Օրերս մանրասն ուսումնասիրեցի ԿԳՄՍ նախարարության առաջարկած «Գրականություն» առարկայի չափորոշիչների մասին նախագիծը: Անկեղծ ասած` մի կերպ ինձ զսպեցի, որպեսզի ստորին հատվածում չփնտրեմ գոնե մի քանի թուրքական ազգանուն, որովհետև այնտեղ գրվածը բացահայտ հակահայկանության և թրքասիրության դրսևորում է, որի պատճառով էլ թվաց` գործ ունեմ Սուլթան Համիդի մուրազը կատարողների ձեռագրերի հետ: Բարեբախտաբար հեղինակները հայեր էին, և մի վերջին հույս ծնվեց` ստիպելով ինձ մտածել, որ վերջին քայլը չեն անի, կլսեն մեր կոչերն ու տիրոջը կվերդարձնեն երեսուն արծաթը:
Պարզվում է` մի քանի խելոքներ իրար են հավաքվել ու որոշել, որ «Հայ գրականություն» առարկան պետք է դառնա «Գրականություն», առանց ազգային պատկանելիության: Այդպես էլ չիմացա առարկայի անվան «հայ» մասնիկն ո՞ւմ հացն էր կտրել: Բայց սա դեռ ոչինչ է, աղետն այլ հանգամանքի մեջ է կայանում: Ահեղ գիտնականների այդ կաստան որոշել է, որ 7-12-րդ դասարաններում հայ դպրոցականներին ավելի շատ պետք են գրականագիտական տերմիններն ու հասկացությունները, քան, ասենք, այն հեղինակները, որոնց թողած ժառանգության վրա հիմնված է ողջ հայ մշակույթը: Ծրագրից դուրս էին մղվել Խորենացին, Ագաթանգեղոսը, Բուզանդը, Եղիշեն, Կողբացին, Կորյունը, Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին, Ֆրիկը, Կոնստանդին Երզնկացին, Ուռհայեցին, Քուչակը, Սայաթ Նովան և այլք (նույնիսկ տխրահռչակ լրամշակված տարբերակում նշվածներից ոմանք էլի չներառվեցին):
Ինչպե՞ս կարելի է նման քայլի գնալ: Այն տարիքում, երբ երեխան արդեն ընդունակություններ է ձեռք բերում` ուսումնասիրելու և հասկանալու վերոհիշյալ մեծություններին, մենք նրան առաջարկում են բոլորովին այլ բան` բոլորիվ այլ մոտեցումներով:
Ամբողջ հայ գրականությունը հենված է հին և միջնադարյան գրականության վրա, առանց դրա այդ ինչպե՞ս են պատկարեցնում գրականության ուսուցումը: Չի եղել, չկա և չի լինելու մի գրականագետ, որը կարողանա խոսել Աբովյանի, Թումանյանի, Պռոշյանի ու Պարույր Սևակի մասին և չհիշել մեր հին և միջնադարյան գրականությունը, դա բացառված է, իսկ ով հակառակն է պնդում, որևէ կապ չունի ոչ գրականության, ոչ էլ, առավել ևս գրականգիտության հետ: Նման պնդում անողը դիլետանտ է:
Հնարավո՞ր է տան պատերը կանգնեցնել, երբ դեռ հիմքը գցված չէ: Ուրեմն ինչպե՞ս է երեխան հասկանալու Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմը, եթե գաղափար չունենա հին գրականության մասին: Ներողություն, բայց առաջարկված մեթոդը գրականագիտական սրիկայություն է: Ավելի լավ է ընդհանրապես գրականություն չանցնեն, քան այսպես անցնեն: Մենք հայ երեխա՞ ենք կրթում, թե՞ կոսմոպոլիտի ճուտ:
Այսինքն` մեր տիեզերական սուրբ Վարդապետ Նարեկացին, համաշխարհային մակարդակի փիլիսոփան, որի ստեղծագործությունը դասավանդվում է աշխարհի տարբեր բուհերում, որի արձանը կանգնեցված է Սուրբ Աթոռում և մարդկությունը խոնարհվում է նրա առաջ, ավե՞րդ է Հայաստանի դպրոցներում: Գրեթե ամբողջ Եվրոպան մի լատիներեն այբուբեն է օգտագործում, մեր ուրույն, անկրկնելի այբուբենի հեղինակն ավելո՞րդ է մեր դպրոցներում: Իր երկով մեր պատմության ակունքներին հասած Խորենացին ավելո՞րդ է մեր դպրոցներում: Ավելորդը նման միտք խմորողն է:
Դառնանք մյուս կողմին: Երբ մեր հարևան թուրքերն ու ադրբեջանցիները միջազգային հարթակներում բարձրաձայնում են իրենց ազգի «հնության» մասին, մենք միանգամից հիշում ենք մեր Խորենացուն, Դավիթ Անհաղթին ու Նարեկացուն, որից հետո նրանք ստիպված են լինում լռել, որովհետև ասելիք չունեն: Այսինքն` այդ մեծությունները նաև մեր ազգի անձնագրերն են, մեր հնության ու ազնվականության վկայությունները, ինչ-որ տեղ, մեր և թուրք-ադրբեջանցիների մշակութային-ժամանակային անջրպետը փորողները: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ նման նախագծով մեզ ու թուրք ադրբեջանցիներին դարձնում եք ժամանակակիցներ: Եթե մարդը մանկուց չի շոշափում Խորենացուն ու Անհաղթին, Նարեկացուն ու Քուչակին, ապա մեծ տարիքում նրան դժվար է որևէ բան բացատրելը, որովհետև, այսպես ասած, ընդունակությունների ակտիվ շրջանն անցել է, և որպես հայ, ինչ-որ առումով մենք կորցրել ենք նրան: Էլ չեմ խոսում այն մասին, որ առանց հին գրականության ընկալման անընկալելի են նոր գրականության բոլոր ներկայացուցիչները:
Եթե նախագծի հեղինակները տգետներ չեն, և միայն օտարեկրյա դրամաշնորհներով չեն գոյատևում, պիտի որ մամուլ կարդացած լինեն և իմանան, որ, օրինակ, ադրբեջանցիները պնդում են, որ Նահապետ Քուչակը հայ չէ: Սայաթ-Նովայի հարցն ավելի դաժան է, և´ պարսիկները, և´ վրացիները և´ ադրբեջանցիները փորձում են յուրացնել նրան: Արդյո՞ք այդ երկու մեծ հեղինակներին դասագրքերից դուրս մղելով, ինչ-որ կերպ ջուր չենք լցնում, ասենք, ադրբեջանցիների ջրաղացին: Թուրքի հակահայկական գործը թեթևացնողը հա՞յ է:
Դասագրքերում ժամանակակից գրողների էլ են ներառել: Նախ նշեմ, որ շատ տգեղ է, երբ հանձնաժողվի անդամն ինքն իր գործը ներառում է դասագրքում, նույնիսկ եթե մյուսներն են պնդել, ինքը չպետք է թույլ տար: Այսինքն` ով հանձնաժողովի անդամ լինի, իր գրածը պետք է առաջ տանի՞, իսկ ու՞ր մնացին գեղարվեստական արժանիքները: Բացի այդ, ներառված ժամանակակիցներից շատերի գործերն ուղղակի հակամարկավարժական են և որևէ արժեք չեն ներկայացնում: Թող, որ դրանք կայքերում ընթերցվող, սոցցանցային հիթեր լինեն, բայց դպրոցը սոցցանց չէ: Ով պնդում է, որ դասագրքերում ժամանակակիցներ չպետք է լինեն, չարաչար սխալվում է, բայց այդ ժամանակակից ասվածը պետք է լուրջ ստեղծած բան ունենա, ոչ թե ֆեյսբուքյան գրառման մակարդակի մի հիմարություն: Դասագրքում տեղ գտած նորագույն շրջանի գրողներից ոմանք տաղանդավոր գրողներ են` Լևոն Խեչոյան, Հովհաննես Գրիգորյան, Խաչիկ Մանուկյան ևն: Իսկ ուր են մյուսները, ներառված մյուս գրողներն ինձ նեղ շրջապատ են հիշեցնում:
Ես հույս ունեմ` արդեն պարզ է, որ այդ նախագծում առանջին հերթին արտացոլված է հանձնաժողովի անդամների`բարոյական և էթնիկ դիմագիծը: Մարդը չի կարող նման նախագիծ առաջարկել իր հայրենիքի դպրոցներին, եթե գոնե մի փոքր սիրում է այն, և ավազի հատիկի չափ էթնիկ արժանապատվություն ունի:
Եթե հանձնաժողովի անդամներից մեկը գտնում է, որ սխալվել է, թող հենց այսօր հրաժարվի իր առաջարկներից և ներողություն խնդրի հայ ազգից:
Ես թքել եմ փողի վրա էլ, փողի համար մեռած մարդու վրա էլ, իսկ դավաճանների վրա ժամանակն է թքում: Ես վստահ եմ, այս ռեժիմը տասնյակ ռեժիմներից ավելի ամուր ու մնայուն չէ, և վստահ եմ, որ վաղ թե ուշ քայլելով գնալու են, այնպես, ինչպես եկել են, և իրենց աղբն էլ իրենց հետ են տանելու: Մենք նոր գրքեր են տպագրելու, որը մաքուր հայկական բովանդակություն կունենա: իսկ ժամանակը, այնուամենայնիվ, կթքի հայրենիքը վաճառողների վրա:
Հ.Գ. Արդեն հրապարակում էի նյութը, երբ իմացա, որ համազգային ճնշման ներքո` խորհուրդը որոշակի փոփոխություններ է մտցրել ծրագրում: Ընթերցեցի: Ընթերցեցի և այնուամենայնիվ որոշեցի հրապարակել հոդվածս` հետգրություն ավելացնելով:
ԿԳՄՍ նախարարության հրապարակած լրամշակված տարբերակը նույնպես մերժելի և անընդունելի է, որովհետև չկա հստակ համակարգված մոտեցում: Որևէ խոսք չկա թարգմանական դպրոցի, մեր խոշոր փիլիսոփաների, ինչպես նաև միջնադարի բազմաթիվ խոշորագույն բանաստեղծների մասին:
Ավելին` նոր և նորագույն շրջանի հայ գրողները ներկայացված են անոնսային եղանակով, որից աշակերտը ոչինչ հասկանալ չի կարող:
Հուսով եմ` պարզ է, որ ներկա խորհուրդը պետք է լուծարվի և ստեղծվի նորը:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ