Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել ՄինասյանըTelegram-ալիքում գրել է.
«Երկու օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է լուծվի, բայց դրա համար ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է աշխատի ապահովել, որ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրեն: Մի երկու-երեք տարի հետո, եթե մենք նման կյանք ապահովենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն»: Ուշադրություն դարձրեք, որ այսքան բարձր մակարդակով Արցախի ապագա կարգավիճակի հարցը պատերազմից հետո առաջին անգամ է շոշափվում: Բայց ահա թե ինչն է այստեղ կարեւորը՝ Թուրքիան, Ադրբեջանը եւ Հայաստանը որեւէ կերպ չեն մեկնաբանել այս հայտարարությունը: Դրանից կարելի է երկու եզրակացություն անել, նախ՝ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնցում Նիկոլը, որպես բանակցություններում «գիժ ձեւացող», չունի սուբյեկտայնություն, եւ երկրորդ՝ Լավրովը ցույց է տալիս, որ Արցախի կարգավիճակի համար կա պատուհանի հնարավորություն: Այստեղ կարեւոր է հասկանալ, որ թե Լավրովի կողմից այս թեզը բարձրաձայնելու համար ընտրված ժամանակը, եւ թե հայկական կողմից արձագանքի բացակայությունը ընդգծում են, որ այս որոշումը չի ենթադրում Նիկոլի մասնակցությունը դրա մշակմանը: Սա կանխավճար է Հայաստանի ապագա իշխանությանը:
Մինչդեռ Նիկոլը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի միջոցով, մոտ է Ալիեւի հետ վերջնական պայմանավորվածությանը՝ ընտրություններից մի քանի օր առաջ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու մասին: Փաստարկները, որոնք նա բարձրաձայնում է բանակցությունների ընթացքում, հետեւյալն են՝ Հայաստանում ցանկացած այլ կառավարություն կստիպի ձեզ հետ կանչել զորքերը միջազգային ճնշման ներքո, իսկ ինձ որպես գործընկեր պահելով՝ դուք կստանաք ընտրություններից հետո նոյեմբերի 9-ի համաձայնագրից դուրս գտնվող ցանկացած փաստաթուղթ ստորագրելու եւ բոլոր բանավոր պայմանավորվածությունները կատարելու քարտ-բլանշ»: