AZGonline.am-ը շարունակում է ներկայացնել քաղաքագետ, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի դասախոսությունների շարքը, որոնք հատկապես արդիական են մեր օրերին, –
ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ….
Շարունակում ենք դասընթացը քաղաքական լիդերության ինստիտուտի զարգացման մասին…
Միայն մերկապարանոց ցանկությամբ լիդեր չեն դառնում, լիդերը անհրաժեշտ գիտելիքներ պետք է ունենա իշխանության իրականացման մասին …
«Ո՞վ պետք է կառավարի» հարցին յուրաքանչյուր ժամանակ իր պատասխանն է տվել. կարևորվել է ուժը, խելքը, հարստությունը և Աստծո կողմից ընտրյալ լինելու հանգամանքը: Եվ վերջապես, բացարձակ ճշմարտություն էր համարվում այն, որ կառավարում է Աստված՝ իր օրինական երկրային ներկայացուցիչների միջոցով: «Ո՞վ պետք է կառավարի» պլատոնյան հարցին համակարգված մոտեցում ցուցաբերելով ԱՄՆ քաղաքագետ Հ. Լասսուելի (1902-1978)՝ բանաձևեց, կառավարում է նա, լիդեր է նա, ով ընդունում է որ
• Իշխանությունը հարաբերություն է, որի յուրաքանչյուր եզր ունի իշխանության իր սահմանը, այսինքն՝ Ա-ն իշխանություն ունի Բ-ի նկատմամբ, Գ-ի և ոչ թե Դ-ի հարցում:
• Իշխանությունը հարաբերական մեծություն է և արժեք, այսինքն՝ Ա-ի իշխանությունը տարածվում է Բ-ի վրա, Գ-ն չի ընդունում, իսկ Դ-ն ընդհանրապես չգիտի այդ իշխանության մասին:
• Իշխանությունը իրավիճակի արդյունք է և, որպես այդպիսին, որոշակիորեն արժևորված քաղաքական ժամանակի հետևանք է:
• Իշխանությունը այս կամ այն մակարդակով հաստատված կառավարում է, որը կարելի է իրականացնել գերիշխանության, մենախոսության, երկխոսության, բռնության, ազդեցության, դիսկուրսի, միֆերի, խորհրդանիշների, դիրքորոշման և այլ միջոցներով: Իշխանության էության նման մեկնաբանումը հնարավորություն է տալիս պարզելու, թե քաղաքական գործընթացի կառավարման ինչպիսի արժեքային համակարգի վրա են ձևավորվում անձի ձգտումները լիդերության նկատմամբ: Այս պարագայում հնարավոր է պարզել անձի և իշխանության համար մղվող պայքարում առկա երևույթների միջև եղած տարածաժամանակային կապը: Քաղաքական լիդերության կայացման գործընթացը կարևորվեց որպես մարդկանց միջև առկա հաղորդակցական գործողությունների (ակտերի) հաստատման «ընդունակություն-հնարավորություն»: Ըստ Հ. Լասսուելի (1902-1978)՝ հաղորդակցման գործողությունը կարելի է համարել կայացած, եթե հստակ պատասխանում է հետևյալ հարցերին. «Ո՞վ է հաղորդում, ի՞նչ, ինչպիսի՞ խողովակներով, ո՞ւմ և ինչպիսի՞ արդյունավետությամբ»: Առանց նմանօրինակ հաղորդակցման խաթարվում է քաղաքական իշխանության իրականացման մշակույթը, և քաոս է տիրում։

Քաոսը կանխվում է միայն ու միայն անհատի, լիդերի էներգիայի և կամային հատկանիշների միջոցով։ Հետևաբար, իշխանության իրականացման հիմնախնդիրը հիմնարար է քաղաքական լիդերության համար, ապա անհրաժեշտ է փաստել, որ քաղաքականությունն ու իշխանությունը փոխպայմանավորված այնպիսի մեծություններ են, որոնք ենթադրում են տեղեկատվահաղորդակցական և՛ աստիճանակարգային, և՛ ցանցային բազմամակարդակ տարածություն: Հենց այս նկատառումներով էլ քաղաքական գործընթացի կառավարումը պատմական հոլովույթում ներկայացվում է որպես իշխանության նկատմամբ որոշակի սոցիալական խավերի, դասակարգերի, խմբերի, պետության, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային շարժումների մարմնավորում։ Իշխանությունը և նրա փոխհարաբերությունը քաղաքական լիդերության ձգտող անձի վարած քաղաքականության հետ անվերապահորեն հաստատված բացարձակ մեծություն չէ։ Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջանում քաղաքական գործընթացի կառավարման համակարգում տեղի ունեցող բազմաբնույթ փոփոխությունների ազդեցության տակ մոդելավորվում է ինչպես իշխանության մշակութային և գաղափարական ուղղվածությունը, այնպես էլ լիդերության կայացման կառուցակարգերը: Վերը շարադրվածի համատեքստում շեշտադրենք քաղաքական իշխանության ուսումնասիրման հետևյալ մեթոդները.
1. Մաքիավելիստական, որը հիմնված է «Նպատակն արդարացնում է միջոցը» կարգախոսի վրա, որը մինչ այսօր շատերի համար քաղաքականության մեջ բացառում է բարոյականության դերը: Մինչդեռ այն արդարացված է, երբ նպատակը ազգային է և ուղղված է պետության հզորացմանը, հասարակական բարեկեցությանն ու երկպառակությունից ազատ պետության ամրապնդմանը: Այսպիսով, եթե Մաքիավելին ազգային պետության ամրապնդման ու զարգացման գործում թույլատրելի էր համարում «Նպատակն արդարացնում է միջոցը» կարգախոսի գործնական կիրառումը, ապա ժամանակակից մաքիավելիզմի ընկալման դիրքերից քաղաքականության և բարոյականության տարանջատման սկզբունքն ու վերոնշյալ կարգախոսը արդարացված են նաև այնպիսի քաղաքական նպատակների դեպքում, որոնք չեն բխում պետական կառավարման արդյունավետության բարձրացման գերխնդրից:
2. Վարքաբանական (անգ. Behaviour), ըստ որի՝ իշխանությունը բացարձակ տրված մեծություն չէ և, որպես այդպիսին, հիմնված է ժամանակի ընթացքում մարդկանց վարքաբանության փոփոխման հնարավորության վրա։ Վարքաբանները իշխանությունն ու քաղաքականությունը ուսումնասիրում են ներքևից վերև, անհատից դեպի հասարակություն – պետություն` օգտագործելով դրանց արժեքաբանական և գոյաբանական առանձնահատկությունները։ Այս դիտանկյունից իշխանական հարաբերություններում բարոյականը «համակե-ցության կանոններ» ապահովող վարքի նորմերի համալիր է, որն ամբողջացնում է «Միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի» (Գյոթե) և «Տեսակը չի կարող ոչնչացնել Տեսակին, դրանով աշխարհը աղքատանում է» (Կ. Լորենց) սկզբունքները:
3. Նպատակաբանական (անգլ. teleology), որը իշխանությունը բնորոշում է որպես ունեցած նպատակների իրականացմանը հասնելու միջոց։ Այս ուղղությունը կառավարումը մեկնաբանում է լայն իմաստով՝ տարածելով այն ոչ միայն մարդկային հարաբերությունների, այլև մարդու և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների վրա։ Այս իմաստով քննարկվում է բնության վրա մարդու ունեցած իշխանության արդյունավետությունը` դիտարկելով բնության և բանականության էկոլոգիան:
4. Կառուցվածքա-գործառութային (functional structuralism) մեթոդը իշխանությունը դիտարկում է որպես սոցիալական օրգանիզմի հատկանիշ, որպես հասարակության ինքնահաստատման, ինքնաարդիականացման, ինքնակառավարման միջոց` հիմնված կառավարողների և կառավարվողների համագործակցության նպատակահարմարության վրա։ Առանց այդպիսի համագործակցության մարդը չի կարող ապահովել ոչ իր անվտանգությունը, ոչ էլ հանրային համակեցությունը։ Միաժամանակ նման մոտեցումը հնարավորություն է տալիս իրականացնելու քաղաքական գործընթացի կառավարում` հիմնվելով ոչ միայն հասարակության աստիճանակարգային (հիերարխիկ), այլև ցանցային կապերի վրա:: Ցանկացած մակարդակում նրանց գործառման ժամանակ ցանցային կապերի ինստիտուցիոնալացման անհրաժեշտություն է առաջանում: Հետևաբար՝ «Երջանիկ կառավարում է նա, ով հասկանում է երևույթների միջև եղած կապը»:
Իշխանությունը սոցիալական կարգ, դեր, տեղ հաստատող հատկանիշ է, որ հնարավորություն է տալիս ինչպես օգտագործելու, վերահսկելու, այնպես էլ արդիականացնելու ռեսուրսները և ազդեցության միջոցները։ Իշխանության իրականացման մշակույթը կապված է կառավարող լիդերների նախասիրությունների հետ, որը կա՛մ դրական, կա՛մ բացասական ազդեցություն է ունենում մարդկանց վրա՝ պատժելով կամ խրախուսելով նրանց։ Հետևաբար իշխանությունը հարաբերություն է (relation) և պարտադիր պահանջում է երկու և ավելի դերակատար, որոնցից մեկը մյուսի վրա ազդելու ինչպես հոգեբանական, այնպես էլ սահմանադրաիրավական հնարավորություններ ունի։ Այս դեպքում իշխանությունը օբյեկտի և սուբյեկտի փոխհարաբերություն է, որի դեպքում սուբյեկտը որոշակի միջոցներով հսկում է օբյեկտին։ Իշխանության այսպիսի ընկալումը հնարավորություն է տալիս բացահայտելու նրա կառուցվածքը և տարաբնույթ վիճակները (բնորոշումները)՝ միահյուսելով այն ամբողջություն կազմող նպատակային արժեքային համակարգում։
Վերոշարադրյալից ակնհայտ է, որ իշխանական հարաբերություններն ամփոփում են այն արժեքները, որտեղ իշխանությունը սուբյեկտի (անձի, կուսակցության, դասակարգի, պետության և այլն) ունակությունն ու հնարավորությունն է՝ իրականացնելու իր կամքը հեղինակության, իրավունքի, բռնության և այլ միջոցներով` մարդկանց գործունեության վրա ունենալով որոշակի ազդեցություն: Այս մոտեցման շրջանակներում ավելի ընդգծված են բացահայտվում իշխանության իրականացման հիմնական գործառույթները` կազմակերպման, համոզման, դաստիարակման, հսկման, վերահսկման, կառավարման և արդիականացման: Հետևաբար.
Առաջին՝ իշխանությունը հասարակական կատեգորիա է: Որպես մարդկանց միջև կամային հարաբերության արդյունք՝ այն ունի աստիճանակարգային և ցանցային բնույթ:
Երկրորդ՝ հասարակական իշխանության ակունքները պայմանավորված են հասարակության կյանքի որակով և մակարդակով, նրա և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ մշակութային, և՛ ռազմական հարաբերությունների ամբողջությամբ:
Երրորդ՝ քաղաքական իշխանությունը հասարակական իշխանության հատուկ տարատեսակ է, բարձրագույն մակարդակով նրա (իշխանության) կարևորագույն դրսևորման ձև:
Չորրորդ՝ քաղաքական իշխանության էությունն ու բովանդակությունը ձևավորվում է իշխող այս կամ այն սոցիալական խմբի կամքով:
Հինգերորդ՝ քաղաքական իշխանության միջուկը պետական իշխանությունն է: Լինելով գերիշխանության միակ կրողն ու արարողը՝ այն որոշակի կերպով կազմակերպված և ամրագրված է իրավական նորմերով, ինչպես նաև պատասխանատու է քաղաքական լիդերության արդյունավետ կայացման համար: Ուստի գերխնդիր է, որ պետությունը լինի անկախ և ինքնիշխան, այսինքն՝ կարողանա ինքնուրույն իրականացնել գերիշխանություն: Իսկ այն ամրագրված է Սահմանադրությամբ և իրավական այլ նորմերով: Որպես կանոն՝ այն պարտադիր է բոլոր քաղաքացիների համար և չի ենթադրում արտաքին հարկադրանք:
Նշված բոլոր գործոնների պահպանումն է միայն պայմանավորում քաղաքական լիդերության և լիդերի կողմից իրականացվող իշխանության լեգիտիմությունը: Կառավարել նշանակում է սովորել երկխոսություն ունենալ տարբեր սոցիալական «Ես»-երի հետ: Երկխոսությունը ենթադրում է, որ այս ընթացքն իրականացվում է ոչ թե հեղափոխական քաղաքական պայքարի բոլոր միջոցներով, այլ համագործակցություն ենթադրող բանակցությունների միջոցով՝ բոլորին բավարարող արդյունքների ստացման նպատակով: Այդպիսի քաղաքական կառավարումը հանգեցնում է ներդաշնակության՝ ակնկալելով, որ կառավարողները կկարգավորեն հանուն իշխանության վարվող մրցակցությունը` մի կողմից սոցիալական արդարության սկզբունքների հաստատման քաղաքականություն վարելու, մյուս կողմից` այլախոհների նկատմամբ հանդուրժողականության շնորհիվ: Քաղաքական գործընթացի կառավարումը օգտագործում է իշխանության բոլոր տեսակները, սակայն այս համակարգում առանձնահատուկ տեղ ունի քաղաքական իշխանությունը:
Քաղաքական իշխանությունը բնութագրվում է հետևյալ տարբերակիչ գծերով.
1. ընդունված որոշումների պարտադիր լինելը քաղաքացիների համար` անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և գաղափարական համոզմունքներից.
2. հանրային շահի համընդհանրություն, որի պահպանման նկատառումներով դիմում է քաղաքացիներին` բարձրացնելով իր լեգիտիմությունն ու լեգալությունը.
3. հանրային շահը համակարգող որոշումների ընդունման բանակցային կառուցակարգերի մշակում և կիրառում՝ ի տարբերություն իշխանության այն տեսակների, որոնք իշխանություն են իրականացնում իրենց արժեշահային համակարգի վրա.
4. տարաբնույթ ռեսուրսների համակարգման փորձագիտական իշխանություն` հանուն ազգային անվտանգության ապահովման: Է. Թոֆլերի համոզմամբ, «…Գիտելիքը, տեղեկատվությունը դարձել է քաղաքական իշխանության գործառնությունը բնորոշող գործոն» :
5. անձնական օրինակի ուժի իշխանություն. լիդերն իր լիազորությունների կատարման լեգիտիմության հաշվին ընտրազանգվածին մղում է գործողությունների՝ շահադրդելով նրանց վարքը և բարձրացնելով ներգրավվածության մակարդակը:
Վերոշարադրյալը լիդերին հնարավորություն է տալիս ընդարձակելու իր պատկերացումների հորիզոնը կառավարման և վարչարարության, ինչպես նաև իշխանության իրականացման քաղաքակրթական հիմքերի մասին: Ի լրումն հարկադրականի` ներգրավման ազդեցության օգնությամբ ընդարձակում է մասնակցության և համագործակցության սոցիալական տարածության տիրույթները: Իշխանության վերոնշյալ ձևերը գտնվում են բազմաշերտ փոխհարաբերությունների մեջ, ինչով էլ պայմանավորված է քաղաքական լիդերության պատասխանատվությունը՝ ապահովել հանրային, պետական, ազգային, անհատական անվտանգություն:
Ե. ԲՈՍԽ, ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ ԵՌԱՊԱՏԿԵՐ