«Հյուրընկալող երկիրը վստահելի չէ», այդուհանդերձ 200 երկրի ներկայացուցիչ Բաքու է մեկնում
Գերմանալեզու մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն», t-online լրատվական պորտալը հոկտեմբերի 23-ին անդրադարձել են նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկող կլիմայի համաժողովին՝ քննադատելով նախ անցկացման վայրի անհամապատասխանությունը: Հյուրընկալող երկիրը վստահելի չէ, Ադրբեջանը մեծապես կախված է հանածո վառելիքից, իսկ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը շարունակվում է:
«Այս համադրությունը երկիրը դարձնում է կլիմայական գլոբալ նպատակների շուրջ բանակցությունների համար ոչ պիտանի վայր, ինչպես բազմիցս շեշտել են քննադատները», գրում է «t-online» պորտալը՝ ներկայացնելով Urgewald բնապահպանական կազմակերպության ընթացիկ զեկույցը, որ չեխական ոչ կառավարական CEE Bankwatch կազմակերպության հետ միասին դիտարկում է քննադատության նախապատմությունը: Ծավալուն այդ զեկույցի մանրամասներին «Ազգի» սուղ տարածքում չենք կարող անդրադառնալ, սակայն կարեւոր մի քանի դիտարկում առանձնացնենք. «Ադրբեջանի տնտեսության ողնաշարը՝ նավթի եւ գազի արդյունահանումն է, որ տասնամյակների պատմություն ունի: Արտահանման եկամուտների մոտ 90 տոկոսը եւ պետեկամուտների մոտ 60 տոկոսը ստացվում է հանածո վառելիքից: Այս կախվածությունը շահերի զանգվածային բախում է ներկայացնում, եթե երկիրը ցանկանում է կենտրոնական դեր խաղալ կլիմայական գլոբալ բանակցություններում», գրված է է Urgewald-ի զեկույցում:
Բնապահպան կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ COP29 հյուրընկալող երկիրը կլիմայի պաշտպանության փոխարեն գազի արտադրության աճն է մեծացնում:
«Արտանետումները նվազեցնելու համար միջոցներ ձեռնարկելու փոխարեն Ադրբեջանը շարունակեց ընդլայնել նավթի եւ գազի արդյունահանումը COP29-ին ընդառաջ: Եվրահանձնաժողովի եւ Ադրբեջանի միջեւ 2022 -ին կնքված համաձայնագիրը արտոնում է կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա մինչեւ 2027 թվականը: Գազի աճող արտահանումը հնարավոր է դարձել ենթակառուցվածքային խոշոր նախագծերի շնորհիվ, ինչպիսին Հարավային գազային միջանցք (SGC) խողովակաշարի ընդլայնումն է, որը գազ է մատակարարում Ադրբեջանից Եվրոպա: Այս խողովակաշարի կառուցումը մեծապես ֆինանսավորել է ԵՄ-ն՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու նպատակով: Կլիմայի վրա ազդեցությունը մտահոգիչ է»:
Բնապահպան հիշյալ կազմակերպությունն անդրադառնում է SOCAR պետական էներգետիկ ընկերությանը, դրա հիմնած «SOCAR Green» դուստր ձեռնարկությանը, որը պիտի ներդրումներ կատարեր ի նպաստ վերականգնվող էներգիայի՝ քամու եւ արեւային էներգիայի օգտագործման: «Փաստորեն ընկերության ուշադրության առանցքում հանածո վառելիքն է: «SOCAR Green»-ը չի օգնի նվազեցնել էներգիայի սպառումը, այլ պարզապես կշարունակի գազը թողարկել արտահանման համար», իրազեկում է Urgewald-ի զեկույցը: SOCAR-ի ներդրումները հանածո էներգիաների ընդլայնման գործում մնում են հսկայական. միայն 2022-2024 թվականներին SOCAR-ը գրեթե 300 միլիոն դոլար է ներդրել նավթի եւ գազի նոր հանքավայրերի որոնման համար», տեղեկացնում է «t-online» պորտալը:
«Առաջիկա 10 տարում Ադրբեջանը կարող է ընդհանուր առմամբ արտադրել 411 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որ կստեղծի 781 միլիոն տոննա CO2, ինչը գերազանցում է Գերմանիայի տարեկան արտանետումները », գրում է «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն»՝ ներկայացնելով բրիտանական Global Witness իրավապաշտպան կազմակերպության վերլուծությունը:
Այն, որ Ադրբեջանը չի կարող կազմակերպել ՄԱԿ-ի կարեւորագույն համաժողովներից մեկը, վկայում է Ալիեւի ավտորիտար ռեժիմի վարած քաղաքականությունը, որ բացահայտ ոտնահարում է մարդու իրավունքները, քաղաքական հակառակորդների եւ քննադատների նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառում: Իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Amnesty International-ը եւ Human Rights Watch-ը, պարբերաբար հաղորդում են քաղաքական ակտիվիստների, լրագրողների եւ իրավապաշտպանների հետապնդումների մասին: «Այժմ մոտ 300 քաղբանտարկյալ կա Ադրբեջանում», հաղորդում է իռլանդական Frontline Defenders իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցը, որին անդրադառնում են գերմանագիր ԶԼՄ-ները:
Հայտնի հրապարակախոս, գերմանաբնակ հրեա Հենրիկ Մ. Բրոդերի հեղինակած achgut առցանց հարթակը անդրադառնալով Բաքվում գումարվելիք համաժողովին գրում է. Ադրբեջանը միջազգային ԶԼՄ-ների ուշադրության առանցքում հայտնվեց 2023-ի սեպտեմբերին, երբ «վերաինտեգրեց» ԼՂ հայկական շրջանները: Ադրբեջանական բանակի սանձազերծած պատերազմը ԼՂ-ում, այնուհետ էթնիկ զտումը, գրեթե բոլոր հայերի բռնի արտաքսումն ըստ երեւույթին մոռացության են մատնվել: Դա չի խանգարել, որ շուրջ 200 երկրի ներկայացուցիչներ նոյեմբերի 11-ից 22-ը մասնակցեն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք Կլիմայի համաշխարհային համաժողովին, արդարեւ հիշեցնում է achgut առցանց հարթակը՝ հետագա շարադրանքում ներկայացնելով բնությունն ու մարդուն արհամարհող այդ երկրի մասին միջազգային տարբեր կառույցների քննադատությունը:
«Ազգի» նախորդ համարում անդրադարձել էինք Շվեյցարիայի Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ գործադիրին ուղղված հանձնարարությանը, որ COP 29-ի ժամանակ արծարծի ԼՂ հայերի ապահով վերադարձի, ռազմագերիների ազատ արձակման, մշակութային արժեքների պահպանման հարցը: Ծանուցել էինք նաեւ, որ Դաշնային խորհուրդը կոչ է անում Շվեյցարիայի գործադիրին մեկ տարվա ընթացքում կազմակերպել ԼՂ հարցով խաղաղության համաժողով:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (Christian Solidarity International (CSI) հոկտեմբերի 23-ին մամլո հաղորդագրությամբ ողջունում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ ԼՂ խաղաղության ֆորում կազմակերպելու որոշումը, որի առանցքում բանակցությունների նյութ պիտի դառնա ԼՂ հայերի վերադարձի հարցը: Իրավապաշտպան սույն կազմակերպությունը «հուսով է, որ Դաշնային Խորհուրդը կարծարծի ԼՂ հարցը նոյեմբերի 11- 22-ին Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովում (COP29)»: «Մեզ ուրախություն է պարգեւում այն, որ խորհրդարանում միջնորդությունը ձախից աջ աջակցություն է գտել, ինչը ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե քաղաքականության, այլ մարդու հիմնարար իրավունքների մասին է: Հաղորդագրության մեջ ընդգծվում է բանաձեւի զեկուցող Կանաչների կուսակցության անդամ Նիկոլաս Վալդերի խոսքը. «Հայ ժողովրդի իրավունքները մեր ԴՆԹ-ի մաս են կազմում: Չի կարելի արտոնել, որ հայոց ցեղասպանությունը 21-րդ դարում էլ շարունակվի: Շվեյցարիան՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, դա չի կարող թույլ տալ»: «Չնայած միջազգային պարտավորություններին, Ադրբեջանը ցարդ պատրաստակամ չի եղել համագործակցելու ԼՂ հայերի վերադարձը հնարավոր դարձնելու համար, իրազեկում է Քրիստոնեական համերաշխություն կազմակերպությունը եւ նշում, որ Բաքվում գումարվելիք COP29-ը (որին մասնակցում է Դաշնային Խորհուրդը) երկխոսության հիանալի հնարավորություն է տալիս»:
Իրավապաշտպան կազմակերպությունը Շվեյցարիայից ավելին է պահանջում: CSI-ի Շվեյցարիայի գործադիր տնօրեն Զիմոն Բրեհբյուլը զգուշացնում է, որ «հակամարտության հետագա էսկալացիայի վտանգը մեծ է, հետեւաբար հետագա տեղահանությունների չափն էլ մեծ կլինի»: Նա անհրաժեշտ է համարում, որ Շվեյցարիան հրատապ, հստակ դիրքորոշում արտահայտի Ադրբեջանի բռնաճնշումնատենչ վարչակարգի նկատմամբ: Այդ պատճառով Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը խնդրագրով դիմում է Դաշնային Խորհրդին, որով պահանջում է՝ Բաքվում COP29-ի ժամանակ Շվեյցարիան ձեռք մեկնի, տեր կանգնի ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքներին, Ադրբեջանից պահանջի Արցախի հայերի վերադարձի իրավունք, 23 գերիների ազատարձակում, ԼՂ-ում մշակութային ժառանգության պաշտպանություն: «Շվեյցարիան կարող է կենտրոնական դերակատարում ունենալ աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկի դեմ ցեղասպանության այս գործողությանն առերեսվելու, հետագա սրումը կանխելու հարցում»: Իրավապաշտպան կազմակերպության վերոհիշյալ հաղորդագրությունից իրազեկ ենք դառնում, որ սեպտեմբերին 26-ին միջազգային կազմակերպությունը գրավոր դիմել է Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդին՝ պահանջելով ԼՂ տեղահանված բնակիչների ներկայացուցիչների հետ երկխոսությունը՝ ազատ ձեւից հաստատուն, ճանաչված, կանոնակարգման ենթակա ձեւի վերածել եւ վստահեցնել, որ շվեյցարական ընկերությունները շահույթ չեն ստանա էթնիկ եւ կրոնական մաքրազտված ԼՂ-ի վերաշինման աշխատանքներից: Իրավապաշտպան կազմակերպության մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Շվեյցարիայի նախագահի պատասխան նամակին դեռ սպասում են:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ