Դժվար կլինի չհամաձայնել Մյունխենում հայկական համայնքի ներկայացուցիչներից մեկի այն պնդման հետ, որ ժողովուրդն ընտրել է այս իշխանությանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարելու խոստման, եւ ոչ թե Արցախի հանձնման համար: Այո, իշխանության համակիրները 2021-ին նրան կրկին ձայն տվեցին՝ տրվելով Արցախի դեօկուպացիայի, Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարելու եւ մի շարք այլ խոստումները նկատի առնելով, անցյալ բոլոր իշխանությունների հանդեպ տոտալ անվստահությունը եւս իր դերը խաղաց: Ասել, թե մանդատ ենք ստացել՝ ըստ մանդատի ենք աշխատում, եւ խոստումներին հակառակ բաներ իրագործել՝ նշանակում է գնացքը վարել դեպի անռելս տարածություն, իր հետեւանքներով հանդերձ: Զարմանալի է այն ինքնավստահությունը, որով ներկա իշխանությունն ու նրա ղեկավարը փորձում են առաջ տանել թեզեր, որոնց մեր ժողովրդի մեծամասնությունը պատրաստ չէ, ընդ որում՝ ներկա իշխանության մեջ կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք նույնպես իշխանության՝ հրապարակ նետած բամաթիվ թեզերի հետ համաձայն չեն, եւ կգա պահն, անշուշտ, տեսակետների անհամատեղելիության բարձրակետի:
Դիցուք՝ խոստանում ես սահմանադրական փոփոխություններ, հետո ասում ես՝ նոր Սահմանադրություն՝ առանց Անկախության հռչակագրին հղումների, այլեւայլ սրբագրումներով, որոնց հետ շատերը չեն համաձայնելու: Իրատեսական չէ մի քանի մարդկանցով որոշել եւ դեմ գնալ հանրության մեջ առկա մտայնությանը, սովորաբար դա լավ տեղ չի տանում:Հուսով եմ՝ սա իշխանության գոնե մտածող հատվածը հասկանում է:
Վարչապետի հանդիպումները Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակում, որտեղ ներկա էին առավելաբար արմտյան խաղացողները, Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ՝ ենթատեքստ ենթադրող հանդիպումը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հովանավորությամբ արեւմտյան ուղերձ պարունակող Փաշինյան-Ալիեւ ցուցափեղկային ֆորմատը, Փաշինյանի՝ Ներքին Հանդում հայ զինվորականների սպանությունը եւ Հայաստանի տարածքների օկուպացիայի փաստերը օրակարգ չբերելու կեցվածքը հուշում են մյունխենյան իրական օրակարգերը: Մենք հայտնվել ենք Արեւմուտքի տարբեր շահերի բախման կիզակետում, եւ հզորների շահերը խժռել ու խժռելու են մեր շահերը: Այդ իրավիճակում մեզ գոնե հայկական չերչիլներ են պետք, որոնք չկան, իսկ ոչ մասնագիտական շատախոսությունը միայն թուլացնում է մեզ եւ մեր դեմ կօգտագործվի:
Գիտեք ի՞նչն է զարմացնում՝ որ վարչապետի շրջապատում չկան այն պրոֆեսիոնալները, որոնք նրան խորհուրդ կտային անընդհատ, անվերջ, բոլոր թեմաներով եւ բոլոր առիթներով եւ ոչ դիվանագիտական ձեւակերպումներով ամեն ինչի մասին չխոսել (օրինակ՝ որ Ուկրաինայի հարցում Երեւանը Մոսկվայի դաշնակիցը չէ)՝ դա նախ վնասում է պետությանը, ապա հոգնեցնում է, հոգնեցրել է վաղուց, ընդ որում՝ առանց հայեցակարգերի, առանց ամրագրված մոտեցումների պետության առաջնահերթուրթյունների մասին դիվանագիտական եւ պաշտոնական բառապաշարից շատ հեռու խոսույթի կիրառումը ընդհանրապես շփոթեցնում է ժողովրդին էլ, ներսի քաղաքական եւ հանրային շրջանակներին էլ, իսկ արտաքին ուժերի համար թերասացություններից կամ երկիմաստություններից օգտվելու հուռթի դաշտ է ստեղծում: Մեկ մարդը, եթե անգամ վունդերքինդ էլ լինի, չի կարող ամեն ինչ իմանալ, ամեն ինչի մասին խոսել, ամեն ինչի լուծումն ունենալ, եւ դա բնական է, ու ամբիոնը հարկավոր է շատ դեպքերում զիջել պրոֆեսիոնալների, էլ չասած՝ որ նրանց կարծիքը հաշվի առնելով որոշումներ կայացնելն ու այդ մասին հայտարարելն ամոթ չէ:
Ընդհանուր եթե բնորոշենք Հայաստանում այս պահին առկա մթնոլորտը՝ մխիթարական բան քիչ կգտնենք. ունենք վատ անվտանգային միջավայր՝ մշտական էսկալացիայի եւ սահմանային սադրանքների սպասումով, ունենք բազմաթիվ առիթներ երկրի ներսում, որոնք սոցիալական բողոքներ կարող են ծնել եւ ծնում են.տրանսպորտի սակագին, խոպանչիների հարկում (սա թեեւ ավելի վաղ ընդունված օրենք է, բայց այս իշխանությունը ցանկության դեպքում կարող էր փոխել դա), բազմաթիվ նոր հարկատեսակներ, տուրքերի բարձրացման պատճառով՝ իրավական ծառայությունների անհասանելիություն անապահով շերտին, 100 հազարից ավելի արցախցիների խնդիրներ, ունենք Վահան Քերոբյանի եւ նրան մերձ շրջապատի շուրջ ստեղծված եւ այդ իմաստով հանրության վրա բացասական անդրադարձ անող իրավիճակը, ընդհանրապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին մարդիկ սկսել են չհավատալ, դրա տակ տնտեսական լծակների վերաբաշխման, եւ ոչ թե արդարության վերականգնման միտում տեսնելով:
Մինչդեռ իշխանությունն այս ֆոնին խոսում է նոր Սահմանադրությունից, հայրենիքի ու պետության նոր սահմանումներից, չգիտեմ՝ դպրոցներում սեռական դաստիարակությունից, մեր պատմության վերաբերյալ մի քանի մարդու տեսիլքներից: Այսինքն՝ իշխանությունը համարժեք չէ ներկա, եւ առաջին հերթին՝ անվտանգային մարտահրավերներին, դա դեռ քիչ է՝ անընդհատ հակված է զիջումների գնալ թշնամի երկրին, ոչ մի դեպքում մկան եւ ատամ չի ցուցադրում եւ գործնականում էլ նրան մեր տարածքներից դուրս չի հրավիրում: Նաեւ չի նկատում, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ խոսույթը կարող է դառնալ ներքին անհամաձայնությունների այն բարձրակետը, որը բաժանում է, եւ ոչ թե միացնում: Հավանաբար Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում անգամ կերեւա այդ անհամաձայնությունը՝ նույնիսկ ամենաբարձր աշխատավարձով դժվար կլինի վարձել այն մարդկանց, որոնք հանրության, ժողովրդի իղձերին հակառակ Սահմանադրություն կգրեն, կուրանան Արցախն այս անգամ սահմանադրորեն, Անկախության հռչակագիրը սոսկ պատմական եւ անօգտագործելի թուղթ կդարձնեն եւ այլն: Այս իմաստով՝ իշխանությունն ուղղակի չի նկատում, թե ինչպես է սլանում դեպի ներիշխանական հակադրություն, անկախ նրանից , որ ընդդիմության՝ հանրության լայն շերտերի վստահությունը վայելող դիմակայություն դեռեւս առկա չէ, եւ ինչպես Հայաստանում եղել է միշտ՝ ամեն բան կավարտվի ներիշխանական հեղաշրջմամբ: Այդ թափանիվը հայերիս կանգնեցնել չի հաջողվում արդեն շատ անգամներ, չնայած ընտրություններ կոչվող արտաքին շղարշի մշտական ապահովմանը:
Հետաքրքրական է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չորեքշաբթի շփվել է լրագրողների հետ եւ ռուսական կողմին մեղադրել այն բանում, որ Ներքին Հանդի միջադեպը չեն կասեցրել, խոսել զինված ուժերի հայելային հետքաշման անհրաժեշտությունից (սահմանը մերկացնելու հայելայինը ո՞րն է) եւ Ադրբեջանի սպառազինման՝ տարածաշրջանային ապակայունության գործոն լինելուց. հենց այնպես, առանց լուրջ ասելիքի, անցյալում կրկնված մտքերը նորից կրկնելով ու թարմացնելով իր՝ որպես ապագա ֆիգուրի դերը:
Արտախորհրդարանական ուժերը փողոցում նոր հակաիշխանական բողոքների շարք են սկսել՝ իշխանության հեռացման պահանջով, սա վատ չէ՝ իշխանությունը թող մի լավ անհանգստանա, միգուցե վերջապես սթափվի: Սակայն փողոցում էլ աբսուրդը հասել է գագաթնակետին այն աստիճան, որ, ասենք, միշտ ազատական համարվող եւ անկախության համար պայքարած Հրանտ Բագրատյանը կարող է կանգնել ժամանակին խորհրդային գործիչ եղած Արամ Սարգսյանի կողքին, այս առումով բազմաթիվ այլ աբսուրդների օրինակներ կարող ենք բերել, որոնք միգուցե բուն ընդդիմությունը չի նկատում-ընկալում, բայց որոնք ազդում են նրա հանդեպ հանրության վերաբերմունքի վրա: Ընդհանուր առմամբ՝ խնդիր է մնում այն, որ բոլոր նախկին իշխանությունները, չընդունելով իրենց սխալները, հավակնում են վերադառնալ իշխանության, խոսում են իշխանության հեռացումից՝ առանց հաշվի առնելու, որ քվեատուփին մոտեցող ընտրողն իրենց երեսը չի ուզում տեսնել: Բա լավ՝ ուրիշ ի՞նչ ճանապարհով եք ուզում իշխանության գալ: Նոր շերտեր կամ չեն ձեւավորվում, կամ ձեւավորվածներն էլ հանրությանը վստահություն չեն ներշնչում, եւ այստեղ դեր չի կարող ունենալ այդ մասին չբարձրաձայնելու նրանց պահանջը այդ մասին բարձրաձայնողներին: Սա վատ նախանշան է՝ ինչպես որ բոլորից հոգնած ժողովուրդը տրվեց նրան, որ վերջին անգամ մեծ մասամբ ոչ պրոֆեսիոնալների եւ անհայտ ծագման մարդկանց բերեց իշխանության, այս անգամ էլ, երբ դանակը հասնի ոսկորին՝ նույն բանը կկրկնվի, հիմա եղածից էլ ավելի վատ նոր իշխանություն ձեւավորելով:
Ընդհանրապես՝ մեր ժողովուրդը եւս հետաճ է ապրում՝ ոգու, գաղափարների հետեւից գնալու առումով, միգուցե նաեւ դա խրախուսվում է որոշ շրջանակներից, քանի որ մտավորականությանն անտեսող, արկածախնդիրներից, այլ պետությունների բացահայտ գործակալներից խաբվող ժողովրդի առկայութունը ձեռք է տալիս հենց նրա որոշ խմբերին զորաշարժող մեծ խաղացողներին: Իհարկե, եթե նոր սահմանային լարվածությունը չգա ամեն ինչ իրար խառնելու: Բայց որ մեր հանրության տարբեր շերտերի դեգրադացման գործընթացներն աչքն ի տես են՝ դա ոչ ոք չի կարող ժխտել: Հավարտ՝ մի օրինակով վատատեսությունս ամրապնդեմ (էհ, Անդրանիկ Քոչարյանի ասածի հանգույն՝ վատատեսություն տարածող կարող ենք դիտվել):
Պատկերացնո՞ւմ եք՝ երբ կան հազար ու մի կարիքավորներ, Հայաստանի սահմաններին ունենք բազմաթիվ վատ կահավորված, ամրաշինական աշխատանքները կիսատ-պռատ դիրքեր ու զինվորների կարիքների ոչ լիարժեք բավարարում, Հայաստանում գտնվել է մոտ 140 մարդ, որը պատրաստ է 50 հազար դոլար վճարել՝ ավտոմեքենայի գոլդ համարի համար: Բա նորմալ, լիքը, արժեհամակարգ ունեցող մարդը այդ կարգի մեծ գումարները կծախսի՞ իր անիմաստ թանկ ավտոյի վրա սնապարծ-անիմաստ համարը ցցելու, փոխանակ մի օգտակար գործի, հանրության մի կարիքի վրա ծախսի այդ փողը: Ո՞նց կարող են այդքան անիմաստ հարուստներ լինել պատերազմում պարտված, Արցախ հանձնած երկրում, որ փող ունեն- սիրտ ու խիղճ չունեն, ու նրանց միայն հետաքրքրի իրենց «բարձր» ստատուսի ցուցադրումը, որի համար իրենց հիմար խելքով նաեւ գոլդ համարներն են ցուցիչ: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ նրանց հանդեպ հասարակական վերաբերմունք է պետք. այսքան զոհվածի ընտանիք, այսքան պատերազմում վիրավորվածների չհոգացվող կարիքներ, այսքան դուրսը մնացած արցախցի, տո դուք էլ, ձեր ավտոներն էլ, ձեր գոլդ համարներն էլ…
Ես կոչ եմ անում իմ գործընկերներին, չնայած խոստացված գաղտնիությանը՝ պեղել-գտնել այդ 140-ի տվյալները, հրապարակել եւ ձեւավորել հանրային բացասական վերաբերմունք նրանց նկատմամբ: Եթե պետությունը չի հասկանում, որ այս գոլդ համարների աճուրդով մտայնության վատ օրինակ է ցուցադրում, ուրեմն հանրությունն իր վերաբերմունքով պետք է բացասական ֆոն ձեւավորի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ