Անգլիական «Բլումզբերի» հրատարակչությունը «Ի.Բ. Թորիս» դրոշմով հրատարակել է դոկտ. Հաքան Սեչկինելգինի «Հայոց ցեղասպանութունը եւ Թուրքիան: Հանրային հիշողությունը եւ ինստիտուցիոնալ ժխտումը» (Hakan Seckinelgin: The Armenian Genocide and Turkey: Public Memory and Institutionalized Denial) խորագրով գիրքը, որը Լինկոլնի (ԱՄՆ) Նեբրասկա համալսարանից Պետրոս Տեր-Մաթոսյանի խմբագրությամբ նախաձեռնված շարքի հերթական հատորն է, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Գրքում հեղինակը դիտարկում է այն մեխանիզմները, որոնցով 1915-ի իրադարձությունների ժխտումը վերարտադրվում է պաշտոնական քննարկումներում եւ դրա ազդեցությունը թուրք քաղաքացիների մտածելակերպի վրա: Հաքանը մանրակրկիտ քննության է ենթարկում երկրի կրթական համակարգը, լրագրողական լեզուն, ակադեմիական հրապարակումները, հանրային միջոցառումները եւ եզրակացնում, որ հանրության շրջանում ժխտումի որոշակի «բառապաշար» է ձեւավորված, որը կանոնակարգում է հանրային մտածելակերպը եւ հարցի ըմբռնումը մարդկանց կողմից: Ցեղասպանության իրազեկումը Թուրքիայում ամենայն զգուշավորությամբ գրաքննվում է պետության կողմից, սկսած օգտագործված բառապաշարից մինչեւ անցյալի դեպքերի ընտրովի մատնանշումը: Ժխտումը որոշ իմաստով դարձել է անհրաժեշտություն, պահպանելու համար թուրքական ազգային ինքնությունը եւ այն փոխանցելու հաջորդ սերունդներին:
Հեղինակը հավատացած է, որ մինչ թուրքերից շատերը հարմարվել են ժխտման բառապաշարի օգտագործման հետ, նրանց մեծ մասը շատ քիչ բան գիտի հայկական գոյության մասին` նախքան 1915-ի իրադարձությունները: Մարդիկ սովորել են ժխտել որպես անդամներ մի համայնքի, որն իր համար ստեղծել է «հարմար մի անցյալ»: Վերահսկվում է ոչ միայն անցյալի իրազեկվածության աստիճանը, այլեւ այն, թե որքան կարեկից կարող է լինել թուրքը իր թշնամիների կամ հնարավոր անհարմարություններ ստեղծողների հանդեպ: Նման մոտեցումը հնարավորություն չի տալիս անհատին մտածելու օտարների հետ համագոյակցության մասին:
«Սա մի հրաշալի գիրք է, որը ցույց է տալիս, թե որքան խորն է արմատացած ժխտումը թուրքերի ինքնության մեջ: Հեղինակը բացահայտում է չզղջացող պետության կողմից օգտագործվող մեխանիզմների ամենատարբեր ծալքերը», նշել է Պետրոս Տեր-Մաթոսյանը:
Հաքանը Լոնդոնի Տնտեսագիտության վարժարանի հասարակագիտության բաժնի պրոֆեսորի օգնական դասախոս է, որը մասնագիտացած է նաեւ որպես տեսաբան միջազգային քաղաքական վերլուծությունների: Հեղինակ է բազմաթիվ գրքերի ու հոդվածների: Նախկինում խմբագրել է «Journal of civil society» պարբերականը: Նրա նոր գիրքը կարելի է ձեռք բերել «Bloomsbury Press Website» կայքից:
Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)