Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի՜ տուր թշնամյաց:
Խաչատուր Աբովյան
1095թ. նախաձեռնվեց խաչակրած առաջին արշավանքը՝ համաքրիստոնեական սրբավայր Տիրոջ գերեզմանը ազատագրելու համար։ Դրսևորվեց ասպետական պատվի վարքականոնը, որում հիմնարար էին երեք դրույթ՝ 1. հավատարմություն գերակային, 2․ անվեհերություն, 3․ սրբությունների պաշտպանություն։
Համահայկական հոգածության առարկա երկու պետությունների դիրքերի ամրապնդման համար, 2009թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Ցյուրիխում ստորագրեց հայ-թուրքական հայտնի արձանագրությունները՝ ի հավատարմություն գերակային: Սերժ Սարգսյանի գերակայությունները չորսն էին՝ 1․ արցախյան հակամարտության վերջնական հանգուցալուծումը ինքնորոշման իրավունքի իրացմամբ, 2․ ներհասարակական, ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը, 3․ Հայաստանի զարգացման հեռանկարների ապահովումը, 4․ միջազգային հանրության հետ համագործակցությամբ՝ ՀՀ պետականության տակ դրված ականների վնասազերծումը։
2008թ. Սերժ Սարգսյանը ստանձնելով նախագահի պաշտոնը, որպես ռազմաքաղաքական հեռատես առաջնորդ, անվեհերաբար կատարեց նշանակալի քայլ Թուրքիայի ուղղությամբ: 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահի հրավերով ժամանեց Երևան` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Այդ առթիվ պաշտոնաթող թուրք դեսպան Օմեր Լյութեմը «Անադոլու» գործակալությանը կասի, որ. «Սերժ Սարգսյանը մեկ քարով երկու թռչուն է խփում: Եթե հրավերը հաջողությամբ պսակվի, նա երկրի ներսում կթուլացնի լարվածությունը: Անհաջողության դեպքում էլ այսպիսի նախաձեռնություն ցուցաբերելու համար հեղինակություն ձեռք կբերի…»։
Նախագահ Սարգսյանը Գյուլի հետ հանդիպմանը կնշի, որ «մենք պետք է ձգտենք օր առաջ լուծել առկա խնդիրները և դրանց ծանրությունը չթողնել հետագա սերունդների վրա»:
12 տարի անց, Սերժ Սարգսյանին ապօրինաբար գահընկեց անելով, մահաբերների խունտան, հենց նույն այդ հաջորդ սերնդին կուղարկի դեպի մսաղաց թուրքական բայրաքթարների տակ․․․
Թուրքական ասացվածքն ասում է, որ եթե ուզում ես խեղդել որևէ մեկին, նախ պետք է գրկել նրան, ուստի Գյուլը ջանում էր առաջ տանել իր օրակարգը։ Սերժ Սարգսյանի հետ քննարկելով կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը՝ վերջինս հույս ուներ ներգրավվել արցախյան հակամարտության կարգավորման մինսկյան ձևաչափում, դրանով իսկ ապահովելով սեփական ազդեցությունը կովկասյան տարածաշրջանում։
Սերժ Սարգսյանի կողմից համարձակորեն նախաձեռնված և «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած գործընթացը ուներ էական առանձնահատկություն, այն, որ Երրորդ նախագահը երկխոսելով Գյուլի հետ՝ կարողացել էր համաշխարհային առաջատարների հետ հայտնվել փոխըմբռնման նույն շրջանակում։ Փաստացի ստացվել էր, որ ֆուտբոլային դիվանագիտությունը Սերժ Սարգսյանը վարում էր այդ գործընթացի երաշխավորներ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, իսկ Թուրքիան գտնվում էր արձագանքողի դերում։ Սերժ Սարգսյանին հաջողվեց գեներացնել մի գործընթաց, որտեղ Հայաստանը համաշխարհային առաջնորդների հետ կլինի՝ սուբյեկտի, իսկ Թուրքիան՝ օբյեկտի դերում։
12 տարի անց, չներելով Սերժ Սարգսյանին այս անվեհերությունը, Թուրքիան ակտիվ շահառու կդառնա Հայաստանում կատարված ապօրինի հեղաշրջման մեջ։ Ավելի ուշ՝ 2021թ․ խորհրդարանական ընտրություններում, պարտություն խժռողների նախընտրական կարգախոսը կդառնա «Ապագա կա´» թուրքածին կոչը, որով Մուստաֆա Քեմալը 1919թ․-ին դիմել էր թուրք ազգայնականներին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և իր միջազգային դաշնակիցների կողմից պարտադրված կապիտուլյացիոն կորուստներից խուսափելու հնարավորությունը…
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆուտբոլային դիվանագիտությունը նախևառաջ կբախվի ադրբեջանական ծանծաղ խութերին։ Թուրքական մամուլն այդ օրերին ուշադրություն էր դարձնում այն հանգամանքին, որ Գյուլի այցը Հայաստան կվնասի թուրք-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին, իսկ «Զաման» օրաթերթը գրեց, որ «դեպի Երևան Գյուլի ճանապարհն անցնելու է Բաքվով»: Հավատարիմ գերակային՝ Սերժ Սարգսյանը չէր կարող չկանխորոշել հնարավոր զարգացումները և Թուրքիայի վախերը կապիտալիզացնել իր և միջազգային գործընկերների հետ ունեցած հարաբերություններում, իսկ առկա լիցքերն ուղղել արցախյան բանակցությունների հուն։
2008թ.-ին հայկական կողմից գլխավոր բանակցողի մանդատը ստանձնեց Սերժ Սարգսյանը, ով հանդիսանալով Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը, իր անձով ավելի ամրապնդեց հայկական կողմի դիրքերը ռազմաքաղաքական հարթությունում։ 2008թ.-ի ապրիլ-նոյեմբեր ամիսներին արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ բանակցությունները փակուղում էին։ Փորձելով օգտվել հայկական կողմի հիմնական բանակցողի փոփոխությունից, Ալիևը հրաժարվում էր բանակցել մադրիդյան փաստաթղթի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների» հիման վրա: Դրանք կողմերին առաջարկվել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007թ.-ի նոյեմբերին, Մադրիդում:
2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում ստորագրվեցին, այսպես կոչված, «հայ-թուրքական արձանագրությունները»: Ոմանք նկատեցին, որ արարողակարգը կատարվեց 3,5 ժամ ուշացումով, սույն փաստը կապվեց Թուրքիայի կողմից արցախյան հարցով նախապայման առաջադրելու ցանկության հետ։ Ավելի ուշ Թուրքիան, ի վերջո, կկատարի ետքայլ և պաշտոնապես արձանագրությունների վավերացումը կկապի արցախյան խնդիրի կարգավորման հետ: Այդ առթիվ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր` «Դժվարին ընտրություն» գրքում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ստորագրելու գործընթացին` փաստացի կնշի, որ Անկարայի հայտարարած «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը տապալվեց հենց Հայաստանի մասով։
11 տարի անց, Սերժ Սարգսյանին չներելով սույն շռնդալից ֆիասկոն, Անկարան ակտիվ միջոցներ ձեռք կառնի Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու համար, գունավոր հեղաշրջման օպերատորների միջոցով քարոզելով բաց ձեռքերի տեխնոլոգիան… ավելի ուշ հայ զինվորներին կհրահանգվի բաց ձեռքերով դիմավորել թշնամուն․․․
1099թ.-ին խաչակիրները, ի վերջո գրավեցին Երուսաղեմը: Որպես ասպետական վարքականոնին հետամուտ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը, առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու չստացված փորձի արդյունքում՝ ստացավ համաշխարհային առաջնորդների հետ փոխըմբռնման ավելի համապարփակ մակարդակ։ Այս հնարավորությունը թույլ տվեց համահայկական հոգատարության առարկա հանդիսացող արցախյան հարցում հասնել բեկման, այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանին հաջողվեց գրավել խորհրդանշական «Երուսաղեմը»:
Այդ մասին մոտ 10 տարի անց կփաստի անձամբ Ալիևը, ասելով, որ իրեն փակ դռների հետևում միջազգային հանրությունը ստիպում էր ճանաչել Արցախի անկախությունը…
Ադրբեջանը հակամարտության կարգավորման մոտեցումներում հակադրվում էր ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին՝ հրաժարվելով առաջարկված բոլոր աշխատանքային փաստաթղթերից։ Նման վարքագիծն ամրապնդվում էր ստացվող նավթադոլարներով և խրախուսվում Անկարայի կողմից։ 2008թ.-ի աշնանը, երբ արդեն կայացել էր թուրքական պատվիրակության այցը Երևան, Սերժ Սարգսյանը կարողացավ հասնել նրան, որ ստիպեց Ալիևին վերադառնալ բանակցային սեղան և բանակցել ոչ միայն իր հետ, այլև իր և միջազգային հանրության կողմից առաջադրված ընդհանուր օրակարգով: 2008թ.-ի նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունվեց մայնդորֆյան հռչակագիրը, որն էլ մադրիդյան՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների» փաստաթղթի ոգու և հիմնարար սկզբունքների վերահաստատումն էր: Փաստացի Սերժ Սարգսյանին հաջողվեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության գոլն ուղարկել ադրբեջանական դարպասը:
Խաչակիրների կողմից Երուսաղեմի սրբավայրերի պաշտպանությանը համարժեք, Սերժ Սարգսյանը մայնդորֆյան ամրոցում կարողացավ ոչ միայն պաշտպան կանգնել արցախյան շահերին, այլև կասեցնել թուրքական էքսպանսիայի ձգտումը: Դեռևս 2009թ.-ից թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության էրդողանական թևն արտաքին քաղաքականության գծով առաջ էր քաշել Կովկասում անվտանգության և համագործակցության պլատֆորմի առաջադրումը: Դրա շրջանակներում նախատեսվում էր կովկասյան նոր ձևաչափ։ Դեռևս վարչապետ Էրդողանը նշել էր, որ Թուրքիան կձգտի ստեղծել «Կովկասյան ալյանս»՝ բալկանյան համանմանությամբ, որտեղ կլիներ նաև Ռուսաստանը: Ակնհայտ է, որ արդեն իսկ պլանավորված էր Անդրկովկասը Ռուսաստանից որոշակիորեն խլելու ձգտում, որը պիտի գործարկվեր Հայաստանի չեզոքացմամբ, ենթադրաբար՝ արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծման պայմաններում։
12 տարի անց, Հայաստանում գունավոր հեղաշրջում իրականացրած ապագա կապիտուլյանտը, կհայտարարի մյունխենյան դիլետանտ սկզբունքների մասին, վիժեցնելով Հայաստանի առաջնորդների ռազմաքաղաքական առավելությունը թշնամու նկատմամբ և ի չիք դարձնելով Հայաստանի ու միջազգային հանրության ներդաշնակ աշխատանքը․․․
Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացը Թուրքիայում ուներ իր հակառակորդը՝ ի դեմս գործող կապիտուլյանտի քաղաքական մեկենաս Էրդողանի։ Հայտարարելով, որ «ՄԱԿ-ը պետք է զորքերը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու կոչ անի Հայաստանին: Պետք է առաջնահերթ լուծում ստանա Ադրբեջանի հետ Հայաստանի վեճը, որից հետո կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները», վերջինս փաստացի վետո կիրառեց ֆուտբոլային դիվանագիտության վրա։ Թուրքիայում գործընթացի փակուղային ելքից հետո, 2010թ.-ի ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում կհայտարարի, որ Հայաստանը կասեցնում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, բայց պահպանում է իր ստորագրությունն այդ փաստաթղթերի տակ՝ ի նշան հարգանքի դրանք երաշխավորած կողմերի։
Ավելի ուշ, հասնելով Սերժ Սարգսյանի հրաժարականին և կապիտուլյանտների ձեռքով գլխատման տանելով հայկական բանակը, 2021թ.-ին Էրդողանը դիտորդական զորախումբ կուղարկի Արցախ՝ հաստատելով իր ներկայությունը Կովկասում, իսկ «դժգույն ու դժբախտ Շուշիի» վրա կբարձրացվի թուրքական դրոշ…
2011թ.-ին Ալիևը հրաժարվեց ստորագրել արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների կազանյան համաձայնագիրը, բանակցությունները մտան փակուղի, իրավիճակը շփման գծում սրվեց։ Արդյունքում՝ Սերժ Սարգսյանը և մինսկյան համանախագահները հայտնվեցին՝ մեկ, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը՝ հակառակ կողմերում։ Ի պատասխան, Սերժ Սարգսյանի իշխանության տակ դրված օտարերկրյա ականները սկսեցին հերթով պայթել, և երբեմնի քաղաքացիական ակտիվիստները գնացին հեղաշրջման:
Հետագայում՝ 2018թ.-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան, այդ պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կտնօրինի փողոցային շարժումը և ավարտին կհասցի հեղաշրջումը՝ Սերժ Սարգսյանին հեռանալու առաջարկ ներկայացնելով։ 44-օրյա պատերազմի ընթացքում Արմեն Սարգսյանն ի լուր աշխարհի կերաշխավորի ադրբեջանական նավթամուղների անվտանգությունը…
2015թ.-ին Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս պապը մատուցեց էկումենիկ պատարագ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, և ի լուր աշխարհի արտաբերվեց «հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Այդպիսով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին տուրքը տվեց ասպետական վարքականոնի երրորդ սկզբունքին․ որն է՝ հետամուտ լինել սրբությունների պաշտպանությանը։ Կապիտալիզացրած լինելով հայ-թուրքական ձախողված դիվանագիտության դիվիդենտներն Արցախում և միջազգային մեկուսացման մղած լինելով Թուրքիային, արդեն 2018թ. մարտի 1-ին նախագահ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին, որով էլ կրկին անգամ քաղաքական ապտակ հասցվեց Թուրքիային և ամրապնդվեցին Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքերը։
Մի քանի տարի անց «մերժիր Սերժին» կարգախոսի ներքո իշխանությունը զավթած անհատը վերելակում կմերժի Հայաստանի կուտակած աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական ներուժը․․․
Աշխարհի առաջատար ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, որոնք նաև ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ են, բնականաբար, լավ են հիշում իրենց ասպետական վարքականոնին հետամուտ գործընկերոջը, ում հետ գտնվել են կառուցողականության ու փոխըմբռնման միևնույն հարթությունում։ Հասկանալի է նաև, որ այդ երկրները նաև հիշում են իրենց պայմանավորվածություններն ու համաձայնությունները Սերժ Սարգսյանի հետ։ Իսկ պայմանավորվածություններին կարող են հետամուտ լինել միայն նրանք, ովքեր այդ պայմանավորվածությունները ձեռք են բերել։
1099թ. գրավված Երուսաղեմը խաչակիրները հետագայում կկորցնեն՝ ներքին դավադրությունների հետևանքով, այնուհանդերձ ապագա արշավանքներում նրանց կհաջողվի գրավել Կոստանդնուպոլիսը:
Հ․Գ․ Սպասե′նք Սերժ Սարգսյանի հաջորդ արշավանքին։
ՀՀԿ անդամ Լևոն Նազարյան
168.am