Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրել է. «Պաշտոնյաները և նրանց խոսքերը կուրորեն կրկնող մարդիկ երբ պնդում են, թե հայկական բանակը զուրկ էր տարրական սպառազինությունից, արդյո՞ք գիտեն՝ ինչ ասել է լրատվական արխիվ։ Դա այն դարակն է, որտեղ պահվում են տարբեր ժամանակներում մարդկանց արած հայտարարությունները, որպեսզի անհրաժեշտ պահին դրանք հանվեն և որպես փաստ դրվեն մարդկանց սեղանին։
Քանի որ հայկական փառապանծ բանակին թիրախ դարձնողներն օրեցօր ավելի են շատանում, ես մի քիչ փորեցի լրատվական արխիվները և գտա հայաստանյան մի քանի հեռուստաընկերությունների և ՀՀ ՊՆ-ի տարածած տեսանյութերը մեր բանակի ունեցած զինատեսակների, սպառազինության նոր մատակարարումների և մեր զինատեսակների մասին Նիկոլ Փաշինյանի ու մյուս բարձրագույն պաշտոնյաների գնահատականը։
Եթե չունեինք ոչինչ, ապա ի՞նչ էր ներկայացվում 2017-2020 թվականներին։ Իսկ եթե ունենք այդպիսի սպառազինություն, ապա որտե՞ղ օգտագործվեցին այդ գերժամանակակից ԱԹՍ-ները կամ ՌԷՊ միջոցները, ջերմատեսիլները, հայ-լեհական համատեղ արտադրության մեծաքանակ զրահաբաճկոնները և շատ այլ ռազմական նշանակության կարևոր ապրանքներ, որոնց առկայության մասին խոսել են բարձր պաշտոնյաները, բայց հետո մոռացել այդ մասին։ Լրատվական արխիվը չի մոռանում»։