Պաշտպանական դիվանագիտություն
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արագ էվոլյուցիան Անկարային դարձրել է զենք-զինամթերքի գլոբալ առեւտրի գլխավոր դերակատար, նոր կշիռ հաղորդելով նրա արտաքին քաղաքականությանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սաուդյան Արաբիա կատարած այցը 2022-ին բոլորովին էլ սովորական դիվանագիտական իրադարձություն չէր: Այն տեղի էր ունենում չորս տարի անց սաուդյան հայտնի այլախոհ Ջամալ Խաշոգգիի սպանությունից, ինչը պատմական ամենացածր աստիճանի էր հասցրել երկու երկրների հարաբերությունները: Էրդողանի հայտնությունը սաուդյան մայրաքաղաքում նպատակ ուներ կոտրել սառույցը թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի եւ իր միջեւ ստեղծված հարաբերությունների եւ վերականգնել կապերը թագավորության հետ: Ներկայիս, երեք տարի անց եւ պետական մի շարք այցելություններից հետո, երկկողմ պաշտպանական կապերը նշանակալիորեն աճել են: Ռիադը 2023-ին թուրքական ԱԹՍ-եր գնելու մեծաքանակ պատվեր տվեց, իսկ այժմ, ըստ լուրերի, պատրաստվում է միլիարդավոր դոլարների արժողությամբ զենքեր ձեռք բերելու նոր գործարք կնքել: Միաժամանակ թուրքական ձեռնարկություններին հրավիրում է օգնել կառուցելու իր սեփական պաշտպանական արդյունաբերությունը եւ պայմանագրեր կնքել համատեղ արտադրությամբ արդիականացնելու երկրին անհրաժեշտ ռազմական տեխնիկան:
Նման գործընկերություն հազիվ թե հնարավոր լիներ պատկերացնել մի քանի տարի առաջ: Խորհրդանշական է նաեւ արձանագրել զենքի միջազգային վաճառքի ոլորտում թուրքական արդյունաբերության ներկայությունը, որի մասշտաբները օրեցօր ավելանում են:
Արտադրված է Թուրքիայում
Վերջին հինգ տասնամյակների ընթացքում Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունները ամեն ջանք գործադրել են ընդլայնելու երկրի պաշտպանական արդյունաբերությունը, որպեսզի կրճատեն կախվածությունը օտար երկրների ընկերություններից զենք գնելու անհրաժեշտությունը: Ուղիներ են գտնվել ստեղծելու մի էկոհամակարգ, որպեսզի զենքի բաղադրամասեր արտադրող տեղական ձեռնարկությունները ընդլայնեն իրենց գործունեությունը եւ աշխարհի առաջատար կապալառուների հետ համագործակցելով ձեռք բերեն անհրաժեշտ գիտելիքներ նոր տեխնոլոգիաների վերաբերյալ: Ներկա դրությամբ զենքի արտադրման տեղական ձեռնարկությունները կարողանում են 80 տոկոսով բավարարել երկրի պաշտպանական պահանջները: Այդ ասպարեզում ինքնավարություն ձեռք բերելու այս մղումը պայմանավորված էր 1970-ական թվականներին Թուրքիային ամերիկյան զենք մատակարարելու արգելակումով: «Մ. Նահանգների եւ արեւմտյան այլ երկրների հետ հարաբերությունների լարվածությունը եւ պարտադրված սահմանափակումները ստիպեցին, որ երկիրը կենտրոնանա իր սեփական պաշտպանական ոլորտի զարգացման վրա», «The New Arab» կայքին տեղեկացրել է միջազգային հարաբերությունների փորձագետ, պրոֆ. Ուֆուկ Նեջատ Թաշճին:
Յոթանասականների դասերը վերաիմաստավորվեցին ընդամենը հինգ տարի առաջ, երբ Թրամփի վարչակազմը դարձյալ սահմանափակումներ մտցրեց զենքի մատակարարման ոլորտում եւ ի պատասխան ռուսական S-400 պաշտպանական համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի որոշման` դուրս հանեց նրան F-35-ի ծրագրից: Այդ օրերից սկսած ամերիկյան զենքերի վաճառքը Թուրքիային նվազել է ավելի քան 80 տոկոսով, ըստ Թաշճիի:

Վերջին տարիներին այդ ոլորտի ձեռքբերումները լավ արդյունք են տվել: Թուրքական արտադրության ԱԹՍ-երը եւ զրահամեքենաները իրենց տեխնոլոգիական բարձր որակով խիստ եկամտաբեր են դարձել: Թուրքական նավատորմը օգտագործում է տեղական ծովային ԱԹՍ-երը եւ ներկայիս կառուցում է երկրի առաջին ավիակիրը: Երկրի ամենամեծ պաշտպանական ընկերությունը` Ասելսանը արտադրում է սենսորներ, հրթիռա-ուղղորդիչներ եւ էլեկտրոնային համակարգեր: Օգոստոսին բանակը սկսեց օգտագործել նաեւ ընկերության նոր «Steel Dome» կոչված օդային պաշտպանության համակարգը, որն ասում են կարող է պաշտպանել երկիրը ինչպես կարճ եւ միջին, այնպես էլ հեռահար հրթիռների հարձակումներից: Պաշտպանական արդյունաբերության ամենահամարձակ նախաձեռնություններից է հինգերորդ սերնդի KAAN մակնիշով կործանիչների արտադրությունը, որն այժմ ընթացքի մեջ է: Մինչեւ ներկա տասնամյակի ավարտը այս ծրագրի իրականացումը Թուրքիային դարձնելու է այն հազվագյուտ երկրներից մեկը, որոնք կարող են արտադրել նման առաջնակարգ ինքնաթիռներ:
Զինամթերքի գլոբալ մատակարարող
Պաշտպանության բնագավառում Թուրքիայի ներդրումների անընդհատ աճը նրան դասել է զենք-զինամթերքի արտահանությամբ զբաղվող աշխարհում ամենաարագ զարգացող պետությունների շարքում: Նրա արտադրանքի պահանջարկը ձգվում է աֆրիկյանից մինչեւ ասիական երկրները: ԱԹՍ-երի եւ զրահամեքենաների վաճառքի տարեկան եկամուտները ավելի քան եռապատկվել են ներկա տասնամյակի ընթացքում, 2024-ին հասնելով 7.1 միլիարդ դոլարի: Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտի տվյալներով 2010-ական թվականների երկրորդ կեսի 0.8 տոկոսի փոխարեն գլոբալ շուկայական շահաբաժինը 1.7 տոկոսով ավելացել է: 2020-24 թվերին թուրքական զենքի պահանջարկը հատկապես մեծ է եղել բարձր եւ միջին զարգացում ունեցող երկրների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ծոցի երկրները, Ուկրաինան եւ Պակիստանը: Բացի հարմար գնից, թուրքական ընկերությունները արեւմտյան չափանիշներին համապատասխան բարձրորակ զինամթերք են մատակարարում շնորհիվ այն բանի, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է: «Թուրքական ընկերությունները կարճ ժամկետներում եւ պայմանագրային առավել ճկուն սկզբունքներով կարողանում են պահանջարկը բավարարել», ավելացնում է Իզմիրի տնտեսագիտության համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆ. Սիտքի Էջելին: Թուրքական զինամթերքը նաեւ նվազ քաղաքական կախվածություն ունի համեմատած արեւմտյան պետությունների հարափոփոխ առաջնահերթությունների հետ: Արտադրանքը մարտադաշտում մշտական գործածության մեջ է թուրքական բանակի զորավարժությունների ժամանակ, ինչը հնարավորություն է տալիս անընդհատ կատարելագործել այն: Չնայած այդ ընկերությունները աշխատում են տնտեսական բավական անկայուն եւ անկանխատեսելի մթնոլորտում, նրանք վերջին տարիներին բացի զարգացող երկրներից սկսել են նոր շուկաներ նվաճել Եվրոպայում: Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան եւ այլ պետություններ հետաքրքրություն են ցուցաբերում: Վաճառքը շարունակվելու է աճել, եւ կառավարությունը ակնկալում է, որ եկամուտները այս տարի կհատեն 8 միլիարդ դոլարի սահմանը, իսկ 2028-ին կհասնեն 11 միլիարդիԶինամթերքի գլոբալ արդյունաբերության ոլորտում ԱԹՍ-երը դարձել են Թուրքիայի կարեւորագույն ապրանքանիշը: «Baykar» եւ «Turkish Aerospace Industries» (TAI) ընկերությունները ԱԹՍ-եր են վաճառել աշխարհի մոտ 40 երկրների, ընդլայնելով իրենց ներգրավվածությունը Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի եւ Սիրիայի վիճելի հակամարտություններին: Արտադրող երկիրը նման պայմաններում դարձել է առաջատար տեխնոլոգիաներին տիրապետող մի պետություն, որը կարողանում է թելադրել իր կանոնները: Աճը շատ արագ է ստացվել: Զինավաճառքի միջազգային շուկա մտնելուց 7 տարուց էլ պակաս ժամկետում թուրք կապալառուները արդեն «դրոնների» գլոբալ փոխադրման կամ արտահանման երկու երրորդի պատասխանատուն են դարձել, ըստ «Center for New American Security» անվտանգության կենտրոնի տվյալների: 2020-ի հունվարից մինչեւ 2023-ի սեպտեմբերը քանակական առումով Ամերիկայից հետո Թուրքիան երկրորդ պետությունն է (չհաշված Իսրայելը), որ ԱԹՍ-եր է արտահանում աշխարհի տարբեր երկրներ: «Bayraktar TB2» եւ «TAI-ի Akinci» տիպի ԱԹՍ-երի հաջողությունները արդյունք են անօդաչու օբյեկտներ գործարկելու տասնամյակների ռազմավարության, որն սկիզբ էր առել PKK-ի հետ Թուրքիայի ունեցած հակամարտության պայմաններում: Էջելիի խոսքերով` դա մեծ փորձառություն էր այդ սարքերի դոկտրինայի, օգտագործման վերաբերյալ անմիջական գիտելիքներ ձեռք բերելու եւ իմանալու դրանց ուժեղ եւ թույլ կողմերը:
Անշուշտ, Թուրքիան իր այս հաջողությունների համար մեծապես պարտական է ամերիկյան եւ եվրոպական ընկերությունների հետ համագործակցությանը: Շատ քիչ երկրներ են կարողացել ամերիկյան արտադրության մարտական «դրոններ» ձեռք բերել, որովհետեւ Մ. Նահանգների օրենսդրությունը սահմանափակում է դրանց արտահանումը: Իսկ եվրոպական երկրների ընկերությունները շատ երկար են պայքարել ԱԹՍ-երի իրենց ծրագրերը իրականություն դարձնելու համար: Էջելիի տրամաբանությամբ` «Եվրոպացիները շուկայում բացակայում էին, Ամերիկան չէր ցանկանում վաճառել: Չինաստանը վաճառում էր, բայց գնորդները դժգոհ էին: Թուրքիան օգտվեց եւ «կապիտալի» վերածեց ընձեռված հնարավորությունը»:
Բացի նշվածներից, թուրքական TAI ընկերությունը Իսպանիային մատակարարում է ուսուցողական ինքնաթիռներ, թուրք նավաշինարարները Պորտուգալիայի նավատորմի համար լոգիստիկ նավեր են պատրաստում, իսկ Baykar ընկերությունը Իտալիայում «Լեոնարդո» պաշտպանական ընկերության հետ անօդաչու օդանավեր է ստեղծելու, որպեսզի հետագայում դրանք վաճառվեն եվրոպական երկրներին:
Զենք եւ դիվանագիտություն
Թուրքիայի տեխնոլոգիական առաջընթացը առանձնահատուկ մեխանիզմ է` սերտացնելու իր հարաբերությունները նախկին հակառակորդների հետ: Դրա ամենավառ օրինակը կարող ենք տեսնել Ծոցի երկրներում, որոնք մի կողմ թողնելով Անկարայի հետ իրենց նախկին կնճռոտ հարաբերությունները, այժմ սկսել են համագործակցել թուրքական պաշտպանական ընկերությունների հետ: Արաբական Միացյալ Էմիրությունները, որն ինքնին զինամթերքի առաջատար մատակարարող է, ներկա տասնամյակի առաջին կեսին Թուրքիայի արտահանման մեծագույն շուկան է հանդիսացել: Մյուս կողմից Սաուդյան Արաբիան է սկսել առավել սերտ հարաբերություններ մշակել թուրքական ընկերությունների հետ, հատկապես Էրդողանի Ռիադ այցելությունից (2022) հետո: 2023-ին թագավորությունը դարձավ վերջին պետությունը, որ Bayraktar ԱԹՍ-երով հարստացրեց իր օդուժը: Այժմ էլ պատրաստվում է 6 միլիարդ դոլարի պայմանագիր կնքել թուրքական տանկեր, նավեր եւ հրթիռներ ձեռք բերելու համար: Հուլիսին արքայազնի հարստության հիմնադրամը թուրքական ընկերություններին վարձեց, որպեսզի երկրի պաշտպանության արդյունաբերությունը զարգացնեն եւ դրանով նվազեցնեն կախվածությունը ամերիկյան արտադրության զինամթերքից: Նաեւ ցանկություն է արտահայտել մինչեւ 100 KANN տիպի կործանիչներ գնելու եւ հետագայում դրանց համատեղ արտադրությունը ծրագրելու:
Թաշճիի խոսքերով` տարածաշրջանում գլխավոր դերակատար լինելու Թուրքիայի ցանկությունը ամրապնդվում է պաշտպանական արդյունաբերության միջոցով ստեղծված երկկողմ հարաբերությունների խորացումով: Այսուհետ հարեւանների համար հեշտ չի լինելու անտեսել Թուրքիային:
Մեթյու Հոարե
«The New Arab» կայքի լրագրող, Լոնդոն
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրից»
Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ