Ինձ համար, անկեղծ ասած, փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչ «առնեմ-ծախեմ» օպերացիայի մասին էր խոսում Փաշինյանը, որովհետև իմ գործընկեր լրագրողները սևով սպիտակի վրա գրել են՝ Սուրեն Պապիկյանի՝ 168 հազար դոլարով ձեռք բերված բնակարանի արժեքն այժմ 412 հազար դոլար է։
Այս ամբողջ պատմության մեջ ամենաուշագրավ հատվածն այն է, որ պաշտպանության նախարար Պապիկյանի ձեռք բերած բնակարանը գտնվում է իշխող «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության հետ սերտ կապեր ունեցող Աշոտ Արսենյանի կողմից կառուցապատվող «Բյուրեղ» թաղամասում։ Եվ վարչապետը, որի կառավարման շրջանում Հայաստանում «կոռուպցիան արմատախիլ անելու» նպատակով բազմապիսի կառույցներ են ստեղծվել՝ հակակոռուպցիոն դատարաններ և այլն, փոխանակ հետամուտ լինի, որ ստուգեն ու պարզեն, թե այս գործարքի մեջ որտեղ կարող է հավանական կառուպցիա լինել, լրագրողներին առաջարկում է բանուգործը թողնել, «բրոքերությամբ» զբաղվել։ Ասել է թե՝ Պապիկյանի տունը գնել, այնուհետ՝ վաճառել ու ապացուցել, որ նրա ձեռք բերած բնակարանի պատմության մեջ մութ կետեր կան։
Փաշինյանը, հավանաբար, մոռանում է, որ իրավական հարթության մեջ ապացուցելու գործառույթ դատարանը, այլ ոչ թե հետաքննություն իրականացնող լրագրողներն ունեն, հետևաբար, հարցը ոչ թե մեր՝ լրագրողական հանրության, այլ հակակոռուպցիոն դատարանի տիրույթում պետք է որ լինի։
Սևակ Վարդումյան