Քաղաքագետ Վահե Դավթյանի ՖԲ էջից, –
Մինչ Հայաստանի պսևդո-իշխանությունները զբաղված են ներքին վերադասավորումներով, որոնք բացառապես ինքնանպատակային բնույթ են կրում, Ադրբեջանը մեծ թափով սկսել է իրեն անցած տարածքներում խոշոր էներգետիկ նախագծեր իրականացնել:
Հատկանշական է, որ դրանց իրագործումը պլանավորվում ու նախագծվում է էներգետիկ դիվանագիտության բոլոր կանոնների համաձայն: Այսպես, Արցախի էներգետիկ ներուժի գնահատման ու ապագայում օգտագործման նպատակով Բաքուն ներգրավում է աշխարհի առաջատար ու ազդեցիկ կազմակերպություններին՝ դրանով իսկ նպաստելով նաև ի շահ իրեն բազմաթիվ քաղաքական ու լոբբիստական հարցերի լուծմանը:
Այսպես, վերջերս հայտնի դարձավ, որ իտալական հայտնի Ansaldo Energia ընկերությունը էլեկտրաէներգետիկ մասշտաբային ծրագրեր է իրականացնելու Ադրբեջանին անցած մի շարք շրջաններում: Ու խնդիրը նրանում չէ, որ ադրբեջանական AzerEnergy-ն ի վիճակի չէ սեփական ֆինանսական ու տեխնիկական միջոցներով ինքնուրույն իրականացնել այդ ծրագրերը: Պարզապես նման քայլերով Բաքուն օգտագործում է տնտեսական համագործակցության գործիքակազմը՝ ՛՛ներքին գաղութացման՛՛ քաղաքականությունը լեգիտիմացնելու նպատակով:
Սա տարածքային, աշխարհաքաղաքական մտածողության դրսևորում է, որն այնքան անհրաժեշտ է մեզ այսօր: ՛՛Արցախը Հայաստան է և վերջ՛՛ տխմար ձևակերպումը ոչ միայն հանգեցրեց բանակցային գործընթացի դադարեցմանն ու, ի վերջո, խայտառակ կապիտուլյացիայի, այլ դարձավ Հայաստանի “իշխանությունների” աշխարհաքաղաքական մտածողության բացակայության ամենվառ դրսևորումը: Եթե ներքաղաքական տիրույթում հնարավոր է 2-2,5 տարի գործընթացները կառավարել լոզունգներով, ապա դրանք արտաքին քաղաքականության դաշտ տեղափոխելու համար պետք է ունենաս անհրաժեշտ ռեսուրս, որը տվյալ պարագայում պետք է արտահայտվեր Արցախում հավակնոտ գեոտնտեսական նշանակության ծրագրերի տեսքով: