Ադրբեջանական մեդիադաշտում պարբերաբար շրջանառվում են հայտարարություններ, թե Կարմիր Շուկայի ճանապարհը շուտով անցնելու է Ադրբեջանի հսկողության տակ՝ հնարավորություն տալով առանց ռուս խաղաղապահների ուղեկցության ցամաքային կապ հաստատել Շուշիի հետ։
2020 թվականի պատերազմից հետո քաղաքական ու հանրային մակարդակում խոսակցություններ են շրջանառվում Արցախի Կարմիր Շուկա գյուղն ու այնտեղով անցնող մայրուղին Ադրբեջանի հսկողությանը հանձնելու վերաբերյալ։ Դա Հադրութը Ստեփանակերտի և Շուշիի հետ կապող ամենահարմար ճանապարհն է, իսկ Շուշիում տեղավորված ադրբեջանական զորքն այսօր չունի արտաքին աշխարհ դուրս գալու այլ ուղի։
Փոքրիկ պատմական ակնարկով նշենք, որ Արցախի Կարմիր Շուկա գյուղը հիմնվել է 1920-ական թվականներին՝ նախ ծառայելով որպես մոտակա բնակավայրերի գյուղատնտեսական արտադրանքի իրացման վայր, շուկա։ Այստեղից էլ ծագել է գյուղի անունը։ Արդեն 30-ականներին Կարմիր Շուկայում կառուցվել է սպիրտի գործարան՝ աշխատատեղեր ստեղծելով արցախցիների համար։ Սա էլ իր հերթին առիթ է դարձել, որ այլ վայրերից Կարմիր Շուկա տեղափոխվեն աշխատողների ընտանիքները՝ մեծացնելով գյուղի բնակչության թիվը։ 1947 թվականին գյուղը ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ, կառուցվել է դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, կինոթատրոն, հիվանդանոց, խաղողի և թթի նախնական վերամշակման գործարան։
Կարմիր Շուկայում խորհրդային տարիներին ապրել է մոտ 1100 մարդ, որից 1093-ը հայ, 3-ը՝ ադրբեջանցի, մյուսները՝ ռուս։ Այսօր գյուղի բնակիչների թիվը գերազանցում է 1100-ը, որոնք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ։ Գյուղը մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջկենտրոն Մարտունու ճիշտ մեջտեղում է՝ յուրաքանչյուրից 33 կմ հեռավորության վրա։ 2020-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանը բազմիցս փորձեց գրավել Կարմիր Շուկան՝ նպատակ ունենալով տիրանալ հատկապես գյուղով անցնող մայրուղուն և այդկերպ իր հսկողության տակ պահել Արցախի կենսական ենթակառուցվածքները, բայց արդյունքի չհասավ։
Sputnik