրավելու այդ մարտահրավերներին։
-Ֆինանսների նախարարությանը հասանելիք ծախսը ավելացել է 26,8 տոկոսով, Էկոնոմիկայի նախարարությանը՝ 53 տոկոս, իսկ Արտաքին գործերի նախարարության հասանելիքը նվազել է, կամ Արդարադատության նախարարությանը հատկացվել է 12 տոկոս ավել։ Սրանք օրինակներ են, որոնք ցույց են տալիս, թե որքանով է տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին դիմակայելու պատրաստ այս կառավարությունը։
Ֆինանսների նախարար պարոն Խաչատրյանը լավ կաներ, եթե խոսեր մարդկանց եկամուտների աճից, էապես բարձր գնաճից, պետական պարտքի սրընթաց աճից, և թող տեղեկանա, որ այս ժողովուրդը ոսպի փոխարինիչ դեռ չի գտել։ Փոխարինիչների մոտեցումը ներդրվել է այս բյուջեի մեջ և սահմանվել են առաջնահերթությունների փոխարինիչներ։
Որտեղ ավելի շատ ու ավելի առաջնահերթ անելիք կա, գործ կա անելու, համեմատաբար քիչ է նախատեսվել։ Առկա մարտահրավերներին դիմակայել և հայ ազգին պատրաստել հնարավոր վտանգներին՝ կնշանակի կազմակերպել հանրությանը, ինչն անել այս իշխանություններն ունակ չեն։