Հայտնի զրույց կա այն մասին, թե ի՞նչ պատասխան է տվել իսրայելցի բարձրագույն պաշտոնյան ատոմային զենք ունենալու վերաբերյալ իրեն ուղղված հարցին՝ «Չունենք, սակայն երբ պետք լինի, կօգտագործենք»:
Դե, պաշտոնյանները սիրում են անորոշություններ ստեղծել, դիվանագիտական ոճով խոսել, անգամ կատակել, այնպես որ պատասխանը նշվածների կամ մի այլ տիրույթում կարելի է փնտրել: Որ այդ երկրի ռազմապաշտպանական համակարգը լրջագույն խնդիրների բախվեց, երբ խոսվում էր բանակի ու հետախուզության տարածաշրջանային գերազանցությունից, անհերքելի փաստ է, Պաղեստինը մարտնչում է, չի հանձնվում, այդպես կանխորոշելով հրեից պետության շուրջ ստեղծված մոտեցումը: Եվ հարցը` ինչո՞ւ է շարքային հայաստանցու մոտ այսօրինակ մտորում առաջանում, հնչում է ինքնաբերաբար:
Հեռուստաէկրաններից հանրության հետ խոսող մեր որոշակի այրերը, ովքեր քաղաքագետներ ու վերլուծաբաններ, նաեւ ռազմական փորձագետներ են ներկայանում, պարբերաբար նշում են մեր հզորանալու անհրաժեշտությունը: Թե ի՞նչ է այն ներքին առումով պարունակում, ավաղ չի ասվում, անգամ՝ չի հուշվում: Կարծես տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի հանրապետության իշխանություններն ինչ-որ ժամանակ ու ինչ-որ ձեւով խոսել են մեր ոչ կարողունակ կարգավիճակից, կասկածի տակ են առել ինքնապաշտպանվելու մեր ունակությունը: Չէր կարող լինել նման բան եւ չի եղել: Հարց է, թե ինչ է հասկացվում՝ հզորանալ ասելով, որը թերեւս ինչ-որ առումով հարաբերական հասկացություն է: Ասենք` Մոնղոլիայի հանրապետությունը, որը սահմանակից է Չինաստանին ու Ռուսաստանի Դաշնությանը, որոնց ռազմական պոտենցյալը հարկ չկա նշել, բանակ է պահում: Ինչու՞. վստահ եմ` երկրի սահմանները պաշտպանելու նպատակով: Նույն խնդիրն ունի մեր երկիրը, առանց նվազագույն իսկ վարանման պաշտպանել Հայաստանի հանրապետության ողջ տարածքը, սկսած լեռնագագաթներից մինչեւ անտառներն ու ձորերը, նաեւ` ջրային տարածքները: Այս նպատակի համար, անկախ մեր թվաքանակից, միջոցներ են պահանջվում, որը ստացվում է երկրում ստեղծվող համախառն ազգային ներքին արդյունքից: Ինչքան մեծ լինի այն, որից օրվա գործադիր կառավարիչները բյուջե են հավաքագրում, այդքան կատարյալ է դիտարկվում երկրի անվտանգային համակարգը: Նախ՝ տնտեսական, ապա նաեւ` ռազմական առումներով: Առաջիկա երեք տարիների ավարտին` 60 մլրդ դոլար ՀՆԱ, 30 մլրդ դոլար բյուջե…
Պարզ մի օրինակ նշենք: Երկրի ռազմավարական հարցերի շարքում առաջնայիններից մեկը պարենային անվտանգությունն է, որը մեզանում հարկ է այլ չափորոշիչներով գնահատել: Ասենք` պարենային առումով միջին բնակչի տարեկան մսամթերքի սպառումը 100 կիլոգրամի սահմանին է, ասել է թե` 3 մլն բնակչության առումով պահանջվում է 300 հազար տոննա արտադրանք: ՀՀ-ում արտադրվողն այս ցուցանիշի հազիվ 10 տոկոսից մի փոքր ավելին է, որը հանգեցնում է պահանջարկը ներկրումներով փակելու երեւույթի: Խոսքը ոչ ավել, ոչ պակաս միլիարդավոր դրամների կամ հարյուր միլիոնավոր դոլարների առեւտրային բացասական հաշվեկշռի մասին է, որը չգիտես ուր է հոսում, ում տնտեսությանը նպաստում: Այս պարզ տնտեսավարումը մեզանում փոխարինվում է ընդեղենի ինչ-որ այգիների հիմնումով, պետական հռչակվող ծրագրերի խրախուսումով, որոնցից ակնկալվող ֆինանսական միջոցները գրեթե ոչինչ են կենդանական ծագման արտադրանքի համեմատ: Հարցը` ո՞ւր է, թե մեր խնդիրներն այսքանով ավարտվեն, հնչում է ինքնաբերաբար: Որ հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ օտարվում են իրենց բուն գործունեությունից, գյուղական համայնքները ծերանոցների են վերածվում, իսկ գյուղոլորտը դառնում է սակավաթիվ ներդրողների ասպարեզ, իր հետ բերելով ու ծնելով անվտանգային նոր խնդիրներ, սա՛ է առավել մտահոգիչը, քանզի առաջնահերթ պահանջ է ՀՀ տնտեսական լիարժեք կայացումը: Քայլ առ քայլ, մեր ներուժի բացահայտմամբ: Մենք դա կարող ենք:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ