Այն, որ Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը կոնսենսուս ունեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի և Արցախի հարցում, կարծում եմ, տեսանելի է այլևս բոլորին։ Իրանում Էրդողանը հստակ ասել է, որ խնդրի լուծման վերջնաժամկետը հոկտեմբերի 24֊ն է, ինչին ի պատասխան՝ պարսիկները բաց տեքստով պատասխանել են, թե սահմանի ցանկացած փոփոխության ընդդիմանալու են՝ ընդհուպ ռազմական միջամտությամբ. իր դիտարկումն է ներկայացրել վերլուծաբան Վարդան Բալյանը։
Նա ներկայացնում է արցախյան պատերազմին, Արցախի կապիտուլյացիային նախորդած իրադարձությունները։
Ռուսների բանակցությունն այս խնդրով Իրանի հետ անարդյունք է եղել, պարսիկները պնդել են իրենց դիրքորոշումը և դեմ արտահայտվել նաև ռուսական վերահսկողությամբ Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Նշված տարբերակը հստակ մերժում է նաև հավաքական Արևմուտքը։ Ահա այս պայմաններում Հայաստանի գործող իշխանությունը, ձևականորեն ընդդիմանալով ռուս֊թուրքական տանդեմին՝ որևէ գործուն քայլ չի կատարում արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ուղությամբ։ Նման գործելաոճը լրջորեն սրում է անվտանգային սպառնալիքները և մեր պետականությունը կանգնեցնում գոյութենական վտանգի առջև։
Երկրի ներսում քաղաքացիական֊քաղաքական անկայունության հրահրումը կործանարար մեծ պատերազմի ահագնացող իրական սպառնալիքի պայմաններում ունի միայն մեկ անուն՝ հայրենադավություն։