Գերմանագիր լրատվամիջոցները ծավալուն հոդվածներով օպերատիվ արձագանքում են Արցախի վրա Ադրբեջանի սեպտեմբերի 19-ին սկսած լայնածավալ հարձակմանը՝ հղում անելով հենց Արցախից տրամադրված տեղեկատվությանը՝ մասնավորապես ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, լրագրող Մարութ Վանյանի հաղորդումներին:
Մեր տպավորությամբ հայկական լրատվամիջոցներում մի փոքր ընդգծված շեշտադրում եւ սպասելիք կա, թե Գերմանիան էլ լուռ չի մնացել, Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանին ներկա կանցլեր Շոլցը, արտգործանախարար Բերբոքը աննախադեպ կոշտ են արձագանքել Բաքվի վայրագ վարքագծին, ուստի ենթադրելի է, որ հոկտեմբերի 5-ին նախատեսված հանդիպման նախօրեին Ալիեւի վրա Մակրոնի ճնշմանը գումարվելու է նաեւ Շոլցինը: Սակայն գերմանական RND-ն Շոլցի խոսքին անդրադառնալով, այն բնութագրում է «զգուշավոր, քանի որ ուղղվել է երկու կողմին»՝ «Հայաստանը եւ Ադրբեջանը այժմ չափազանց կրիտիկական իրավիճակում են, այդ պատճառով մեզ համար հստակ է, որ այս պատերազմական գործողությունները անհապաղ պիտի դադարեցվեն»: Ըստ նույն աղբյուրի, ԳԴՀ արտգործնախարար Բերբոքի խոսքն առավել հստակ է եղել: «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հրետակոծությունը եւ վերադառնա բանակցությունների սեղանի մոտ: Կարեւորը ԼՂ խաղաղ բնակչության պաշտպանությունն է: Սա էլ այնտեղ տեղակայված ռուս զինվորների խնդիրն է»:
Բերբոքի ձայնը նկատելի բարձր է, քանի որ առիթ է մեկ անգամ եւս Ռուսաստանին հիշեցնել պարտականությունների թերացման մասին:
Սակայն միայն այդ հանգամա՞նքն է պատճառը, որ Բեռլինին ստիպում է Ալիեւին հիշեցնել, թե նա խախտել է ուժ չկիրառելու պայմանավորվածությունը: Սեպտեմբերի 19-ի Արցախին վերաբերող գերմանական լրահոսում շեշտադրված էր, որ Ալիեւը ավտոկրատ ղեկավար է, Արցախը միջազգայնորեն ադրբեջանապատկան է, սակայն դարեր շարունակ հայ բնակչությունը ապրել է այդ տարածքում, որ Մորենո Օքամփոյի հիշատակած ցեղասպանության արյունոտ փուլն է սկսվում…
Մեր ամենամեծ զարմանքը գերմանական «Դոյչե վելլեի» կայքում մեծ գլխագիրն էր՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»: Մեջբերենք վերնագրի տակ ծվարած մի քանի տողը՝ «ԼՂ-ն դե ֆակտո հանրապետություն է, որ միջազգային հանրության կողմից չի ճանաչվում: Հիմնականում հայերով բնակեցված տարածքը միջազգային իրավունքի համաձայն պատկանում է Ադրբեջանին»: Այնուհետ վերոբերյալի տակ զետեղված են Արցախի թեման լուսաբանող ռեպորտաժներ, տեսանյութեր:
«Դոյչե վելլեն» ե՞րբ է նման վերնագիր դրել: Ալիեւին ուղղված պատժամիջոցը սա՞ է:
Անահիտ Հովսեփյան, Գերմանիա